HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դալմայի այգիների կառուցապատումը. 15 հարկանի շենքերով թաղամասի շինարարությունը սկսվել է

Մաս 1

Դալմայի այգիների տարածքում մեծ թափով շինարարություն է սկսվել։ Այստեղ բազմահարկ շենքեր և բնակելի թաղամասեր են կառուցվում։ «Հետք»-ն ուսումնասիրել և մաս-մաս ներկայացնելու է Դալմայի այգիների տարածքում հողերի օտարման պատմություններն ու կառուցապատման ծրագրերը։ Շարքի առաջին մասում կանդրադառնանք «Սահակյանշին» ընկերության կողմից բազմաբնակարան համալիրի կառուցման գործընթացին։ 

Դալմայի այգիների տարածքը մինչև 2003 թ.-ն մոտ 700 հեկտար էր։ 2003 թվականին Կառավարությունն ընդունեց Դալմայի այգիները մի քանի անգամ փոքրացնող՝ h.1941-Ա որոշումը։ Կառավարության որոշմամբ այգու նոր սահմանները հստակեցվեցին, ինչպես նաև անտառային հողերի կատեգորիան փոխվեց։ Այդ որոշմամբ Դալմայի այգիների պահպանության տարածքը 700-ից դարձավ 256 հա։

Պահպանության գոտին գտնվում է Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի թաղամասը ձգվող տարածքում։ Մոնթե Մելքոնյան փողոցի և Ծիծեռանակաբերդի խճուղու մեջտեղում գտնվող հողատարածքները դարձել են խառը կառուցապատման գոտի։

Ըստ Երևանի 2005 թ.-ին ընդունված գլխավոր հատակագծի` Մոնթե Մելքոնյան փողոցի և Ծիծեռնակաբերդի խճուղու մեջտեղում ընկած՝ Լենինգրադյան փողոցին հարող հատվածը հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտի է։

Ինչ է կառուցվում 6.4 հա տարածքում

Շինարարական ոլորտում հայտնի «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերությունը Մոնթե Մելքոնյան փողոցի և Ծիծեռնակաբերդի խճուղու միջնամասում բնակելի համալիր է կառուցում։ 2019 թ.-ի օգոստոսի 27-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընկերությանը նախագծման թույլտվություն է տվել (ճարտարապետահատակագծային առաջադրանք): 8 առանձին կտորից բաղկացած ընդհանուր 6.4 հա հողակտորը կառուցապատումից ազատ է եղել։ Թույլտվության համաձայն՝ պետք է մշակվեր բնակելի և հասարակական շենքերի և ներթաղային ճանապարհների նախագիծ։ Շենքերի թույլատրելի հարկայնությունը մինչև 15 հարկ պետք է լինի, յուրաքանչյուր հարկի բարձրությունը՝ 3.3 մետր։ «Հնարավոր է մասնակի, ավելի բարձր ծավալների շեշտադրում՝ տանիքը սպասարկող աստիճանավանդակների և վերելակների հորանների համար։ Հողամասի ռելիեֆային առանձնահատկությունից ելնելով՝ հնարավոր է նկուղային և կիսանկուղային հարկեր»,-նշված է նախագծման թույլտվության մեջ։

Ամբողջական համալիրի շինթույլտվությունը կառուցապատողը դեռ չունի։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Սահակյանշին» ՓԲԸ–ին 2019 թ․-ի դեկտեմբերի 9-ին տվել է բնակելի և հասարակական շենքերով թաղամասի 4-րդ մասնաշենքի հիմքերի կառուցապատման շինթույլտվություն։

Շինհրապարակ մեր այցելության ժամանակ արձանագրեցինք, որ մեծ թափով հողային աշխատանքներ են կատարվում, փորվում են շենքերի հիմքերը։ Այսինքն, միայն մեկ մասնաշենքի հիմքի փորման աշխատանք չէր, այլ համալիր ձևով շենքերի հիմքերն էին փորվում։

Քաղաքապետարանից խնդրել էինք նաև կառուցվելիք շենքերի գծագրերի առկայության դեպքում տրամադրել մեզ։ Թեև ամբողջ համալիրի շինթույլտվությունը չկա, բայց մեզ են փոխանցել կառուցվելիք շենքերի աշխատանքային նախագիծը։ Դրանում երևում է, որ 8 շենք է կառուցվելու, շենքերի բակային հատվածներում՝ պուրակներ, խաղահրապարակներ։

«Սահակյանշին» ընկերության պատրաստած տեսանյութում, բացի բնակելի և հասարակական շենքերից, համալիրի աջ և ձախ մասերում պատկերված է երկուական 30 հարկանի ապակեպատ շինություն, որոնցից մեկը՝ հյուրանոցային, իսկ մյուսը բիզնես համալիր պիտի լինի։

Փորձաքննության պահանջը

«Սահակյանշին» ՓԲԸ-ն Դալմայի այգիների այս հատվածի ամենամեծ կառուցապատողներից է: Մայիսի 12-ին ընկերության հայտը Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանի հաստատմամբ ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն:

Դրական եզրակացության պարտադիր պահանջներից մեկն այն է, որ կատարվող շինաշխատանքների ընթացքում պատմամշակութային և հնագիտական շերտերի ի հայտ գալու դեպքում հետագա աշխատանքները պետք է իրականացվեն համապատասխան մասնագետի` հնագետի եզրակացությունը ստանալուց հետո:

Այդպիսով, նախագծի համաձայն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընդգրկված Ծիծեռնակաբերդի խճուղու 8 առանձին հասցեներում` 12/5, 13, 39, 39/1, 39/2, 39/3, 39/4, 39/5 բազմաբնակարան բնակելի և հասարակական համալիրի կառուցապատում է իրականացվելու: Ընկերությունն այստեղ սեփականության իրավունք ունի 6,4 հա-ի նկատմամբ: Այն անմիջական` Ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ է` մարզահամերգային համալիրից ընդամենը 350 մ հեռավորության վրա:

Բնակելի համալիրը նախատեսվում է կառուցել մոտ 9000 բնակչի համար, 2704 բնակարան: Շենքերի առավելագույն բարձրությունը 15 հարկն է: Կառուցապատման մակերեսը ողջ տարածքի ⅓-րդն է կազմելու: Ողջ տարածքի կեսից ավելին, ըստ նախագծի, կանաչապատ է լինելու: Կառուցվելու են ավտոմեքենաների ճանապարհներ և ստորգետնյա կայանատեղիներ: Եվս մեկ անգամ նշենք, որ ՇՄԱԳ-ում ևս 30 հարկանի բարձրահարկերի մասին որևէ նշում չկա: 

Ինչպես «Սահակյանշինը» հայտնվեց Դալմայի տարածքում

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ` 2012թ․-ին, առանց մրցույթ հայտարարելու, Կառավարությունը որոշել է հող՝ ճանապարհի դիմաց, փոխանակման ծրագիր իրականացնել։ «Սահակյանշին» ՓԲԸ-ն պետք է կառուցեր Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային կապող բոլորովին նոր՝ Մոնթե Մելքոնյան փողոցը, որի դիմաց ցածր գնով ձեռք կբերեր ճանապարհի եզրի հողատարածքը։ Հողի գնման արժեքը սկզբում սահմանվել էր 1 քառակուսի մետրն ընդամենը 70 հազար դրամ։ 2012 թ․-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է Երևանում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագիրը, բայց արդեն առանց ձեռքբերման արժեքի։ Ճանապարհը 5.3 հա հողի դիմաց է տրվել։ Կառավարության նույն որոշման մեջ նաև նշված է, որ շինարարական աշխատանքների ծավալի և արժեքի փոփոխության դեպքում տրամադրվող հողամասի չափը կարող է տատանվել մինչև 10 տոկոսի սահմաններում։ Կառավարության «e-gov.am» պաշտոնական կայքում Կառավարության «7 մարտի 2012, 271 - Ա» որոշման մեջ օտարվող հողի մակերեսը նշված է 5.3 հա, մինչդեռ իրավական ակտերի պաշտոնական տեղեկագրում՝ «arlis.am»-ում նույն որոշման մեջ նշված է 9.16 հա:

Միայն Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող հատվածում «Սահակյանշին» ընկերությունն այսօր ունի 6.4 հա հողակտոր։ Ճանապարհ՝ հողի դիմաց գործարքն ի սկզբանե քննադատության է արժանացել։ Նույնիսկ Ֆինանսների ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններն են էական առարկություններ հայտնել, թե ինչու է այն առանց մրցույթի իրականացվում: Այդուհանդերձ, ծրագիրը հաստատվել և իրականացվել է։

«Սահակյանշին» ՓԲԸ-ն Հայաստանում մեծածավալ շինարարաություներ է իրականացրել և իրականացնում։ Ընկերությունն է եղել Մարմարիկի ջրամաբարի կապալառուն, նաև Վեդու ջրամաբարի կապալառուն է այժմ։ «Սահակյանշինը» նաև քրեական գործով է անցնում։ Այս ընկերությունը ներգրավված է եղել Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարությունում։

Ըստ Դատախազության ուսումնասիրության՝ «Սահակյանշին» ՓԲԸ-ի միջոցով, առանց փաստաթղթային ձևակերպման, կազմակերպվել և իրականացվել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները։ «Ինչի նկատմամբ փաստացի չի իրականացվել ո՛չ հեղինակային, ո՛չ էլ որակի տեխնիկական հսկողություն, փոխարենը՝ 2013-2015 թթ. ընթացքում՝ շինարարական աշխատանքները փաստացի ավարտված լինելու, իսկ որոշ դեպքերում դրանց մի մասը կատարված լինելու պայմաններում, «Սահակյանշին» ՓԲԸ-ի հետ կնքել են վերակառուցման աշխատանքները մաս-մաս կատարելու վերաբերյալ գնման 6 պայմանագիր՝ ընդհանուր 2 միլիարդ 356 միլիոն 455 հազար դրամ արժողությամբ, որից ընդամենը օրեր անց, կազմվել են շինարարական աշխատանքների կատարման փաստը հավաստող հանձման-ընդունման արձանագրություններ և կատարողական ակտեր, այն պայմաններում, երբ գործնականում անհնար է մեկ կամ մի քանի օրվա ընթացքում սկսել և ավարտին հասցնել նման տեսակի և ծավալների շինարարական աշխատանքների կատարում»,- ասված է ուսումնասիրության մեջ։ Քրեական գործ է հարուցվել, որի նախաքննությունը դեռ շարունակվում է և այժմ ԱԱԾ-ի վարույթում է։

«Սահակյանշին»-ի մեկնաբանությունը

«Սահակյանշին» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Սահակյանը պատմում է, որ ճանապարհ՝ հողի դիմաց գործարքն իրեն առաջարկել է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը 2011 թ.-ին։ Ըստ նրա՝ Երևան համայնքը գումար չուներ, որպեսզի վճարեր նման ծավալի ճանապարհի կառուցման համար, և մեծ շինարարական կազմակերպություններին առաջարկել են այդ գործարքը: Որևէ այլ կազմակերպություն չի ցանկացել մտնել նման գործարքի մեջ: Իրեն` Հ. Սահակյանին, դա հետաքրքրել է:

Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ճանապարհի կառուցման գինը սկզբում գնահատվել է 3.5-ից 3.6 մլրդ դրամ, սակայն նախագծման աշխատանքներից հետո պարզվել է, որ այն կարժենա 7.9 մլրդ դրամ: Քաղաքապետարանն առաջարկել է փոքր-ինչ նվազեցնել արժեքը, և կանգ են առել 6.4 միլիարդ դրամի վրա։

«Սահակյանշին»-ը վարկ է ներգրավել ճանապարհի կառուցման համար, որի դիմաց միայն Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում ստացել է 6.4 հա հողկտոր, իսկ մնացած հողակտորը ստացել են Իսակովի պողոտային հարող հատվածում։

Սուրեն Սահակյանը այս գործարքը ոչ շահութաբեր է համարում, իսկ թե ինչու է համաձայնել նման գործարքի գնալ, Սահակյանը բացատրում է, որ ինչպես ցանկացած անհատ, ինքն էլ է ցանկացել իր կյանքում հետք թողնել, և այդ ճանապարհի կառուցումը համարում է իր ընկերության լավագույն ծրագրերից մեկը։

Հարցին՝ առանց այդ ժամանակվա քաղաքական վերնախավի աջակցության, նման ծրագրերում ՓԲԸ-ն կարո՞ղ էր ներգրավվել, նա պատասխանեց․ «Ես տեր չունեմ, շինարարական կազմակերպություններ կան, որ չէին մտնի նման գների, ծախսերի տակ»։ Սահակյանն ասում է, որ ճանապարհ՝ հողի դիմաց գործարքից դեռ շահույթ չեն ստացել, մի բան էլ նոր ներդրում են կատարում բնակելի և հասարակական կառուցապատումն իրականացնելու համար, որից հետո նոր կգնահատեն՝ շահութաբե՞ր էր գործարքը, թե՞ ոչ։

Անդրադառնալով հարցին՝ Դալմայի տարածքում առանց քաղաքաշինական փաստաթղթի կարելի՞ էր կառուցապատում իրականացնել, Սուրեն Սահակյանն ասաց, որ իրենք ևս այդ խնդիրը բարձրաձայնել են, նույնիսկ առաջարկել են ֆինանսավորել գլխավոր հատակագծի կազմումը, սակայն Երևան համայնքը նման փաստաթուղթ չի կազմել և գումար էլ չունի դա կազմելու համար։

Մեկնաբանություններ (4)

Artur
սա գողություն է: դա չի ավելացնում երևանյան արժեքը, իհարկե, ոչ ժողովրդի համար: դա միայն կավելացնի քաղաքի ջերմությունը, աղմուկը, աղտոտվածությունն ու մարդաշատությունը: Ավելի շատ կանաչ տարածքներ, ավելի քիչ կորպորատիվ շահույթ; this is theft. it does not add to the value of yerevan, certainly not for the people. it will only add to increasing the heat, noise, pollution and crowding of the city. More green spaces, less corporate profits
Աշոտ
Շատ լավ նագիծ է, գրագետ լուծված, տա Աստված որ մինչև վերջ իրականանա, ու մենք կունենանք Երևանի ամենագեղեցիկ թաղամասերից մեկը, բռավո ճարտարապետներին, ի դեպ կիսագրագետ ինժեները չի էլ կարող սեյսմիկ գոտում էսպիսի հոյակապ լողավազան հաշվարկել, հուսով եմ նախագծի վրա աշխատել են լավագույն կոնստրուկտորները, նորից ու նորից գովեստի խոսքեր նախագծային թիմին
Ռուզաննա Ղազարյան
Այա Սոֆիան ԹՈւՐՔը մզկիթ է ուզում դարձնել՝ էստեղ հայերով իրար են խառնվել, իսկ Երևանի սրտում 750 հա դարավոր, 6 հազարամյա այգին, որն ինքն իրենով պատմական հուշարձան է՝ ոչնչացնում են, տեղը՝ /սեյսմիկ գոտում գտնվող տարածքում/ 15 հարկանի շենքեր, կառուսելներ, առևտրի ու զվարճանքի կենտրոններ են կառուցում, — ՈՉ ՄԻ ՀԱՅԻ ՉԻ ՀՈւԶՈւՄ: Քաղաքապետարանն ու կառավարությունը որոշումներ են կայացնում բացարձակապես անտեսելով Օրհուսի կոնվենցիայի և ՇՄԱԳ ՈՒ ՇՄԱՓ գործընթացները կարգավորող ՀՀ օրենքների բոլոր դրույթները: Արդարադատության մասին էլ կարելի է առաջիկա մի 20 տարում մոռանալ:
Ռուզաննա Ղազարյան
Այա Սոֆիան ԹՈւՐՔը մզկիթ է ուզում դարձնել՝ էստեղ հայերով իրար են խառնվել, իսկ Երևանի սրտում 750 հա դարավոր, 6 հազարամյա այգին, որն ինքն իրենով պատմական հուշարձան է՝ ոչնչացնում են, տեղը՝ /սեյսմիկ գոտում գտնվող տարածքում/ 15 հարկանի շենքեր, կառուսելներ, առևտրի ու զվարճանքի կենտրոններ են կառուցում, — ՈՉ ՄԻ ՀԱՅԻ ՉԻ ՀՈւԶՈւՄ: Քաղաքապետարանն ու կառավարությունը որոշումներ են կայացնում բացարձակապես անտեսելով Օրհուսի կոնվենցիայի և ՇՄԱԳ ՈՒ ՇՄԱՓ գործընթացները կարգավորող ՀՀ օրենքների բոլոր դրույթները: Արդարադատության մասին էլ կարելի է առաջիկա մի 20 տարում մոռանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter