HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սերժ Սարգսյանի գործով առանցքային վկան չի ներկայանում դատարան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն այսօր հերթական անգամ հետաձգվեց՝ գործով առանցքային վկայի՝ Սևան Քոչարյանի չներկայանալու պատճատով: Սևան Քոչարյանն այն անձն է, ում  հաղորդման հիման վրա հարուցվել է Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, որը վերաբերում է շուրջ 10 տարի առաջ վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Գործով ի սկզբանե ամբաստանվում էր 5 անձ: 

Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։Գործի քննության ընթացքում Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը մահացել են:

Վկա Սևան Քոչարյանը մեկ անգամ ներկայացել է դատարան, ցուցմունք տվել: Քոչարյանը լսողության հետ կապված խնդիր ունի: Այն փուլում, երբ  արդեն ներկայացրել էր իրեն հայտնի հանգամանքներն ու կողմերը պետք է հարցեր ուղղեին վկային, վերջինս հայտնել է, որ հարցերը չի լսում,  լսողական սարքին է սպասում, որը մայիսի 4-ին կունենա: Նման պայմաններում դատավոր Վահե Միասյանը որոշել է հետաձգել դատական նիստը, ու այսօր արդեն երրորդ նիստն է հետաձգվում Քոչարյանի չներկայանալու պատճառով: Դատարանն անգամ Քոչարյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել, սակայն, փաստորեն չի հաջողվել ապահովել նրա ներկայությունը:

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը Քոչարյանի գործողությունները  խուսափողական վարքագիծ է որակում: Պաշտպանը համոզված է, որ  առանցքային վկայի՝ դատարան չներկայանալն ուղիղ ցուցիչ է՝ գործի կեղծ, շինծու լինելու մասին։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 8-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter