HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է արել կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ

Փարիզի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձեւ ընդունեց եւ կոչ արեց Ֆրանսիայի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ, որոնք պատասխանատու են Արցախում եւ Հայաստանում պատերազմի համար։

Քաղաքային խորհդրի նիստին ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Ֆրանկ Փափազյանը (որի մուտքը Հայաստան արգելվեց այս տարի-հեղ.), ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանի որդին՝ իրավաբան Ֆրանսուա Դեւեջյանը։

Բանաձեւը ներկայացրեց Եվրոպայի, միջազգային հարցերի եւ ֆրանկոֆոնիայի գծով քաղաքապետի տեղակալ Առնո Նգաչան։

Նա խորհրդի անդամներին տեղեկացրեց Հայստանի նկատմամբ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի մասին, որի հետեւանքով հարյուրավոր զինվորներ զոհվեցին, նաեւ քաղաքացիական զոհեր եղան՝ իրենց հողում աշխատող գյուղացիներ։ Նգաչան հիշատակեց սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերը, որոնք վկայում են Ադրբեջանի ռազմական հանցագործություններին մասին, ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների դաժան վերաբերմունքը։

Քաղաքապետի տեղակալը նկատեց, որ Ադրբեջանն օգտվում է Եվրոպայում ստեղծված էներգետիկ ճգնաժամից, օգտագործում է այդ հանգամանքը եւ երբեմն՝ Եվրոպայի լռությունը, պայմանավորված ճգնաժամային վիճակով։

Նա կրկնեց ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնի խոսքը. «Ես Հայաստանի հետ եմ, ոչ թե ադրբեջանական գազի,- ապա հավելեց,- ես Հայաստանի եւ Արցախի կողքին եմ։ Սա քաղաքական համախմբվածության եւ բարոյականության հարց է»։

Առնո Նգաչան հավաստիացրեց ներկաներին, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանից տարածքներ պոկելն է, որպեսզի ձգվի Կասպից ծովից մինչեւ Նախիջեւան, իսկ վերջնանպատակը՝ Հայաստանը քարտեզից ջնջելը եւ Արցախից հայկական բոլոր հետքերը վերացնելը՝ նրա բնակչության տեղահանմամբ։

«Բնաջնջման այս քաղաքականությունն ընթացքի մեջ է, եւ Բաքուն կանգ չի առնելու։ Չպիտի թույլ տանք, որ այս նվաճողական պատերազմը շարունակվի, պիտի բարձրացնենք մեր ձայնը՝ հանուն ցեղասպանությունից փրկվածների, որոնք ընտրել են Ֆրանսիան եւ Փարիզը, հանուն ճշմարտության եւ արդարության, որպեսզի հայ ժողովուրդը չբնաջնջվի։ Բաքուն եւ իր դաշնակիցները կրնկի վրա են խաղում, մեր անտարբերության եւ երբեմն նաեւ մեր ինքնագոհության»,- ասաց բանախոսը։

Բաքվի անպատժելիությանը վերջ դնելու եւ Հայաստանի վրա կախված գոյաբանական սպառնալիքը կանխելու համար նա կոչ արեց ներկաներին վարվել նույն կերպ, ինչպես 2020-ին միաձայն ճանաչեցին Արցախի անկախությունը։

Նույն ոգով մի շարք այլ ելույթներ եղան, որոնց հիմնական ուղերձը եւ պահանջը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից եւ կառավարությունից հետեւյալն էր՝ խոսքով դատապարտելուց պետք է գործի անցնել եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ, ինչպես Ռուսաստանի նկատմամբ սահմանվեցին ուկրաինական պատերազմի համար։

Բանաձեւն ընդունվեց միաձայն։ Նշենք, որ նմանատիպ մի բանաձեւ շրջանառության մեջ է դրվել նաեւ Սենատում եւ քննարկվելու է նոյեմբերի 15-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter