HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեգո գոլդ»-ը վերականգնել է Թուխմանուկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը․ ընկերությունն ու նախարարությունը հաշտվել են

Թուխմանուկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքից զրկված «Մեգո գոլդ» ՍՊԸ-ն վերականգնել է այդ իրավունքը։ Ընկերությունը հաշտության համաձայնություն է կնքել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, որն ամրագրվել է դատարանի վճռով։

Այդ հաշտությամբ «Մեգո գոլդ»-ը հրաժարվել է ՏԿԵՆ-ի նկատմամբ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու կապակցությամբ ունեցած որևէ նյութական, գույքային, ոչ գույքային պահանջներից: Նախարարությունն էլ անվավեր է ճանաչել (վերացրել) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու հրամանը:

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանի 2019թ. դեկտեմբերի 13-ի հրամանով դադարեցվել էր «Մեգո գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի նկատմամբ: ՏԿՆ ներկայացուցիչ, նախարարության իրավական շահերի պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Փաշայանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ այս գործով ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հիմքն ընկերության կողմից 22 մլն դրամ պետական տուրք չվճարելն է եղել։

«Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն դեռևս 2019թ․ դեկտեմբերին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ խնդրելով վերացնել նախարարի հրամանը։

Հիշեցնենք՝ Թուխմանուկի հանքավայրը չի գործում 2015 թվականից, իսկ 2016թ․-ին «Մեգո գոլդ» ՍՊԸ սնանկ էր ճանաչվել։ 2021թ. հոկտեմբերի 28-ին սնանկության դատարանը կայացրել էր «Մեգո գոլդի» ՍՊԸ-ի սնանկությունից ազատման որոշում, և ընկերության գործունեությունը վերականգնվել էր։

«Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն և գործում ներգրավված երրորդ անձ «Ջի Ջի Սի Առ Մայնինգ» ՍՊԸ-ն, որը «Մեգո գոլդ»-ի միակ մասնակիցն է, 2022թ․ օգոստոսի 17-ին գրություն է ներկայացրել դատարան՝ կցելով նաև «Մեգո գոլդ» ՍՊԸ-ի և պատասխանող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև կնքված հաշտության համաձայնությունը, իսկ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած դատաքննության ընթացքում դատավարության մասնակիցների ներկայացուցիչները խնդրել են հաստատել նշված հաշտության համաձայնությունը։ Դատավոր Դանիել Դանիելյանն այն հաստատել է սեպտեմբերի 29-ի վճռով։

Իրական շահառուների վերաբերյալ ընկերության ներկայացրած վերջին հայտարարագրում «Մեգո գոլդ» ՍՊԸ-ի ողջ բաժնեմասի վերաբերյալ պատկերն ամբողջական չէ։ Մասնավորապես, համաձայն հայտարարագրի՝ ԱՄՆ քաղաքացի Իան Հագուեն այստեղ 45,6 տոկոս մասնակցություն ունի։ Իան Հագուեն 100 տոկոսով իրեն պատկանող «Ֆայբեըրդ Մանաջմենթ» ՍՊԸ-ի և «Տուշեթի Հոլդինգս» ՍՊԸ-ի միջոցով է տիրապետում միջանկյալ համարվող «Գլոբալ Գոլդ Քորփորեյշն»-ի 45.60 տոկոս բաժնեմասին: «Գլոբալ Գոլդ Քորփորեյշն»-ը տիրապետում է «Գլոբալ Գոլդ Մայնինգ»(ԱՄՆ) ՍՊԸ- և «ՋԻ ՋԻ ՍԻ ԱՐ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասերին, որոնք էլ միասին հանդիսանում են «Մեգո գոլդ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատերերը:

Պետք է ենթադրել, որ մնացած բաժնեմասը «Գլոբալ Գոլդ Քորփորեյշն»-ում բաշխված է 10 %-ից նվազ մասնակցությամբ, այդ հիմնավորմամբ էլ չեն հայտարարագրել մնացած իրական շահառուներին։

«Գլոբալ Գոլդ Քորփորեյշն»-ի տնօրենն էլ ամերիկահայ Վան Գրիգորյանն է։ Իսկ «Մեգո գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն է դարձել Արմեն Միքայելյանը։ Վերջինիս «Հետքի» ընթերցողներին ծանոթ են ՌԴ նավթային «Յուկոս» ընկերության դստեր՝ «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ» ՍՊԸ-ի տնօրենի գործունեությունից։ 

Առաջին լուսանկարում՝ Թուխմանուկի հանքավայրի պոչամբարը

Լուսանկարը՝ «Էկոլուրի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter