
«Յուկոս»-ի հայաստանյան դուստր ընկերության քրեական գործը կարճվել է. առնչվող անձինք պաշտոններ են ստանում
Ռուսաստանյան հայտնի գործարար Միխայիլ Խոդորկովսկու նավթային «Յուկոս Օյլ» ընկերության հայաստանյան դստեր՝ «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ» ՍՊԸ-ի նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը Հայաստանում կարճվել է:
Հիշեցնենք, որ ռուսական «Յուկոս»-ն իր դուստր ընկերությունների միջոցով միլիարդավոր դոլարներ էր դուրս բերել ՌԴ-ից, որի վերաբերյալ քրեական և դատական գործեր էին ընթանում աշխարհի տարբեր երկրներում և միջազգային ատյաններում: Այդ դատական գործերի մի մասն էլ ընթացել է Հայաստանում: Որոշ գործեր դեռ շարունակվում են միջազգային դատարաններում:
Սակայն Հայաստանյան դստեր՝ «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ» ՍՊԸ-ի վերաբերյալ կողմերը հաշտություն կնքեցին, և «Ռոսնեֆտ»-ը համաձայնեց հրաժարվել «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ» ՍՊԸ-ի ակտիվներից: Իսկ այդ ակտիվները տարբեր երկրներում էին՝ Նիդերլանդներում, Բրիտանական Վիրջինյան Կղզիներում և ԱՄՆ-ում, որոնց արժեքը, տարբեր գնահատականներով, հասնում էր 4 մլրդ դոլարի, հայաստանյան քրեական գործում նշվում է 8 մլն և 11,5 մլն դոլարի մասին:
Ինչպես Հայաստանում կարճվեց քրեական գործը
«Յուկոսի» ռուսաստանյան մայր ընկերությանը ակտիվները սնանկության վարույթով անցել էին «Ռոսնեֆտին»: Վերջինս փորձում էր վերահսկողություն սահմանել նաև «Յուկոսի» դուստր ընկերությունների վրա: Ընկերություններից մեկը 2002թ. Հայաստանում գրանցված «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ» ՍՊԸն է:
2009թ. մարտի 20-ին քրեական գործ էր հարուցվել առևտրային կազմակերպթյան ծառայողի՝ «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Միքայելյանի կողմից իր կարգադրիչ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու դեպքի առթիվ:
Տեղացի տնօրեն Արմեն Միքայելյանը հրաժարվել էր հանձնել նրանց հայաստանյան ընկերության փաստաթղթերը (դատական գործեր էին սկսվել, որոնց անդրադարձել ենք առանձին): «Ռոսնեֆտ»-ի ղեկավարները հաղորդում են տվել ՀՀ իրավապահներին, որ Արմեն Միքայելյանը մերժել է իրենց, որպես նոր սեփականատերերի, հանձնել ընկերության կնիքն ու հաշվապահական փաստաթղթերը, այնուհետև մեկնել է ԱՄՆ:
Հայաստանյան «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ» ՍՊԸ-ն որևէ գործունեություն չի իրականացրել: Սակայն քննություն իրականացնող մարմինը կարողացել է ծանոթանալ ընկերության գաղտնիք համարվող տեղեկություններին, այդ թվում՝ բանկային փոխանցումներին և փորձել է ստուգել դրանց օրինականությունը: 1 մլն դոլար կանոնադրական կապիտալը մինչ «Ռոսնեֆտ»-ի տնօրինությանն անցնելն արդեն զրոյացվել էր: Այդտեղից փոխանցումներ են եղել «Գրանդ Թորնթոն Ամիօ» ընկերությանը, «Ամերիա» ՓԲԸ-ին, «Էներգացանցշին» ՓԲԸ-ին (Արմեն Միքայելյանի հոր ընկերությունն է), ինչպես նաև 250.000 դոլար փոխանցվել է Սան Ֆրանցիսկո` Merelsky Global Law Group PC կազմակերպությանն ու 14.000 ԱՄՆ դոլար՝ Նյու Յորքի` Bexter LTD ընկերությանը: «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ» ՍՊԸ-ում հարկային ստուգումներ են իրականացվել, սակայն խախտումներ չեն հայտնաբերվել:
Արմեն Միքայլեյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, 2009թ.-ից ընթացող քրեական գործը մի քանի անգամ կասեցվել և վերսկսվել է: 2012-ից քրեական գործը կասեցված էր մինչև 2016թ.: Ի վերջո, «Ռոսնեֆտ»-ի և «Յուկոս»-ի հաշտությունից հետո Արմեն Միքայելյանի պաշտպանը դիմել է քննչական մարմնին՝ վաղեմության և հաշտություն կնքելու հիմքերով քրեական գործը կարճելու միջնորդությամբ: Սակայն այդ ժամանակ վաղեմության ժամկետը դեռ չէր լրացել, և այդ հիմքով գործը կարճել քննիչը մերժել է:
2018թ. հոկտեմբերին Արմեն Միքայելյանի պաշտպանը նորից է դիմել է նույն հիմքով գործը կարճելու միջնորդությամբ: Այս անգամ այն բավարարվել է, քննիչն արձանագրել է, որ «անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե հանցագործությունը կատարելու ժամանակից անցել է 10 տարի և վաղեմությունն ընդհատված չի եղել նոր հանցագործության կատարմամբ, վերջինիս կողմից վերը նշված հանցավոր արարքի կատարման օրից անցել է ավելի քան 11 տարի, իսկ մեղադրյալ Արմեն Միքաելյանը չի առարկել, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով», և 2018թ. նոյեմբերի 27-ին հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կ. Ներսիսյանը որոշել է կարճել քրեական գործը և վերացնել նաև Արմեն Միքայելյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը: Արմեն Միքայելյանը մինչ այդ չէր կարողանում Հայաստան գալ: Նա այս տարի ամռանը ժամանել է Հայաստան:
Ո՞ւմ անուններն են շոշափվել հոլանդական դատարաններում, և ովքեր են ներգործել դատական ակտերի վրա
«Յուկոս»-ի և «Ռոսնեֆտ»-ի հաշտությունը պատահական չէր. հոլանդական դատարանում նրանք միմյանց դեմ տարբեր փաստարկներ և փաստաթղթեր են ներկայացրել: Երկու կողմն էլ «կոմպրոմատ»-ներ է ունեցել մյուս կողմի նկատմամբ, և այս պարագայում, ըստ ամենայնի, հաշտությունը լավագույն լուծումն է եղել, հատկապես «Ռոսնեֆտ»-ի համար:
«Յուկոս»-ի ներկայացուցիչների ձեռքի տակ հայտնվել են «Ռոսնեֆտ»-ի ներկայացուցիչների և հայ պաշտոնյաների նամակագրությունները, որոնցից մեկում նույնիսկ Հայաստանում «Յուկոս»-ի գործով Վճռաբեկ բողոքի վերադարձման մասին որոշման տարբերակն է եղել, իհարկե, դա հօգուտ «Ռոսնեֆտ»-ի էր, ինչը «Յուկոս»-ի պաշտպաններն օգտագործել են որպես ռուսական կողմից հայաստանյան դատական համակարգի վրա ուղղակի ներգործելու դրսևորման փաստարկ:
Մասնավորապես, արտահոսել է «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ» ՍՊԸ-ի՝ Արմեն Միքայելյանին հաջորդող տնօրեն Նիկիտա Տոլստիկովի էլեկտրոնային նամակագրությունը, «Ռոսնեֆտ»-ի միջազգային և իրավական թիմի անձնակազմի անդամների նամակները:
Նամակագրությունում երևում է, որ «Ռոսնեֆտ»-ի հայաստանյան ներկայացուցիչներն այս գործով հանդիպել են Գևորգ Կոստանյանին, ով 2008-2011թթ.՝ Հայաստանի նախագահի օգնականն էր, իսկ դրան զուգահեռ՝ 2004թ-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը:
Հատուկ գաղտնի նամակում շեշտադրվել է նաև Հայաստանի գլխավոր դատախազության այն ժամանակվա պետական շահերի պաշտպանության վարչության պետ, այժմ ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանի անունը: Նամակագրական այս կապը պահել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին նախագահ Էդուարդ Մուրադյանի միջոցով, որն այդ ժամանակ արդեն պաշտոնաթող էր և ղեկավարում էր իր հիմնադրած «Պրուդենս» իրավաբանական ընկերությունը: Նամակագրությունից պարզ է դարձել, որ Էդուարդ Մուրադյանը ցուցումներ է տվել դատախազ Նիկողոսյանին: Իսկ դրա վերաբերյալ իր գործընկերոջն ուղարկած նամակները հրահանգել է կարդալուց հետո անմիջապես ջնջել:
Բացի դրանից, [email protected] էլեկտրոնային հասցեին Նիկողոսյանը հրահանգներ է ստացել Մոսկվայից: Գաղտնի նամակագրության մեջ Նիկողոսյանը մանրամասնում է, թե ինչն է «Ռոսնեֆտ»-ի շահերին դեմ, ինչը՝ ի շահ ընկերությանը, և ինչպես է պահանջների պետք է համապատասխանի դատարանի որոշումը:
Բացի դրանից, «Յուկոս»-ի փաստաբանները դատարանում ներկայացրել են այնպիսի նամակներ, որտեղից ակնհայտ է դարձել, որ «Ռոսնեֆտ»-ը ՌԴ պետական համակարգի և ռուս պաշտոնյաների միջամտությամբ է փորձել ազդել գործի վրա: Այսինքն՝ ռուս-հայկական պետական մակարդակի պաշտոնյաների հանդիպումներին քննարկվել է «Յուկոս»-«Ռոսնեֆտ» «հակամարտությունը», և պետական մակարդակով փորձել են դրական ելք ապահովել «Ռոսնեֆտ»-ի օգտին:
Դատարանում ուշադրության է արժանացել նաև այդ գործով դատավոր Սուրիկ Խաչատրյանի վկայությունները, որը մանրամասն նկարագրել է, թե Վճռաբեկի նախագահ Արման Մկրտումյանը, Արաբկիրի դատարանի արդեն նախկին նախագահ Մհեր Խաչատրյանի միջոցով, ինչպես է իր վրա ճնշումներ գործադրել: Արաբկիրի դատարանի նախագահն, ի դեպ, ՀՔԾ ներկայիս պետ Սասուն Խաչատրյանի հայրն է:
Իր ներգործությունն է ունեցել նաև դատավոր Մամիկոն Դրմեյանը, որն այդ ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորն էր, իսկ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ 2015 թվականից ընտրվել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գնահատման հանձնաժողովի նախագահ:
Որքան էլ, որ Սուրիկ Խաչատրյանի ցուցմունքներն անարժանահավատ են գնահատվել «Ռոսնեֆտ»-ի ներկայացուցիչների կողմից, արտահոսած նամակագրությունը հակառակն է վկայել և հաստատվել է, որ այս գործով պաշտոնաթող դատավորը, որն այժմ ԱՄՆ-ում ապաստան է ստացել, խիստ ճնշումների ներքո է «Յուկոս»-ի դեմ վճիռներ կայացրել:
Նամակագրության համախումբը «Յուկոս»-ի պաշտպանական թիմին օգնել է, որպեսզի դատարանում ցույց տա, որ Հայաստանում դատարանները վճիռներ են կայացրել արտաքին ազդեցությամբ, հետևաբար, այդ ակտը չէր կարող օբյեկտիվ լինել: Իսկ դատական ակտի սուբյեկտիվությունն ապացուցելու պարագայում «Յուկոս»-ը մեխանիկորեն կստանար հայկական դստեր և դրան փոխկապակցված ընկերությունների ակտիվների նկատմամբ վերահսկողությունը, որոնք, դատարանի գնահատմամբ, 847 մլն դոլարի սահմաններում էր:
Տարօրինակ զուգադիպությամբ «Յուկոս»-ի գործի հետ առնչություն ունեցող անձինք նոր պաշտոններ են ստանում: ԲԴԽ անդամ նշանակվեց «Յուկոս»-ի շահերը Հայաստանում պաշտպանող փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը: ԲԴԽ նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը, որը «Յուկոս»-ի գործով մյուս փաստաբան՝ Կարեն Պետրոսյանի էլեկտրոնային նամակագրությունն այդ գործով գաղտնազերծելու որոշում էր կայացրել, ինչը փաստաբանների պալատի կողմից խիստ քննադատության արժանացավ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել