HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց հանրային անձին հայհոյելու համար խիստ պատժաչափեր սահմանելու նախագիծը

Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած` Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ՝ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում տուգանքով պատժել:

Նախագծերի համահեղինակ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում պնդեց` ոչ թե վիրավորանքն են քրեականացնում, այլ` հայհոյանքը և անձի արժանապատվությանը ծանր վիրավորանք հասցնելը: Անդրադառնալով ԶԼՄ և քաղհասարակության ներկայացուցիչների արձագանքներին` Վարդանյանն ասաց, որ այսկերպ փորձ են կատարում պաշտպանել լրատավական գործունեություն իրականացնողներին:

Նախագծի հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը ևս արձագանքեց այդ քննադատություններին` ասելով, որ նախագծի շահառուներ են բոլոր քաղաքացիները`անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից, աշխատանքից:

Ըստ նախագծի` անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում առաջարկվում է կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից-500 հազար դրամ):

Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից մինչև 1 միլիոն դրամ):

Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով (1-ից 3 միլիոն դրամ) կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Նշվում է նաև, որ հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

Նշենք, որ այսօր յոթերորդ գումարման խորհրդարանի լիազորությունների դադարեցման վերջին օրն է, երկուշաբթի` օգոստոսի 2-ին իր գործունեությունը կսկսի 8-րդ գումարման խորհրդարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter