HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենիսի հանքերևակման տարածքը համընկնում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի միգրացիոն միջանցքի նախագծի հետ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղի վարչական տարածքից 2016-2017թթ. ավելի քան 5000 հա հողատարածք է վարձակալել 25 տարի ժամկետով: Հիմնադրամն այդտեղ իրականացնում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի միգրացիոն միջանցքի ստեղծման նախագիծը: Այդ տարածքները համընկնում են Վարդենիսի հանքերևակման տեղամասի հետ, որտեղ ուսումնասիրություններ կատարելու համար դիմել է «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանական ծրագրերի համակարգող Ծովինար Հովհաննիսյանն այս թեմայով պատասխանել է «Հետքի» հարցերին:

Գիտե՞ք, թե որքան տարածքի համընկնում կա հանքերևակման համար հայցվող և ձեր հիմնադրամի կողմից վարձակալած տարածքների հետ:

Չեմ կարող հստակ ասել, թե որքան է համընկնում, թեև մենք այնտեղ շահերի բախում ունենք: Մենք իրականացնում ենք կենդանիների տեսակների, ինչպես նաև միգրացիոն ուղիների պահպանում: Եթե ոչ անմիջապես մեր տարածքներում է այդ ամենը տեղի ունենալու, ապա նույնիսկ հարևանությամբ ցանկացած տեսակի հանքի շահագործումը ազդելու է այն գործառույթի վրա, որը մենք իրականացնում ենք Վարդահովիտի այդ տարածքներում:

Կոնկրետ ի՞նչ գործառույթներ և ի՞նչ ծրագիր եք իրականացնում Վարդահովիտում:

2010 թվականից ի վեր, ինչպես Վայոց ձորի բազմաթիվ համայքններում, այդտեղ էլ ձևավորել ենք Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը, և իրականացնում ենք կենդանիների և բուսատեսակների կենսամիջավայրի, հատկապես միգրացիոն ուղիների պահպանություն: Աշխատում ենք վտանգված մեծ կաթնասունների հետ` կովկասյան հովազ, գորշ արջ, մուֆլոն, բեզոարյան այծ և այլն: Այդ տարածքները շատ կարևոր են այս կենդանիների տեղաշարժի և միգրացիայի համար: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ծրագրի շրջանակներում մենք ապահովում ենք նաև այլընտրանքային եկամտի աղբյուր տեղի համայնքի ներկայացուցիչների համար, կազմակերպում ենք նրանց և երեխաների համար կրթական, էկոլոգիական դասընթացներ, և տարբեր կերպ փորձում ենք նպաստել նաև համայնքների զարգացմանը:

Ե՞րբ եք Վարդահովիտում այդ ծրագիրը սկսել:

2016 թվականից մեկնարկել է, և մեզ հետ զուգընթաց հայտ էր ներկայացվել համայնքապատկան տարածքներում հանքի շահագործման համար, բայց համայնքն այդ ժամանակ որոշեց, որ նպատակահարմար է որոշ տարածքներ տրամադրել բնապահպանական նպատակնեով շահագործելու համար:

Հանքի շահագործման վերաբերյալ հայտերը վաղուցվանից են ներկայացվում: Այդ ժամանակ մեր կազմակերպությունը ներկայացրել էր տեսլական, թե դա ինչով կարող է նպաստել ոչ միայն համայնքին, այլև ամբողջ հանրապետությանը, հատկապես համայնքին, որտեղ մենք, օրինակ, 1,5 կմ երկարությամբ լեդ լուսավորություն ենք անցկացրել և նման գործունեություն իրականացրել: Համայնքի ավագանին որոշել է, որ այդ տարածքները տրամադրում է մեզ` բնապահպանական նպատակով:

Այս պահին կոնկրետ ի՞նչ եք անում այդ տարածքներում:

Տվյալ տարածքում իրականացնում ենք մոնիտորինգ, տարածքները պահպանում ենք մարդկանց մուտքից, որսագողերից, որոնք կարող են վտանգել կենդանատեսակները: Դա տեղի է ունենում շաբաթը 7-օրյա, օրը 24-ժամյա ռեժիմով: Իրականացնում ենք կենդանիների մոնիտորինգ, որտեղ ոչ միայն թակարդ-տեսախցիկներ ենք օգտագործում, այլ նաև բարձր սենսորային հնարավորություններով տեսախցիկներ, նաև դրոններ և այլ տեսակի ինովացիոն տեխնոլոգիաներ, որոնք մեզ թույլ կտան հնարավորինս արդյունավետ իրականացնել այդ պահպանությունը և մոնիտորինգը:

Եթե որսագողության կասկած է լինում, մեր անտառապահներն այդ մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչներին:

Ձեր իրականացրած մոնիտորինգից ելնելով` ինչպե՞ս կբնութագրեք այդ տարածքները, որքանո՞վ են հարուստ կենսաբազմազանությամբ, կենդանատեսակներով, և որքանո՞վ է կարևոր տվյալ տարածքը բնապահպանական տեսակետից:

Այդ տարածքը կարևոր է այն առումով, որ բարձր լեռնային մարգահովիտներ են, այնտեղ նաև կան ենթաալպյան և բարձրադիր ալպիական մարգագետիներ, որոնք կարևոր են կենսաբազմազանության համար, հատկապես այս պահին, երբ կլիմայի փոփոխություն է տեղի ունենում:

Դրանք հարուստ կենսամիջավայրեր են կենսաբազմազանության համար` շատ կարևոր: Մենք այնտեղ ունենք գորշ արջ, եվրասիական ջրասամույր, որոնք երկուսն էլ գրանցված են Կարմիր գրքում: Ունենք նաև Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակներ, մասնավորապես` կասպիական հնդկահավը: Այդ տարածքները նաև կարևոր միգրացիոն ուղիներ են, որոնք օգտագործվում են մեծ կաթնասունների կողմից, և իրենք հատուկ պահպանության և պաշտպանության կարևորություն ունեն:

Ավելի կոնկրետ` ինչպե՞ս եք իրականացնում այդ ուղիների պահպանությունը:

Մարդկանց մուտքը սահմանափակել ենք: Տարածքը պահպանվում է որսագողերից` բոլոր ուղիներով փորձում ենք բացառել որսագողերի մուտքը: Նաև կառավարում ենք սեզոնային մարդկանց մուտքը, քանի որ համայնքի ներկայացուցիչները սեզոնին գնում են հավաքի, առանձնացված են այն տարածքները` ըստ բնադրման և կենդանիների ակտիվության, որտեղ մուտքն արգելված է: Միայն այն փաստը, որ որոշակի բաներ արդեն բացառված են, անհանգստացման գործոնները նվազեցնում ենք, դա արդեն համարվում է պահպանություն:

Ունե՞ք անձնակազմ, պահակներ:

Ունենք անտառապահներ, որոնց ռենջերներ ենք անվանում:

Ձեր գործունեությանը զուգահեռ այդ տարածքներում հանքարդյունաբերությունը բացառո՞ւմ եք: Ձեր գործունեությունն ու հանքարդյունաբերությունը անհամատեղելի եք համարո՞ւմ:  

Միանշանակ, մեր գործունեությունը հակված է ավելի երկարատև և ավելի կայուն տարբերակով զարգացնել համայնքները, որը ցավալիորեն չի արտացոլում այն նպատակները, որն ունի հանքարդյունաբերությունը: Դա երբեք կայուն չէ, հիմնականում վնասում է կենսամիջավայրերը, այն կարևորագույն բնակատեղիներն ու կենդանատեսակների ապրելատեղերը, որոնք կան տվյալ տարածքում, և ուղղակիորեն նպաստում է, որ կենդանիները վտանգվեն և ոչնչանան, կամ տեղափոխվեն և տեղաշարժ ունենան դեպի այլ վայրեր: Ավելին, հաշվի առնելով, որ Վարդանովիտը սահմանային գոտի է, այնտեղ արդեն իսկ մեծ է զինվորական տեղաշարժերի ճնշումը կենսաբազմազանության, կենդանիների վրա: Այդ տեղաշարժերն արդեն իսկ վտանգում են այդ միջավայրը: Եվ այդ տարածքում ունենալ ևս մեկ վտանգ, որը կմեծացնի նրանց խոցելիությունը, ցանկալի չէ:

Ի՞նչ լուծում եք տեսնում ստեղծված իրավիճակում:

Կարևոր է, որ համայնքը և ավագանին շարունակեն իրենց բռնած ճանապարհը և աջակցեն ավելի կայուն զարգացման օրինակին և տարբերակին, որը որ առաջարկում է մեր հիմնադրամը: Ցանկալի կլիներ հավատալ, որ նման ապագան ավելի լավ է Հայաստանի համար, քան միայն հանքարդյունաբերությանը զարկ տալը: Դա խելամիտ չէ այս պահին` օգտագործել բոլոր ռեսուրսները, որոնք կան ընդերքում: Դա փակուղի է, կարճաժամկետ և լի տարբեր տեսակի վտանգներով` սկսած առողջականից, մինչև տնտեսական:

Պատրաստվո՞ւմ եք մասնակցել հանրային լսումներին:

Կարծում եմ` այո: Մեր համար այդ հարցը շատ ակտուալ է, և մեր ներգրավվածությունն այնտեղ մեծ պետք է լինի: Հուսով ենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը ճիշտ կգնահատի տվյալ տարածքի հնարավորությունները և թույլ չի տա հանքի շահագործումը:

Վարդահովիտի տարածքում գորշ արջի լուսանկարը` FPWC-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter