HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի գավաթ պոեզիա. Կապանում ներկայացվել են «Քնարե» գինիները

Դաշտային ծաղիկների ու արեւադարձային մրգերի բույրով եւ ցիտրուսային մրգերի համային երանգով «Քնարե» նարնջագույն անապակ գինին ներկայացվել է կապանցիներին։

Սա «Գինու Արվեստ» ընկերության չորրորդ գինին է։ 2019-ին հիմնադրված ընկերությունն արտադրում է նաեւ «Սուտակ» (կարմիր անապակ), «Լուսակ» (սպիտակ կիսաչոր) եւ «Սիրվարդե» (վարդագույն չոր) գինիները:

Ընկերության համահիմնադիր Մարինե Սահակյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ նարնջագույն գինի արտադրելու որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նման գինիները դեռ քիչ են Հայաստանում։

Մարինեի կապանցի լինելու հանգամանքն է պատճառը, որ «Քնարեի» գինեձոնը կազմակերպվել է Կապանում։ Բացի դրանից, ըստ նրա, մեկ այլ պատճառ է այն, որ Կապանում խաղողի այգիներ ու գինու արտադրություն չկան։ Ի դեպ, 8 տարի առաջ Մարինեն Կապանում բացել էր քաղաքի առաջին փաբը՝ «Մառանը»:

«Քնարեն» պատրաստվում է Արագածոտնի մարզում մշակվող ոսկեհատ, ճիլար եւ մուսկատ սորտերի խաղողից։ Այս տարի շշալցված գինու հումքը 2021 թ․բերքահավաքից է։

Նոր գինու անունը ծագել է Մարինեի դուստրերի՝ Քնարի եւ Նարեի անունների համադրումից, ինչը նաեւ բառախաղի պես է` քնարական, պոետիկ:

«Աշխարհում ամեն ինչ պոեզիա է, եթե գեղեցիկ է, եւ ամեն գեղեցիկ բանի մեջ պոեզիա կա։ Լավ մարդն էլ պոեզիա է ինձ համար, երեխեքն էլ, կյանքն էլ է պոեզիա ինձ համար, եւ ուզում էի, որ գինին էլ պոետիկ լինի, գույնը՝ հանգիստ ու հարուստ»,- նշում է «Քնարեի» մտահղացման հեղինակը, ով որպես անգլերենի մասնագետ այժմ աշխատում է Չինաստանում։

«Քնարեի» կապանյան շնորհանդես-գինեձոնին Մարինե Սահակյանը ներկա գտնվել չի կարողացել, բայց «Հետքի» հետ զրույցում ասում է. «Շատ վատ եմ զգում, երբ ոմանք խոսում են հայրենասիրությունից, թե մի՛ գնացեք հեռուներ, եկեք էստեղ սիրեք հայրենիքը, եկեք էստեղ պաշտպանեք։ Էնքան մարդ կա, որ հայրենիքում են, բայց բացակա են հայրենիքից, նույնիսկ շատ մեծ հնարավորությունների տեր են, բայց փուշ հանող չեն։ Իմ ամբողջ ուշքն ու միտքը Հայաստանն է, Կապանն է, ամբողջովին այդտեղ եմ ապրում, ֆիզիկապես է, որ այստեղ եմ»:

«Քնարեի» գինեձոնի հասույթի մի մասն ուղղվելու է Կապանի ակումբագրադարանային միավորմանը՝ նոր գրքեր ձեռք բերելու համար։

Մեկնաբանություններ (1)

Սիլվա
«Աշխարհում ամեն ինչ պոեզիա է, եթե գեղեցիկ է, եւ ամեն գեղեցիկ բանի մեջ պոեզիա կա։ Լավ մարդն էլ պոեզիա, ուզում էի, որ գինին էլ պոետիկ լինի, գույնը՝ հանգիստ ու հարուստ»։ Միսս Մարին,կապանցիները Ձեզ միշտ սիրել են,սիրում են ու կսիրեն։🤍

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter