HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավստրալիայի քաղաքացին և ՊԵԿ նախկին պաշտոնյայի քույրը Վարդենիսի հանքերևակման տեղամասում ուզում են մետաղներ որոնել

«Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն մտադիր է Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում ուսումնասիրություններ կատարել: Այդ նպատակով Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում ընդգրկված 94 քկմ տարածքում 2022-2025թթ. որոնողագնահատողական աշխատանքներ են իրականացվելու:

«Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն գրանցվել է 2021թ. հունվարին: Ընկերության բաժնեմասում 15% մասնակցություն ունի Լիլիթ Արամյանը, 85%` Ավստրալիայի քաղաքացի Դեննիս Ջեյ Մուրը: Լիլիթ Արամի Արամյանը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի նախկին գլխավոր մաքսային տեսուչ Ռոբերտ Արամյանի քույրն է: ՊԵԿ լրատվականից հանտնեցին, որ Ռոբերտ Արամյանն անցյալ տարվա օգոստոսին ազատվել է պաշտոնից: 

Դեննիս Ջեյ Մուրն էլ, հիշեցնենք, Հանքակուտակի բազմամետաղային հանքերևակման տարածքի համար էր դիմել` «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի միջոցով, որտեղ Դեննիս Ջեյ Մուրը 100 բաժնեմասի սեփականատեր էր:

Դեննիս Ջեյ Մուրի էլեկտրոնային հասցեին հարցեր ուղղեցինք, թե արդյոք հրաժարվել է Լոռու մարզի Հանքակուտակի ուսումնասիրության գաղափարից, և ինչպես է հետաքրքրություն առաջացել հայաստանյան հանքարդյունաբերության նկատմամբ: Սակայն նա չի արձագանքել մեր նամակին` չնայած նույն հասցեին գրված մեր նախորդ էլեկտրոնային նամակին՝ Հանքակուտակի տարածքի վերաբերյալ, պատասխանել էր:

Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման առաջնային օգտակար հանածոն ոսկին է, ապա՝ արծաթը, պղինձը, ցինկը, կապարը և մոլիբդենը:

Հանքերևակումը Վայոց ձորի մարզում է` Գետիկվանք գյուղից 7 կմ դեպի հյուսիս-արևելք, Վարադահովտից` 8,5 կմ հյուսիս-արևելք: Վարդենիս լեռնագագաթից այն 1-1,2 կմ դեպի հարավ է, Քաչալսար լեռնագագաթից` շուրջ 2,5 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Հիշեցնենք` Վարդենիսի բազմամետաղները 2012-2019թթ. ուսումնասիրել է «Գեոմայնինգ» ՍՊԸ-ն, ընդ որում` 3 անգամ նույն տարածքի համար հայտ է ներկայացրել, որի ավարտին երեք հեռանկարային տեղամասեր են առանձնացվել` «Արծիվ», «Արջուկ» և «Հազրի»: Առաջինում ոսկու ամենաբարձր պարունակությունը տոննայում 48,74 գրամ է եղել, արծաթինը` 380 գրամ:

«Արջուկ» տեղամասի հիմնական երակում ոսկու ամենաբարձր պարունակությունը տոննայում 29 գրամ է եղել, արծաթինը` մինչև 216 գրամ:

«Հազրի» հեռանկարային տեղամասում լիթոերկրաքիմիական նմուշարկման տվյալների վերլուծություններով ակնկալվում է պիրիտ-սֆալերիտ-տենանտիտ-տետարէդրիտային հանքայնացմամբ համակարգով բազմամետաղային միջին ջերմաստիճանային էպիթերմալ հանքայնացում:

Դեննիս Ջեյ Մուրից նաև հետաքրքրվել էինք՝ տեղյա՞կ է, արդյոք, որ տարածքն արդեն ուսումնասիրվել է մեկ այլ ընկերության կողմից, և որն է կրկին ուսումնասիրելու շարժառիթը: Այս հարցադրմանը նա ևս չի պատասխանել:

Հիմնական ջրային երակը Արփա գետն է` իր բազմաթիվ վտակներով: Հանքերևակման շրջանում հայտնի է Սողանլու գետը իր վտակներով: Նախագծում նշվում է, որ հանքերևակման շրջանը հարուստ է բնական աղբյուրների ելքերով:

Հանքային դաշտի սահմաններում կան Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, թռչուններ և բույսեր, նաև՝ Եղեգիս գետում ապրող ձկնատեսակներ: Նախքան հորատահարթակների և ճանապարհների կառուցումը, հետախուզափորվածքների անցկացումը ընտրված տեղամասերը պետք է հետազոտվեն բուսաբանների և կենդանաբանների կողմից` հայտնաբերելու Կարմիր գրքում գրանցված բույսերն ու կենդանիները, նրանց աճելավայրերը, բներն ու որջերը: Հայտնաբերման դեպքում նախատեսվող աշխատանքների տեղամասերը կտեղափոխվեն:

Բացի դրանից, տարածաշրջանում գրանցված է բնության երկու հուշարձան` «Գետիկվանքի» բրածո ֆլորան, որը Գետիկվանք գյուղից 3 կմ հյուսիս-արևելք է գտնվում, ինչպես նաև՝ «Գետիկվանք» ջրվեժը, որը Եղեգիս գետի աջակողմյան վտակի վրա է, Վարդահովիտ գյուղից 0,5 կմ դեպի արևմուտք:

«Նախատեսվող աշխատանքները կիրականացվեն այնպես, որ բացառվի «Գետիկվանքի» բրածո ֆլորա բնության հուշարձանի վրա ցանկացած ազդեցություն: Մասնավորապես, նախքան որևէ աշխատանք սկսելը «Գետիկվանք» բրածո ֆլորա բնության հուշարձանի շրջակայքով կառանձնացվի պահպանման գոտի` ամենաքիչը 500 մ (պահպանման գոտու սահմանները կքննարկվեն ՇՄՆ համապատասխան մասնագետների հետ, ինչի արդյունքում հնարավոր է սահմանները մեծանան), կբացառվի պահպանման գոտուց ներս ցանկացած աշխատանք, պահպանման գոտու սահմանները կնշագրվեն, ինչպես նաև կտեղադրվեն նախազգուշացնող վահանակներ»,-խոստանում են նախագծողները:

Ընկերությունը ՇՄԱԳ նախագծում նշել է, որ մտադիր է մասնակցել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացին: Սակայն այդ մասնակցության ձևաչափի վերաբերյալ ոչ մի հստակ տեղեկություն չկա ծրագրում: Մասնավորապես, նախագծում նշել են, որ ընկերությունը նախատեսում է մասնակցել ազդակիր համայնքների զարգացման ծրագրերին տարբեր ուղղություններով: Թե որոնք են այդ ուղղությունները, չի նշվում:

«Ընկերության ղեկավարությունը մշտական կապ կպահպանի համայնքապետարանների հետ, կծանոթանա քննարկվող և նախատեսվող ծրագրերին: Ընդհանուր հետաքրքրություն ներկայացվող ծրագրերի դեպքում ընկերությունը կմասնակցի դրանց իրականացմանը: Կազմակերպությունը մարդկային և տեխնիկական ռեսուրսները կներդնի տարածքների բարեկարգման և խնամքի միջոցառումներին: Ընկերության կազմում կաշխատեն համայնքների բնակիչներ, որոնց եկամուտը կառաջանա ընկերության գործունեության հաշվին և կնպաստի աշխատողների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը»,- այսպես են բնութագրել ծրագրում նախատեսվելիք մասնակցությունը:

Այսօր Վարդահովիտում պետք է կայանային հանրային երկրորդ լսումներն այս նախագծի վերաբերյալ, սակայն Վարդահովիտի վարչական ղեավար Սամվել Գևորգյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ լսումները չեն կայացել, քանի որ հայտարարությունը երեկ են իրենց ուղարկել, իրենք էլ երեկ են փակցրել: Համարել են, որ բնակչությունը պատշաճ չի իրազեկվել, և լսումները տեղափոխել են:

Սամվել Գևորգյանից հետաքրքրվեցինք, թե իրենց վարչական տարածքից ինչ հողատարածքներ են հայցում մետաղներ որոնողները: Պարզվեց՝ 94 քկմ տարածքը ներառում է արոտավայրեր, խոտհարքներ, գյուղացիների սեփականություն հանդիսացող 30-40 հա տարածք: Բացի դրանից, այստեղ շուրջ 700 hա արոտավայրեր և 100 հա խոտհարքներ են վարձակալել գյուղացիները: Ամռանն այդ տարածքներում գյուղացիները անասուն են պահում:

Այստեղ երկարաժամկետ վարձակալած տարածք ունի նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): 

Հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը մեզ հայտնեց, որ ավելի քան 5000 հեկտար տարածք են վարձակալել  բնապահպանական նպատակով, որը մաս է կազմում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի միգրացիոն միջանցքի ստեղծման նախագծի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter