HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք կորցրինք մեր արևը». հունիսի 10-ին Ժորան կդառնար 20 տարեկան

Ժորա Մարտիրոսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 22-ին, Սանասարում (Կուբաթլու), կասետային ռումբի հարվածից։ Հարազատները նույն օրը ստացել են նրա աճյունը։ Ժորային հուղարկավորել են Եռաբլուրում հոկտեմբերի 24-ին։ Զոհվածների ցուցակում Ժորայի անունը հրապարակվել է նույն օրը՝ հոկտեմբերի 24-ին։ 

Հունիսի 10-ին Ժորան կդառնար 20 տարեկան։ Այդ առիթով ընտանիքի անդամներն ու հարազատները հիշատակի ցերեկույթ էին կազմակերպել։ Նրանց տան բակում, որտեղ անցել է  Ժորայի պատանեկությունը, նրա անունվ հուշաքար բացվեց, ապա Ժորայի հարազատներն ու ընկերներն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն։  

Մարտիրոսյանների ընտանիքն ապրում էր Երևանում, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում։ 2016-ին Ժորայի ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։ 2018-ին Ժորան ընտանիքին ստիպել է վերադառնալ Հայաստան, որպեսզի այստեղ ավարտի դպրոցն ու  զինվորական ծառայության անցնի։ Մայրը՝ Գայանե Հակոբյանը, պատմում է, որ տղան չէր ցանկանում Հայաստանից դուրս ապրել, անընդհատ խնդրում էր, որ վերադառնան։ 

«Չէր հարմարվում, ասում էր՝ իմ ընկերները, իմ ամեն ինչը Հայաստանում է, դուք ինձ բերել եք ստեղ, որ ի՞նչ անեմ։ Ինքն իրեն միշտ մեծ մարդու պես էր պահում, մենք էլ իր կարծիքի հետ հաշվի էինք նստում, անհնար էր իրեն երեխայի տեղ դնել ու որոշեցինք վերադառնալ, որ ինքն իր հայրենիքում իրեն լավ զգա»,-պատմում է մայրը։

2019-ի հուլիսի 11-ին Ժորան զորակոչվել է բանակ, ծառայության առաջին 6 ամիսներն անցել են Արմավիրի զորամասում, ապա տեղափոխվել է Սանասար։ Ժորան տանկիստ էր։ Ծառայության ընթացքում մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում կայացած «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը։ 

Գայանե Հակոբյանը որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 21-ին։ Տղան ամեն օր զանգում էր երեկոյան ժամերին, այդ օրը Ժորան 2 անգամ է զանգել՝ 15 րոպե ընդմիջումով։ Գայանեն զարմացել է, որդուն հարցրել է, թե ինչու՞ է երկրորդ անգամ զանգում, քանի որ քիչ առաջ էր խոսել։ Որդին ասել է, որ ամեն ինչ լավ է, իրենց լավ նայեն, ոչ մի բանի մասին չմտածեն։ Մայրը որդու հետ վերջին խոսակցությունը նմանեցնում է հրաժեշտի։ Ժորան կարծես գիտակցված հրաժեշտ էր տալիս մորը։

«Ինքը միշտ շատ զուսպ էր խոսում, ոնց որ մեծ մարդ լիներ, որ ասում են նկարագրի Ժորին, միանգամից հիշում եմ իր հասուն լինելը, մեր արևն էր Ժորան, մենք կորցրինք մեր արևը»,-ասում է մայրը։

Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի կանայք ու մայրերը խումբ են ստեղծել, բոլորի ծննդյան օրերին հավաքվում են, այցելում նրանց շիրիմներին։ Խումբն անվանել են «Հավերժ»։ Անդամներից մեկը՝ Հասմիկ Գևորգյանը, որի որդին՝ Սամվել Գևորգյանը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 7-ին, ասում է, որ նրանց բոլորին միավորել է միևնույն ցավը։ Ծանոթանալով զոհված տղաների մայրերի, քույրերի, կանանց հետ, միմյանց վիշտը կիսելով՝ կարծես մի փոքր սփոփվում են։

Ժորայի կողքին հուղարկավորված է նրա թիկունքի պետը՝ Հովհաննես Մելքումյանը։ Գայանե Հակոբյանը պատմեց, որ մի օր որդու գերեզմանին այցելելիս հանդիպել է Հովհաննեսի կնոջը, սկսել են զրուցել, Հովհաննեսի կինն ասել է, որ տեսել է Ժորայի գերեզմանն ու վաղուց էր ուզում Գայանեի հետ զրուցել։ Նա պատմել է, որ իր ամուսինը նախքան զոհվելը, իմանալով Ժորայի մահվան մասին, տղայի ու իր ընկերների մասին դրվագներ է պատմել։ Ժորայի հերթափոխն էր, նա իջել էր դիրքերից։ Դրանից առաջ մի անգամ հազիվ է փրկվել՝ ցատկելով այրվող տանկից։ Իր ընկերներից մեկը պիտի բարձրանար դիրքեր, Ժորան ասել է, որ ուզում է ընկերոջ հետ գնալ, մյուս ընկերն էլ դիրքերում էր։ Սպայական կազմից ասել են, որ ինքը կարող է մի քանի օր մնալ թիկունքում, հանգստանալ։ Ժորան վերջին պահին մտել է դիրքեր բարձրացող մեքենան, քանի որ չի ուզել մենակ թողնել ընկերոջը։ Ժորան ու իր 2 ընկերները զոհվել են նույն օրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter