HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Դռները բացել ենք, մեզ փռել են ասֆալտին». Արտյոմ Կանևսկոյի գործով դատարանում ցուցմունք տվեց վերջինիս մորաքրոջ որդին

«Արտյոմ Կանևսկոյ» անունով հայտնի Արտյոմ Հարությունովի վերաբերյալ դատական նիստին այսօր ցուցմունք տվեց նրա մորաքրոջ որդին՝ Տիգրան Թամրազյանը: Վերջինս և Հարությունովը 2018 թվականի հունվարի 12-ին միասին են բերման ենթարկվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ( 6-րդ վարչություն):

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Արտյոմ Հարությունովն իր կողմից օգտագործվող ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է մեկ այլ անձի` Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակոցներ կատարելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնալից կարաբին՝ իր պահեստատուփով լիցքավորված, կրակելու համար պիտանի որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 30 հատ գործարանային արտադրության փամփուշտներ և մեկ հատ պահեստատուփ՝ լիցքավորված կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 20 հատ գործարանային արտադրության փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են Արտյոմ Հարությունովի նշված ավտոմեքենայի զննությամբ։

Տիգրան Թամրազյանը պատմեց, որ հունվարի 12-ին երեկոյան Արտյոմ Հարությունովի հետ վերջինիս  մեքենայով գնացել է մարզասրահ, որտեղ Հարությունովը մարզվել է, իսկ ինքը՝ ոչ: Հարությունովը մարզվելու ընթացքում իր տեսադաշտում չի եղել, չի կարող ասել՝ մարզվելու ընթացքում նրա մոտ որևէ մեկը գնացել է, թե՞ ոչ:

Մարզվելուց հետո Թամրազյանն ու Հարությունովը նստել են վերջինիս մեքենան, որ գնան տուն: Հարցին` մեքենայի մեջ Թամրազյանը զենք տեսե՞լ է, վերջինս պատասխանեց, թե չի տեսել, եթե լիներ, կտեսներ: Վկան պատմեց, որ գնալիս են եղել, երբ Հրաչյա Քոչար փողոցի վրա ինչ-որ անձինք հարձակվել են իրենց մեքենայի վրա: Արտյոմ Հարությունովի պաշտպան Հովսեփ Սարգսյանի հարցին՝ ո՞նց են հարձակվել, Թամրազյանը պատասխանեց՝ գազանաբար:

Վկան ասաց, որ իրենք սկզբից անգամ չեն հասկացել, որ մեքենայի վրա հարձակված անձինք ոստիկաններ են, որովհետև նրանք  ոստիկանական մեքենաներով չեն եղել:

«Դռները բացել ենք, մեզ փռել են ասֆալտին»,- պատմեց վկան՝ հավելելով, որ այն բանից հետո, երբ իմացել են, որ ինքը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, նորմալ վերաբերմունք են ցուցաբերել, իրենց նստեցրել մեքենա ու տեղափոխել Ոստիկանության 6-րդ վարչություն: Թամրազյանը նշեց, որ մեքենան կանգնեցրած անձինք եղել են սև շորերով, դիմակավորված, իրենց առաջ որևէ պահանջ չի դրվել:

«Մեքենան՝ շարժիչը միացրած մնացել ա այնտեղ, մեզ տարել են 6-րդ վարչություն»,- ասաց Թամրազյանը՝ նշելով որ երբ իրենց 6-րդ վարչությունից ազատ են արձակել, մեքենան եղել է վարչության բակում, իսկ թե այն ինչպես է Քոչար փողոցից հայտնվել այնտեղ, Թամրազյանին հայտնի չէ:

Հարցին՝ իրեն ձեռնաշղթա հագցրե՞լ են բերման ենթարկելիս, Թամրազյանը պատասխանեց, թե ձեռքերը հաստ են, ձեռնաշղթաները չեն կարողացել մտցնել: Թամրազյանն ու Հարությունովը 6-րդ վարչություն են տեղափոխվել նույն մեքենայով, բայց իրարից հեռու են գտնվել, նրանց թույլ չեն տվել հաղորդակցվել: Հարցին՝ Հարությունովը ձեռնաշղթաներո՞վ էր, Թամրազյանը պատասխանեց, որ ձեռնաշղթաներ չի տեսել, բայց ձեռքերը եղել են մեջքի հատվածում:

Վկան նշեց, որ իր ներկայությամբ մեքենան չեն խուզարկել, զննություն չեն իրականացրել, իրենից բացատրություն կամ ցուցմունք չեն վերցրել: Հարցին՝ այդ ընթացքում ի՞նչ էիք անում, Թամրազյանը պատասխանեց, թե ոստիկանների հետ էր շփվում: Հարցին` ինչն էր խոսակցության թեման, Թամրազյանը պատասխանեց` Աստվածաշունչը: Վկան հայտնեց նաև, որ ինքը ոստիկանությունում գտնվելու ընթացքում փաստաբան է պահանջել, բայց չեն ապահովել, ասել են` էսա բաց ենք թողնում, փաստաբանը գալիս է, ի՞նչ անի: Տիգրան Թամրազյանը նշեց, որ իրենց 6-րդ վարչությունում պահել են մի քանի ժամ ու ազատ արձակել գիշերը՝ ժամը 03:00-ից 04:00-ն ընկած ժամանակահատվածում:

Մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանը հարցրեց` արդյոք Թամրազյանը ճանաչո՞ւմ է Արտյոմ Հարությունովի ընկերներին, մտերիմներին, ինչին ի պատասխան վկան ասաց, որ միայն բարեկամներին է ճանաչում: Դատախազը հարցրեց` արդյոք վկան Մյասնիկ Մատինյանին ճանչո՞ւմ է, ինչին ի պատասխան Թամրազյանը պատասխանեց, որ միայն գիտի, որ Հարությունովը նրա հետ որոշակի հարաբերություններ ունի:

Նշենք, որ Կանևսկոյի մեքենայում հայտնաբերված զենքը գրանցված է Մյասնիկ Մատինյանի անվամբ: Վերջինս ցուցմունք է տվել և ասել, որ Կանևսկոյի հետ դեպքի հաջորդ օրը պետք է որսի գնային, զենքն ինքն է դրել մեքենայում, բայց Կանևսկոյին այդ մասին տեղյակ չի պահել: Մատինյանը, սակայն, պնդել է, որ զենքը բեռնախցիկում է դրել, այլ ոչ թե վարորդի կողքի նստատեղին, որտեղից, ըստ քրեական գործի՝ հայտնաբերվել է այն:

Տիգրան Թամրազյանը դատարանում հայտնեց, որ եթե ինքն իմանար, որ Մատինյանը մեքենայի մեջ զենք է թողել, թույլ չէր տա, որ այն մնար:

Նշենք, որ Տիգրան Թամրազյանին հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը ներկարացրել էին Կանևսկոյի պաշտպանները, և դատարանը միջնորդությունը բավարարել էր: Այսօր դատարանում հարցաքննվեցին նաև պաշտպանական կողմի միջնորդությամբ հրավիրված այլ վկաներ, որոնք հունվարի 12-ին դարձյալ բերման էին ենթարկվել մարզասրահից դուրս գալուց հետո: Նրանցից երկուսի մոտ եղել է օրինական զենք: Նրանց ցուցմունքներն, ըստ էության, առնչություն չունեին գործի հետ, սակայն այս վկաները ևս հայտնեցին, որ իրենց բերման են ենթարկել բռնի ուժի կիրառմամբ` զենք պահելու կասկածանքով:

Դատական նիստը հետաձգվեց, և հաջորդը նշանակվեց նոյեմբերի 20-ին:

Լուսանկարում` դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter