HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Համահայկական հանրահավաք Բրյուսելում՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով

Բրյուսելի Ռոբերտ Շումանի անվան հրապարակում, որտեղ գտնվում է Եվրոպական խորհրդարանը, այսօր համահայկական հանրահավաք տեղի ունեցավ՝ նվիրված Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձին։ Հանրահավաքի մասնակիցները Եվրամիությունից եւ միջազգային հանրությունից պահանջեցին՝

  • դադարեցնել անգործությունը եւ ագրեսորին ու հարձակման ենթարկվածին հավասար հարթության վրա դնելու իրենց քաղաքականությունը,
  • միանշանակ դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ,
  • հստակ դատապարտել հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունները,
  • միասնաբար և ուղղակիորեն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և նրա քաղաքական ու ռազմական առաջնորդների դեմ։

Հանրահավաքը կազմակերպել էր Արդարության եւ դեմոկրատիայի եվրոպական-հայկական հիմնադրամը (The European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD)։

Ֆրանսահայ դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանը, որը մասնակցել եւ ելույթ է ունեցել հանրահավաքին, «Հետքին» պատմեց, որ ելույթ ունեցողների թվում էին Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ՝ բելգիացի, հոլանդացի, որոնք իրենց վրդովմունքն են հայտնել Ադրբեջանի հետ ԵՄ կնքած գազային պայմանագրի առնչությամբ, ասել, որ ամաչում են Հայաստանի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների առնչությամբ ԵՄ դիրքորոշման համար։ Որոշ հոլանդացի պատգամավորներ, որոնք մինչ այս բազմիցս այցելել են Հայաստան, ասել են, որ երբեք միայնակ չեն թողնի Հայաստանը եւ նրա արժանապատիվ ժողովրդին, եւ չեն պատկերացնում, որ Գորիսը, Ջերմուկը կարող են Հայաստանի մաս չլինել։

Միաժամանակ, եվրոպացի պատգամավորները նշել են, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատշաճ կերպով չեն տիրապետում եւ կառավարում իրավիճակը։

Սերժ Ավետիքյանն իր ելույթում ՀՀ իշխանություններին հորդորել է պարզորոշ ասել Հայաստանի ժողովրդին, թե ինչ է իրականում ստորագրել կապիտուլյացիոն հայտարարությամբ, այլապես մարդիկ մշտական հոգեխանգարմունքի մեջ կլինեն։ Նրա փոխանցմամբ, հանրահավաքի մասնակիցները ամոթ էին զգում այսօր առավոտյան Եռաբլուրում տեղի ունեցածի պատկերներից, ինչը կասկածներ է հարուցում իշխանության լեգիտիմության վերաբերյալ։ Այդուհանդերձ, ելույթ ունեցողները կոչ են արել հայերին միաբան լինել եւ կենտրոնանալ դիմադրության վրա։

Լուսանկարները տրամադրել է Սերժ Ավետիքյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter