
Վարդահովիտում հանքի ուսումնասիրությունների վերաբերյալ հանրային լսումները չեն կայացել
Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում այսօր հանրային լսումներ էին նախատեսված` Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ: Վարդահովիտի վարչական ղեկավար Սամվել Գևորգյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ լսումները չեն կայացել. «Ժողովրդի մի մասը համաձայն էին, մի մասը` համաձայն չէին: Բնապահպանության ներկայացուցիչը ներկայացրեց ծրագիրը, հարցեր տվեցին, ժողովրդին չբավարարեց պատասխանները, խառնվեցին դուրս եկան»:
Ըստ վարչական ղեկավարի` լսումները լարված են ընթացել, նույնիսկ ոստիկանությունն է ժամանել, մասնակիցները դուրս են եկել լսումներից, և համայնքի ղեկավարը հայտարարել է, որ լսումները համարում են չկայացած:
Արդյոք նոր լսումներ են լինելու, թե տարածքը լքելն արդեն նշանակում է, որ բնակիչները բոյկոտել կամ տապալել են այն` վարչական ղեկավարն ասաց` դեռ պարզ չէ:
Հիշեցնենք` «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն մտադիր է Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում ուսումնասիրություններ կատարել: Այդ նպատակով Վայոց ձորի մարզի Եղեգիս խհամայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններից 94 քկմ տարածք է հայցում, որը համընկնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) վարձակալած տարածքի հետ: Հիմնադրամը Վարդահովիտ գյուղի վարչական տարածքից 2016-2017թթ. ավելի քան 5000 հա հողատարածք է վարձակալել և իրականացնում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի միգրացիոն միջանցքի ստեղծման նախագիծը:
«Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն գրանցվել է 2021թ. հունվարին: Ընկերության բաժնեմասում 15% մասնակցություն ունի Լիլիթ Արամյանը, 85%` Ավստրալիայի քաղաքացի Դեննիս Ջեյ Մուրը: Լիլիթ Արամի Արամյանը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի նախկին գլխավոր մաքսային տեսուչ Ռոբերտ Արամյանի քույրն է:
Դեննիս Ջեյ Մուրն էլ, հիշեցնենք, Հանքակուտակի բազմամետաղային հանքերևակման տարածքի համար էր դիմել` «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի միջոցով:
Վարդահովիտի տարածքում գորշ արջի լուսանկարը` FPWC-ի
Մեկնաբանել