HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Նկատելի է Փաշինյանի ակնարկն Ադրբեջանին՝ երաշխավորեք խաղաղություն, և ապառազմականացման հարցը կլուծենք»․ Տ. Աբրահամյան

Օգոստոսի 4-ի Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Արցախում ստեղծված սահմանային լարվածության վերաբերյալ ոչ այնքան իրավիճակի վերաբերյալ գնահատական էր, որքան պատասխանատվության վերաբաշխում: Նման տեսակետ ունի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ոչ միայն կառավարության ղեկավարի, այնպես էլ ողջ քաղաքական ու քարոզչական թիմի հայտարարությունների հիմքում ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ու ՌԴ-ի վրա գցելն էր՝ տպավորություն ստեղծելով, թե Հայաստանի իշխանությունը որևէ անելիք, և ըստ այդմ, մեղավորություն ու պատասխանատվություն չուներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- մեզ հետ զրույցում ասում է ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ նրա՝ դա նշանակում է, որ հետագա բոլոր բարդությունների դեպքում, ինչպես և եղավ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, իշխանությունը ոչ այնքան ջանքեր է գործադրելու կամ ռեսուրսներ ուղղելու իրավիճակի կարգավորման ուղղությամբ, որքան դրա փաթեթավորման և պատասխանատվությունն ուրիշների վրա վերաբաշխելու համար:

Փաշինյանն իր ելույթում հայտարարել էր, որ եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ Պաշտպանության բանակն, ըստ նրա, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։

Հետաքրքրվեցինք, թե արդյոք այս հայտարարությամբ Փաշինյանը չի՞ ակնարկում, որ հավանական է նաև այն տարբերակը, որ Արցախի ՊԲ-ն կազմալուծվի, Տիգրան Աբրահամյանն ասաց.

«Եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից բարձաձայնվող պահանջներից մեկը Արցախի ամբողջական ապառազմականացումն է, ապա, ըստ էության, նկատելի է Հայաստանի իշխող քաղաքական ուժի ղեկավարի ակնարկն Ադրբեջանին առ այն, որ երաշխավորեք խաղաղություն, և ապառազմականացման հարցը կլուծենք»:

Աբրահամյանի կարծիքով՝ Փաշինյանը հակված է գնալ կարճ ճանապարհով․ համաձայնություն տալ ադրբեջանական պահանջներին՝ դրա դիմաց ստանալով ոչինչ:

Պատգամավորն ասում է՝ թերևս դա նույնիսկ ակնարկ չէ, այլ ուղիղ գործարք առ այն, որ պատրաստ է նաև այդ քայլը կատարել՝ Արցախի սահմանների անձեռնմխելիության երաշխավորման դեպքում: Ըստ նրա՝ իրավիճակը սթափ գնահատելու դեպքում հասկանալի է, որ Ադրբեջանը չի կարող տալ այնպիսի երաշխիք, որի պայմաններում դիմակայության եզակի կառույցները զինաթափվեն։

«Ի դեպ, բավականին ուշագրավ է, որ ռուս խաղաղապահների մանդատի, դրա արդյունավետության մասին խոսող Հայաստանի ղեկավարը որևէ առաջարկ չի ներկայացրել 1.5 տարվա ընթացքում: Մենք ունեցել ենք խնդիրներ, որի մասին Փաշինյանը բարձրաձայնում է, ինչպես Հին Թաղեր, Խծաբերդ, Փառուխ, Քառագլուխ, նաև այս վերջին ագրեսիան, փաստորեն Հայաստանի կառավարությունը դժգոհ է եղել ռուս խաղաղապահների գործունեությունից, բայց փաստացի խնդրի լուծման կամ մանդատի վերափոխումների վերաբերյալ որևէ գրավոր առաջարկություն ռուսական կողմին չի ներկայացրել»,- նշում է նա:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Փաշինյանի ելույթն, ասել էր, թե այս ժամանակահատվածում խաղաղապահների առաքելության փոփոխության վերաբերյալ գրավոր առաջարկ չի ներկայացվել ռուսական կողմին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter