HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Աննա Վարդապետյանը կարող է ընտրվել առանց ընդդիմության՝ միայն ՔՊ-ի ձայներով

Այսօր հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է վարչապետի օգնական, արդարադատության նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

36-ամյա Վարդապետյանը իրավագիտության թեկնածու է, դոցենտ: Աշխատանքային գործունեությունը սկսել է 17 տարեկանից՝ եղել է Ավան համայնքի ղեկավարի խորհրդական, 2007-2013 թվականներին Վճռաբեկ դատարանում է  աշխատել՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2014-2018 թվականներին եղել է դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար, 2018-2019 թվականներին արդարադատության նախարարի խորհրդական, ապա՝ փոխնախարար:

Փոխնախարարի պաշտոնից նրա հեռանալու պատճառն այդպես էլ հայտնի չդարձավ, սակայն մամուլում տարբեր հրապարակումներ եղան, ըստ որոնց՝ պատճառը «Խութ» բարեգործական հիմնադրամի շուրջ ծավալված քրեական պատմությունն էր (հիմնադրամի տնօրենի պաշտոնն այդ ժամանակ զբաղեցրել է Վարդապետյանի հայրը): 2020 թվականի մարտին Աննա Վարդապետյանը նշանակվեց վարչապետի՝ իրավական հարցերով օգնականի պաշտոնում:

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ գլխավոր դատախազն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով (64 քվե): Սա նշանակում է, որ իշխող խմբակցության պատգամավորները միայնակ, առանց ընդդիմության աջակցության Վարդապետյանին կարող են ընտրել գլխավոր դատախազի պաշտոնում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չեն մասնակցելու նման օրակարգով նիստին, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չհստակեցրեց՝ կմասնակցե՞ն, թե ոչ:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերի 15-ին, մինչ նրա լիազորությունների ավարտը խորհրդարանը պետք է նոր դատախազ ընտրի, որպեսզի գործող դատախազի լիազորություններն ավարտվելու հաջորդ օրը նորընտիր դատախազը սկսի պաշտոնավարել: Դատախազն ընտրվում է  վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։ Արթուր Դավթյանը գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվել է մեկ անգամ: «Ինչու իշխանությունը չցանկացավ կրկին առաջադրել Արթուր Դավթյանի թեկնածությունը» հարցին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել էր, թե չեն առաջնորդվել՝ ում չառաջադրեն սկզբունքով, այլ՝ ում առաջադրել սկզբունքով, և այդ համատեքստում լավագույն թեկնածուն Աննա Վարդապետյանն է:

Գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

Վարչապետի օգնականի պաշտոնում Աննա Վարդապետյանը հայտնվել էր սկանդալային միջադեպում: Նրա անունը կապվում էր ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործի հետ: 168.am-ում հայտնվել էր տեսանյութ, ըստ որի` Աննա Վարդապետյանը խմբագրել է նրա մեղադրանքը: Աննա Վարդապետյանը, սակայն, այս միջադեպը պարզաբանեց որպես տրված մասնագիտական:

«Ես բազմիցս նշել եմ, որ ինձ դիմում է եղել մասնագիտական որևէ քննարկում իրականացնելու էդ գործի հետ կապված: Տարիներ շարունակ լինելով համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, հիմա էլ, երբ մարդիկ ունենում են իրավական որևէ հարցի շուրջ քննարկման անհրաժեշտություն, ես սիրով իմ մասնագիտական կարծիքն ասում եմ: Այդ կարծիքը երբևէ որևէ մեկի համար պարտադիր չէ ու չի կարող լինել»,-ասել էր Վարդապետյանը:

Նշենք, որ գլխավոր դատախազի ընտրությունը փակ-գաղտնի ընթացակարգով է լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter