HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սամվելը մեզ վերադարձրեց Հայաստան, իսկ ինքը հավերժ գնաց»,- ասում է զոհված զինծառայողի մայրը

Հասմիկ Գևորգյանը սեղանից վերցնում է որդու՝ Սամվելի նկարներն ու թերթելով մեզ ցույց տալիս։ «Սրանք իր վերջին նկարներն են, վերջին ամիսներին նկարված, զանգում ասում էր՝ մամ, քեզ անակնկալ անե՞մ, ու էս նկարներն էր ուղարկում»,-ասում է նա։

Սամվել Գևորգյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին «Եղնիկներում», ԱԹՍ֊ի հարվածից։ Նա ծառայում էր Մատաղիսում։ 2021-ի հունվարին պիտի զորացրվեր։ Նա  Սամվելն ընտանիքի հետ 7 տարի առաջ Արարատի մարզի Գինեվետ գյուղից տեղափոխվել էր Մոսկվա։ 21 տարեկան էր։ Ծառայության անցնելու համար որոշել էր Հայաստան վերադառնալ։ Հասմիկն ասում է, որ ինքն ու ամուսինը դեմ են եղել որդու որոշմանը, բայց Սամվելը չի լսել նրանց։ 2018-ի աշնանը Հասմիկը որդու հետ վերադարձել է Գինեվետ, ավելի ուշ եկել է նաև ամուսինը։ 2019-ի հունվարի 10-ին Սամվելը զորակոչվել է բանակ։

«Սամվելը մեզ վերադարձրեց իր սիրած երկիր՝ Հայաստան, իսկ ինքը հավերժ գնաց, ասում էր՝ մամ, ես պիտի հայրենիքիս ծառայեմ, ես ուզում եմ ծառայել»,-ասում է մայրը։

Սամվելը Մոսկվայում շախմատով էր զբաղվում, որոշել էր շախմատիստ դառնալ։ Մտածում էր ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել  Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ։ Դպրոցում սովորելուն զուգահեռ Մոսկվայում նա մասնավոր խանութում, փռում հաշվապահություն էր անում։ 

Մայրն ասում է՝ որդու ծառայությունը շատ լավ է անցել, Սամվելը երբեք ոչնչից չի բողոքել։ Պատերազմի մասին Հասմիկն իմացել է սոցցանցերից։ Զանգել է որդուն, Սամվելի համարն անհասանելի է եղել, հետո տղան այլ հեռախոսահամարից զանգել ու ասել է, որ ամեն բան կարգին է, իրենց մոտ վիճակը հանգիստ է։ «Ասեց՝ մամ, չլացես, հերոս տղա ունես, տղեդ տանկ ա խփել։ Ես ասեցի՝ ինձ տանկ պետք չի, ինձ դու ես պետք»,-ասում է մայրը։

Պատերազմի 2-րդ օրը Սամվելը զանգել ու մորն ասել է, որ կամավորականների խումբ է եկել ու իրենք արդեն 3-րդ գիծ են տեղափոխվել, մայրը փոքր-ինչ հանգստացել է, հետո կրակոցի ձայներ է լսել, տղան անջատել է հեռախոսը։ Քիչ անց զանգել ու ասել է, որ ամեն բան կարգին է, ուղղակի կրակոցի ձայներն են լսվում, իրենց մոտ անվտանգ է, ինքն իրեն շատ լավ է զգում։

Սամվելը մի քանի օր շրջափակման մեջ է եղել, ծնողները դրա մասին հետո են իմացել։ Շրջափակումից դուրս գալուց հետո զանգել ու մորը պատմել է, որ շրջափակման մեջ եղած 5 օրերի ընթացքում ընկերներին առաջարկել է սովը հաղթահարելու տատիկի մեթոդը՝ հում կարտոֆիլ ուտել։

Պատերազմի 5-րդ օրը Սամվելի վաշտը տեղափոխել են Դրմբոն, մեկ օր անց՝ Մարտակերտ, հոկտեմբերի 6-ին Մարտակերտից տեղափոխել են Եղնիկներ։ Այստեղ էլ հոկտեմբերի 7-ին  զոհվել է Սամվելը։

Վերջին անգամ նա զանգահարել է հոկտեմբերի 6-ին, ասել, որ լավ է, ամեն ինչ կարգին է։ Մայրն ասում է, որ Սամվելի հետ այդ խոսակցությունն առանձնահատուկ է հիշում։ «Սամս զանգեց ամսի 6-ին, խոսեցինք, ոնց որ հրաժեշտ տար, երանի ես իմանայի, որ դա վերջին հեռախոսազրույցն է, բոլորի հետ խոսել է էդ օրը, ով գալիս էր մեր տուն, ասում էր ամսի 6-ին մեր հետ էլ ա խոսել, բոլորի հետ խոսել է էդ օրը՝ հարազատների, ընկերների, ինձ կարծես հրաժեշտ տար, ասեց՝ մամ ջան պուպուշ մնա, քեզ շատ եմ սիրում, դե ես չէի մտածում, որ դա վերջինն ա»,- պատմում է մայրը։

Հոկտեմբերի 7-ին Սամվելն այդպես էլ չի զանգել։ Ծնողները զգացել են, որ ինչ-որ բան այն չէ,  քանի որ Սամվելն ամեն օր պարտադիր զանգում էր, թեկուզ մի քանի վայրկյանով։ 

Հոկտեմեբրի 12-ի երեկոյան նրանք տեղեկացել են իրենց որդու զոհվելու մասին։ Սամվելի հայրը՝ Վարդան Գեւորգյանը, գնացել էր հիվանդանոցներում որդուն փնտրելու, քանի որ արդեն մի քանի օր տղայից լուր չկար։ Երեկոյան Հասմիկը մի քանի անգամ զանգել է ամուսնուն, Վարդանն անջատել է հեռախոսը, Հասմիկը հասկացել է, որ Վարդանն ինչ-որ բան գիտի որդու մասին ու չի կարողանում ասել, հետո Վարդանը պատասխանել  է հեռախոսազանգին ու ասել, որ Սամվելը զոհվել է։ Նրա աճյունը գտել են Մեծամոր քաղաքի դիահերձարանում։ Սամվել Գեւորգյանի աճյունը հանգչում է Գինեվետ գյուղի գերեզմանատանը։ 

Սամվելի քույրը՝ Մարիամը, եղբոր մասին պատմելիս հուզվում է։ Ասում է՝ շատ կապված էին։ Մարիամը Սամվելից 2 տարով է մեծ։Ամուսնացած է, արդեն 3 երեխա ունի։ Նրա խոսքով՝ Սամվելն իր երեխաների հանդեպ յուրահատուկ ուշադիր էր։ Մարիամի երրորդ զավակը ծնվել է այս տարվա փետրվարի 6-ին, նրան եղբոր անունով է կոչել։ «Մենք տանը նոր Սամվել ունենք»,- աչքը երեխայի սենյակի կողմը՝ ասում է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter