HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վիճակախաղի անվանումով որևէ ԶԼՄ չի կարողանա հեղինակազորման իրավունք ստանալ. Գևորգ Պապոյանի նախագիծը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած նախագծով հնարավոր չի լինի հանրային մուլտիպլեքսում ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կամ ապրանքային նշանները նույնական կամ շփոթության աստիճան նման կլինեն վերջին հինգ տարում շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի գործունեությամբ զբաղվող ապրանքանիշերի կամ ընկերությունների անվանումների հետ:

Պապոյանը փոփոխություններ է առաջարկում «Գովազդի մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքներում, որոնց համաձայն հեղինակազորման իրավունք ստացած որևէ ԶԼՄ-ի անունը չի կարող համընկնել կամ շփոթելու աստիճան նման լինել ընկերության ապրանքային նշանի կամ անվան հետ, իրենց գովազդներում օգտագործված գրաֆիկական, ձայնային նշաններին նույնական կամ շփոթելու աստիճան նման նշաններին, որը վերջին հինգ տարում զբաղվել է շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի կազմակերպչի գործունեությամբ։

Այլ կերպ ասած՝ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո հեղինակազորման իրավունք ստացած «Վիվառո մեդիա» ՍՊԸ-ն չի կարող այս անվանումով գործունեություն ծավալել: Երեք սպորտային հեռուստաալիք ունեցող այս հեռարձակողը բացառապես սպորտային հաղորդաշարեր է ներկայացնում, և չնայած եթերում վիճակախաղերի գովազդ չի հեռարձակում, սակայն անվանումն ինքնին խաղադրույքի թաքնված գովազդ է:

Մեզ հետ զրույցում պատգամավորը վստահեցրեց՝ նախագիծը մինչ շրջանառության մեջ դնելը թիմի հետ քննարկել ու համաձայնեցրել է:

«Մեր նախընտրական խոստումները, վարչապետի դիրքորոշումներն այս հարցի շուրջ, գիտեք, որ մոլախաղերի դեմ է ուղղված: Նախագիծը 100%-ով համահահունչ է այդ ամենին»,- աասց նա:

Նախագծի հիմնավորման մեջ հիշեցում կա այն մասին, որ խաղային բիզնեսի գովազդի սահմանափակումներ են կիրառվում: Այդ կերպով իշխանությունները նպատակ ունեն մի կողմից պաշտպանել սպառողների շահերն ու իրավունքները, մյուս կողմից հասարակության շրջանում հնարավորինս չխթանել խաղամոլությունը:

«Սա ենթադրում է, որ այս մոտեցումը պետք է պահպանվի նաև տեսալսողական մեդիադաշտի խաղացողների՝ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի գովազդների համար: Սակայն գործող օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ տեսալսողական մեդիա միջոցներ, որոնց անվանումները կարող են նույնական կամ շփոթության աստիճան նման լինել գովազդի մասին օրենքով սահմանափակումների ենթարկված շահումով խաղերի (ինտերնետ շահումով խաղերի) և վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների անվանումների կամ ապրանքային նշանների հետ: Այսինքն՝ սա հնարավորություն է տալիս ունենալ ռադիո կամ հեռուստաալիքներ, որոնց անվանումները մարդկանց մոտ կարող են ասոցացվել խաղային բիզնեսի հետ, ըստ էության, դառնալով անուղղակի գովազդ»,- նշվում է նախագծում:

Հիշեցնենք, որ խորհրդարանը օրենսդրական փոփոխություններով սահմանափակեց վիճակախաղերի, բուքմեյքերների ցանկացած տեսակի գովազդը: Տոտալիզատորների գովազդ կթույլատրվի միայն իրենց պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը` նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:

Նշենք, որ նախագիծը նախ պետք է ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանա, որից հետո ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter