HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանքակուտակի ոսկի-բազմամետաղների հանքերևակումն ուսումնասիրելու հայտ է ներկայացվել

Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների տարածքում 2022-2025թթ․ ընթացքում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտը ներկայացվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։

Հիշեցնենք, որ «Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ-ն նախնական հանրային լսման ժամանակ առավել մեծ տարածք էր նպատակադրվել ուսումնասիրել, բայց քանի որ դրա մի մասը համընկել էր «Մայֆորեսթ․ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության անտառվերականգնման ծրագրի հետ, հայտի հեղինակները հրաժարվել են որոշ տարածքներից։

Համաձայն ՇՄՆ ներկայացված նախագծի, «Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ-ն մտադիր է որոնողագնահատողական աշխատանքներ իրականացնել 3392 հա մակերեսով տարածքի վրա։ Այդ տարածքներն ամբողջությամբ ներառված են Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասար և Պուշկինո բնակավայրերի վարչական սահմաններում։

Երկրաբանահետախուզական աշխատանքները կիրականացվեն «Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ-ի ուժերով և նրա հետ փոխկապակցված կանադական «Ֆրեմոնտ գոլդ էլթիդի» ՍՊԸ-ի ընկերության ֆինանսական միջոցներով։

Ավստրալիայի քաղաքացի Դեննիս Ջեյ Մուրն այլևս «Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ-ի բաժնետերը չէ։ Նրա փոխարեն որպես մասնակից այս տարվա հունիսին գրանցվել է նրա ներկայացրած ընկերությունը՝ «Ֆրեմոնտ գոլդ»-ը։ ՇՄԱԳ հայտի ներածության մեջ այս ընկերությանը ծավալուն անդրադարձ կա, ըստ որի՝ այն Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակագրված ընկերություն է, որը զբաղվում է օգտակար հանածոների հետազոտություններով, մասնագիտացած է խոշոր տնտեսական նշանակություն ունեցող ոսկու և պղնձի հանքավայրերի հայտնաբերման ուղղությամբ։ 2022թ․ հուլիսի դրությամբ նրա շուկայական կապիտալիզացիան կազմել է 2,9 մլն կանադական դոլար։

«Ֆրեմոնտ գոլդ»-ը ներկայում ունի 4 ակտիվ, որոնք գտնվում են ԱՄՆ Նևադա նահանգում՝ «Քոբ Քրիկ»-ը, «Նորթ Քարլին»-ը, «Գրիֆոն»-ը և «Հարիքեյն»-ը։

«Ֆրեմոնտ գոլդ»-ը հիմնադրվել է 2017թ․ երկրաբաններ Դեննիս Մուրի, դոկտոր Ալան Քրթերի և Քլեյ Նուտոնի կողմից։ Ընկերությունը ղեկավարում է Դ․ Մուրը, ով նաև «Ֆրեմոնտ գոլդ»-ի ներկայիս նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենն է։  

Հանքակուտակի հանքային դաշտը բնակեցված չէ, ուստի ճանապարհները բանուկ չեն, իսկ լեռնային ճանապարհները բացակայում են կամ էլ չեն համապատասխանում ժամանակակից տեխնիկայի և սարքավորումների տեղափոխման պահանջներին։ Հետևաբար, ծրագրով նախատեսվում է վերաբացել և նորոգել 8 կմ ճանապարհ, բացել 3 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհ՝ դեպի հորատման հարթակները։ Նախագծով նախատեսված է հորատել առավելագույնը 20 հոտատանք։

Նախագծվող երկրաբանական ուսումնասիրությունների տարածքը զբաղեցնում է Ձորագետի աջափնյա վտակ՝ Սև գետի վերին հոսանքի ավազանը։

Ջրաերկրաբան, երկրաբանական գիտությունների թեկնածու Ա․Հ․Աղինյանը եզրակացություն է տվել, որ նախատեսվող հիմանականում մակրերևութային բնույթի աշխատանքները՝ որոնողական երթուղիները, հանույթային և երկրաֆիզիկական աշխատանքները, մինչև 2 մ խորության փորվածքներ և սահմանափակ քանակի մինչև 200մ խորության հորատանցքները, չեն կարող անդրադառնալ ստորերկրյա ջրերի ձևավորման, շարժման և բեռնաթափման պայմանների, ինչպես նաև դրանց որակական և քանակական ցուցանիշների վրա։ «Այս պահին ոչ մի առարկություն չկա ուսումնասիրվող տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար»,- գրել է ջրաերկրաբանն իր եզրակացության մեջ։

ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ, Կենսաբանության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ․ Ֆայվուշն իր եզրակացությամբ հայտնել է, որ գոյություն ունեցող տվյալների հիման վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ուսումնասիրվող տարածքում բացակայում են հազվագյուտ, ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակներ, ինչպես նաև հազվագյուտ էկոհամակարգեր։ Սակայն հաշվի առնելով, որ հատուկ դաշտային ուսումնասիրություններ չեն իրականացվել, անհրաժեշտ է գարնան վերջ-ամռան սկիզբ ընկած ժամանակահատվածում իրականացնել այդ տարածքի կարճաժամկետ հետազոտություններ՝ պարզելու համար Կարմիր գրքում գրանցված տեսակների, ինչպես նաև հազվագյուգտ էկոհամակարգերի առկայությունը կամ բացակայությունը։ Վերջիններիս հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է պլանավորել և իրականացնել նրանց պահպանմանն ուղղված հատուկ միջոցառումներ։

Եզրակացություն է տվել նաև Թռչունների պաշտպանության հայկական միության տնօրեն, Կենսաբանության գիտությունների թեկնածու Մ․ Ղասաբյանը։ Վերջինս նշել է, որ ներկայացված հաշվետվությունը՝ հիմնվելով գրականության և արխիվային նյութերի վրա, ցույց է տվել, որ նախատեսված տարածքում կան ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ տեսակներ։ Սակայն, քանի որ հատուկ դաշտային ուսումնասիրություններ չեն իրականացվել, բացարձակապես անհրաժեշտ է ներկայացնել իրական իրավիճակը, իրականացնել պլանավորված տարածքի հետազոտություն՝ տեսակների առկայությունը/բացակայությունը պարզելու համար։

«Հետազոտությունը պետք է իրականացվի տարվա բոլոր եղանակներին, հիմնականում թռչունների համար՝ որոշելու նրանց գտնվելու կարգավիճակը և կենսամիջավայրերի յուրացման աստիճանը տարբեր եղանակներին։ Պահանջվում է նաև պարզել սողունների պոպուլյացիաների ներկա վիճակը՝ դրանց պահպանման համար անհրաժեշտ է հատուկ միջոցառումներ իրականացնելու համար»,- նշել է փորձագետը։

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատողներ Արթուր Պետրոսյանը, Բորիս Գասպարյանը, ինչպես նաև Երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող Դմիտրի Առաքելյանն իրենց եզրակացությամբ հաստատել են, որ Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների տեղամասի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացումը հնագիտական և պատմամշակութային առումով որևէ խոչընդոտ չունի, քանի որ կատարվելու է ոչ մեծ մակերեսով հետախուզահորերի և ոչ թե տարածքում հողային լայնածավալ աշխատանքների եղանակով։ Սակայն տարածքում ցանկացած հողային աշխատանք պետք է համաձայնեցվի հնագետի հետ և իրականացվի հնագետի վերահսկողությամբ։

«Խնդիրը կփոխվի, երբ կորոշվի կատարել հանքավայրի շահագործում, ինչի ժամանակ անհրաժեշտ կլինի իրականացնել տեղանքի հնագիտական ուսումնասիրություն և կատարել անմիջական կամ ոչ անմիջական ազդեցության ենթարկվող պատմամշակութային միավորների վրա ազդեցության գնահատական, եթե այդպիսիք կփաստագրվեն հավելյալ ուսումնասիրությունների արդյունքում»,- արձանագրել են փորձագետները։

Հայցվող տարածքում տարբեր նպատակային և գործառնական նշանակության հողեր կան։ Համաձայն նախագծում ներկայացված քարտեզի՝ գերակշիռ մասը գյուղատնտեսական նշանակության հողեր են՝ արոտավայրեր, այլ գյուղնշանակության հողեր և դաշտային ճանապարհներ՝ 3378 հա։ 11 հա անտառային հողեր կան՝ թփուտներ։ 0,5 հա-ի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերն են, 0,16 հա էլ հատուկ պահպանվող տարածքների հողեր են։

Հիշեցնենք, որ Ավստրալիայի քաղաքացի Դ․ Մուրի հիմնադրած մեկ այլ՝ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն մտադիր է Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում ուսումնասիրություններ կատարել: Այդ նպատակով Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններից 94 քառ. կմ տարածք է հայցում, որը համընկնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)  վարձակալած տարածքի հետ: Հիմնադրամը Վարդահովիտ գյուղի վարչական տարածքից 2016-2017թթ. ավելի քան 5000 հա հողատարածք է վարձակալել և իրականացնում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի միգրացիոն միջանցքի ստեղծման նախագիծը:

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14:30-ին Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա ընկերության հայտի վերաբերյալ հանրային քննարկումը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter