HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանքակուտակի հանքերևակման ուսումնասիրությունների վերաբերյալ հանրային լսումները կայացել են

Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղի բնակիչները հակված չեն դրական եզրակացություն տալ Հանքակուտակի հանքերևակման տարածքում ոսկի-բազմամետաղների ուսումնասիրությանը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ուրասար բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Մանուկյանը։

Այսօր Ուրասարում հանրային երկրորդ լսումներն են կայացել Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտի վերաբերյալ: Դրան ներկա է եղել նաև նախաձեռնեղ հայկական «Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ- բաժնետեր «Ֆրեմոնդ Գոլդ էլթիդի» հանրային ընկերության բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Ռիք Բրաունը:

«Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ-ն մտադիր է որոնողագնահատողական աշխատանքներ իրականացնել 3392 հա մակերեսով տարածքի վրա։ Այդ տարածքներն ամբողջությամբ ներառված են Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասար և Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրերի վարչական սահմաններում։

Ինչպես պատմեց Գևորգ Մանուկյանը, հանրային քննարկումներն ընթացել են քաղաքակիրթ մթնոլորտում: Բնակիչները հարցեր են ուղղել ընկերության ներկայացուցիչներին, հիմնականում բնությունը չվնասելու վերաբերյալ, սակայն պատասխանները նրանց այնքան էլ չեն գոհացրել:

«Բնակիչների մեծ մասը դեմ էին ուսումնասիրություններին: Գյուղն ուզում ենք տուրիստական բնակավայր դարձնել, արդեն քայլեր ենք արել, տարածքներ ենք կանաչապատել, ներդրողներ ունենք, որոնք տուրիստական գոտիներ են զարգացնում, ջրաշուշանի լիճը տուրիստական մեծ հոսքեր է բերում: Իսկ մի վայրում, որտեղ շատ հանքեր կան, իսկ մեզ մոտ արդեն մեկը կա (Արմանիսը նկատի ունի-հեղ.), մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այլևս չեն գալիս»,- պատմեց Գևորգ Մանուկյանը:

Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ Պուշկինո գյուղում նույնպես այսօր հանրային լսումները կայացել են, սակայն քիչ թվով բնակիչներ են ներկա եղել` պայմանավորված դաշտային աշխատանքներով և նաև այն հանգամանքով, որ գյուղը հիմնականում ամառանոցային է և նվազ բնակեցված: Հանրային լսումներին 8-10 բնակիչ է մասնակցել, այդ պատճառով համայնքի ղեկավարը մտադիր է մեկ անգամ ևս հանդիպել գյուղացիներին, որպեսզի վերջնականապես հասկանա` ինչ կարծիք տա համայնքը լսումների վերաբերյալ:

Ավստրալիայի քաղաքացի Դ․ Մուրի հիմնադրած մեկ այլ՝ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն մտադիր է Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում ուսումնասիրություններ կատարել: Այդ նպատակով Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններից 94 քառ. կմ տարածք է հայցում, որը համընկնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) վարձակալած տարածքի հետ: Հիմնադրամը Վարդահովիտ գյուղի վարչական տարածքից 2016-2017թթ. ավելի քան 5000 հա հողատարածք է վարձակալել և իրականացնում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի միգրացիոն միջանցքի ստեղծման նախագիծը:

Լուսանկարում` Ուրասարի ջրաշուշանների լիճը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter