HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գեոմայնինգ» ՍՊԸ-ն 3-րդ անգամ է հայտ ներկայացնում Վարդենիսի մետաղներն ուսումնասիրելու համար

«Գեոմայնինգ» ՍՊԸ-ն երրորդ անգամ հայտ է ներկայացնում Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տարածքում որոնողագնահատողական աշխատանքներ իրականացնելու համար:

Այս անգամ 19,5 հազար հա տեղամասում (195 ք/կմ) ուսումնասիրվելու է ոսկու, արծաթի, պղնձի, կապարի և մոլիբդենի առկայությունը: Ուսումնասիրությունները մեկնարկելու են 2019թ. 3-րդ եռամսյակում և ավարտվելու են 2022թ. 2-րդ եռամսյակում:

Վարդենիսի բազմամետաղների հանքերևակումն ուսումնասիրելու համար ընկերությունը մի քանի համայնքներից է տարածքներ վերցնելու՝  Վայոց ձորի մարզի Եղեգիս (14353,8647հա), Մալիշկա (1583,6399հա) համայնքների և Գեղարքունիքի մարզի Ծովինար (1632,6244հա), Արծվանիստ (294,5526հա), Կարճաղբյուր (1618,8756հա) համայնքի վարչական սահմաններում:

«Գեոմայնինգ» ՍՊԸ-ն, հիշեցնենք, որ 2012թ.-ից որոնողական աշխատանքների մեջ է, և 2015թ-ին նույն՝ Վարդենիսի բազմամետաղների տարածքում ուսումնասիրություններ կատարելու հայտ էր ներկայացրել: Այս անգամ  մակերեսի փոփոխություն կա՝ նախկին 18,32 ք/կմ-ի փոխարեն 195 ք/կմ են հայցում:

Ընկերությունը գրանցվել է 2012-ին, և դրա բաժնետերերը երկուսն են՝ Երևանի Արաբկիր թաղամասում հաշվառված Աշոտ Հարությունյանն ու կանադական «Դանդի փրիշս մեթալս Ինք.»-ը ՝ 30 և 70 % բաժնեմասերի բաշխմամբ: Ընկերության կանոնադրական կապիտալը 16,7 մլն դրամ է:

Հայցվող տարածքում, համաձայն նախագծի, Արփայի վտակ Եղեգիս գետն է ընկնում իր Սոխուտ վտակով: Շրջանում կան նաև ժամանակավոր բնույթ ունեցող գետեր, որոնք սնվում են ձնհալից և անձրևային ջրերից: Հանքերևակման շրջանում հայտնի է Սոխուտ գետն իր բազմաթիվ վտակներով, որն էլ հոսում է տեղամասերի տարածքով: Հանքերևակման շրջանը հարուստ է բնական աղբյուրների ելքերով, այն ապահովված է ինչպես տեխնիկական, այնպես էլ խմելու ջրով (Սոխուտ գետի ու նրա վտակների, ինչպես նաև սառնորակ աղբյուրների հաշվին):

Նախագծում նշվում է, որ հայցվող տարածքի ցածրադիր հատվածներում հնարավոր է հանդիպել ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված 7 բուսատեսակ:

Տեղանքին բնորոշ կաթնասուններից առավել տարածված են սատունինի գորշատամիկը, փոքր խլուրդը, Վոլնուխինի գորշատամը, լեռնային ճագարամուկը, ձյան դաշտամուկը, անտառային մուկը, սովորական դաշտամուկը, սովորական ոզնին, աքիսը, քարակզաքիսը, նապաստակը, սովորական աղվեսը, գորշուկը, գայլը, լուսանը, գորշ արջը, ինչպես նաև մողեսների և օձերի տարբեր տեսակներ, այդ թվում Կարմիր գրքում գրանցված լեռնատափաստանային իժը: Տարածքին բնորոշ են կանաչ դոդոշը, կճագորտը և փոքրասիական գորտը: Վարդենիսի հանքային երևակման համար հայցվող տարածքը կենսամիջավայր է տարածքը միայն սնունդ հայթայթելու համար օգտագործող թռչունների և որոշ բնադրվող թռչունների համար:

Վարդենիսի հանքային երևակման համար հայցվող տարածքն անմիջական սահմաններ բնության հատուկ պահպանվող տարածքների հետ չունի:

Տեղամասից դեպի 1,1 կմ հարավ-արևելք գտնվում է «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրը, դեպի հարավ՝ «Հերհերի նոսրանտառային» պետական արգելավայրը՝ 4.8 կմ, դեպի հարավ-արևելք՝ «Եղեգիս» պետական արգելավայրը՝ 1.4 կմ: Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լանջերը Սևանա լճի ջրհավաք գոտին է և գտնվում է «Սևան ազգային պարկի» պահպանման գոտում: Հատկացված տարածքի եզրից մինչև «Սևան ազգային պարկի» մոտակա հատվածը ավելի քան 10 կմ է:

Սեպտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Ծովինարի համայնքապետարանի շենքում, նույն օրը Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումները:

Եղեգիսի համայնքից հայցվող տարածքն ամեմամեծն է: Համայնքապետ Արթուր Ստեփանյանի հետ զրուցել չհաջողվեց: Նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

Մեկնաբանություններ (2)

Լիլիթ
Ընդհանրապես պետք է կասեցնել նոր ՝ հատկապես մետաղական հանքերի շահագործումը, մինչև ոլորտում կարգուկանոնի հաստատվելը/Ամուլսարը բացառում ենք/, 1.պարզել իրական տերերին,2. որքան ուզում է տևի՝ստիպել շահագործող ընկերություններին՝ վերացնել բոլոր բացասական հետևանքները,3. բերել հարկային դաշտ և պարզել՝ որքան են թալանել մեր ըդերքը և ովքեր են թույլ տվել, 4 խստացնել իրավունքի տրամադրման պայմանները.......հետո կարելի է դեռ մտածել......45 վերամշակել սեփական հումքը
Սերգեյ
Դեմ եմ հսնքերի շահագործմանը, դա թուրքական քաղաքականություն է, թույնով լցնել Հայաստանը և թողնել առանց հայերի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter