HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Ծանր վիրավորանքն» ապաքրեականացվեց եվրոպական մարմինների ճնշման ներքո․ Արա Ղազարյան

Քիչ առաջ Արդարադատության նախարարությունը հայտնեց, որ Քրեական նոր օրենսգրքում, որն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից, չի ներառվի «Ծանր վիրավորանքի» մասին հոդվածը։ Այդ հոդվածը, որի նախագիծը մշակել էր դատախազությունը, ուժի մեջ էր մտել 2021 թվականի օգոստոսի 30-ից։ Մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցվել է 802 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 քրեական գործ, 6 անձի վերաբերյալ 6 քրեական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ։

«Այդ բոլոր գործերը պետք է համապատասխանեցվեն նոր Քրեական օրենսգրքին, և համապատասխանության արդյունքում տեսնում ենք, որ չկա այդ հանցակազմը, դա բարենպաստ հետևանք է, իսկ բարենպաստ հետևանքն ունի հետադարձ ուժ, այսինքն՝ այդ գործերը պետք է կարճվեն»,- «Հետքին» ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Արդեն իսկ կայացված դատավճիռները, ըստ նրա, պետք է վերաբացվեն, դատապարտվածներն՝ արդարացվեն։

Պրն Ղազարյանի խոսքով՝ այդ գործերը չեն կարող քննվել Քաղաքացիական օրենսգրքով, որովհետև քրեականից չի կարող ցատկ կատարվել քաղաքացիականին․ «Քաղաքացիականում բոլորովին այլ հարաբերություններ են, այստեղ պետք է լինի հայցվոր, իսկ պետությունն այնտեղ չի կարող լինել հայցվոր»։

Նշենք, որ այս՝ 137.1 հոդվածի երկրորդ մասով (հանրային գործունեությամբ պայմանավորված ծանր վիրավորանք հասցնելը) հարուցված քրեական գործերի գերակշիռ մասը հարուցել են վարույթն իրականացնող մարմինները։ Սակայն կան դեպքեր, երբ հայցվորները եղել են քաղաքացիական անձինք։ Իրավաբանի խոսքով՝ այս դեպքերում ևս գործերը հնարավոր չէ քննել Քաղաքացիական օրենսգրքի՝ վիրավորանքին վերաբերող հոդվածով։

«Վստահ եմ՝ այս որոշումը եվրոպական մարմինների ճնշման ներքո արվեց, մանավանդ Վենետիկի հանձնաժողովի նախագահն էր այցելել Հայաստան։ Բազմիցս ասվել է, որ Եվրոպան դա չի ընդունի, որովհետև եվրոպական հասարակական կարգը զարգանում է այն ուղղությամբ, որ պետք է վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացվեն ամբողջությամբ։ Իսկ այն պետությունները, որոնք պահպանում են քրեական հոդվածները, պետք է զգուշորեն ու քիչ կիրառեն, իսկ Հայաստանում հակառակն է արվել։ Ամենայն հավանականությամբ, քաղաքական պահանջ է ներկայացվել Հայաստանին, կամ էլ գուցե իշխանությունների քաղաքական կամքն է, չգիտենք։ Բայց դեռ անցյալ տարի ԵԽԽՎ փաստաթղթում նշվեց, որ Եվրոպան համաձայն չէ քրեականացման հետ, այնուհանդերձ, եթե ընդունել եք, կիրառեք շատ զգուշորեն, որը նույնպես չարվեց»,- ասաց Արա Ղազարյանը։

Նրա համար այս որոշումը կանխատեսելի չէր, չէր կարծում, որ Հայաստանն այդպես արագ ու հեշտությամբ կհրաժարվի այս հոդվածից, քանի որ «ջանասիրությամբ մեծ թվով քրեական գործեր էին հարուցում»։ «Այս լույսի ներքո ես չէի մտածում, որ Հայաստանը կտրուկ, միանգամից քայլ կանի և կհրաժարվի այդ հոդվածի «բարենպաստ հետևանքից»»,- նշեց Ղազարյանը։

Վերջինիս խոսքովֿ՝ «ծանր վիրավորանքի» քրեականացման այս կարճ ժամանակահատվածը մեր երկրի իմիջի վրա բացասաբար ազդեց․ «Մենք դեռ չգիտենք, թե հանրային նշանակության քանի խոսք չի ասվել, որը կասվեր, եթե այս հոդվածը չլիներ։ Իհարկե, ես չեմ արդարացնում հայհոյանքը, բայց քրեորեն նույնիսկ դժվար է սահմանելը, դրա համար էլ, ելնելով իրավական որոշակիության ընդհանուր պահանջից, Հայաստանը հրաժարվեց այդ պահանջից։ Կոնկրետ հետազոտություններ չգիտեմ՝ արվե՞լ են, թե ոչ, արդյոք այդ հոդվածի ազդեցության ներքո հայհոյանքը նվազե՞լ է, թե ոչ, բոլոր դեպքերում դրա վնասն ավելի մեծ էր, քան այն բարենպաստ հետևանքը, որն ակնկալվում էր»,- ասաց նա։

Արա Ղազարյանը «ծանր վիրավորանք» եզրույթն առանձնացնելու անհրաժեշտություն չի տեսնում նույնիսկ Քաղաքացիական օրենսգրքում․ «Անհրաժեշտություն կա որոշ որակյալ հատկանիշներ ընդգծելու, օրինակ՝ այն վիրավորանքը, որն արվել է հրապարակային եղանակով կամ որոշ տեխնոլոգիաներով, որոնցով շատ արագ է տարածվում և դժվար է հեռացնել, և եթե մեկ անգամ մտնում է հրապարակային դաշտ, հավիտյան այնտեղ մնում է։ Կարելի է նման որակյալ հատկանիշների վրա աշխատել»,- եզրափակեց Արա Ղազարյանը։

Լուսանկարում՝ Արա Ղազարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter