HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Նիկոլ Փաշինյան․ «Ադրբեջանը կարող է մի քանի հատվածով հատել Հայաստանի սահմանը և գնալ Նախիջևան»

Այսօր Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթով հանդես եկավ՝ պայմանավորված վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես՝ Բերձորի (Լաչին) միջանցքի շուրջ ծայրահեղ լարված իրավիճակով։ Ելույթի ավարտին վերջինս խոսեց այն մասին, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի կապն ապահովել։ Նա հաստատեց այս պարտավորությունը՝ ընդգծելով, որ Հայաստանն ամեն օր էլ պատրաստ է այդ կապն ապահովել։ Այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում Հայաստանի ընձեռած հնարավորություններից։ Ըստ վարչապետի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Ադրբեջանը կարող է հատել ՀՀ սահմանը և գնալ Նախիջևան։

«Պաշտոնապես ասում եմ՝ Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան: Եթե բառացի և տառացի մեկնաբանենք, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։ Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է։ Մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք երաշխավորում ենք այդ ճանապարհի անվտանգությունը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց միայն Ղազախ-Իջևան հատվածով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում էլ մենք կարող ենք դա ապահովել, Սիսիանի հատվածում էլ, Երասխի, Գորիսի հատվածներում։ Եվ այս ընթացքում Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել։ Չկա դեպք, որ իրենք գան, ասեն՝ ուզում ենք հատենք, մենք խոչընդոտենք, այդպիսի դեպք գոյություն չունի»,- իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ դա պետք է տեղի ունենա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ինչ վերաբերում է հայտարարության այն կետին, որտեղ ասվում է, որ ազատ տեղաշարժ պետք է տեղի ունենա, Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ քաղաքացիներն ունեն ազատ տեղաշարժի իրավունք, և եռակողմ հայտարարության մեջ ամրագրված դրույթը չի նշանակում, որ այդ ազատ տեղաշարժը պետք է տեղի ունենա ՀՀ օրենսդրության շրջանցմամբ։ Նրա համոզմամբ՝ այս իրողությունները մենք պետք է հստակ արձանագրենք, նաև՝ միջազգայնորեն արձանագրվեն։

«Մնացած ուղղություններով էլ, կոմունիկացիաների բացման նաև՝ կրկին, պարոն Աբազյան, պարոն Բադասյան, ես ձեզ հանձնարարում եմ ևս մեկ անգամ, այս հրապարակային հայտարարությունն անում եմ՝ ապահովեք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այդ հնարավորությունը՝ նաև Իջեւանի հատվածում, Նոյեմբերյանի հատվածում: Թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատեն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն, և, իհարկե, անվտանգության ապահովում, որը մենք երթևեկության անվտանգության ապահովում, որտեղ նաև ռուսաստանցի մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք և պատրաստ ենք և կապահովենք: Որևէ կասկած դրանում չունենք»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter