HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ավետիք Չալաբյան. «Այս քրեական գործ կոչեցյալն ընդամենը ծխածածկույթ է»

«Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու ժամկետը վաղը՝ հուլիսի 27-ին, լրանում է, դատարանը չի հասցրել քննարկել վերջինիս խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը, ուստի Չալաբյանն ազատ կարձակվի: Վաղը դատարանը կշարունակի այսօր ընդհատված նախնական դատալսումները, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կանդրադառնա նաև Չալաբյանի խափանման միջոցի հարցին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր Չալաբյանի գործով առաջին դատական նիստ էր՝ նոր Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ նախնական դատալսումները:

Քրեական դատավարության նոր օրենսգրքի համաձայն՝ նախնական դատալսումների ժամանակ դատարանը քննարկման առարկա է դարձնում ինքնաբացարկի, բացարկի և վարույթին մասնակցելուց ազատելու հարցը, վարույթի ընդդատության հարցը, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու, մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը, գույքային հայց հարուցված լինելու դեպքում` գույքային պատասխանող ճանաչելու հարցը, միջնորդության դեպքում` համաձայնեցման վարույթ կամ համագործակցության վարույթով դատաքննության հատուկ կարգ կիրառելու հարցը, հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցը, ապացույցների թույլատրելիության և այլ վերաբերելի հարցեր:

Նիստի մեկնարկին պարզվեց, որ Չալաբյանի պաշտպաններից Արմեն Անդրիկյանը չի ստացել նիստի օրվա և ժամի վերաբերյալ ծանուցագիրը, Չալաբյանն առարկեց, որ առանց պաշտպան Անդրիկյանի գործի քննությունը շարունակվի, դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ համապատասխան փուլում այդ հարցին կանդրադառնա, իսկ համապատասխան փուլն այդպես էլ չեկավ: Դատարանում մեկ ժամից ավելի քննարկվում էր այն հարցը, որ պաշտպանական կողմը պատշաճ կարգով ու ժամանակին չի ստացել վարույթի նյութերը, ուստի նման պայմաններում չի կարող պատշաճ պաշտպանություն  իրականացնել:

Երբ դատարանը ճշտում էր ամբաստանյալների ինքնությունը, Ավետիք Չալաբյանն ասաց, որ ամուսնացած է, ունի 4 երեխա, որոնցից երեքն՝ անչափահաս: Չալաբյանն ասաց նաև, որ կալանավորվելուց հետո ստիպված է եղել աշխատանքից ազատվել, քանի որ չի կարողացել կատարել պարտականությունները: Հետո դատավորը հարցրեց՝ ստացե՞լ է Չալաբյանը մեղադրական եզրակացությունը, ինչին վերջինս պատասխանեց, որ ուշ է ստացել, նյութերին էլ ամբողջությամբ ծանոթ չէ:

Պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը պարզաբանեց, որ Նոր քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարույթի նյութերը դատարան հանձնելու մասին հսկող դատախազն անմիջապես գրավոր տեղեկացնում է վարույթի մասնավոր մասնակիցներին` նրանց պատշաճ ձևով ուղարկելով մեղադրական եզրակացության և դրան կցված հավելվածների հաստատված պատճենները: Օրենքի այս պահանջն, ըստ պաշտպանի, չի կատարվել: Հարությունյանի խոսքով՝ օրենքում ամրագրված վարույթի նյութերն անմիջապես հանձնելու պահանջն ինքնանպատակ չէ:

Գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը գործով մեղադրական եզրակացությունը՝ նյութերի հետ միասին, դատարան է ուղարկել հուլիսի 12-ին, իսկ մեղադրյալ Ավետիք Չալաբյանը մեղադրական եզրակացությունը՝ կից հավելավածներով, ստացել է հուլիսի 20-ին, այսինքն՝ ոչ անմիջապես:

Պաշտպանի պնդմամբ ՝ 4 կամ 5 հատորից բաղկացած նյութերին 5 օրում ծանոթանալը կալանավայրում գտնվելու պայմաններում մեղադրյալի հիմնարար իրավունքի խախտումն է, այդ մասին որոշում ունի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Պաշտպանը դատարանին միջնորդեց գնահատման ենթարկել վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավարական պահանջի էական խախտման հանգամանքը: Պաշտպանական կողմը վարույթն իրականացնող մարմնի այս խախտումը դիտարկել է որպես հանգամանք, որը պետք է գործը վարույթ ստանձնելու մասին որոշում կայացնելիս գնահատման ենթարկվի, ուստի հուլիսի 14-ին միջնորդություն է ուղարկել դատարան:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց, որ ինքը վարույթը ստանձնել է  հուլիսի 13-ին, այսինքն՝ միջնորդությունը ստանալուց առաջ, սակայն եթե անգամ միջնորդությունը չստանար, ի թիվս այլ հարցերի, պետք է անդրադառնար պաշտպանի կողմից բարձրացված հարցին, ինքը նախնական դատալսումներ նշանակելիս խնդիր չի տեսել, սակայն պաշտպանի բարձրացրած հարցը կարող է քննարկման առարկա դառնալ նաև դատարանում՝ նախնական դատալսումների համապատասխան փուլում:

Վարազդատ Հարությունյանը նշեց, որ իրենց գործի նյութերը տրամադրվել են դատավարական ժամկետների խախտմամբ, և դրա հետևանքը չի կարող  պաշտպանության կողմը կրել, այսինքն՝ այն կողմը, որը բարեխիղճ է գտնվել:

«Ժամկետի խախտմամբ գործողություններ են կատարել, ուստի անբարենպաստ հետևանքները պետք է տարածել ոչ թե մեղադրյալի, այլ ժամկետը խախտող կողմի վրա: Մենք պահանջում ենք, որ դատավարական ժամկետների խախտման անբարենպաստ հետևանքները տարածվի քրեական հետապնդման մարմնի նկատմամբ»,- ասաց Վարազդատ Հարությունյանը:

Ավետիք Չալաբյանը դատավորին հարցրեց՝ Դուք վարույթ ստանձնելիս հարցրե՞լ եք՝ գործի նյութերն ինձ տրամադրվել են, թե՞ ոչ, հետո նշեց, որ դատավորը սխալ է վարվել ու ճիշտ կանի՝ գործը վերադարձնի դատախազին:

Դատարանը որոշեց նիստը շարունակել ու անդրադառնալ նախնական դատալսումների շրջանակներում քննարկման առարկա հարցերին, ասաց, որ առկա չէ ընթացակարգ, որով դատավորը պետք է գործը վերադարձնի, ապա ճշտեց գործով մյուս մեղադրյալի՝ Էմմա  Սարգսյանի ինքնությունը: Վերջինս նշեց, որ խնամքին 14 տարեկան երեխա ունի, Ագրարային համալսարանի դասախոս է, մեղադրական եզրակացությունը ստացել է:

Պաշտպան Վարազդատ Հարությունյանը առարկեց գործողությունների դեմ, վերջինս հիշեցրեց, որ Ավետիք Չալաբյանը հայտնել է, որ գործի նյութերին չի ծանոթացել, սակայն դատավորը նիստը շարունակում է: Նման պայմաններում, ըստ Վարազդատ Հարությունյանի, պաշտպանական կողմը զրկված է պատշաճ պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից:

«Հուլիսի 1-ին նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերն են ուժի մեջ մտել: Դրանք  քրեակատարողական հիմնարկներում կա՞ն, Չալաբյանը Քրեական օրենսգիրք ունեցե՞լ է որ բացի, տեսնի իրեն ինչո՞ւմ են մեղադրում»,- հարց բարձրացրեց Վարազդատ Հարությունյանը:

Գործի նյութերին ծանոթ չլինելու հարցի քննարկման ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դիրքորոշում հայտնեց, որ պաշտպանական կողմը դատարանից էլ կարող էր պահանջել նյութերը, որը չի արել՝ թեև տեղյակ է եղել, որ դրանք հուլիսի 12-ից ուղարկվել են դատարան:

Այս հանգամանքը զայրացրեց պաշտպան Հարությունյանին: Վերջինս դատարանից հետաքրքրվեց, թե քննիչի թույլ տված ուրիշ ի՞նչ խախտում պետք է պաշտպանական կողմը փորձի շտկել: Վարազդատ Հարությունյանը նշեց, որ դատարանի շտապողականության միակ նպատակը դատավարական համապատասխան հարցերի քննարկումն արագ իրականացնելուց հետո Չալաբյանի խափանման միջոցի հարցին  հասնելն ու կալանքը հաստատելն է, քանի որ վաղը լրանում է Չալաբյանին կալանքի տակ պահելու ժամկետը, եթե դատավորն այսօր չհասցնի որոշում կայացնել խափանման միջոցի վերաբերյալ, ապա Չալաբյանը պետք է ազատ արձակվի:

Ելույթ ունեցավ նաև Ավետիք Չալաբյանը:

«Ես քաղաքական հետապնդման պատանդ եմ: Այս քրեական գործ կոչեցյալն ընդամենը ծխածածկույթ է: Կա վարչախմբի ղեկավար, անունն է Նիկոլ Փաշինյան, ում դուք ժամանակին դատել եք:  Իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրականացնում է հետապնդում։  Այդ ծխածածկույթի տակ մեր իրավապահ համակարգում գործող կազմակերպված խումբն իրականացնում է գործողություններ, ամեն անգամ փորձում է օրենքը կամայական մեկնաբանելով, ինձ պահել կալանքի տակ՝ առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի»:

Չալաբյանը նաև նշեց, որ իր մեղադրանքի հիմքում դրված է մի ձայնագրություն, որը մոնտաժված է, որը հրապարակվել է «կառավարական» մի կայքում, որի սեփականատերը վարչապետի օգնականն է:

Ի վերջո տևական ժամանակ հարցի քննարկումից հետո պաշտպանները լքեցին նիստերի  դահլիճը, նիստը մեկ ժամով ընդմիջվեց, ապա վերսկսվեց, Չալաբյանն ասաց, որ առանց պաշտպանների չի ցանկանում նիստին մասնակցել, այն հետաձգվեց ու կշարունակվի վաղը:

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:

2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 դրամ գումար: Գործով մեղադրանք է առաջադրվել Ավետիք Չալաբյանին և Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter