HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը ցանկանում է առանց դատարանի տիրապետել տնտեսվարողների բանկային գաղտնիքին. նախագիծ՝ վիճահարույց դրույթներով

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ցանկանում է առանց դատարանի որոշման հասանելիություն ունենալ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին։ e-draft.am կայքում տեղադրված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բանկային գաղտնիքի մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, հարկային մարմնի կողմից իրականացվող հարկային հսկողության ընթացքում տնտեսվարող սուբյեկտները կամ ֆիզիկական անձինք հաճախ հրաժարվում են ներկայացնել բանկային հաշիվների շարժերի, վարկային և ավանդի պայմանագրերի, գրավի առարկաների, երաշխավորների վերաբերյալ տեղեկությունները, ինչը երբեմն անհնարին է դարձնում հսկողական աշխատանքների նպատակների իրագործումը։

ՊԵԿ-ում կարծում են, որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները հարկային մարմնին կարող են տրամադրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային մարմինը նույնպես հանդիսանում է գաղտնիք տնօրինող պետական մարմին։ «Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդպիսի տեղեկությունները հարկային մարմինը օգտագործում է հարկային հսկողության սահմաններում և շրջանակներում, ինչպես նաև իր առջեւ դրված խնդիրներին ու նպատակներին համապատասխան»,- նշված է հիմնավորման մեջ:

Ներկա օրենսդրական կարգավորումներով՝ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրում է միայն դատարանի որոշման հիման վրա:

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են հրապարակվել միայն տվյալ հաճախորդի գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ:

Տնտեսվարողներն ու փորձագետներն այս նախագծում խնդրահարույց կետեր են տեսնում։  

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով, եթե ՊԵԿ-ը կարողանա առանց դատական մարմնի միջամատության անարգել ստանալ տնտեսվարողի բանկային ու ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունները, դրանով կխախտվեն տնտեսվարողի իրավունքները։ «Ստացվում է, որ գործադիր իշխանության մեկ օղակը առանց դատական իշխանության հնարավորություն է ունենում տիրապետել այդ տվյալներին։ Մինչդեռ միայն դատական մամինը իրավունք ունի որոշելու՝ ՊԵԿ-ին տնտեսվարողի բանկային գաղտնի տվյալներն իսկապես հարկավո՞ր են, թե՞ ոչ, և արդյոք ՊԵԿ-ը պատշաճ հիմքեր ունի այդ տվյալները ստանալու համար»,- ասում է տնտեսագետը։

Նման լուրերը սովորաբար բացասական են ընդունվում տնտեսվարողների կողմից, լրացուցիչ ճնշում են համարվում բիզնեսի համար։ Ըստ Կառլեն Խաչատրյանի, եթե տնտեսվարողը «մաքուր» է աշխատում, ապա մտահոգվելու բան չունի, սակայն ՊԵԿ-ի՝ առանց դատական մարմնի բանկային ու ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունները ստանալը լրացուցիչ լարվածություն է լինելու բիզնեսի համար։

«Տնտեսվարողն այս դեպքում կարող է տեղյակ չլինել, որ իր կողմից տեղեկությունները չտրամադրելուց հետո ՊԵԿ-ում գործընթացները շարունակվել են և որոշ ժամանակ անց, օրինակ՝ որևէ ընկերության սեփականատար կամ տնօրեն կարող է անակնկալի գալ»,- ասում է տնտեսագետը։

E-draft.am-ում նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել հուլիսի 6-ին և կմնա մինչև հուլիսի 21-ը։ Հուլիսի 11-ին՝ 15:00-ի դրությամբ, նախագծին կողմ քվեարկողներ չկան, դեմ է 38-ը։

Նախագծով առաջարկվում է նաեւ լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում: Մասնավորապես, սահմանել, որ համալիր հարկային ստուգումների պլանավորման կամ այդ ստուգումների իրականացման ընթացքում ստուգման ենթակա կամ ստուգվող հարկ վճարողներից հարկային մարմինը նախ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկատվություն ստանալու նպատակով  գրավոր հարցում  է կատարում հարկ վճարողին։ 

Իսկ եթե հարկ վճարողը համապատասխան տեղեկությունները չի տրամադրում կամ սահմանված կարգին, ձևին կամ ցանկին ոչ համապատասխան է տրամադրում, ապա հարկային մարմինը նշված տեղեկատվությունը ստանալու նպատակով հարցում է կատարում բանկ կամ ապահովագրական ընկերություն։

«ՊԵԿ-ն ինքը որոշում է, ինքն էլ իրականացնում է ու վերահսկում»

Առաջարկված նախագծով չկա որևէ զսպող մեխանիզմ, որով ՊԵԿ-ը անտեղի և անհիմն չտիրանա հարկ վճարողների բանկային ու ապահովագրական գաղտնիքին, կարծում է «Գարեջրի ակադեմիա» ռեստորանի հիմնադիր, մասնագիտությամբ իրավաբան Արմեն Ղազարյանը։ 

«Ոչ մեկը չի կարող համարվել մեղավոր, քանի մեղքը ճանաչված չէ դատարանով։ Նախագծով ասվում է, որ որոշումը պետք է լինի ՊԵԿ նախագահի լիարժեք ողջամիտ և օրինական պահանջի հիման վրա։ Այսինքն՝ չկա նաև զսպող մարմին։ Ստացվում է, որ ՊԵԿ-ն ինքը որոշում է, ինքն էլ իրականացնում է ու վերահսկում։ ՊԵԿ-ը արդարադատ մարմին չէ և դրա իրավասությունը չունի։ ՊԵԿ-ի լրազորությունների շրջանակը սկսվում և ավարտվում է պետության, տնտեսության հարկերի հավաքագրման լիարժեքության ապահովմամբ»,- ասում է Արմեն Ղազարյանը։ 

Նույն տրամաբանությամբ, ըստ նրա, վաղը կարող է իշխանության մեկ այլ ենթաներկայացուցիչ ներկայացնել մի նոր նախագիծ ու այդպիսի նոր լիազորություն պահանջել։

Այս նախագծով նաև որոշակիության սկզբունքն է խախտվում։ Հիմնավորմամբ չի պարզաբանվում՝ ինչի՞ հիման վրա և ի՞նչ չափանիշներով է որոշվելու այս կամ այն հարկատուի՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները ՊԵԿ-ին տրամադրելը։

«Այսօր դատարանն է որոշում՝ ՊԵԿ-ի կողմից ներկայացվող այդ պահանջը ողջամի՞տ է, իրավակա՞ն է և ունի՞ որոշակիություն։ Եթե դա չի լինում, ՊԵԿ նախագա՞հն է դա որոշում։ Սա անհավասարակշռություն է առաջացնում իշխանության թևերի միջև, և դատական համակարգի դերի իջեցում է ենթադրում»,- նշում է տնտեսվարողը։

Խնդրահարույց նախագծեր առաջարկելիս ՊԵԿ-ը, սովորաբար, շեշտում է, որ եթե հարկատուն ստվերում չէ և հարկային մարմիններից թաքցնելու բան չունի, ապա ստվերի կրճատմանը վերաբերող ոչ մի քայլ չի կարող խաթարել նրա բիզնեսը։ Ըստ Արմեն Ղազարյանի՝ միայն այս հիմնավորումը քիչ է ՊԵԿ-ի լիազորություններն ավելացնելու համար։ Երբ հարկային մարմինների լիազորությունների շրջանակն ընդլայնվում է, դա կարող է բացասական ազդակ լինել ներկա ու ապագա ներդրողների համար։ 

«Մենք նույն նավակի մեջ ենք, և բոլորս ընդունել ենք ռազմավարություն՝ ներդրումներ ներգրավելու։ Ներդրումները չեն գալիս այս պայմաններում։ Խոշոր գումարները սիրում են հավասարություն, օրենքի «հանգստություն», պետք է երաշխավորված լինեն ներդրողի տվյալները։ Հիմա ինչու՞ պետք է ներդրողը գա Հայաստան, որտեղ ամիսը մեկ օրենք է փոխվում»,- հարցնում է Արմեն Ղազարյանը։

Ըստ նրա՝ ՊԵԿ-ի կողմից առանց դատական համակարգի միջամտության տնտեսվարողների բանկային գաղտնիքին տիրապետելը հակասում է անկանխիկ շրջանառության ոլորտում կատարված վերջին փոփոխություններին. «Հիմա մենք ամեն կերպ փորձում ենք պայքարել կանխիկի շրջանառության դեմ, ոչ օրինական շրջանառության դեմ։ Բայց մյուս կողմից ընդունում ենք այնպիսի օրենք, որով դեմ ենք դուրս գալիս այդ գաղափարին ու հարկատուին դրդում ավելացնել կանխիկը»։

«Հարկային հսկողության ընթացքում առանցքային նշանակություն ու դեր ունեն բանկային փոխանցումները»

Ըստ ՊԵԿ-ի՝ տնտեսական գործունեության մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ կենցաղային տեխնիկայի, թանկարժեք քարերի և մետաղների վերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում քիչ չեն դեպքերը, երբ ոչ հաճախորդների հետ գործարքներ իրականացրած հարկ վճարողները, տարբեր սխեմաներ գործադրելով, հաճախորդների կողմից վճարված գումարների մի մասը միանգամից փոխանցել են տալիս իրենց աշխատակիցների կամ հարազատ անձանց անձնական բանկային հաշիվներին։ Այդպիսով, նրանք խուսափում են իրական եկամուտների մի մասի հայտարարագրումից։ 

Գործող իրավակարգավումներով՝ հարկային հսկողության ընթացքում առանց այդ ֆիզիկական անձանց բանկային հաշիվների շարժերի տիրապետման գրեթե անհնար է բացահայտել նման սխեմաներով եկամուտների թերհայտարարագրումները։ Այսինքն, ըստ նախագծի հեղինակների, հարկային հսկողության ընթացքում առանցքային նշանակություն ու դեր ունեն բանկային (ֆինանսական) փոխանցումները և բանկային գաղտնիք հանդիսացողայլ տեղեկությունները:

Մեկնաբանություններ (1)

Վահագն
խորհուրդ կտամ հաշիվներ բացել արտասահմանում, օտար բանկերում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter