HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երջանիկ ընտանիք» վարագույրի հետևում

«Հետքը» վրացի գործընկեր Studio Monitori հետ ուսումնասիրել է Հայաստանում և Վրաստանում ընտանեկան բռնության ենթարկված կանանց ճակատագրերը՝  պարզելու, թե ինչպես են հանգուցալուծվում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերը, բռնության ենթարկված կանայք ինչ աջակցություն են ստանում և որքանով են պաշտպանված պետության կողմից։ 

Անահիտ․ «Ինձնից երեխաներիս են խլել, բայց ես ամեն օր չեմ դողում»

9 տարի համատեղ կյանքից հետո Անահիտը որոշել է բաժանվել և վերջ տալ իր տառապանքներին։ Արդյունքում` դատական քաշքշուկների մեջ է նախկին ամուսնու հետ երեխաների խնամակալությունը ստանձնելու համար։ Երեխաներն առայժմ հոր հետ են բնակվում։

«Ես ապրում եմ կյանքիս ամենամեծ դժբախտությունը։ Ինձնից երեխաներիս են խլել, բայց ես այլևս չեմ դողում։ Իսկ ես այն ժամանակ ամեն օր դողալով արթնանում էի, դողալով քնում էի։ Ավելի լավ է ես այսպես պայքարեմ, բոլոր տեղերը վազեմ, բոլոր դռները թակեմ, մինչև վերջ այսպես գնամ, բայց իր հետ ապրել ու նույն հոգեվիճակն ունենալ այլևս չեմ ուզում»,- ասում է Անահիտը։

Անահիտն ապահովագրական ոլորտում է աշխատում, նորմալ վարձատրվող աշխատանք ունի Երևանում։ Ֆիզարձակուրդի ընթացքում տեղափոխվել է ամուսնու ծնողների տուն՝ Երևանից շուրջ 30 կմ հեռու գտնվող բնակավայր՝ մոտակա մարզում, որովհետև ապրուստի, տան վարձը տալու դժվարություն է առաջացել։ Իրավապահ համակարգում աշխատող ամուսինը հարբած վիճակում ներկայացել է աշխատանքի, հայհոյել գործընկերներին և այդ պատճառով հեռացվել աշխատանքից։ 2012թ-ից հետո մշտական աշխատանք չի ունեցել, ապրել են հիմնականում Անահիտի աշխատավարձի և ամուսնու հոր աջակցության շնորհիվ։

Ամուսնու ծնողների հետ համատեղ կյանքից սկսվել են նաև Անահիտի դժվարությունները, ամուսնու մոր հետ հարաբերությունները հաշտ չեն եղել, իսկ ամուսնու կապվածությունը մոր հետ խանգարել է զույգին իրենց հարցերն ինքնուրույն լուծել։ Մանկահասակ երեխային թողնելով տատի խնամքին՝ Անահիտը վերադարձել է աշխատանքի, որ կարողանա որոշակիորեն թեթևացնել ընտանիքի կարիքները։ Այստեղ էլ նրան մեղադրել են նորածնին թողնելու և աշխատանքի գնալու համար։ Ընտանիքի անդամներն ըմբռնումով չեն մոտեցել նրա աշխատանքի վերադառնալուն նույնիսկ այն դեպքում, որ Անահիտի անունով ամուսինը բանկից վարկ է ստացել, որ իբրև թե աշխատեցնի իրենց ընտանեկան, քարի արտադրամասը, և բանկը սկսել է պարբերաբար ուշացումների համար անհանգստացնել Անահիտին։ Արտադրամասն այդպես էլ չի գործել։

Ընտանեկան վեճերից խուսափելու համար Անահիտի հորդորով ամուսինները տեղափոխվել են մարզկենտրոն՝ բնակվել ամուսնու ընկերոջ տանը, երեխաները սկսել են մանկապարտեզ հաճախել, այնուհետև դպրոց: Սակայն աշխատանք չունեցող, հաճախ հարբած վիճակում գտնվող ամուսնու պահվածքը փոխվել է, սկսվել են վեճերը, Անահիտի նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշումներն ու բռնությունները։

«Սկսեց արդեն ինձ վրա ձեռք բարձրացնել՝ ամենաանհիմն պատճառներով։ Հոգեբանական ճնշումներ, ստորացումներ․․․ 2 տարեկան երեխայիս տաքության մեջ սառը սալահատակին անկյուն էր կանգնեցնում, ինչ է, թե երեխան համարձակվում էր լացել։ Ոչինչ չէի կարող անել, իրավունք չունեի մոտիկ գնալու։ Դեպքեր են եղել, որ երեխային գրկել եմ անկյունում, այնքան էր ձեռքերիս հարվածում, որ ձեռքերս թուլանային երեխային ցած դնեի»,- հիշում է այդ դեպքերից մեկը Անահիտը։

Բռնության ընթացքում ամուսինը սովորաբար տան պատուհանները, դռները փակել է, որ դրսում ձայներ չլսվեն, որովհետև «անունով տղա էր», կինն էլ այդ ամենից հետո տնից միայն ժպիտը դեմքին պիտի դուրս գար։

«Նախանձելի ընտանիք էինք դրսի համար։ Ոչ մի անգամ ոստիկանություն չեմ դիմել, հիմա հասկանում եմ, որ սխալ էր դա,- ասում է Անահիտը։- Բերում, հյուրասենյակի կենտրանում աթոռին նստեցնում էր, մինչև լույս խոսում էր, հայհոյում էր, ինձ, ընտանիքիս անդամներին, ստորացնելու, նսեմացնելու խոսքեր էր ասում, մինչև հարբածությունն անցնում էր, ինքը քնում էր, ես առավոտյան այդ վիճակով գնում էի աշխատանքի»։

2021թ դեկտեմբերին Անահիտը որոշել է վերջ տալ այդ կյանքին և բաժանվել ամուսնուց։ Սակայն երեխաներին հավելյալ սթրեսի չենթարկելու համար համաձայնել է մնալ նույն՝ մարզկենտրոնի տանը, որ երեխաները միջավայրի փոփոխություն չունենան։ Ավելին, թույլ է տվել երեխաներին շփվել հոր և նրա ընտանիքի հետ։ Ավելի ուշ հարաբերությունները սրվել են, և ամուսինն ասել է, որ Անահիտը պետք է լքի ընկերոջ տունը։ Անահիտը տեղափոխվել է Երևան՝ իր հայրական տուն, սակայն դիմել է դատարան երեխաների համար ալիմենտի պահանջով։

«Երբ դատարանից նամակ ստացավ, գազազածության վերջին աստիճանի հասավ։ «Դու ինձ դատի տաս, դե կտեսնես»»,- հիշում է Անահիտը:

Անահիտն այլևս ուժ չունենալով միայնակ պայքարելու՝ դիմել է Կանանց աջակցման կենտրոն, ստացել իրավական աջակցություն։ Պայքարն այժմ երեխաների համար է, որոնք հոր հետ են բնակվում։ Անահիտի կարծիքով, երեխաները վախ ունեն հոր նկատմամբ, այդ պատճառով համաձայնել են նրա հետ մնալ։

Կանանց աջակցման կենտրոնը մեկն է այն կազմակերպություններից, որը պետական բյուջեի համաֆինանսավորմամբ ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնի և ապաստարանի ծառայություններ է մատուցում։

«Երեխաները գնդակ չէին, մեկ՝ մեկի մոտ լինեին, մեկ՝ մյուսի, քաշքշուկների մեջ լինեին, փորձում էի խուսափել երեխաներին հնարավորինս հիմար իրավիճակների մեջ չգցել։ Ամեն ինչ անում էին ինձ նորից ստորացնելու համար։ Երբ զանգում էի երեխաներին, ասում, որ կգնամ իրենց կվերցնեմ, ասում էին՝ չէ մամա, պիտի դա դու խնդրես պապայից, ինքը գերագույն հաճույք էր ստանում, ժամեր էր սահմանում՝ մի ժամով տանես, երկու ժամից հետ բերես ու անդադար սպառնում էր՝ ամեն ինչ անելու եմ դու բոմժ դառնաս, էնքան գնաս-գաս։ Երեխեքը վախենում էին, որ ժամից ուշանան, քանի որ պապան էր ժամ ասել»,- պատմում է Անահիտը։

Անահիտը 2021թ․ իր ծննդյան օրը որոշել է երեխաներին վերցնել հոր մոտից և միասին օրն անցկացնել, սակայն այդ օրը նրան խմբակային բռնության են ենթարկել՝ նախկին ամուսինն ու հորեղբայրը։ Անահիտին հրել են, թույլ չեն տվել մոտենալ երեխաներին։ Միջադեպը Անահիտի եղբոր կինը ձայնագրել է, ինչը հիմք է հանդիսացել, որ քրեական գործ հարուցելու հաղորդում տան։

Անահիտի նկատմամբ ամուսնու և հարազատների բռնության գործը ոստիկանությունը, սակայն, կարճել է, քանի որ նախկին ամուսնու ընտանիքի անդամները չեն ընդունել մեղադրանքը, իսկ ձայնագրությունից չի հասկացվել, թե քանի անգամ են խփում Անահիտին։ Ավելին, Անահիտին և հարսին քննչական մարմինը դիտել է որպես փոխկապակցված անձանց, և նրանց ցուցմունքները համոզիչ չի համարել, իսկ նախկին ամուսնու և հարազատների խոսքերը հիմք է ընդունել։ Որոշումը Անահիտը բողոքարկել է։

Անահիտի հաղորդումից մեկ օր անց նախկին ամուսինն է բողոք ներկայացրել ոստիկանություն՝ մեղադրելով մորը երեխաներին խոշտանգելու մեջ։ Դրա հիմքում դրել է սոցիալական ցանցի իբր որդու կողմից գրված հաղորդագրությունը, թե «այստեղ (Անահիտի հայրական տանը-հեղ) ինձ արդեն ծեծում են»։ Անահիտի փաստաբան Զարուհի Մեջլումյանին մեկ րոպե է պահանջվել, որպեսզի ցույց տա, որ հաղորդագրությունը որևէ հստակ տեղեկություն չի տալիս՝ որտեղ և ով է ծեծում։ Ամուսնու հաղորդման հիման վրա գործը նույնպես կարճվել է։

Անահիտն ասում է, որ իր նկատմամբ հոգեբանական բռնությունը շարունակվում է մինչ օրս․ «Ամեն անգամ սպառնում է՝ հերձելու եմ, տրորելու եմ, տշելու եմ, էնպես եմ անելու ինքնասպան լինես։ Երեխեքին ամենակեղտոտ խաղի մեջ է գցում, որ հետո գնա դատարան, և օգտագործեն դա իմ դեմ»։

Այժմ դատարանում երեխաների խնամակալության հարցն է լուծվում։ Հոգեբաններ են աշխատել երեխաների հետ, և նրանց եզրակացությամբ նշվել է, որ երեխաները վախեցած են, նույն եզրակացությունն է տվել նաև դպրոցի հոգեբանը։ Հոգեբանը նշել է, որ երեխան ագրեսիվ է, ձեռք է բարձրացնում դասընկերների վրա, դասերից բացակայում է, դասի փոխարեն հեռախոսային խաղերով է զբաղվում։ Ոսուցիչները նույնպես նշել են, որ երեխաները դասերից բացակայում են, հետ են մնում դասերից։ Մարզպետարանի հոգեբանը ևս նշել է, որ երեխաները հոր հետ հուզական կապ չունեն, և կա հոր ու հորական ընտանիքի ազդեցությունը նրանց վրա։

Անահիտի խոսքով, ամեն դատական նիստից կամ իր օգտին կայացրած որոշումից հետո շփումը երեխաների հետ ավելի է դժվարանում և պակասում «Ես իրեն էլ եմ ասել, ուզում ես երեխաներին լուսին տար, ես գալու եմ, գտնելու եմ»։

«Բոլորը նստած են, ԴԱՀԿ-ի աշխատակիցները տան անդամներին ասացին, որ դուրս գան։ Խաչաձև հարցումներից պարզվում էր, որ երեխաները նեղացած են մայրիկից, որովհետև մայրիկը բաժանվել է հայրիկից։ Հարցնում էին՝ եթե միանան, մայրիկին կսիրե՞ք, ասում էին՝ այո, իհարկե»,- պատմում է Անահիտը։

Անահիտին հարցնում ենք, թե արդյոք չի ուզում հաշտվել նախկին ամուսնու հետ՝ հանուն երեխաների, պատասխանում է․ «Ինձ հետ արվել է ավելին, քան կարելի էր, կարմիր գիծը հատվել է, բոլոր դատարաններում եղել եմ, ամեն ինչի միջով անցնեմ։ Բայց ես ունեմ բարձր գիտակցում, որ ինքը իմ երեխաների հայրն է, և դա անջնջելի փաստ է»։ 

Բռնության դեպքերը՝ ծանր հետևանքներով

Կանանց նկատմամբ բռնության դեպքերը միայն ծեծով չեն սահմանափակվում։ Ուժի և վերահսկողության դրսևորումները տղամարդկանց կողմից հասնում են նաև սպանության։ 

Դեպք 1

2022-ի մարտի 11-ին լրատվամիջոցներում ամենաքննարկվող թեման Կոտայքի մարզի Զովունի գյուղում ամուսնու կողմից նախկին կնոջ սպանության դեպքն էր։ Այդ օրը Զովունիի դպրոցի մոտ 46-ամյա Արտակը հանդիպել էր նախկին կնոջը և նռնակով պայթեցրել էր թե՛ իրեն, թե՛ Նելլին։ Մահացածները 4 երեխա ունեն, երկուսն՝ անչափահաս: Հարազատները լրատվամիջոցներին պատմել են, որ նախկին ամուսինը շարունակաբար սպառնացել է կնոջը, վերջինս մի քանի անգամ դիմել է ոստիկանություն։ Նելլին դեպքից առաջ դիմել էր նաև Կանանց աջակցման կենտրոն, խոսել մասնագետների հետ, սակայն հրաժարվել էր տեղափոխվել և որոշ ժամանակ ապրել բռնության ենթարկված կանանց համար նախատեսված ապաստարանում՝ երեխաներին կրթությունից չզրկելու պատճառաբանությամբ։

Դեպք 2

Մեկ այլ դեպք գրանցվեց մայիսի 22-ին Գյումրի քաղաքում։ 42-ամյա կնոջ և նրա ամուսնու՝ Գյումրի քաղաքի 50-ամյա բնակչի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս, կնոջ բարեկամուհու ներկայությամբ, իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ որովայնի և ծնոտի շրջանում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

2018թ․-ի օգոստոսի 2-ին Խաչիկ Խաչիկյանը դանակի 7 հարվածներ է հասցրել նախկին կնոջը՝ Լուսինե Գևորգյանին, կինը կարողացել է ողջ մնալ միայն երեխայի սենյակում պատսպարվելու արդյունքում։ Լուսինեն և Խաչիկն ամուսնալուծվել են 2009-ին, մինչ այդ ապրել են Գավառում, սակայն ամուսնալուծությունից հետո, ինչպես Լուսինեն է նշել դատարանում տված իր ցուցմունքներում, նախկին ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ և խանդի հողի վրա ծեծել է իրեն։ Լուսինեն դիմել է Կանանց աջակցման կենտրոն։ 2 ամիս ապաստարանում անցկացնելուց հետո տեղափոխվել է Լոռու մարզի Յաղդան գյուղ։ Որոշ ժամանակ անց ամուսինը նրան ու երեք երեխաներին գտել է, նորից վիճել ու ծեծել է Լուսինեին։ Իսկ 2018-ի օգոստոսի 2-ի ուշ երեկոյան կրկին եկել է գյուղ և փորձել մտնել Լուսինեի տուն, հրելով կոտրել դուռը, նախկին կնոջ վրա լցրել աղաթթու, այնուհետև դանակի 7 հարված հասցրել կենսական նշանակության օրգաններին՝ գոռալով «տեսար, որ ես ասում էի կանեմ, կանեմ», «մեռիր»։ Նախկին ամուսինը կասկածել է, որ Լուսինեն երեխաների ներկայությամբ այլ տղամարդ է հրավիրում տուն։ Խաչիկը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։ 

Դեպք 3

Ռոման Նավասարդյանը 2021-ի փետրվարի 2-ին փորձել է սպանել իր կնոջը՝ սեփական բնակարանում։ Ռոմանը կնոջը հասցրել է դանակի 18 հարված, կինը ողջ է մնացել, բայց երկարատև բուժում անցնել։ Ռոմանը սպանության փորձն իրականացրել է անչափահաս երեխաների աչքի առաջ՝ առանց հիմնավոր պատճառի։

Դատարանում մեղքը չի ընդունել, և չի նշել սպանության փորձի որևէ դրդապատճառ։ Կինը ևս անակնկալի է եկել ամուսնու նման քայլից։ Ռոման Արամայիսի Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել սպանության փորձի համար և դատապարտվել ազատազրկման՝ 8 տարի ժամկետով:

Ինչ է անում պետությունը՝ բռնության ենթարկված կանանց պաշտպանելու համար

Հայաստանում բռնության ենթարկված կանանց պաշտպանող օրենքն ընդունվեց 2017թ.  դեկտեմբերին՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»։ Պետությունը պարտավորվեց ստեղծել աջակցման կենտրոններ և ապաստարաններ, որտեղ բռնության ենթարկված կանայք կստանան համապատասխան աջակցություն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեր հարցմանը պատասխանելիս հայտնել է, որ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ 2020թ.-ից սկսած մարզերում և Երևանում գործում են ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների և ապաստարանների ծառայություններ տրամադրող կառույցներ։ 11 հասարակական կազմակերպություն, որոնք ծածկում են ՀՀ ողջ տարածքը՝ մարզերը և Երևան քաղաքը, ընդգրկվել է նմանատիպ ծառայություններ մատուցելու համար։

Աջակցման կենտրոնների կողմից սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև այլ ծառայություններ են մատուցվել 2020-ին՝ 1067, 2021-ին՝ 1516, 2022-ի 1-ին եռամսյակին՝ 400 անձի։

Աջակցության կենտրոնների կողմից ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով՝ ՀՀ 2020, 2021թթ․ պետբյուջեից այդ նպատակով տրամադրվել է 66 մլն 684 հազար դրամ, իսկ 2022-ին՝ 62 մլն 479 հազար դրամ։

Ապաստարանի կողմից համապատասխան ծառայություններ են տրամադրվել․ 2020-ին տրամադրվել է 135 հոգու, 2021-ին՝ 160, 2022-ի առաջին եռամսյակին 40 անձի։

Ապաստարանների գործունեությունն ապահովելու նպատակով 2020-2021թթ․ պետական բյուջեից հատկացվել է 13 մլն 337 հազար դրամ, իսկ 2022-ին՝ 12 մլն 225 հազար դրամ։

Չնայած դեռևս 2017-ի դեկտեմբերի 28-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային (որը հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա) չորս վերապահումով և մոտ մեկ ամիս անց՝ 2018-ի հունվարի 18-ին, Ստրասբուրգում ստորագրել էր ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, այդուհանդերձ, Հայաստանը դեռևս չի վավերացրել այն։ Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում բուռն քննադատությունների և բողոքի ակցիաների առիթ է դարձել։ 

Ի՞նչ են անում աջակցման կենտրոնները

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Հասմիկ Գևորգյանը պատմում է, որ բռնության ենթարկված կինը թեժ գծի միջոցով դիմում է աջակցության կենտրոն, որտեղ կա սոցաշխատող, իրավաբան, հոգեբան։ Խոսակցության ընթացքում սոցաշխատողը գնահատում է, թե որքան բարձր է տվյալ իրավիճակի ռիսկայությունը, և ինչ աշխատանքներ պետք է պլանավորել ու իրականացնել: Կնոջ համաձայնությամբ՝ մշակվում է աշխատանքային ռազմավարություն, որը յուրաքանչյուր բռնության ենթարկված կնոջ դեպքում անհատական է։ Բարձր ռիսկ ունեցողներին աջակցության կենտրոնն ուղղորդում է ապաստարաններ։

Ապաստարանների գտնվելու վայրերը հանրային չեն, առանց ցուցանակների և հուշող որևէ պաստառի, քանի որ բռնարարները կարող են հետապնդել կանանց և կրկին բռնության ենթարկել։ Սակայն Հասմիկ Գևորգյանն ասում է, որ մարզերում բռնության ենթարկված կանայք խուսափում են դիմել մարզային կենտրոններ, այլ նախընտրում են մայրաքաղաքին մոտ գտնվել։

«Կինն իր բնակության վայրում չի դիմում աջակցման կենտրոն, հաճախ դիմում է Երևան, որովհետև ասում է՝ բոլորն ինձ այս տարածքում ճանաչում են: Այստեղ կա գաղտնիության հարց, հաճախ փոփոխվում են աջակցման կենտրոնների տարածքները, որ նման խնդրի առաջ չկանգնեն»,- ասում է Հասմիկ Գևորգյանը։

Որոշ կանայք, չնայած դիմում են աջակցության համար, սակայն շարունակում են ապրել բռնարարի հետ՝ մինչև որոշեն իրենց անելիքը:

«Ապաստարաններում մնալն ինքնանպատակ չէ։ Նպատակն է, որ կինը վերականգնվի ու վերադառնա հասարակություն, սոցիալիզացիա տեղի ունենա։ Ապաստարաններում կան ծրագրեր, հոգեբան, սոցաշխատող, բռնության ենթարկված կնոջ առողջական հարցերն են կարգավորվում։ Այդ ընթացքում փաստաբանը դիմում է դատարան՝ պաշտպանական որոշում ստանալու համար, որ բռնարարը մինչև մեկ տարի չմոտենա բռնության ենթարկված կնոջը»,- նշում է Հասմիկ Գևորգյանը։

Լինում են դեպքեր, երբ սոցիալական աշխատողը ռիսկի գնահատում է իրականացնում, և չնայած այն շատ բարձր է լինում՝ կինը, միևնույն է, մերժում է ապաստարանից օգտվելու հնարավորությունը:

Ապաստարանը նաև կացություն է տրամադրում կնոջ երեխաներին, քանի որ առանց երեխաների բռնության ենթարկված կինը լրացուցիչ հոգեբանական տրավմա կտանի:

«Որպես մասնագետ դու կարող ես բացատրել իրենց, առաջարկել այլընտրանքներ, լուծումներ, բայց չունես ոչ մի լծակ, որ ասես՝ չէ, ես քեզ տանում եմ ապաստարան և վերջ։ Չես կարող իրենց կամքին հակառակ գնալ»,- ասում է Հասմիկ Գևորգյանը։

Կինը կարող է ապաստարանում մնալ երեք ամիս, իսկ այդ ընթացքում աշխատողները պետք է լուծեն կնոջ առողջական, երեխաների կրթության հարցերը, հոգեբական աջակցություն ցուցաբերեն, գտնեն նրանց համար անվտանգ կացության վայր, լուծեն աշխատանքի հարցը։ 3 ամսվա ընթացքում, եթե այս հարցերը չեն կարգավորվում, և դեռևս մնում են անելիքներ, ապա կինը կշարունակի մնալ ապաստարանում մինչև դրանց լուծումը:

Այդուհանդերձ, երբ կինը դուրս է գալիս ապաստարանից, պետությունը չի շարունակում աջակցել նրան և հոգալ նրա կենսական անհրաժեշտության ծախսերը։ 2019-ին վարչապետի մարտի որոշմամբ՝ սահմանվել է «Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր ֆինանսական աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգը», համաձայն որի՝ բռնության ենթարկված անձանց տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ 50-ից մինչև 150 հազար դրամի չափով։

Գումարը տրամադրվում է կենսաապահովման նվազագույն կարիքները հոգալու համար. Բուժման և առողջության վերականգնման համար, աշխատանքի տեղավորման համար դասընթացների մասնակցելու, վարձակալությամբ ժամանակավոր կացարանի համար։ Սակայն այս աջակցությունը տրամադրվում է մեկ անգամ, ինչը նշանակում է, որ բռնության ենթարկված կինը միայն մեկ ամիս կարողանա բնակարան վարձել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ տրամադրել են տեղեկություններ այս կարգով հատկացված գումարների և շահառուների վերաբերյալ։ Մասնավորապես, ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով ՀՀ պետական բյուջեից 2020, 2021 և 2022 թթ նախատեսվել է 10 մլն դրամ, սակայն հատկացվել է ավելի քան 12 մլն դրամ։

Փաստացի 2020 թվականին ֆինանսական աջակցություն են ստացել 15 (իրացվել է 1,450 հազար դրամ), 2021 թվականին 77 (իրացվել է 7,250 հազար դրամ) և 2022 թվականի առաջին կիսամյակի դրությամբ՝ 41 (իրացվել է 3,400 հազ դրամ) ընտանիքում բռնության ենթարկված անձինք։ 

Կանանց նկատմամբ բռնության քննված դեպքերի 5 տոկոսն է հասնում դատարան  

Կանանց նկատմամբ բռնության կատարման դեպքերի վիճակագրություն վարում է միայն ոստիկանությունը: Դիմել էինք նաև Քննչական կոմիտե՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե  2017-2022 թթ․ ընթացքում ընտանիքում կանանց նկատմամբ բռնության քանի գործ է հարուցվել, ինչ ընթացք են ստացել այդ գործերը: Հարուցված գործերից քանի՞սն է ավարտվել հաշտությամբ, քանի՞սը` մուտք եղել դատարան, քանիսո՞վ են գործերը կարճվել կամ կասեցվել, քանիսո՞վ են կայացվել մեղադրական դատավճիռներ: Քննչական կոմիտեն հայտնել է, որ վիճակագրություն չի վարում։

Վիճակագրություն չուներ նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։  Բարձրագույն դատական խորհուրդը դատական վարույթների ընթացքի վերաբերյալ ևս վիճակագրություն չի վարվում, և չկա պատկեր, թե ընտանեկան բռնություն գործած անձանցից քանիսն է դատապարտվել, քանիսն է արդարացվել, և ինչ պատիժներ են կիրառվել, ինչպես նաև քանի դեպքում է դատարանում հաշտություն եղել տուժողի և ամբաստանյալի միջև։

Ոստիկանության՝ մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ 2017-ից մինչ 2022թթ․ (2022թ․-ն ընդգրկում է առաջին հինգ ամսվա տվյալները) տարեկան միջինում ընտանեկան բռնության 430 դեպք է քննվել, ընդ որում՝ 2017-2018թթ․ ավելի շատ, քան հաջորդող տարիներին։ Քննված դեպքերից ընդամենը միջինում 24 % դեպքերով է քրեական գործ հարուցվել, 76 % դեպքերով քրեական գործի հարուցումը մերժվել է։

Հարուցված քրեական գործերից ընդամենը 23 %-ն է գնում դատարան, որը ընդհանուր քննված գործերի 5 %-ն է։ 77 % դեպքերը կարճվում է ընթացքում։ Կարճված դեպքերի 28 %-ի հիմքում՝ բռնության ենթարկվածը կամ տուժողը հաշտվում է կասկածյալի կամ մեղադրյալի հետ։ 

Կանանց նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ վիճակագրություն
Infogram

Հասմիկ Գևորգյանի կարծիքով՝ «հաշտություն» տերմինը պետք է հանել օրենքից, քանի որ հաճախ հաշտություն կնքվում է ճնշումների ազդեցության տակ։

«Մեր համակարգը շատ թերություններ ունի, կինն անպաշտպան է։ Եթե երեխաները բռնարարի մոտ են, նա կարողանում է այս հիմքով ազդել կնոջ վրա՝ գնա, հետ վերցրու բողոքդ, ես թույլ կտամ տեսակցել երեխաներին կամ մեկը կմնա քեզ մոտ։ Հաշտության հիմքերից մեկն էլ տնտեսական կախվածությունն է բռնարարից՝ կանայք չգիտեն ուր գնան, ինչպես գնան, ընտանիքը քննադատում է»,- ասում է Հասմիկը:

Տիկին Աննան բժշկուհի է։ Ընտանիքում հոգեբանական ծանր բռնություններից հետո կորցրել է կացության վայրը, աշխատանքը, հարազատների աջակցությունը և հայտնվել փողոցում։ Ընկերուհու միջոցով դիմել է կանանց աջակցության կենտրոններից մեկը և մասնագետների օգնությամբ կարողացել վերականգնվել։ Վերապատրաստվել է կենտրոնի օգնությամբ, աշխատանքի տեղավորվել Հայաստանի հեռավոր մարզերից մեկում և տեղափոխվել այդ մարզ։ Իր բոլոր ծախսերն այժմ ինքնուրույն կարողանում է հոգալ։ «Նույնիսկ խնջույքների եմ արդեն կարողանում գնալ»,- ծիծաղում է տիկին Աննան։ Մինչդեռ վստահաբար նշում է, որ պետությունը որևէ կերպ չի աջակցում բռնության ենթարկված կանանց, ավելին, հենց պետության բարձիթողության պատճառով է նաև, որ ինքը հայտնվել էր նման ծանր իրավիճակում։

Սոցիալապես անապահով կանանց հաճախ տնտեսական կախվածությունն է կրկին վերադարձնում բռնարարի մոտ, և հաշտության դեպքերը նաև դրանով են պայմանավորված։ 

Ինչպես է պաշտպանվում բռնության ենթարկված կինը

Բռնության ենթարկված կինը, երբ դիմում է ոստիկանություն, ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքը նախատեսում է անհետաձգելի պաշտպանություն կիրառել նրա նկատմամբ։ Այսինքն՝ դա չի վերաբերում միայն կնոջը, այլ եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Անհետաձգելի միջամտության որոշմամբ հարկադրվում է ընտանիքում բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության տարածքից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը, որոշակի հեռավորություն պահպանել բռնության ենթարկված անձից, որևէ կապի միջոցով չշփվել նրա հետ։ Ոստիկանությունն էլ պարտավորվում է հսկողություն իրականացնել, որպեսզի այդ որոշման կատարումն ապահովվի։ Անհետաձգելի միջամտության որոշման գործողության ժամկետը չի կարող գերազանցել քսան օրը։

Բացի սրանից, բռնության ենթարկվածին օրենքը նաև պաշտպանական որոշման հնարավորություն է տալիս, որը կայացնում է դատարանը։ Պաշտպանական որոշումը կայացվում է մինչև 6 ամիս ժամկետով, և կարող է դրա անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան դիմումի հիման վրա դատարանի պատճառաբանված որոշմամբ 2 անգամ երկարաձգվել` յուրաքանչյուր անգամ առավելագույնը մինչև 3 ամիս ժամկետով:

«Անհետաձգելի պաշտպանության որոշում ստանալը դատարանում երկարատև է լինում, մենք դիմում ենք դատարան, դատարանը կարող է մինչև 3 ամիս վարույթ չընդունել այն, մինչդեռ դատարանը պիտի այս որոշումը շատ արագ կայացնի։ Պետտուրքի հարցը պիտի հստակեցվի՝ ով պետք է վճարի, մենք գտնում ենք, որ պետտուրք չպիտի լինի, քանի որ բռնության ենթարկված կինը փախնում է տնից, գրեթե առանց գումարի է մնում, օրենքը պիտի հստակեցնի սա»,- ասում է Հասմիկ Գևորգյանը։

Հասմիկ Գևորգյանի դիտարկմամբ, ոստիկանությունը թերևս պարտաճանաչ կիրառում է ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքը և անհետաձգելի պաշտպանական միջոց է կիրառում բռնության ենթարկված կանանց նկատմամբ։ Ոստիկանները նաև աջակցման կենտրոններ են ուղղորդում բռնության ենթարկված կանանց:

Սակայն իրավական համակարգը լիարժեք պատրաստված չէ ընտանեկան բռնության դեպքերի պատշաճ քննություն ապահովելու համար։ Հասմիկ Գևորգյանն ասում է, որ ոստիկանությունը նյութերը հանձնում է քննչական մարմնին, սակայն քննիչը քրեական գործը կարճում է։ Այդ պատճառով վիճակագրությամբ կարճված գործերի տոկոսը բավական բարձր է։

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը քրեական պատասխանատվություն չի ենթադրում բռնարարի նկատմամբ։ Ընտանեկան բռնությունն այդպիսով քրեականացված չէ։ ՀՀ օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն բռնարարի նկատմամբ սահմանվում է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, օրինակ՝ նախկին ՔՕ-ով դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը (117 հոդված), ծեծը (118 հոդված), ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը (119 հոդված)։ Այժմ հոդվածները վերանվանվել են՝ Ֆիզիկական ներգործություն (195 հոդված) և ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը (196 հոդված) և այլն։

«Քո պաշտպանը» փաստաբանական գրասենյակը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում իրականացրել է մշտադիտարկում՝ «Խոցելի խմբեր. դատապարտյալներն ու ընտանեկան բռնության ենթարկված կանայք դատարաններում», որի ընթացքում մի կողմից անդրադարձել են ընտանեկան բռնության ենթարկված անձանց, մյուս կողմից՝ դատապարտյալների իրավունքների պաշտպանությանը։ Մշտադիտարկվել է 2019-2021թթ․ քննված կամ քննվող 209 դատական գործ, որոնցից 174-ը՝ ընտանեկան բռնության դեպքով։

Մշտադիտարկման արդյունքում պարզված կարևոր հանգամանքն այն է, որ ընտանեկան բռնություններին վերաբերող քրեական գործերով գերակշռել են Քրեական օրենսգրքի նախկին 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցված գործերը, այնինչ հոգեկան ուժեղ տառապանք եզրույթը, որը նախատեսված էր քրեական նախկին օրենսգրքի 119 հոդվածով, իրավակիրառ նվազ պրակտիկա ունի։

Մշտադիտարկման արդյունքում եկել են այն եզրակացության, որ դիտարկած քրեական գործերն ու դատարանում իրականացվող քննությունը երկարատև է․ դատարաններում քրեական գործերը քննվում են միջինը 1,5-2 ամիսը մեկ պարբերականությամբ՝ հաճախ հանգեցնելով ողջամիտ ժամկետում գործերի քննության կողմերի իրավունքի ենթադրյալ խախտման: Փաստաբան Զարուհի Մեջլումյանի խոսքով՝ 2018-ից մինչ օրս շարունակվող դատական գործ կա ընտանեկան բռնության վերաբերյալ, և 4 տարի շարունակ այն ձգձգվում է։

Դատական նիստերը հիմնականում հետաձգվում են ամբաստանյալների, մեղադրողների նիստերին չներկայանալու, գործը քննող դատավորների արձակուրդում գտնվելու, այլ գործերով ծանրաբեռնված լինելու, դատական նիստերի օրերին արձակուրդ մեկնելու, այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառներով:

Հակառակ վերոնշյալ գործի՝ փաստաբանն իր պրակտիկայում առանձնացնում է մեկ գործ, որը տևել է մեկ օր։ Զ․ Մեջլումյանի կարծիքով՝ ոչ մեծ ծանրության գործերը հենց այդպես էլ պիտի քննվեն, որովհետև այդ գործերում ապացուցողական բազան քիչ է․ մեկ հատորանոց գործեր են, վկաները քիչ են։

Այդ գործով Հովիկ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2021թ. սեպտեմբերի 27-ին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բռունցքներով և օղու շշով հարվածներ է հասցրել Հասմիկ Բաբալարյանի մարմնի տարբեր մասերին։ Ամուսինը կնոջը մեղադրել է այլ մեքենա նստելու համար և ըստ տված ցուցմունքի՝ ընդամենը քաշել է ենթաօձիքից։ Հովիկը իրեն մեղավոր չի ճանաչել։ Ցուցմունքում նշել է, որ կապտուկները ինքը չի արել, հնարավոր է՝ կնոջ մորաքույրն է արել, որ ապացույց ունենա։ Հասմիկի խոսքով՝ ամուսինն իրեն մեղադրել է տուն այլ մարդ հյուրընկալելու համար և հատվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ օրը օգտագործել է ոգելից խմիչք։ Այս գործով դատաքննությունը մեկ օր է տևել։ Հովիկ Գաբրիելյանը դատապարտվել է՝ ՔՕ 118 հոդվածով՝ վճարելով 50.000 դրամի չափով տուգանք:

«Ասաց՝ ես միայն ենթաօձիքից եմ քաշել, հարցին՝ եթե ձեր կինը ձեզ կասկածեր անհավատարմության մեջ, ինքը կարո՞ղ էր ձեր ենթաօձիքից քաշել։ Պատասխանեց՝ ոչ, որովհետեւ ինքը կին է, և դատավորը հասկացավ խտրական էլեմենտը, տիպիկ ընտանեկան բռնության դեպք էր, ուժի և վերահսկողության կրողը տղամարդն էր»,- հիշում է փաստաբան Մեջլումյանը։

«Ընտանեկան բռնության գործերով պետք է արագ քննություն իրականացվի, քանի որ ուշացրած արդարադատությունն արդեն արդարադատություն չէ։ Իսկ սպանության գործերով ծանր մարմնական վնասվածքի դեպքում, սեռական անձեռնմխելիության դեմ հանցանքների գործերը պետք է պատշաճ ու բազմակողմանի քննվեն»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Զարուհի Մեջլումյանը։

Մշտադիտարկման արդյունքներով ևս նշվել է, որ ընտանեկան բռնության դեպքերով քրեական գործերը շատ հաճախ ավարտվում են հաշտությամբ, սակայն հետագայում չի կատարվում դեպքերի մշտադիտարկում՝ արդյոք բռնության շղթան՝ պարբերականությունն այլևս չկա, թե տուժողը ստիպված է հաշտություն կնքել ինչ-ինչ պատճառներով, օրինակ՝ ֆինանսական կախվածության կամ երեխաներին չտեսնելու սպառնալիքի ներքո: 

Շեշտը պետք է դնել կնոջ հզորացման վրա

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն բռնության ենթարկված կանանց և բռնարարների հետ փորձել է տարբեր մեթոդներով աշխատանքներ տանել։ Հասմիկ Գևորգյանն ասում է, որ բռնարարների հետ ևս փորձել են աշխատել, սակայն արդյունքը եղել է միայն այն, որ ծեծելու քանակն է նվազել։

«Ավելի շատ շեշտը պիտի դնել կնոջ հզորացման վրա, եթե բռնարարը գիտի, որ կինը կգնա դատարան, ոստիկանություն, ապա կարող է դադարեցնել բռնությունը։ Կինը որոշում է կայացնում և հեռանում է բռնությունից»,- ասում է Հասմիկը։

Ձևավորված կարծրատիպը, որ բռնության ենթարկված կանայք սոցիալապես անապահով ընտանիքներից են, չի համապատասխանում իրականությանը: «Բռնության ենթարկված կանանց մեջ կան բժիշկ, քննիչ, բանկում, միջազգային կառույցներում աշխատողներ, կրթական մակարդակի ու սոցիալական խավի հետ բռնությունը կապ չունի: Հարուստ ընտանիքներն ավելի փակ են, և այդ ընտանիք մուտք ու ելք չկա։ Նրանց ամուսինները հաճախ ազդեցիկ են և կարող են ազդել իրավապահ համակարգի վրա, այդ պատճառով է, որ այս խավում չեն երեւում բռնության ենթարկված կանայք»,- մեկնաբանում է Հասմիկ Գևորգյանը։

2022-ի մայիսին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում ներկայացել է «Հայաստանի Հանրապետությունում ընտանիքում բռնության դեմ պայքարի 2023-2025 թվականների ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» նախագծային փաթեթ։ Ռազմավարության մեջ առաջարկվում է անդրադառնալ օրենսդրական փոփոխություններին, իրականացնել մարզային ծրագրեր, աշխատել մարզերի սոցաշխատողների, դպրոցի ուսուցիչների հետ, ընտանեկան բռնության վերաբերյալ բարձրացնել մարդկանց տեղեկացվածության մակարդակը։

Ռազմավարության մեջ նշվում է, որ Ընտանիքում բռնության դեպքերի վիճակագրության ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է ընտանիքում բռնության բոլոր դեպքերը քննել հանրային մեղադրանքի կարգով և այդպիսով վերացնել հաշտության հիմքով քրեական գործի կարճման պրակտիկան։ Այսինքն՝ անկախ նրանից տուժողը ունենալու է բողոք, թե ոչ, քրեական վարույթ է սկսվում։

Ռազմավարությամբ նախատեսվում է ձևավորել ընտանիքում բռնության դեպքերին Երևան քաղաքի և մարզային միջգերատեսչական արձագանքման մեխանիզմ (առանձնակի ուշադրություն դարձնելով առավել բարդ դեպքերին), այդ թվում` բարելավել ռիսկերի գնահատման և կառավարման մեխանիզմները, որի շնորհիվ Ընտանեկան բռնության դեպքերը կարձանագրվեն և արձագանք կստանան։ Կիրականացվեն քննարկումներ և տարբեր այլ միջոցառումներ հանրության իրազեկվածության բարձրացման համար։

Իսկ պաշտպանության համար նախատեսվում է ընտանիքում բռնության դեմ պայքարի հարցերով միասնական թեժ գծի գործարկում, որի միջոցով հնարավորինս կապահովվի ընտանիքում բռնության դեմ պայքարի վերաբերյալ պետության կողմից մատուցվող ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունը: Ինչպես նաև այս հարցերով զբաղվող կազմակերպությունների ծառայության որակի բարելավում, ապաստարանների բարելավում։ Բարելավել և ընդլայնել տուժողներին տրամադրվող բժշկական ծառայությունները, որոնց բուժումը կֆինանսավորի պետությունը:

Հերոսների՝ Անահիտի և Աննայի անունները փոխված են իրենց խնդրանքով։

Նյութի պատրաստմանն աջակցել է Ամալյա Մարգարյանը: 

Գլխավոր լուսանկարը` Ամալյա Մարգարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter