HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՔՊ պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրել սպանության գործով ամբաստանյալի համար

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Գուրգեն Մելքոնյանը (հայտնի է Գագիկ Մելքոնյան անունով) և Սերգեյ Բագրատյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել սպանության մեջ մեղադրվող անձի համար: Նրանցից երկուսը՝ Արմեն Խաչատրյանն ու Սերգեյ Բագրատյանն ամբաստանյալին անձամբ չեն ճանաչում: Նախորդ դատական նիստի ընթացքում պատգամավորների գրավոր երաշխավորությունը ներկայացվել է դատավորին, այսօր նրանք պետք է ներկայանան Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ երաշխավորության պայմանը խախտելու դեպքում նախատեսվող պատասխանատվության մասին զգուշացվելու և իրենց բանավոր խոսքով ևս երաշխավորելու, որ ազատության մեջ գտնվելու դեպքում սպանության մեջ մեղադրվողը՝ Ռոման Մովսիսյանը, պատշաճ վարքագիծ կդրսևորի:

Ըստ քրեական գործի՝ սպանված Ռազմիկ Ներսիսյանը և նրան սպանելու մեջ մեղադրվող Ռոման Մովսիսյանը մանկության ընկերներ են: Ռազմիկի մայրը՝ Թամարա Բաբայանն ասում է՝ ինքը չի ցանկացել հավատալ, որ Ռոմանը կարող էր սպանել որդուն, բայց հանգամանքներն այդ մասին են խոսում: 

Մայրը մտավախություն ունի, որ պատգամավորներն այժմ փորձում են ազդել գործի ընթացքի վրա: Երաշխավորողներից մեկը՝ Գագիկ Մելքոնյանը, Ռոմանի հոր՝ Մելիք Մովսիսյանի մտերիմներից է: Մովսիսյանն այժմ վարձակալել է Կոտայքի մարզում գտնվող «Ոսկե Աքաղաղ» ռեստորանը, որի հիմնադիրը Գագիկ Մելքոնյանի որդին՝ Կարեն Մելքոնյանն է:

Թամարա Բաբայանի խոսքով՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ին Ռազմիկը գնացել է «Ոսկե Աքաղաղ» ռեստորան՝ խաշ ուտելու։ Երեկոյան հարևաններից մեկն իրեն ասել է, որ Ռազմիկին հիվանդանոց են տեղափոխել: Մայրն անմիջապես զանգել է Ռոմանին, վերջինս հանգստացրել է նրան՝ ասելով, թե Ռազմիկը թունավորվել է, տանում են հիվանդանոց: Հետո պարզվել է, որ տղային Գառնիի բժշկական կենտրոնից տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»:

Թամարա Բաբայանը բուժքույր է, աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, անմիջապես գնացել է այնտեղ:

«Դա արդեն իմ հիվանդանոցն էր, ինձ ճանաչում են, էրեխուն անմիջապես մտցնում են գլխի վիրահատության: Գլուխը, դեմքը ջարդած, ավիրած էր: Ռոմանին հարցնում եմ՝ ի՞նչ ա եղել, դիմացս պպզել, ասում էր՝ մի՛ մտածի, ռեստորանում աստիճանից է ընկել: Հայրը կողքը կանգնած հրում է, ասում՝ ուրիշ բան պատմի, հետո Ռոմանն ասում է՝ մեքենայից ա դուռը բացել, իրեն գցել»,- պատմում է Բաբայանը: Նա հնարավորություն չի ունեցել որդուց պարզելու ճշմարտությունը. Ռազմիկը ևս մեկ վիրահատությունից հետո, այդպես էլ գիտակցության չգալով, նոյեմբերի 11-ին մահացել է: Ռոմանի հայտնած հակասական տեղեկությունները Ռազմիկի մորը կասկածելի են թվացել:

Որդու՝ սպանված լինելու մասին կասկածները մոր մոտ խորացել են հիվանդանոցում տեղի ունեցած մի դեպքից հետո:

Երբ Ռազմիկին տարել են գլխի հետազոտության, մայրը բժշկական համազգեստով սենյակ է մտել, հետազոտությունն անող անձը կարծել է, թե բուժքրոջ հետ է խոսում:

«Ասաց՝ էս ի՞նչ են արել, գլուխը ջարդել են, գլուխ չկա այստեղ, հետո, երբ հասկացավ, որ մայրն եմ, ուղղակի փախավ սենյակից»,- պատմեց տիկին Թամարան: Նա նշում է, որ շուտով իրենք պարզել են, որ որդու հագուստը չկա: Ռազմիկի մորեղբայրը հետաքրքրվել է, թե որտե՞ղ է հագուստը։ Ռազմիկի ընկերներից մեկը բերել է այն, եւ պարզվել է, որ հագուստը լվացել են: Ընկերը բացատրել է, որ հագուստը հիվանդանոցում արնոտ գցած է եղել, ինքը վերցրել է: Փաստորեն, դեպքից անմիջապես հետո իրավապահները հետամուտ չեն եղել, որ առգրավեն այն որպես դեպքի բացահայտման համար էական նշանակություն ունեցող ապացույց:

Ռազմիկի մայրը սա պատահականություն չի համարում, ասում է՝ Ռոման Մովսիսյանի հայրը՝ Մելիք Մովսիսյանը, Կոտայքում մեծ կապեր ունեցող, ազդեցիկ մարդ է, հայտնի է «Գազի Դավո» անունով , «Գազպրոմ-Արմենիա»-ի Գառնու տեղամասի պետն է, ու քննության սկզբնական  փուլում ամեն ինչ արվել է՝ գործը կոծկելու համար:

«Հագուստներն արյունոտ, կիսալվացած…ավելի շատացան կասկածներս: Հիվանդանոցում էլ ինչքան բուժքույր ու բժիշկ կար, դե բոլորն ինձ հետ աշխատողներ են, ասում էին՝ Թամա՛ր, էրեխուն ծեծել են, սպանել են»,- պատմում է մայրը։ Դրանից հետո նա հետամուտ է եղել որդու մահվան հանգամանքները պարզելու:

Մայրն ասում է՝ ամբողջ գյուղը խոսում էր այն մասին, որ սպանություն է եղել, բայց քննությունը տեղից չէր շարժվում. շուրջ մեկուկես տարի իրեն փորձում էին համոզել, որ որդին ինքնասպան է եղել, ու այդ ընթացքում Ռոմանը, երաժշտությունը միացրած, ազատության մեջ ապրում էր հենց իր հարևանությամբ՝ Գառնի գյուղում:

Փորձաքննության եզրակացությունը շրջադարձ է մտցրել գործում

Որդու մահից մեկուկես տարի անց ստացվել է դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ Ռազմիկի գլխի վնասվածքները չէին կարող ընկնելու հետևանք լինել. դրանք գլխի հատվածում բութ գործիքով հարվածի հետևանք են: 

Այս եզրակացությունից հետո գործի ընթացքը փոխվել է. մինչ այդ պահը ինքնասպանության հասցնելու հոդվածով քննվող գործը սկսել է քննվել սպանության վարկածով: «Ոսկե Աքաղաղ» ռեստորանի (որը Մելքոնյաններից վարձակալել է Ռոման Մովսիսյանի հայրը) մենեջերին՝ Ռուզաննա Խաչատրյանին, մատուցողին՝ Լուսինե Շահբազյանին, Ռոման Մովսիսյանին, վերջինիս և Ռազմիկի ընկերներից մեկին՝ Սամվել Նազարյանին կալանավորել են: Հետո բոլորն ազատ են արձակվել, բացի Ռոմանից. նա մինչև հիմա կալանքի տակ է:

Մայրը ցավով խոստովանում է, որ Ռոմանն ու Ռազմիկը տարված են եղել խաղերով, Ռոմանը որդուն հաճախակի է տարել խաղալու, հավանականություն կա, որ այդ օրը ևս խաղացել են, ու գումարի շուրջ նրանց միջև վիճաբանություն է  տեղի ունեցել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Էմին Բեգլարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բժշկական անձնակազմին, որտեղ Ռազմիկն ի սկզբանե տեղափոխվել է, Ռոմանն ու Սամվելը հայտնել են, թե  Ռազմիկն օղի է խմել, թունավորվել, այդ պատճառով է փսխում: Բժիշկները, սակայն, տեսել են, որ Ռազմիկն արյուն է փսխում ու բացառել, որ օղու թունավորումից մարդն արյուն փսխի: Այդ ժամանակ  Սամվելն ու Ռոմանն ասել են, թե Ռազմիկը լոլիկով ձվածեղ է կերել: Երբ այս վարկածը նույնպես արժանահավատ չի եղել, ասել են, թե Ռազմիկն ավտոմեքենայից  ընկել է: Ռոման Մովսիսյանն ու Սամվել Նազարյանը դեպքից անմիջապես հետո բացատրություններ են տվել. Ռազմիկի՝ մեքենայի դուռը բացելու և դուրս գալու հետևանքով վայր ընկնելու վարկածը նաև իրավապահներին են պատմել:

Ռեստորանի մատուցողուհի Լուսինե Շահբազյանը ևս սկզբում իրավապահներին չի հայտնել ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության  մասին: Արդեն կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում Լ. Շահբազյանը պատմել է, որ ռեստորանի բակում վիճաբանություն է եղել, նրա կարծիքով՝ երբ տղաները մեքենա են նստել ու գնացել, վիճաբանությունը շարունակվել է: Շահբազյանը նաև հայտնել է, որ ռեստորանի մենեջերը՝ Ռուզաննա Խաչատրյանը և մեղադրյալի հայրը՝ Մելիք Մովսիսյանն իրեն հորդորել են ոստիկանների մոտ իրենց ուզած բովանդակությամբ ցուցմունք տալ, իբրև թե Ռազմիկն աստիճաններից է վայր ընկել: Լուսինե Շահբազյանն ասել է, որ ինքը Մելիքյանների մոտ էր աշխատում, ու եթե նրանց ասածով չաներ, իրեն աշխատանքից կհեռացնեին:

Երբ փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ Ռազմիկ Ներսիսյանի գլխի վնասվածքները չէին կարող ընկնելու հետևանք լինել, որ հնարավոր չէ՝ ընկնելու դեպքում Ռազմիկի մարմնի վրա  ճանապարհի մակերևույթին հպվելու հետքեր չմնային, քննիչը Ռոման Մովսիսյանին և ընկերոջը՝ Սամվել Նազարյանին մեղադրանք է առաջադրել նախկին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից սպանությունը:

Կալանավայրում՝ խցում Սամվել Նազարյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացվել, որտեղ Նազարյանը խցակցին պատմել է դեպքի հանգամանքները: Ըստ Սամվելի պատմածի՝ ռեստորանից դուրս գալուց հետո ավտոմեքենայի մեջ վիճաբանություն է տեղի ունեցել Ռոմանի և Ռազմիկի միջև, հետո Ռոման Մովսիսյանը մեքենան կանգնեցրել է, ու մինչև ինքը մեքենայից դուրս է եկել, տեսել է, որ Ռազմիկ Ներսիսյանն անգիտակից գետնին պառկած է: Հարցրել է՝ ի՞նչ եղավ, Ռոմանը պատասխանել է՝ մի հատ բերանին տվի, ընկավ:  

Քննությամբ, որին օգնել է նաև Նազարյանի խցում իրականացված ներքին դիտումը, չի հիմնավորվել Սամվել Նազարյանի կողմից Ռազմիկ Ներսիսյանին մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը, ուստի նրա մեղադրանքը վերաորակվել է սպանությունից հանցագործության պարտակման:

Էմին Բեգլարյանի խոսքով՝ այս գործով էական նշանակություն ունեցող ցուցմունքներից մեկը տվել է ռեստորանի պահակը: Նա դեպքի օրը՝ 2018-ի նոյեմբերի 1-ին թույլտվություն է խնդրել ու աշխատանքի չի գնացել: Ռեստորանի մենեջերը՝ Ռուզաննա Խաչատրյանը, սակայն, նույն օրը նրան կանչել ու ասել է, որ ռեստորանի տարածք ոստիկաններ են գալու, ու եթե իրեն հարցնեն՝ ինչ է եղել ռեստորանում, պետք է ասի, որ Ռազմիկ Ներսիսյանն աստիճաններից վայր է ընկել ու մարմնական վնասվածք ստացել: Պահակը չի համաձայնել, որից օրեր անց այլևս ռեստորանում չի աշխատել:

Նշենք, որ այժմ մատուցողուհին՝ Լուսինե Շահբազյանը, դատարանում հրաժարվել է Ռոման Մովսիսյանի դեմ տված ցուցմունքից: Էմին Բեգլարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց այն հանգամանքը, որ Շահբազյանը շարունակում է նյութական կախվածության մեջ լինել Ռոման Մովսիսյանի հորից, քանի որ մինչև այժմ աշխատում է «Ոսկե Աֆքաղաղ» ռեստորանում:

Ռոման Մովսիսյանը չի ընդունում մեղադրանքը

Ի վերջո, իրարամերժ ու հակասական ցուցմունքներից հետո գործը դատարան է ուղարկվել հետևյալ մեղադրական եզրակացությամբ՝ Ռոման Մովսիսյանն ու տուժող Ռազմիկ Ներսիսյանը եղել են ընկերներ ու համագյուղացիներ: Վերջիններս դեպքի ժամանակահատվածում միասին աշխատել են  «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի Գառնիի տեղամասում, որի տնօրենն է Ռոման Մովսիսյանի հայրը՝ Մելիք Մովսիսյանը: Վերջինս վարձակալությամբ շահագործում է նաև Կոտայքի մարզի Գողթ գյուղում գործող «Ոսկե Աքաղաղ» ռեստորանային համալիրը և հանդիսանում է նշված համալիրի տնօրենը:

2018 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Ռոման Մովսիսյանը և Ռազմիկ Ներսիսյանն իրենց մի քանի ընկերների հետ մեկնել են Գողթ գյուղի «Ոսկե Աքաղաղ» ռեստորան՝ խաշ ուտելու: Խնջույքը կայացել է ռեստորանի 9-րդ համարի առանձնասենյակում և ընթացել է ընկերական մթնոլորտում: Խնջույքն ավարտվել է մոտավորապես ժամը 17-ի սահմաններում, իսկ այդ ժամանակ արդեն ռեստորանում գտնվել են միայն Ռոման Մովսիսյանը, Ռազմիկ Ներսիսյանը և նրանց ընկերներից մեկը՝ Գառնի գյուղի բնակիչ Սամվել Նազարյանը, իսկ մյուս ընկերները մինչ այդ հեռացել են: Հաշիվը Լուսինե Շահբազյանին վճարելուց հետո Ռոման Մովսիսյանը, Ռազմիկ Ներսիսյանն ու Սամվել Նազարյանը դուրս են եկել առանձնասենյակից և կանգնել ռեստորանի ավտոկայանատեղիում: Վերջիններս գտնվել են ոգելից խմիչքի ազդեցության տակ: Այդ ընթացքում Ռազմիկ Ներսիսյանը, տեղեկանալով Ռոման Մովսիսյանի մոտ բավականին մեծ գումարի առկայության մասին, նրանից գումար է պահանջել, սակայն ստացել է մերժում: Հիշյալ հարցի շուրջ նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում Ռոման Մովսիսյանը նույն վայրում՝ ավտոկայանատեղիում, առնվազն երկու անգամ ձեռքերով կամ ոտքերով հարվածել է Ռազմիկ Ներսիսյանի քթին և աջ աչքին, որից հետո երեքով միասին Ռոման Մովսիսյանի վարած ավտոմեքենայով ուղևորվել են Գառնի գյուղի ուղղությամբ: Սամվել Նազարյանը նստած է եղել առջևի ուղևորի աջ նստատեղին, իսկ Ռազմիկ Ներսիսյանը՝ ավտոմեքենայի հետնամասի աջ ուղևորի նստատեղին: Ռազմիկ Ներսիսյանի և Ռոման Մովսիսյանի միջև վիճաբանությունը շարունակվել է նաև ավտոմեքենայի մեջ: Հասնելով Գառնի գյուղի Գեղարդի խճուղու 2-րդ փակուղու 1/1 հասցեի շինության մոտակայքը՝ Ռոման Մովսիսյանը Ռազմիկ Ներսիսյանին կրկին հարվածներ հասցնելու նպատակով կտրուկ կայանել է նշված ավտոմեքենան, այնուհետև վերջիններիս՝ ավտոմեքենայից դուրս գալուց անմիջապես հետո Ռոման Մովսիսյանը, ընդունելի համարելով իր գործողությունների հետևանքով Ռազմիկ Ներսիսյանի կյանքի և առողջության նկատմամբ կատարվելիք ոտնձգության արդյունքում առաջացող ցանկացած հետևանք, ինչպես նաև անտարբերություն դրսևորելով Ռազմիկ Ներսիսյանին կյանքից զրկելու հնարավոր հետևանքի առաջացման նկատմամբ, չկոնկրետացված դիտավորությամբ՝ ձեռքերով կամ ոտքերով հարվածներ է հասցրել Ռազմիկ Ներսիսյանի մարմնի կենսական կարևոր նշանակություն ունեցող հատվածին՝ գլխի տարբեր մասերին, որպիսի դիտավորյալ գործողությունների արդյունքում Ռազմիկ Ներսիսյանի առողջությանը պատճառվել է կյանքի համար վտանգավորության հատկանիշով ծանր վնաս՝ բազմաթիվ մարմնական վնասվածքների տեսքով, որից հետո նկատելով, որ Ռազմիկ Ներսիսյանը ստացած հարվածներից կորցրել է գիտակցությունը, իր հանցավոր արարքը թաքցնելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով տևական ժամանակ անց Ռազմիկ Ներսիսյանին Սամվել Նազարյանի հետ միասին տեղափոխել են «Գառնի առողջության կենտրոն», որտեղ խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները՝ Ռոման Մովսիսյանը կենտրոնի աշխատակիցներին հայտնել է, թե իբր Ռազմիկ Ներսիսյանը թունավորվել է մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց և կորցրել է գիտակցությունը: Տեղեկանալով այդ մասին՝ հիշյալ կենտրոնի աշխատակիցները փորձել են բուժօգնություն ցույց տալ, որի ընթացքում Ռազմիկ Ներսիսյանը սկսել է փսխել։ Այդ զանգվածի մեջ բուժաշխատակիցները նկատելով թարմ արյուն՝ հարցրել են, թե ինչու է վերջինս արյուն փսխում, որին ի պատասխան՝ Ռոման Մովսիսյանը կրկին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել՝ նշելով, որ Ռազմիկ Ներսիսյանն ընկել է աստիճաններից: Այդ ժամանակ հիշյալ կենտրոնի աշխատակիցների նախաձեռնությամբ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով Ռազմիկ Ներսիսյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», որտեղ, սակայն, նա 2018 թվականի նոյեմբերի 11-ին վերոհիշյալ մարմնական վնասվածքների հետևանքով, գիտակցության չգալով, մահացել է: 

Առաջադրված մեղադրանքում Ռոման Մովսիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց, սակայն նախաքննության ընթացքում հարցաքննվելով որպես վկա, օգտվելով կասկածյալի իրավունքներից՝ ցուցմունք է տվել, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին ինքն ընկերների հետ Գողթ գյուղում գտնվող, հոր՝ Մելիք Մովսիսյանի կողմից շահագործվող «Ոսկե Աքաղաղ»  ռեստորանում՝ առանձնասենյակներից մեկում մասնակցել է խնջույքի: Այնուհետև՝ ժամը 17-ի սահմաններում, մյուս ընկերների գնալուց հետո մնացել են ինքը, Սամվել Նազարյանն ու Ռազմիկ Ներսիսյանը: Իրենք գտնվել են ոգելից խմիչքի ազդեցության տակ: Հաշիվը փակելուց հետո ռեստորանից դուրս գալիս ինքը նկատել է, որ Ռազմիկ Ներսիսյանն աստիճաններից վայր է ընկել և դեմքի շրջանով հարվածել գետնին՝ աստիճանների ներքևի հատվածին: Ինքը և Սամվելը նրան բարձրացրել են և այդ ժամանակ նկատել, որ ընկնելու հետևանքով վնասվել է նրա աջ աչքն ու քիթը: Իրենք թևանցուկ նրան տեղափոխել և նստեցրել են իր ավտոմեքենայի հետնամասում, որից հետո միասին շարժվել են Գառնի գյուղի ուղղությամբ: Մեքենան վարել է ինքը, իսկ Սամվելը նստած է եղել իր կողքին: Ընթանալիս Ռազմիկ Ներսիսյանը խաղատուն գնալու նպատակով իրենից պարտքով գումար է խնդրել, քանի որ նախապես տեղյակ է եղել իր մոտ բավական քանակությամբ գումարի առկայության մասին: Քանի որ Ռազմիկը հարբած է եղել, ինքը հրաժարվել է նրան գումար տալ: Ռազմիկը մերժում ստանալով՝ նեղացել է և պահանջել կանգնեցնել մեքենան: Այդ ընթացքում ինքը նկատել է, որ Ռազմիկի դեմքը կապտել է: Դա տեսնելով՝ առաջարկել են տանել հիվանդանոց, սակայն Ռազմիկը հրաժարվել է և միաժամանակ կրկին պահանջել գումար՝ ասելով. «Դու ինձ փող տուր, ես գնամ խաղալու»: Ինքը կրկին մերժել է՝ առաջարկելով նրան տուն տանել, սակայն Ռազմիկը հրաժարվել է և կրկին պահանջել կանգնեցնել մեքենան: Ինքը մեքենան վարելիս է եղել շուրջ 40-50 կմ/ժ արագությամբ ու երբ փորձել է կայանման նպատակով դադարեցնել ընթացքը, այդ ժամանակ նկատել է, որ Ռազմիկ Ներսիսյանը բացել է մեքենայի դուռը և ընկել: Ինքն անմիջապես կանգնել է և Սամվելի հետ մեքենայից իջնելով՝ տեսել, որ Ռազմիկն անգիտակից վիճակում, մեջքի վրա ընկած է ասֆալտապատ գետնին: Նկատել է նաև, որ Ռազմիկի քթից արյուն է գալիս: Իրենք փորձել են բարձրացնել, օգնություն ցույց տալ, ուշքի բերել, սակայն ապարդյուն: Տեսնելով, որ ուշքի չի գալիս, Ռազմիկին պառկեցրել են իր մեքենայի հետնամասում և տեղափոխել Գառնիի բժշկական կենտրոն, որտեղ բուժքույրը ներարկումներ է կատարել, որից հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևան՝ հիվանդանոց: Ինքը Ռազմիկի հետ չի վիճաբանել, նրան չի հարվածել:

Ռոմոն Մովսիսյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը մեզ հետ զրուցում նշեց, որ տեղի ունեցածը դժբախտ դեպք է, այդտեղ ընդհանրապես հանցանք չկա:

Մեր դիտարկմանը, որ դատաբժշկական եզրակացության համաձայն՝ Ռազմիկ Ներսիսյանի գլխի վնասվածքը չէր կարող ընկելու հետևանք լինել, որ նրան հարվածներ են հասցվել, Բալոյանը պատասխանեց, որ դատաբժշկի խոսքը դեռ բավարար չէ:

«Հագուստի փորձաքննություն պետք է նշանակվեր, բայց հագուստը չկա»,- ասաց Ռուբեն Բալոյանը:

Մեր հարցին՝ եթե թաքցնելու ոչինչ չկար, ինչո՞ւ է ի սկզբանե Ռոման Մովսիսյանը բժիշկներին ասել, թե Ռազմիկը  թունավորվել է, որ լոլիկով ձվածեղ է կերել, Բալոյանը պատասխանեց՝ Ռազմիկ Ներսիսյանն իսկապես խմած է եղել, և դա գործով էլ ապացուցվում է, Ռազմիկ Ներսիսյանի հիվանդության պատմության, դիակի դատաբժշկական փորձաքննության մեջ առկա է տվյալ այն մասին, որ  Ռազմիկի մոտ ալկոհոլային թունավորում է եղել: 

«Ավելի լավ է քննարկել այն հարցը, թե ինչո՞ւ են այս գործով Ռոմանի և Ռազմիկի ընկերոջը, ռեստորանի մենեջերին ու մատուցողուհուն կալանքի տակ պահել»,- ասաց Բալոյանը: Ըստ պաշտպանի՝ վկաներին կալանքի տակ են պահել, որպեսզի Ռոմանի դեմ ցանկալի ցուցմունքներ տան, սակայն վերջիններս դատարանում Ռոմանի վերաբերյալ տված ցուցմունքներից հրաժարվել են:

Ի՞նչ կապ ունեն Ռոմանի ազատության համար անձնական երաշխավորություն տված պատգամավորները Ռոման Մովսիսյանի հետ։ Բալոյանն ասաց, թե չի կարող այդ հարցին պատասխանել:

Երաշխավորություն տված Գագիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռոման Մովսիսյանին վաղուց է ճանաչում, վստահ է, որ Ռոմանը սպանություն չի կատարել:

«Եթե մի րոպե կասկածեմ, որ Ռոմանը կարող է նման բան կատարած լինել, չեմ երաշխավորի»,- ասաց Գագիկ Մելքոնյանը: Մեր հարցին՝ Մելքոնյանն ի՞նչ կապ ունի «Ոսկե Աքաղաղ» ռեստորանի հետ, պատգամավորը պատասխանեց՝ անմիջապես կապ ունեմ, մտերիմ մարդու է պատկանում՝ մասնավորեցնելով, որ խոսքը Ռոմանի հոր՝ Մելիք Մովսիսյանի մասին է: 

Պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սերգեյ Բագրատյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել: Գագիկ Մելքոնյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կապ ունեն Խաչատրյանն ու Բագրատյանը Ռոման Մովսիսյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց: 

«Խնդիրն այն չէ, որ Ռոմանը պատժից ազատվում է, անչափահաս երեխաներ ունի, թող գա իր տուն, դատարանը կորոշի գնդակահարություն, թող գնդակահարի, կորոշի 20 տարի դատապարտի, թող դատապարտի»,- ասաց Գագիկ Մելքոնյանը:

Անդրադառնալով պատգամավորների երաշխավորագրին՝ Էմին Բեգլարյանը մեջբերում է դրանից մի հատված, որում պատգամավորներն ասում են, թե ծանոթները դրականորեն են բնութագրում Ռոման Մովսիսյանին: Պաշտպանի խոսքով՝ պատգամավորների երաշխավորագրի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ նրանք անձամբ չեն ճանաչում Ռոման Մովսիսյանին, բայց, փաստորեն, երաշխավորում են նրա պատշաճ վարքագիծը դատարանում:

Պաշտպանը նաև ընդգծում է, որ այս գործի ընթացքում քննությանը խոչընդոտելու բազմաթիվ հանգամանքներ են հայտնի դարձել, անգամ քրեական գործ է հարուցված եղել այդ հանգամանքների առթիվ, ու նման պայմաններում, փաստորեն, պատգամավորները երաշխավորում են Ռոման Մովսիսյանի պատշաճ վարքագիծն ազատության մեջ:

Լրացված 06.09.2022. Դատարանը մերժել է պատգամավորների երաշխավորությամբ Ռոման Մովսիսյանին ազատ արձակելու միջնորդությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter