HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՊԵԿ-ը հանրային քննարկումից հանել է նախագիծը, որով ցանկանում էր, առանց դատարանի, տիրապետել տնտեսվարողների բանկային գաղտնիքին

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ցանկանում է առանց դատարանի որոշման հասանելիություն ունենալ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին, որի վերաբերյալ նախագիծ էր ներկայացրել հանրային քննարկման։ Նախագիծը հրապարակվել էր Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft.am), սակայն այն հանվել է։ Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեից։

ՊԵԿ-ից հայտնում են, որ նախագիծը կրկին կներկայացվի հանրային քննարկման Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ մարմինների հետ համապարփակ քննարկումներից և լրամշակվելուց հետո։

««Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի հետագա ընթացքն ապահովվելու է Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ մարմինների հետ համապարփակ քննարկումների արդյունքներով։ Կոմիտեն վերահաստատում է այդ մոտեցումը և քննարկումներից հետո բանկային գաղտնիքի հասանելիության հետ կապված նախագծերի վերջնական փաթեթը վերստին կներկայացվի հանրային քննարկման»,- պարզաբանում է ՊԵԿ-ը։ 

E-draft.am-ում նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել հուլիսի 6-ին և պետք է մնար մինչև հուլիսի 21-ը։ Սակայն, ՊԵԿ-ը նախագիծը հանել է ժամկետի ավարտից շուտ։ Ենթադրվում է, որ պատճառը փորձագետների ու տնտեսվարողների բացասական արձագանք է եղել այդ նախագծին։

Նախագծի հիմնավորման մեջ նշված էր, որ հարկային մարմնի կողմից իրականացվող հարկային հսկողության ընթացքում տնտեսվարող սուբյեկտները կամ ֆիզիկական անձինք հաճախ հրաժարվում են ներկայացնել բանկային հաշիվների շարժերի, վարկային և ավանդի պայմանագրերի, գրավի առարկաների, երաշխավորների վերաբերյալ տեղեկությունները, ինչը երբեմն անհնարին է դարձնում հսկողական աշխատանքների նպատակների իրագործումը։

ՊԵԿ-ում կարծում են, որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները հարկային մարմնին կարող են տրամադրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային մարմինը նույնպես հանդիսանում է գաղտնիք տնօրինող պետական մարմին։

Նախագածի տարածումից հետո տնտեսվարողներն ու փորձագետները սոցիալական ցանցերում հայտարարեցին, որ առաջարկված նախագծով չկա որևէ զսպող մեխանիզմ, որով ՊԵԿ-ը անտեղի և անհիմն չտիրանա հարկ վճարողների բանկային ու ապահովագրական գաղտնիքին։

Նախագծով նաև որոշակիության սկզբունքն է խախտվում։ Հիմնավորմամբ չի պարզաբանվում՝ ինչի՞ հիման վրա և ի՞նչ չափանիշներով է որոշվելու այս կամ այն հարկատուի՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները ՊԵԿ-ին տրամադրելը։

Եթե ՊԵԿ-ը կարողանա առանց դատական մարմնի միջամատության անարգել ստանալ տնտեսվարողի բանկային ու ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունները, դրանով կարող են խախտվել տնտեսվարողի իրավունքները։ Դա կարող է բացասական ազդակ լինել ներդրողների համար։

Թե երբ այս նախագիծը կրկին կներկայացվի հանրային քննարկման, ՊԵԿ-ից չեն հստակեցնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter