HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Բրյուսովի անվան համալսարանում դեմ են բուհերի միավորմանը. պարզաբանում է պրոռեկտոր Սահակ Մանուկյանը

Այսօր առավոտից դժգոհության ալիք է բարձրացել Երեւանի Բրյուսովի անվան պետական համալսարանում: Պատճառը տեղեկությունն է, որ համալսարանը միավորվելու է երկու այլ բուհի հետ՝ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի եւ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի: Այս լուրը, ըստ բուհի ղեկավարության, հայտնի է դարձել երեկ՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, որի օրակարգում 2023-ի հունվարին ռեկտորի ընտրության հարցն էր:

Գործող ռեկտոր Կարինե Հարությունյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է գալիք տարվա հունվարին: Հոգաբարձուների խորհրդի նիստին կառավարության ներկայացուցիչները խորհրդին հորդորել են այդ հարցը հանել օրակարգից, քանի որ բուհը միավորվելու է, ինչից համալսարանում եզրակացրել են, թե իրենց կրթական հաստատությունը փակվելու է: Ռեկտոր Կարինե Հարությունյանն առավոտյան համալսարանի բակում ուսանողությանը հայտնեց, որ, իր ստույգ տեղեկություններով, նշված երեք բուհերի միավորման նախագիծը դրվել է շրջանառության մեջ: Աշխատակազմի անունից համալսարանը դիմելու է ԿԳՄՍՆ եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանին՝ առաջարկելով իրենց հետ քննարկել այդ նախագիծը: Ապա ռեկտորը հավելեց, որ դեմ են որեւէ սցենարով 4500 ուսանող ունեցող իրենց համալսարանի միավորմանը:

Հիշեցնենք, որ բուհերի միավորման նախագծով կառավարությունը մտադիր է խոշորացնել գործող 16 պետական բուհերը եւ ձեւավորել 8 բուհ։ 

«Հետքն» այս հարցերի պարզաբանման նպատակով հարցազրույց է արել Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Սահակ Մանուկյանի հետ: «Հետքի» տեղեկություններով՝ այս պահին Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում բուհում։ Պրն Մանուկյանին հարցրինք՝ արդյոք այդ ստուգումները եւ դժգոհությունները փոխկապված են, հնարավո՞ր է՝ կառավարությունը չի ցանկանում, որ գործող ռեկտորը շարունակի պաշտոնավարումը։ Նա հերքեց նման վարկածը եւ ասաց, որ իրենք չեն կարծում, թե բուհերի խոշորացման գործընթացն անձնավորված է։ Նման ստուգումներ իրականացվել են նաեւ այլ բուհերում։  

ԿԳՄՍ տեսակետը լսելու համար դիմեցինք նախարարության խոսնակ Գեղամ Մելիքբեկյանին, որը հայտնեց՝ ավելի ուշ նախարարությունը հայտարարություն կտարածի այս կապակցությամբ: 

Հեղինակներ՝ Լիանա Սայադյան, Լիլիթ Ալեքսանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter