HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական գինին գրավել է ֆրանսիացների ուշադրությունը

Գինեգործ Տիգրան Ավագյանը գինու բաժակը ձեռքին մոտենում է խմորման պահամանին։ Այդտեղից լցնում է մեկ քառորդ կարմիր գինի, փոքր-ինչ թեքում բաժակն ու ցույց տալիս երիտասարդ գինու գույնը։ Նուրբ բույրով ու համով գինին դեռ ճանապարհ ունի անցնելու՝ հաջորդ տարվա փետրվարին խմորումն արդեն ավարտված կլինի։

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողվոկալ բաժինն ավարտած, այժմ էլ անշարժ գույքի ոլորտում աշխատող Տիգրան Ավագյանը տարիներ առաջ չէր էլ պատկերացնի, որ մի օր գինեգործությունը դառնալու է այն տեղը, որտեղից կտրվել հնարավոր չի լինելու։ Ասում է՝ գինին ապրելակերպ է, մտնում է մարդու հոգու մեջ եւ այնտեղից այլեւս դուրս չի գալիս։

Իսկ ամեն ինչ սկսվել է մի մուգ կապույտ տակառից։ Այն Տիգրանի հոր տակառն է, որն Ավագյանների ընտանեկան գինու պատմության հիմնաքարն է։ Ժամանակին գինեգործությամբ զբաղվում էր Տիգրանի պապը, ապա՝ հայրը։ Այսօր արդեն երկու եղբայրներով են զբաղվում՝ ինքն ու Տավրոսը։ Պատրաստած գինու գնահատականը տվել է հայրը։ Որդիներն ասում են, որ նա «Սուտակի» կնքահայրն է։

«Գինին ավելի շատ արվեստ է, ստեղծագործություն է»,- ասում է Տավրոսը, որն ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի եւ գեղանկարչության բաժինը։

2016 թ․ Տիգրանն ու Տավրոսը որոշեցին գինի արտադրել եւ շշացնել։ Տիգրանն ասում է՝ որոշումն ինքնաբերաբար ստացվեց։ Ինքը խաղողը բերում էր, Տավրոսը ճզմում էր, հետո ինքը հետեւում էր գինու պատրաստման ընթացքին։ Այդ ժամանակ էլ, ըստ նրա, միտքը առաջացավ զարգացնել գինեգործությունը։ Մինչ այդ գինին պատրաստում էին իրենց համար, հետո երբ քանակը շատացավ, նվիրում էին հարազատներին։ «Հասկացանք, որ ինչ-որ բան ստացվում է։ Սկսեցի խորանալ գինեգործության մեջ, ուսումնասիրել նյուանսները, գրականություն սկսեցի կարդալ, գինեգործների հետ շփվել»,- նկատում է Տիգրանը:

2017 թվականին արդեն շշալցրել էին առաջին գինին՝ կարմիր անապակ «Սուտակը»։ Տիգրանն ասում է՝ քանի որ հայկական կարմիր անապակ գինին շատերն արտադրում են արենի տեսակի խաղողից, իրենք որոշեցին այդ ճանապարհով չգնալ, որոշեցին տարբերվել։ Կարմիր «Սուտակը» խաղողի կարմրահյութ եւ հաղթանակ տեսակներից է պատրաստված։

Գինու անունն ընտրել է Տիգրանը։ Ասում է՝ մի երեկո սովորության համաձայն գինու բաժակը ձեռքին մտքերի մեջ էր, եւ հանկարծ լույսի տակ գինին թանկ քարի՝ սուտակի (հայտնի որպես ռուբին) գույն էր ստացել։ Հենց այդ օրն էլ կնքեց գինու անունը՝ «Սուտակ»։ Պիտակի ձեւավորումն էլ Տավրոսն է արել։

Եղբայրներն ասում են՝ միայն պետք է տեսնել մթերման օրերն իրենց բակում։ Ինչքան ընկեր ունեն, իրենց ընտանիքներով տաղավարում են լինում՝ հատ-հատ մաքրում են, ճզմում։ Այդ օրերին, ըստ Ավագյանների, աննկարագրելի խանդավառություն է լինում։ Գինու համար խաղողն աճեցնում են Արմավիրի մարզում։ Չնայած այգին իրենցը չէ՝ վարպետ Ջանիկինն է, բերքն իրենց է պատկանում։ Իսկ վարպետ Ջանիկն էլ խնամում է այգին։

Գինի՝ համավարակի եւ պատերազմի օրերից

Կորոնավիրուսի օրերին գինեգործ Տիգրան Ավագյանը չի ընկրկել, շարունակել է պայքարել՝ գինի արտադրելով։ Խաղողի խմորման պահամանները գնել են հենց համավարակի օրերին։

-Այսինքն՝ կորոնայի օրերին էլ շարունակել եք աշխատե՞լ,- հարցնում եմ Տիգրանին։

-Հա, ու մենք շարունակել ենք պայքարել։ Իրականում ռիսկը շատ մեծ էր, եւ մեծ ջանք պահանջվեց։ Դեռ մի տարի առաջ պլանավորել էինք, որ պետք է գնանք մինչեւ վերջ։ Այսինքն՝ նպատակ էինք դրել եւ որոշել, որ հասնելու ենք դրա իրագործմանը։ Իսկ կորոնայի ժամանակ այն փուլում էինք, որ պետք է հասկանայինք՝ մեր ներդրած ջանքերն ինչ-որ կերպ գնահատվա՞ծ են։

-Արդյունք ստանալու մասի՞ն է խոսքը։

-Չէ, հասկացանք, որ արդյունք չենք տեսնելու։ Էս տարին այն տարին չէ, որ արդյունք սպասենք։ Մենք բիզնեսի տեսանկյունից չնայեցինք գինուն, այլ որպես հոգու հանգստություն, որ մեր ներդրած ջանքերն իզուր չէին։ Քանի որ ժամանակը սահմանափակ էր գինի վաճառելու համար, սկսեցինք նվիրել։ Մենք սպասում էինք, որ գինեսերը խմեր, ու նրա դեմքի արտահայտությունից հասկանայինք գնահատականը, թե արդյոք կարող ենք շարունակել մեր գործը։ Ինքներս մեզ ուժ էինք տալիս չհանձնվելու համար։ Ասում էինք՝ լավ, կորոնա է, բայց գոնե հիմա գինի ունենք, իսկ դրանից առաջ չունեինք,- նշում է Տիգրանը։

Տերեւաթափ այգու միջով գնում ենք «Սուտակի» մառան։ Այն փոքր է ու կոկիկ դասավորությամբ։ Այստեղ անգամ մեկ ավելորդ շիշ չեք կարող գտնել։ Կարմիր անապակ «Սուտակը» շշալցված է։ Այս գինին նուրբ բույր ու համ ունի։ Մինչեւ հաջորդ գարուն պատրաստ կլինի նաեւ Ավագյանների սպիտակ գինին (ծրագրում են նաեւ վարդագույն գինի արտադրել)։ Սպիտակ գինին պահամանների մեջ խմորման փուլում է։ Տիգրանն ասում է, որ գինին կլանում է մարդկանց, միջավայրի տրամադրությունը։ Դա է պատճառը, որ մառան մտնողներին զգուշացնում են՝ բարձր տրամադրությամբ մտնել։ Մառանում հաճախ հնչում է դասական երաժշտություն եւ Կոմիտաս։

Տավրոսը խմորման պահամանից լցնում է սպիտակ գինին եւ տալիս մեզ։ Սա խաղողի ոսկեհատ եւ մուսկատ տեսակներից է պատրաստված։ Այն, կարծես, բույրի եւ համի երկու փնջերի խառնուրդ լինի՝ մրգայինի ու ծաղկայինի։ Իսկ համտեսից հետո համերը տրոհվում են, եւ կարելի է առանձացնել դրանք։

«Երբ սկսեցի կրթվել գինեգործական ուղղությամբ, հասկացա, որ էն չենք սարքում, ինչ կա շուկայում։ Մենք ավանդական տնական գինու պես ենք սարքում, բայց ստանում ենք լավ որակ եւ իդեալական մաքրություն։ Իսկ երբ մտնում ես այդ ամենի մեջ, հասկանում ես, որ պիտի փոխես ուղղությունդ, ոճդ։ Հետո բացահայտեցի, որ աշխարհում գոյություն ունի նատուրալ գինի հասկացություն։ Դա ազդակ էր այդ ուղղությամբ գնալու»,- նկատում է գինգործ Տիգրան Ավագյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում 3-4 ընկերություն է արտադրում նատուրալ գինի, որոնցից մեկն իր հիմնած ընկերությունն է՝ «Վայն արտը» (Տիգրան Ավագյանն ընկերության հիմնադիրն ու գինեգործն է)։ Գինու շշի վրա «բնական գինի» (natural wine) կանաչ տարբերանշան կա:

Տավրոսն ասում է՝ նատուրալ գինին ենթադրում է, որ գինու պատրաստման ամբողջ ընթացքում որեւէ խմորիչ կամ հավելում չեն օգտագործում։ «Հավելանյութերը լրիվ փոխում են գինու համը։ Մենք, օրինակ, շատ մեծ ռիսկ ունենք գինին փչացնելու։ Եթե մի օր աչքաթող անենք, կարող է քացախանա, որակը փոխի։ Դրա համար ամեն օր հետեւում ենք ջերմաստիճանին, պահամանի լցվածությանը»,- նշում է Տավրոսը։

Ավագյանների ասելով՝ իրենց նպատակը ոչ թե գինեգործության ասպարեզում մրցակցության մեջ մտնելն ու շուկա գրավելն է, այլ հայկական շուկայում կայուն ու փոքր տեղ ունենալը։ Ներկայում «Սուտակը» փոքր քանակությամբ արտահանվում է Ֆրանսիա։

Մեր այցելության նախորդ օրը ֆրանսիացի սոմելյե էր ժամանել՝ «Սուտակ» գինուն ծանոթանալու։ Տիգրանն ասում է, որ երբ դարպասներից ներս էր մտել, սկզբից անակնկալի էր եկել, որ գինին արտադրվում է տնամերձ տարածքում։ «Երեւի մեծ գործարան էր պատկերացնում»,- ժպտում է գինեգործն ու ավելացնում, որ երբ հյուրը ծանոթացել էր միջավայրին, զգացել աուրան, հասկացել էր «Սուտակի» որակի գաղտնիքը։

Տիգրանը ցույց է տալիս Ֆրանսիա ուղարկվող գինու շշերը։ Դրանք բոլորը համարակալվելու են, եւ պիտակի վրա նշվելու է՝ սահմանափակ քանակով։ Բելգիայից եւս հետաքրքրվել են «Սուտակով»։

Մեկնաբանություններ (1)

Սուսաննա
շատ անուշիկ համ ունի ??????? ????Հայ արտադրողիկ հաջողություն??????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter