HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արտյոմ Հարությունովին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը մնացել է անփոփոխ

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, կազմով դատավորներ Մխիթար Պապոյանի և Արշակ Վարդանյանի, անփոփոխ են թողել «Արտյոմ Կանևսկոյ» անունով հայտնի Արտյոմ Հարությունովի վերաբերյալ արդարացման դատավճիռը, որը կայացրել է դատավոր ՄՆացական Մարտիրոսյանը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հարությունովի պաշտպան Հովսեփ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Արտյոմ Հարությունովն իր մեքենայի մեջ ապօրինի պահել է զենք և փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են նրա ավտոմեքենայի զննությամբ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Հարությունովին արդարացնելու դատավճռի հիմքում, ի թիվս այլնի, դրել է նաև վկա Մյասնիկ Մատինյանի՝ դատաքննության ընթացքում տրված ցուցմունքը:

Վերջինս զինվորական է, դատարանին հայտնել է, որ Արտյոմ Հարությունովը իր վաղամեռիկ եղբոր մոտ ընկերն է: Նրա հետ հաճախակի գնացել են որսի ինչպես Տավուշում, այնպես էլ այլ որսատեղերում:

2019 թվականի հունվարի 12-ին՝ ցերեկվա ժամերին, հերթական անգամ Արտյոմի հետ որսի գնալու համար Տավուշի մարզի իր բնակության վայրից պատահական ավտոմեքենայով եկել է Երևան՝ իր հետ բերելով «Ֆաբարմ» տեսակի և «Սայգա» տեսակի  հրացանները, ինչպես նաև Արտյոմի համար գյուղմթերք: Ժամը 18-19-ի սահմաններում հասել է Երևան և իմանալով, որ Արտյոմ Հարությունովը Երևան քաղաքի Վրացական փողոցի վրա գործող «Գոլդ Ջիմ» մարզասրահում մարզվում է, որոշել է սպասել, մինչև նրա դուրս գալը:

Այդ ընթացքում զանգահարել է կնոջը, իմացել է, որ զորամասից իրեն փնտրում են: Որպես մարտական հերթապահություն իրականացնող զինվորական առանց թույլտվության տարածքը չլքելու պարտականություն ունենալով՝ ինքն, առանց թույլտվության, փաստորեն, լքել է Տավուշի տարածքը: Այդ պատճառով անմիջապես վերադարձել է զորամաս: Իր հետ Երևան բերած զենքերը կրկին ետ չտանելու համար Արտյոմից մեքենայի բանալին վերցրել, զենքերը դրել է նրա ավտոմեքենայի բեռնախցիկում և գնացել է:

Հրացանները թողնելով ավտոմեքենայի մեջ՝ մտածել է, որ մոտակա օրերին ազատ կլինի և կգնան որսի, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով՝ որսի չեն գնացել: Հետագայում իմացել է, որ իր զենքերի հետ կապված Արտյոմն ինչ-որ խնդիրներ է ունեցել, քանի որ դրանք հայտնաբերվել են նրա ավտոմեքենայի մեջ:

Դրանից հետո իրեն կանչել են քննիչի մոտ: Սկզբում ցուցմունք է տվել, որ զենքերը Երևան է բերել և մեքենայի մեջ է թողել 2018 թվականի նոյեմբեր ամսին՝ չնշելով, որ դա եղել է 2019 թվականի հունվարի 12-ին, քանի որ չի ցանկացել, որ զորամասի ղեկավարությունն իմանա, որ ինքն առանց թույլտվության է լքել Տավուշի տարածքը: Հետագայում, երբ հասկացել է, որ դրանով թրուրիմացության մեջ է գցել բոլորին, քննիչի մոտ տվել է ճշմարիտ ցուցմունք:

Այս գործը դատարան է ուղարկվել դեռևս 2019 թվականի մայիս ամսին, այսինքն՝ երեք տարուց ավելի քննվել է դատարաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter