
Ոստիկանները ուժ կիրառելով «Եռաբլուրից» բերման ենթարկեցին զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին
Այսօր՝ վաղ առավոտյան, Հայաստանի Անկախության 31-ամյակի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նախքան երկրի իշխաննությունների գալը պանթեոնի մուտքի մոտ էին հավաքվել զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում` փորձելով թույլ չտալ, որ Փաշինյանը մտնի «Եռաբլուր»։
Սակայն ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները (կարմիր բերետավորներ) ուժ կիրառելով և քաշքշելով բերման ենթարկեցին զոհված և անհետ կորած զինծառայողների մի քանի տասնյակ ծնողների։
Նիկոլ Փաշինյանի և բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հեռանալուց հետո ծնողները մոտեցան պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ և այնտեղից մի կողմ նետեցին իշխաննությունների բերած ծաղկեպսակները։
Զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ բերման ենթարկված մոտ 40 քաղաքացիները ազատ են արձակվել, նրանց նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն՝ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու հիմքով, չնայած որ ըստ փաստաբանի՝ ոստիկանները ոչ մի պահանջ չեն ներկայացրել քաղաքացիներին։ Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ բերման ենթարկված կանանցից երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել ձեռքի և մատերի հատվածում։
Բերման ենթարկվածներից մեկը 44-օրյա պատերազմի զոհերից Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանն էր։ Նախորդ տարի «Հետքը» գրել էր Ժորայի մասին։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել