HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց

Քրեական դատավարության և Քրեական նոր օրենսգրքերը արդեն կես ամիս է՝ խառնաշփոթ են առաջացրել իրավական համայնքում: Խառնաշփոթի պատճառներից մեկը հետևյալն է. իրավաբանների մի մասը կարծում է, որ  Քրեական նախկին օրենսգրքով անձանց մեղսագրվող հոդվածները պետք է համապատասխանեցնել նոր Քրեական օրենսգրքի հոդվածներին, ըստ այդմ՝ անձանց նոր Քրեական օրենսգրքի հոդվածներով մեղադրանք առաջադրել, մի մասն էլ այն կարծիքին է, որ եթե այդ արարքները Քրեական նոր օրենսգրքով չեն ապաքրեականացվել, հին և նոր հոդվածների դիսպոզիցիաներում, այսինքն՝ հանցավոր արարքի նկարագրություններում, չկան փոփոխություններ, ապա մեղադրանքը փոփոխելու, նոր մեղադրանք առաջադրելու անհրաժեշտություն չկա,  այդպիսով չի խախտվի նաև անձանց պաշտպանության իրավունքը:

Դատախազությունը ևս այս հարցում միասնական մոտեցում չի ձևավորել: Որոշ դատախազներ դատարաններում հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար ժամանակ են խնդրում, ոմանք պնդում են, թե միայն այն հանգամանքը, որ անձանց մեղսագրվող կոնկրետ արարքները ինչպես նախկին, այնպես էլ արդեն գործող օրենսգրքերում առկա են, բավական է իրավական գործընթացները բնականոն հունով շարունակելու համար:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ նշանակված էր Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի վերաբերյալ գործի քննությունը: Վերջիններիս գործը դատարան  է ուղարկվել մինչև հուլիսի 1-ը, ուստի մեղադրանքը համապատասխանեցնել չհամապատասխանեցնելու հարցը նաև այս նիստի քննարկման թեման էր:

Հիշեցնենք, որ Սնանկության դատարանի դատավոր «Գևորգ Նարինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, ՀՀ սնանկության դատարանի դատավոր, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ որպես ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2019 թվականի ընթացքում 12.382.580 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, ապա ձեռնամուխ է եղել անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդելուն»:

Ըստ մեղադրանքի, մտերիմ հարաբերություններ ունենալով Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի և զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված իրենից որոշակի կախվածության մեջ գտնվող սնանկության գործերով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի հետ, վերջիններիցս տեղեկացել է 2015 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացիական գործերից մեկով ԱՁ Սիմոն Աղեկյանին սնանկ ճանաչելու և սնանկության վարույթի շրջանակներում՝ վերջինիս և նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի իրացման գործընթացի մասին:

Նշված անշարժ գույքը՝ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող բնակարանը, հնարավորին էժան գնով ձեռք բերելու նպատակով, խնդրելու և համոզելու եղանակով դրդել է ԱՁ Սիմոն Աղեկյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանին խախտել հրապարակային սակարկությունների անցկացման կարգը և խոչընդոտել հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին, ինչն իրագործելու նպատակով 2018-2019թթ. ընթացքում Աշոտ Խաչատրյանը, չարամտորեն խախտելով հրապարակային սակարգությունների անցկացման կարգը, ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռք բերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով, որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց՝ այդ կերպ ապահովելով աճուրդների չկայանալը և դրանով պայմանվորված բնակարանի իրացման աճուրդի մեկնարկային գնի արհեստական նվազումը՝ 26 մլն 400 հազ․ դրամից այն հասցնելով 12 մլն 382 հազ․ դրամի, ինչի հետևանքով գույքի սեփականատիրոջը պատճառվել է խոշոր վնաս:

Արա Կուբանյանն, ըստ մեղարդանքի, լինելով վերը նշված սնանկության գործով դատավորը, «Գ. Նարինյանի դրդմամբ, վերջինիս խնդրանքը կատարելու, նրա կողմից հնարավորինս էժան գնով անշարժ գույքի ձեռքբերումն ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, որևէ միջոց չի ձեռնարկել՝ Աշոտ Խաչատրյանի հանցավոր գործողությունները խափանելու և դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ»:

Սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանը մեղադրվում է չարամտորեն հրապարակային սակարկությունների անցկացման կարգը խախտելու մեջ:

Տիգրան Մարտիրոսյանն, ըստ մեղադրանքի, ձևականորեն հանդիսանալով մորաքրոջ որդու՝ Գևորգ Նարինյանի կողմից սնանկության վարույթի ընթացքում աճուրդով գնված Երևան քաղաքի՝ արդեն վերը նշված բնակարանի սեփականատերը, նախնական համաձայնության գալով գործով Աշոտ Խաչատրյանի հետ, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է դատավոր Արա Կուբանյանին վերջինիս կողմից դատական ակտ կայացնելու հարցում, մասնավորապես՝ Աշոտ Խաչատրյանի պահանջով հետին ամսաթվով կազմել և նրան է փոխանցել հանցավոր դիտավորության իրականացման համար ցանկալի բովանդակությամբ դիմում՝ ինչն օգտագործելով Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի կողմից 2020թ. փետվարի 4-ին կայացվել է դատական ակտ, որի հիման վրա 2020 թվականի փետրվարի 6-ին տրվել է կատարողական թերթ՝ աճուրդի դրված և վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանում գտնվող կենցաղային իրերը Ս.Աղեկայնին դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ:

Դատավոր Արա Կուբանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը դատական   նիստի մեկնարկին նշեց, որ 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգիրքն ուժը կորցրած է ճանաչվել, և պաշտպանության իրավունքի իրացման առումով կարևոր է, որպեսզի հանրային մեղադրողը հստակեցնի՝ գործով շարունակելո՞ւ է պաշտպանել ուժը կորցրած օրենսգրքով առաջադրված մեղադրանքը, թե՞ մեղադրանքները փոփոխվելու են: Հանրային մեղադրող Արամ Արամյանը նշեց, որ այս փուլում մեղադրանք փոփոխելու անհրաժեշտություն չկա:

Մեղադրողը միայն հստակեցրեց, թե ամբաստանյալներին վերագրվող Քրեական նախկին օրենսգրքի հոդվածներով նախատեսված յուրաքանչյուր արարք այսօր գործող օրենսգրքի որ հոդվածին է համպատասխանում:

Ըստ այդմ՝ նախկին Քրեական օրենգրքով նախատեսված 190-րդ հոդվածը (փողերի լվացում) ներկայում նախատեսված է նոր օրենսգրքի 296-րդ հոդվածով, 310․1-դ (ապօրինի հարստանալը) հոդվածը՝ 443-ով, 314․3-րդը՝ (հայտարարագրման ենթակա տվյալներ թաքցնելը) 444-րդով, 308-րդը՝(պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)  441-ով, 196-րդը՝ (հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելը) 283-ով:

Դատավոր Ջոն Հայրապետյանը, սակայն, շուտով նկատեց, որ հին և նոր հոդվածների դիսպոզիցիաներում, այսինքն՝ արարքների նկարագրություններում ևս փոփոխություններ կան: Դատավորը, սակայն, իրավասու չէ պարտավորեցնել, որ հանրային մեղադրողը մեղադրանքը փոփոխի, համապատասխանեցնի: Մեղադրանքի տերը դատարանում հանրային մեղադրողն է:

Վերջինիս դիրքորոշումը լսելուց հետո Կուբանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը միջնորդեց դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը: Դրան միացան նաև մյուս ամբաստանյալների պաշտպանները՝ դատարանին միջնորդելով Սարգսյանի միջնորդությունը դիտարկել նաև որպես իրենց միջնորդություն՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական  հետապնդումը ևս դադարեցնելու վերաբերյալ:

Սարգսյանը, մեջբերելով ՀՀ Սահմանադրական դատարանն 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշումը, նշեց, որ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության /res judicata/ սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը:

Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ:

Պաշտպանը նաև նշեց, որ Վճռաբեկ դատարանը Ա. Պապյանի գործով որոշմամբ իրավական դիրքորոշումն է արտահայտել, որ «մեղադրանքի ձևակերպում» եզրույթը նշանակում է՝

ա) գործով հաստատված, հանրության համար վտանգավոր և հակաիրավական փաստերը, որոնք համապատասխանում են կոնկրետ հանցակազմի հատկանիշներին,

բ) քրեական օրենքի կոնկրետ նորմը, որի հատկանիշներին համապատասխանում են մեղադրյալի գործողությունները կամ անգործությունը կազմող փաստերը:

Վերոնշյալ դատողության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունների կամ անգործության բովանդակությունը, հետևաբար պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները:

Փաստական տվյալների ներառումն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի մեղադրանքի մեջ նշվի այն քրեական օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքի հատկանիշները, այսինքն` հանգեցնի մեղադրանքում ձևակերպված արարքին համապատասխան իրավաբանական գնահատական տալուն:

Պաշտպանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի կողմից մեղադրանքի ձևակերպման կարևորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ համապատասխան դատավարական փաստաթղթերում (անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, մեղադրական եզրակացություն) դրա առկայությունը հնարավորություն է տալիս քրեական հետապնդման ենթարկվող անձին արդյունավետ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը:

Այսպիսով մի շարք  իրավակարգավորումների, որոշումների հղում կատարելով՝ պաշտպանները միջնորդեցին դադարեցնել իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը: Մեղադրողն առարկեց դրա դեմ: Տուժող Սիմոն Աղեկյանը ևս միացավ մեղադրողի դիրքորոշմանը: Տուժողը նաև նշեց, որ վերջերս Վճռաբեկ դատարանի դատավոր նշանակված Արթուր Դավթյանը աջակցել է Արա Կուբանյանին, ինքը տեսել է, թե ինչպես է գործի նախնական փուլում, երբ դատարանը մերժել է Կուբանյանին կալանավորելու միջնորդությունը, Դավթյանը նրան մեքենան նստեցրել ու տարել դատարանից:

Դատավոր Ջոն Հայրապետյանը միջնորդությունը մերժեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter