HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավորների միության փոխնախագահին հայտնի չէ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի միությունից դուրս գալու պատճառը

Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանը հետևել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հրապարակային հայտարարություններին, ինչպես նաև որպես Դատավորների միության փոխնախագահ ծանոթ է միությունից դուրս գալու վերաբերյալ նրա դիմումին: Ալեքսանյանի հրապարակային հայտարարություններում, ինչպես նաև դիմումում որևէ նշում չկա այն մասին, թե ինչո՞ւ է վերջինս դուրս եկել Միությունից: Դատավորների ընդհանուր ժողովին եկած Ստեփանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման պայմաններում չի կարող ասել Ալեքսանյանի՝ միությունից դուրս գալու պատճառը:

Նշենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանն է բավարարել վերջերս դատարանում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորման միջնորդությունը: Գրիգորյանի մահվանից հետո Ալեքսանյանին իրավական հանրության մի հատվածը խիստ քննադատության ենթարկեց՝ նշելով, որ Գրիգորյանն ապօրինի էր կալանավորվել, և նրա մահվան մեղքը ուղղակիորեն կամ ուղղակիորեն դրվեց Արուսյակ Ալեքսանյանի վրա:

Այս քննդատություններից հետո Ալեքսանյանը Դատավորների միությունից դուրս գալու դիմում գրեց: Մամուլում առկա հրապարակումների համաձայն՝ դիմումի պատճառը եղել է այն, որ Դատավորների միությունը որևէ կերպ չի աջակցել Ալեքսանյանին: Երբ լրագրողներն այս հարցի մասին խոսեցին, Ստեփանյանն ասաց, որ ինքը ճիշտ հակառակի մասին է լսել. Ալեքսանյանն ասել է, որ որևէ աջակցության կարիք չունի:

Լրագրողները Ստեփանյանից հետաքրքրվեցին՝ երբ դատավորն իր կայացրած որևէ ակտի համար թիրախավորվում է, այստեղ Դատավորների միությունն առհասարակ անելիք ունի՞, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Ստեփանյանը նշեց, որ այն դեպքերում, երբ Դատավորների միությունը նպատակահարմար է գտնում, հայտարարություններ տարածում է:

«Եղել են  նաև բազմաթիվ դեպքեր, երբ դատավորների  վերաբերյալ իրենց կայարցած ակտերի համար հնչել են քննադատություններ, ու Դատավորների միությունը դրանց չի արձագանքել»,- ասաց Արթուր Ստեփանյանը:

Հարցին՝ դատարանները ե՞րբ են բարեփոխվելու, Միության փոխնախագահը պատասխանեց, որ ինքը դատական համակարգում է 2008 թվականից, և այս տարիների ընթացքում դատական համակարգում միշտ էլ բարեփոխումներ են եղել, ու դրանք պետք է շարունակական լինեն, որպեսզի դատական  համակարգը կարողանա հասարակական զարգացող հարաբերությունների պայմաններում զսպել արատավոր երևույթները:

Դատավորների ընդհանուր ժողովին այսօր ներկա չէին այն դատավորների մի մասը, որոնք պարբերաբար դատավորների իրավունքների, նրանց անկախությանը միջամտության վերաբերյալ հայտարարություներ են տարածում: Խոսքը, մասնավորապես, դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Վազգեն Ռշտունու, Մխիթար Պապոյանի, Դավիթ Հարությունյանի, Արման Հովհաննիսյանի, Զարուհի Դանիելյանի մասին է: Հարցին՝ Ստեփանյանը տեղյա՞կ է նրանց բացակայության պատճառների մասին, միության փոխնախագահը պատասխանեց, որ տեղյակ է նրանց մի մասի՝ արձակուրդում գտնվելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter