HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաչատրյաններն ուզում են հաշտություն կնքել «Հայանտառի» հետ

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ու ընտանիքն ուզում են պահպանել ծաղկաձորյան առանձնատան շրջակայքում վարձակալած անտառները և հաշտություն կնքել «Հայանտառի» հետ:

Նրանք առաջարկել են ավելացնել վարձակալած անտառների դիմաց սահմանված վարձավճարի չափը, սակայն չքանդել պարիսպը, որն ապօրինաբար կառուցել են վարձակալած անտառների շուրջ:

Հիշեցնենք` Գագիկ Խաչատրյանի կնոջը` Լաուրա Եփրեմյանին, 2010 թ.-ին 50 տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության 9,42 հա մակերեսով անտառային տարածք՝ անտառվերականգնման աշխատանքների իրականացման նպատակով: Դրա դիմաց վարձակալ Եփրեմյանը տարիներ շարունակ վճարել է տարեկան 471 հազար դրամ:

Խաչատրյաններն իրենց առանձնատան հարակից մեկ այլ հատված էլ` 7,9 հա, վարձակալել են «Լուչե վերդե» ՍՊԸ-ի միջոցով: Դրա դիմաց սահմանվել էր տարեկան 395 հազար դրամ վարձավճար։ Այս ընկերության հիմնադիրն ու տնօրենը Գագիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին է` Արմեն Նազարյանը, որը ներգրավված է նրա ընտանիքին պատկանող մի շարք բիզնեսներում:

«Հայանտառ»-ը դիմել է դատարան և հայտնել, որ վարձակալը՝ իր նախաձեռնությամբ, առանց որևէ թույլտվության կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի նպատակային նշանակությունը փոխելու, իրականացրել է կառուցապատման աշխատանքներ` քարե պարիսպ է կառուցել, որով «Հայանտառին» հասցրել է վնասներ: Պետական ոչ առևտրային կազմակերպությունը պահանջում էր վաղաժամկետ լուծել անտառային հողերի վարձակալության պայմանագիրը և հատուցել պատճառված վնասը:

Վարձակալության երկու պայմանագրի վերաբերյալ երկու տարբեր հայց է քննվում դատարանում: Հաշտություն կնքելու միջնորդությամբ նախորդ` հուլիսի 20-ին կայացած նիստը՝ «Լուչե վերդե» ՍՊԸ-ի գործով, հետաձգվել էր: Այսօր դատավոր Ռուբեն Ներսիսյանի վարույթում պետք է քննվեր հաշտության համաձայնագիրը:

Հայցվորի ներկայացուցիչ Հարություն Սարիբեկյանն այսօրվա նիստին հայտարարեց, որ «Լուչե վերդե» ՍՊԸ-ի հետ դեռևս բանակցությունների մեջ են, և վերջնական համաձայնության չեն եկել: Վերջինս խնդրեց ևս մեկ անգամ հետաձգել նիստը, քանի որ «Լուչե վերդե» ՍՊԸ-ի ներկայացուցիչները առաջարկել են չքանդել պարիսպը և ավելացնել վարձավճարը: Միաժամանակ, պետք է արտադատական կարգով հաշվարկվի պատճառված վնասի չափը:

Դատավոր Ռ. Ներսիսյանն ասաց, որ կողմերը մեկ ամիս էին պահանջել հաշտության համար, սակայն դատարանի ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստը հետաձգվել էր երեք ամիս, ինչը բավարար ժամկետ էր հաշտության համաձայնության հետ կապված բոլոր հարցերը քննարկելու համար:

«Դուք ինչ խնդիրներ ունեցել եք իրար հետ, մեկ ամիս եք ուզել, այսօր հոկտեմբերի 24-ն է, հուլիսից այդ ժամանակը բավարար չէր` քննարկեինք պատի քարերի հաստությունը, լայնությունը, մնացած բոլոր հարցերը: Ջանասիրություն ցուցաբերեինք, այդ ժամանակը ողջամիտ չէ՞ր»,- հարցրեց դատավոր Ներսիսյանն ու առաջարկեց առաջ անցնել և քննարկել գործի համար նշանակություն ունեցող փաստեր և ապացուցման բեռը դրեց հայցվորի վրա: Միաժամանակ, դատարանը հիշեցրեց, որ կողմերը հաշտություն կարող են կնքել դատավարության յուրաքանչյուր փուլում:

Այսինքն` քանի դեռ հաշտության համաձայնությունը չի կնքվել, «Հայանտառը» պետք է ապացուցի, որ պատասխանող կողմը խախտել է կողմերի միջև կնքված պայմանագրային հարաբերությունները, որի հետևանքով պատճառվել է վնաս: Դա ապացուցելու համար «Հայանտառը» երեքշաբաթյա ժամկետ խնդրեց դատարանից: Սակայն դատարանը նիստը հետաձգեց մինչև 2023թ. մարտի 21-ին` ելնելով դատարանի ծանրաբեռնվածությունից:

Կարդացեք նաև`

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter