HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կոնվերսբանկ»-ի խորհրդի նախագահի չստեղծած ընկերությունը Դալմայի այգիներին և Երևանին «նվեր» է պատրաստում

Մաս 2

Երևանի Դալմայի այգիների տարածքում խոշոր կառուցապատողներից է «Կոնվերսբանկ»-ի խորհրդի նախագահ, «Տեր-Տաճատյան» իրավաբանական ընկերության տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Արմեն Տեր-Տաճատյանը։ Նա Ծիծեռնակաբերդի խճուղու և Մոնթե Մելքոնյան փողոցի մեջտեղում իրեն պատկանող 2.5 հա հողակտորի վրա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների համար նախատեսված համալիր է կառուցելու։

Բերքատու այգիներին կփոխարինի 16 հարկանի շինությունը

Ամուսիններ Մանուշակ Բաղդասարյանն ու Կոստյա Հակոբյանը կրակի վրա օղու թորման աշխատանքներին են հետևում։ 60 ծիրանենիներից ստացած բերքը վաճառել են, հիմա էլ թափուկից օղի են ստանում։ Ափսոսում են՝ թափեն։ Դալմայի այգիների այս հատվածում ամուսինները 4000 քմ այգի ունեն, որը մշակում են 1994 թվականից։ Գիտեն, որ Դալմայի այգիների տարածքը բաժանվում է հատվածաբար, բայց որ իրենց տարածքն էլ է ներառվել Տեր-Տաճատյանի շինարարության մեջ, տեղյակ չէին։

Խնձորները որոշ ժամանակ անց կհասունանան։ Թզենիներն ու խաղողի վազերը ծանրացել են բերքից։ Տիկին Մանուշակը հպարտանում է՝ ոսկեհատ տեսակի խաղողը Դալմայի այգիներում եղած լավագույն տեսակներից է, որն ինքը մինչ օրս պահպանել և շատացրել է։

«Մենք էս հողից, սերմից, կորիզից ծառ ենք աճեցրել։ Առաջին դասարանցի երեխայի հետ ո՞նց եմ խոսել, նրան ընթացք, ուղի ցույց տվել, էս ամեն ծառի, թփի հետ խոսել եմ էդպես։ Ես էս հողը 28 տարի մշակում եմ»,- ասում է տարրական դասարանների նախկին մանկավարժ Մանուշակ Բաղդասարյանը։

Անաստասավանում ապրող 10 հոգանոց նրանց ընտանիքը տարիներ շարունակ հենց այս այգու բերքի շնորհիվ է ապրել, քանի որ հիմնական աշխատող ընտանիքում չունեն։ Ստացված բերքն իրացնում են Շինարարների փողոցում գտվող փոքրիկ շուկայում։

Հողի նկատմամբ նրանց ունեցած 10 տարվա վարձակալության իրավունքն ավարտվել է 2004 թ․-ին, որից հետո Երևանի քաղաքապետարանը ժամկետը չի երկարաձգել։ Հողօգտագործողների թախանձանքներին ի պատասխան, որ շարունակեն պայմանագրային հիմունքներով իրենց ստեղծած այգիների մշակումը, միայն բանավոր թույլտվություն են տվել։

Հողերի, այնուհետև ջրօգտագործման վճարների կտրոնները այգու մշակողները պահպանել են։ Մինչ օրս էլ ոռոգման ջրի համար վճարում են, բայց այս տարի ջուրը հողօգտագործողներին կանոնավոր չի տրամադրվում։ Տիկին Մանուշակն ասում է, որ միտումնավոր են կտրում ջուրը, որ այգիները չորանան, և մարդիկ հիասթափվեն ու ինքնաբերաբար լքեն տարածքները։ 

Ի՞նչ է կառուցելու գոյություն չունեցող ընկերությունը

Արմեն Տեր-Տաճատյանը 3 առանձին կտորից բաղկացած տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ունի։ Հողհատկացման որոշումը կայացրել է Կառավարությունը՝ 2019թ․ մայիսի 30-ին։

Այդ որոշմամբ Կառավարությունը հավանություն է տվել տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին և ուղղակի վաճառքով նրան է օտարել Ծիծեռնակաբերդի խճուղի 33 հասցեին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող՝ 1.4 հա (1.3+0.1) մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը գնահատվել է մոտ 99 մլն դրամ։ Այսինքն՝ 1 քմ-ի արժեքը 7000 դրամի սահմաններում։ 

Բացի դրանից, Կառավարությունը նրան է տրամադրել «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 0.2605 հա հողամասը՝ ուղղակի ձևով կառուցապատման իրավունքով՝ որպես պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն։

«Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածը թվարկում է այն հողերի ցանկը, որոնք քաղաքացիներին և իրավաբանական անձանց չեն կարող փոխանցվել սեփականության իրավունքով։ Այդ ցանկում ընդգրկված 0.2605 հա հողը Արմեն Տեր–Տաճատյանին 99 տարով կառուցապատման իրավունքով փոխանցելուց բացի՝ Կառավարության նույն որոշման մեջ սահմանվել է, որ հողամասը կարող է օտարվել ուղղակի վաճառքի ձևով, 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների մեջ գտնվող հողամասերի ցանկից դուրս գալու դեպքում։

Կառավարության որոշման կատարումն ապահովող՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 2019 թ․-ի հուլիսի 22-ի որոշման մեջ էլ նշված, է որ «0.2605 հա մակերեսը (բարձրավոլտ էլեկտրահաղորդալարերի անվտանգության գոտու սահմաններում է) ընդգրկված է նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է 6-րդ գոտում»։

Քաղաքապետի նույն որոշման մեջ նաև նշված է՝ 0.2605 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրել Արմեն Տեր-Տաճատյանին՝ տարեկան վարձավճար սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով:

Այսինքն՝ Արմեն Տեր-Տաճատյանին կառուցապատման իրավունքով փոխանցված 0.26 հա հողակտորի վրայից, եթե ինչ-որ մի ժամանակ հանվեն բարձրավոլտ էլեկտրահաղորդալարերը, այդ հողը նույնպես կդառնա նրա սեփականությունը։

Արմեն Տեր-Տաճատյանն իր ներդրումային ծրագրով խոստացել և պարտավորվել է Երևան համայնքին նվիրել 300 քմ աշխատանքային (գրասենյակային) տարածք՝ վերանորոգված վիճակում։ Բացի այդ, խոստացել է 130 մլն դոլար ներդնել, շինարարական աշխատանքներն ավարտել հողահատկացումից 48-54 ամսվա ընթացքում (մինչև 4.5 տարի)։ Կառավարության որոշման հիմնավորումներում արձանագրվել է, որ ծրագրի իրականացման համար պետք է հիմնադրվի «Դալան թեքնոլոջիս» ՓԲԸ-ն, որը մեկ տարի անց դեռևս չի ստեղծվել։

Ավելի վաղ՝ 2008թ․-ին 0,82 հա տարածք Արմեն Տեր-Տաճատյանն արդեն ձեռք էր բերել նույն տեղում, իսկ 2013-ին հողամասի սահմաններն է վերաճշտել, նոր հատակագիծ ստացել։ Այդպիսով, Տեր-Տաճատյանի ամբողջ հողատարածքն այժմ կազմում է 2,5 հա։

«Դալան թեքնոլոջիս» ՓԲԸ-ն դեռ չստեղծված՝ հողակտորների սեփականատեր Արմեն Տեր–Տաճատյանը դիմել և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից ստացել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)։ Ըստ այդ փաստաթղթի՝ 4 առանձին մասերից բաղկացած, բայց ընդհանուր 2․5 հա մակերեսով հողակտորի վրա կառուցապատելու համար պետք է մշակել բազմաֆունկցիոնալ շենք։

«Կառույցի վերգետնյա ծավալը հողամասի վերին նիշից նախատեսել մինչև 16 վերգետնյա հարկերով, առավելագույն բարձրությունը համահարթեցման նիշից ընդունել 77.80 մ։ Հողամասի ռելիեֆային առանձնահատկությունից ելնելով՝ հնարավոր է նկուղային և կիսանկուղային հարկեր, որոնք միմյանց նկատմամբ հնարավոր է նախագծել աստիճանաձև հորինվածքով»,– ասված է թույլտվության մեջ, որտեղ նաև նշված է, որ նախագիծը պետք է համալիր փորձաքննության ենթարկվի, այդ թվում՝ պետք է գնահատվի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։

Մինչ Արմեն Տեր-Տաճատյանը քաղաքապետարանին կներկայացնի կառուցվելիք շինության նախագիծը և շինթույլտվություն կստանա՝ «City Studio»-ն իր յութուբյան էջում տեղադրել է կառուցվելիք շենքի եռաչափ մոդելավորմամբ տեսանյութը։

Արմեն Տեր-Տաճատյանի «նվերը» Երևանին

Հողակտորների սեփականատեր Արմեն Տեր-Տաճատյանը խուսափեց տեսագրման միջոցով հարցազրույց տալուց։ Համաձայնեց միայն զրուցել։ Ասաց, որ նոր կորոնավիրուսի համավարակը ներդրումային ծրագրի վրա բացասական ազդեցություն է ունեցել։ Դա է նաև պատճառը, որ դեռ չեն հիմնադրել «Դալան թեքնոլոջիս» ՓԲԸ-ն, որի միջոցով էլ պետք է ներդրումները ներգրավեն։

Թե ինչ ներդրումներ են դրանք, «Կոնվերսբանկ»-ի խորհրդի նախագահը չմանրամասնեց, սակայն ասաց, որ միջազգային դոնոր կազմակերպություններից են փորձում վարկային միջոցներ ներգրավել։ Դրանց վերաբերյալ նա 2018թ․ վերջին Ասիական զարգացման բանկի հետ նամակագրության մեկ օրինակ ցույց տվեց, որտեղ, սակայն, ոչ մի հստակ համաձայնեցում վարկավորման վերաբերյալ արտացոլված չէր։

Հարցին, թե մինչ օրս ինչպես է կազմակերպել նախագծային և Երևան համայնքից հողերը ձեռք բերելու աշխատանքները, Արմեն Տեր-Տաճատյանն ասում է, որ 100 մլն դրամ փոխառություն է վերցրել։ Իսկ կառուցապատման աշխատանքների համար, հույս ունի, որ վարկային միջոցներ կտրամադրեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Ասիական զարգացման բանկը։

Արմեն Տեր-Տաճատյանն ասում է, որ ստեղծվելիք ՓԲԸ-ն հնարավոր է նաև բաժնետոմսեր թողարկի, ինչի միջոցով կկարողանան ներդրումներ ապահովել։ Կառուցապատողն ուրախ կլինի, որ վերջնաարդյունքում ինքը ՓԲԸ-ում 20 % բաժնետոմս ունենա։ 

«Մենք որոշեցինք այնպիսի ստանդարտների դիմենք, որ համապատասխանի «Google»-ին, «Facebook»-ին, որևէ IT խոշոր ընկերությանը, որովհետև Հայաստանում դրա կարիքը շատ կա։ Ուղղակի չկա այդպիսի շենք։ Փառք Աստծու, մեզ հաջողվեց դա ստեղծել։ Մենք միավորեցինք հայկական, բրիտանական, ամերիկյան ճարտարապետների, տնտեսագետների խումբ ու ստեղծեցինք այս ծրագիրը, որը, իմ կարծիքով, շատ լավն է։ Կառավարությունը մեր ծրագիրը հավանության արժանացրեց»,– ասաց Արմեն Տեր-Տաճատյանը։

Դիտարկմանը, որ բնապահպանները միշտ բարձրաձայնել են Դալմայի այգիների հարցը, կառուցապատողը հակադարձեց, որ տարածքում բնապահպանական տեսանկյունից բան չի մնացել, իսկ բնապահպանները բացի «մուննաթ» գալուց՝ այգու նախագծի որևէ առաջարկ չեն ներկայացրել։ Տեր-Տաճատյանն առաջարկում է իր վճարած գումարները ուղղել Դալմայի պահպանության գոտում գտնվող (256 հա) խաղողի այգիների զարգացմանը։

Հարցին, արդյո՞ք համարժեք էր կադաստրային արժեքով Դալմայի այգիների այդ հողատարածքը ձեռք բերելու դիմաց համայնքին ընդամենը 300 քմ տարածք տրամադրելը, Արմեն Տեր-Տաճատյանը պատասխանեց՝ նույնիսկ այդ 300 քմ-ն չպետք է տային համայնքին։ Որպես հիմնավորում նա նշեց, որ 150 մլն դոլարի չափ ներդրում է ապահովելու և մեծ նվեր է անելու Երևանին, քանի որ այդպիսի շենք քաղաքը չունի։

Կառուցապատողը համակարծիք է, որ Մոնթե Մելքոնյան փողոցի և Ծիծեռնակաբերդի խճուղու մեջտեղում գտնվող հողատարածքը պետք է ունենա քաղաքաշինական փաստաթուղթ և դրա բացակայությունը խնդիր է համարում։ Նա ցույց է տալիս այդ հատվածի մի աշխատանքային փաստաթուղթ, որը կազմվել է Քաղաքաշինության կոմիտեում Ավետիք Էլոյանի ղեկավարման ժամանակ և ասում է․ «Ցավում եմ, որ այս մաստեր պլանը մնացել է այս վիճակում, ու կողքը բազմաթիվ թույլտվություններ են տալիս։ 2018 թ․-ին սա չի հաստատվել, բայց գոնե աշխատանքային նյութ ստեղծվեց։ Մեսչյանը որ տեսավ, ծափ տվեց։ Ասեց՝ կլինի՞ 30 հարկ անեք, ասեցի՝ չէ, չի լինի, այդքան է նախատեսած, չենք կարող փոխել ամբողջ ծրագիրը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter