HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

100 պտղատու ծառի փոխարեն՝ 110 մլն դոլարի ներդրում Դալմայի այգիներում

Դալմայի այգիներում հողատարածք ունեցող և խոշոր կառուցապատող, «Կոնվերսբանկի» խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանի ձեռնարկած «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի նախագիծը ներկայացվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման։

Նախագծում ազդարարվել է, որ Երևանում նախատեսվում է կառուցել տարածաշրջանում աննախադեպ բիզնես հանգույց` «Դալան» անվանումով բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիական կենտրոն։ 158000 մ2 ընդհանուր մակերեսով կենտրոնը ներառելու է գրասենյակային, առևտրային տարածքներ, սպորտային և գիտակրթական համալիրներ, հանրային և վերականգնողական վայրեր: Կենտրոնում գործելու է նաև հյուրանոց, ավելի քան հազար մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի։

Էկոնոմիկայի նախարարության «Էնթերփրայզ Արմենիա»-ն ազդարարել է, որ ուղեկցելու է այս ներդրումային ծրագիրը, և կենտրոնի հիմնման մեկնարկն ազդարարվել է 2022 թվականի մայիսի 6-ին: «Էնթերփրայզ Արմենիա»-ից «Հետք»-ին հայտնեցին, որ ներդրումներ իրենց կողմից կամ պետբյուջեից չի իրականացվելու, «ուղեկցել» նշանակում է աջակցել տվյալ նախագծին պետական մարմինների հետ հարաբերություններում։ Ներդրումներ իրականացնում են նախագիծը նախաձեռնողները։ «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի ներդրումային արժեքը, ըստ նախագծի, մոտ 110 միլիոն դոլար է։

«Դալան» տեխնոլոգիական կենտրոնը կառուցվելու է Մոնթե Մելքոնյան 22/3 և Ծիծեռնակաբերդի խճուղի 9/2, 9/1 և 33 հասցեներում։

Նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման փուլում, Մալաթիա-Սեբաստիա համայնքի վարչական շենքում հուլիսի 22-ին անցկացվել է առաջին՝ նախնական հանրային քննարկումը, որի ընթացքում քննարկվել են «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի կառուցման, ինչպես նաև վերջինիս շրջակա միջավայրի վրա ազդեցության հետ կապված հարցեր։ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը տվել է նախնական համաձայնություն։

Հանրային երկրորդ քննարկումը նախատեսված է հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, կրկին նույն վայրում՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։

«Դալան» տեխնոլոգիական կենտրոնի կառուցումը նախատեսված է իրականացնել Դալմայի այգիների 2.5 հա հողատարածքի վրա։ Այն ձևավորվում է երկու հողամասից, որոնցից մեկը, համաձայն Կադաստրի կոմիտեի փաստաթղթի, 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրվել է Արմեն Տեր-Տաճատյանին։ Այն շուրջ 0,3 հա է, որի նկատմամբ կառուցապատման իրավունքը Տեր-Տաճատյանը գրանցել է 2019-ին։ Երկրորդի՝ 2,24 հա-ի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականությունը Արմեն Տեր-Տաճատյանն ու Արտակ Արամի Անդրեասյանը գրանցել են 2022թ․ հունիսին։ Այս հողատարածքը ձևավորվել է 3 տարբեր հողակտորի միավորմամբ (Մոնթե Մելքոնյան փող. 22/3, Ծիծեռնակաբերդի խճուղի 9/1, Ծիծեռնակաբերդի խճուղի 9/2)։

Նախատեսվող գործունեության հողատարածքի հյուսիսային հատվածը մասամբ պատված է ծառաթփային բուսականությամբ։ Ծառերը մեծ մասամբ մրգային են՝  ծիրանենիներ, խնձորենիներ, դեղձենիներ, սալորենիներ և ընկուզենիներ։ Հանդիպում են նաև դեկորատիվ ծառեր և խաղող։ Ըստ նախնական հաշվարկների՝ ծառերի ընդհանուր թիվը մոտ 100 է։

«Դալան» տեխնոլոգիական կենտրոնի կառուցման հողատարածքի հյուսիսային մասում առկա ծառաթփային բուսականությունը՝ նշված մոտ 100 ծառերը, պետք է հեռացվեն մինչ շինարարական աշխատանքների մեկնարկը։ Փոխարենը՝ ձեռնարկողը պարտավորվում է կանաչապատել կառուցապատման ենթակա մակերեսի մոտ 40%-ը (10124մ2 )` տնկելով, թե՛ տեխնոլոգիական կենտրոնի, թե՛ հարակից համայնքային տարածքներում։

Տարածքի բարեկարգման/կանաչապատման նախագիծը ներկայում գտնվում է մշակման փուլում և շուտով կներկայացվի Երևանի քաղաքապետարանի համաձայնեցմանը։

Կառուցվող «Դալան» տեխնոլոգիական կենտրոնը ուղղանկյուն հատակագծով 2 բազմահարկ շինություններից բաղկացած համալիր է, որի ընդհանուր մակերեսը մոտ 158000 քմ է։

Այն բաղկացած է լինելու 22 հարկից, որոնցից 6-ը գտնվելու է 0-ական նիշից ցածր, իսկ 16-ը՝ բարձր։ Կենտրոնի բարձրությունը 0-ական նիշից 79.6մ է։

Տեխնոլոգիական առանձնահատկություններից ելնելով` շինարարության տևողությունը մեկնարկման օրվանից հաշվարկված կազմելու է 32.8 ամիս: Հաշվի առնելով շինարարական մրցութային փաստաթղթերի եռամսյա նախապատրաստական փուլը և ավարտական ակտերի փաստագրման 2-ամսյա ժամանակահատվածը` «Դալան» կենտրոնի կառուցման համար նորմատիվ տևողությունը ծրագրվում է 37.8 ամիս:

Կենտրոնը շահագործման կհանձնվի 2026 թվականին և կհանդիսանա BOMA A Class շինարարական ստանդարտին համապատասխանող առաջին կառույցը տարածաշրջանում: Ստանդարտը տրվում է ամենաբարձր դասի և հեղինակավոր շինություններին, որոնք առաջարկում են բարձրակարգ և որակյալ լուծումներ, ժամանակակից համակարգեր, մատչելիության բացառիկ աստիճան և շուկայում առանձնանում են ուրույն ներկայությամբ: Ծրագիրը իրականացվելու է LEED սերտիֆիկատի չափորոշիչների հիման վրա:

Արմեն Տեր-Տաճատյանը խոստացել էր հիմնել «Դալան թեքնոլոջիս» ընկերությունը այս ծրագրի համար, որն ի վերջո, պետական գրանցում է ստացել 2020թ․ սեպտեմբերի 23-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter