HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանում բռնության զոհ դարձած կանանց ճակատագիրը

«Հետքը» վրացի գործընկեր Studio Monitori հետ ուսումնասիրել է Հայաստանում և Վրաստանում ընտանեկան բռնության ենթարկված կանանց ճակատագրերը՝ պարզելու, թե ինչպե՞ս են հանգուցալուծվում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերը, բռնության ենթարկված կանայք ի՞նչ աջակցություն են ստանում և որքանո՞վ են պաշտպանված պետության կողմից։

Հայաստանյան պատմությունը կարդացեք այստեղ՝ «Երջանիկ ընտանիք» վարագույրի հետևում։

Որքանով են Վրաստանի իշխանություններն օգնում կանանց, որոնք դարձել են բռնության զոհ։ Արդյոք ընդլայնվո՞ւմ են նրանց տնտեսական հնարավորությունները և իրավունքները։ Որքանով է համակարգն աջակցում բռնության ենթարկված կանանց ոտքի կանգնել և ամրանալ։

Այս հարցերի պատասխանները որոնելիս հայտնաբերեցինք, որ բռնության ենթարկված կանանց աջակցման համակարգը կայացած չէ։ Ըստ փորձագետների՝ բռնության ենթարկված շատ կանայք դեռևս չեն կարողանում ստանալ երկարատև սոցիալական ապաստան, բնակարանի վարձավճար, միանվագ փոխհատուցում, ալիմենտ, աշխատանքի տեղավորման երաշխավորություններ։ Կանանց մի մասը, որ ի սկզբանե փախել են բռնարարից, ստիպված է վերադառնալ բռնության միջավայր։ 

1Մինչ ապաստարան

 Թինաթինի պատմությունը 

«Մի անգամ մենք միասին հարսանիքի էինք մասնակցում։ Խնջույքն արդեն մոտենում էր ավարտին։ Ընտանիքի անդամներն ինձ մոտ անծանոթ մարդկանց նստեցրին։ Հանկարծ ինքն ինձ հրամայեց վեր կենալ սեղանից, ասելով՝ տուն գնալու ժամանակն է։ Իսկ ճանապարհին նախատեց ինձ․ «Ինչո՞ւ հանկարծ այդ հյուրերը հայտնվեցին»: Ես ասացի՝ ինչո՞ւ ես բարկանում, ինչո՞ւ ես ինձ նախատում։ Չէ՞ որ տան տերերն են բերել այդ հյուրերին։ Ինչո՞ւ ես դրա համար անհանգստանում։ Հենց այդ խոսքերի համար նա ինձ ծեծեց մեր երկու երեխաների աչքի առաջ։ Ես մինչև հիմա լսում եմ երեխաների լացը։ Ես ձեռքերով փակեցի դեմքս, իսկ ինքը երկար և անխնա հարվածում էր ինձ բռնուցքներով։ Ֆիզիկական ցավը, ամեն դեպքում, անցնում է, նույնիսկ հետքեր չի մնում, բայց ամենօրյա անտանելի ստորացումները վիրավորում են շատ ավելի խորը»։

Բռնության ենթարկված կինը պատմում է մեզ այն կյանքի մասին, որը տևել է 16 տարի։ Նա չէր էլ պատկերացնում, որ իր ընտանիքը երբևէ կքանդվի։ Սակայն քրոջ օգնությամբ կարողացել է դուրս պրծնել բռնարարի ձեռքից։ Մի քանի ամիս անց Թինաթինը հաշտվել է ամուսնու հետ։ Բայց մի քանի օր անց կրկին բռնության է ենթարկվել ամուսնու կողմից։

«Նա հարվածեց դեմքիս և թքեց ինձ վրա։ Ես մտա Facebook և անանուն հրապարակում թողեցի։ Ինձ պատասխանեցին, թե ինչ կարող եմ անել»,- պատմում է Թինաթինը։

Վերջինս իր երեխաների հետ տեղափոխվում է ապաստարան։ Իսկ բռնարարի նկատմամբ քրեական գործ հարուցվում է բռնության և սպառնալիքի փաստերով։

Համաձայն Վրաստանի ներքին գործերի նախարարության քրեական վիճակագրության տվյալների՝ ընտանեկան բռնությունն ամենատարածված հանցագործությունն է Վրաստանում, գողությունից հետո։ Օրինակ՝ 2019թ․-ին ընտանեկան բռնության հոդվածով հարուցվել է 4867 գործ, 2020թ․-ին՝ 5204 գործ, 2021թ․-ին՝ 4767։

Մի քանի տարի շարունակ միջազգային կազմակերպությունների հաշվետվություններում գենդերային հավասարությունն ապահովելու և կանանց հնարավորություններն ու իրավունքներն ամրապնդելու իշխանությունների ձեռնարկած քայլերը գնահատվել են որպես նշանակալի առաջընթաց։

1994թ․-ին Վրաստանը վավերացրել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան (CEDAW)։ 2006 թվականին Վրաստանի խորհրդարանը հաստատել է Գենդերային հավասարության պետական ​​հայեցակարգը։ Նույն թվականին ընդունվել են մի շարք կարևոր օրենքներ, այդ թվում՝ «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության մասին» օրենքը։ 2009 թվականին ստեղծվել է Թրաֆիքինգից տուժածների և զոհերի աջակցության և պաշտպանության պետական հիմնադրամը։ 2010թ-ին ստեղծվել է բռնության ենթարկվածների համար նախատեսված առաջին ապաստարանը։

2017 թվականին Վրաստանի կառավարությունը վավերացրել է Ստամբուլի կոնվենցիան (Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա):

Այսօր մի խումբ ակտիվիստներ դիտարկում են, թե ինչպես է կիրառվում օրենսդրությունն ու իրականացվում կանանց իրավունքների պաշտպանությունը։ Իրենց հաշվետվություններում նրանք նշում են, որ չնայած օրենսդրության հաջող ներդաշնակեցմանը, կիրառման տեսակետից դեռևս լուրջ խնդիրներ կան։

Կանայք, որոնք բռնության են ենթարկվել, առաջին հերթին պետք է զոհի կարգավիճակ ունենան։ Այդ կարգավիճակը ստանալու համար նրանք պետք է դիմեն Գենդերային հավասարության հանձնաժողովին, դատարան կամ Ներքին գործերի նախարարություն։

Կանանց մեծ մասը դիմում է Ներքին գործերի նախարարություն։ Համաձայն 112 ծառայության վիճակագրության՝ ընտանեկան բռնության և կոնֆլիկտների դեպքերի թիվը գերազանցում է 18 000-ը։ Բացի դրանից, ոստիկանությունը 9300 դեպքով արգելանքի հրաման է կիրառել։

Ակտիվիստները հաղորդում են, որ ոստիկանությունը հաճախ ընտանեկան բռնության փաստերի հետաքննությունը և գործը վարում է խախտումներով։ 

Ցիրա Ջգերենաիյա, «Սապարի» միության իրավաբան։ «Մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ կանայք միաժամանակ և զոհ են, և բռնարար։ Բռնության վայր ժամանելով՝ ոստիկանությունը տալիս է արգելանքի հրամանը սկզբից տղամարդուն, այնուհետև նաև կնոջը։ Ներքին գործերի նախարարությունում դա կոչվում է խաչաձև արգելանք։ Ի՞նչ նպատակներով է տղամարդն օգտագործում այդ արգելանքի հրամանը։ Քրեական գործի հարուցման դեպքում տղամարդու փաստաբանն օգտագործում է այդ հրամանը հօգուտ բռնարարի։ Եթե որոշվում է երեխայի մշտական բնակության վայրի հարցը, բռնարարը սկսում է պնդել«Ահա հրամանը, նա նույնպես հրեշտակ չէ»»։

«Սապարի» միության իրավաբանն ասում է, որ ոստիկանությունն արգելանքի հրամանը տալիս է այն պարագայում, եթե կինը հակադարձում է ամուսնուն։ «Գիտե՞ք՝ որոշ ոստիկանների մոտ ինչպիսի պատկերացումներ կան։ Կարծես կանայք իրավունք չունեն  իրենց պաշտպանելու կամ բռնարարին հակադրվելու»։

Ցիրա Ջգերենաիյան նաև պատմում է ոստիկանության կողմից մեկ այլ խախտման դեպքի մասին։ «Մենք նաև մի դեպք ունենք, երբ ամուսինը հարվածել է կնոջը հոր, հորեղբոր և ոստիկանի ներկայությամբ։ Ոստիկանը հարցրել է կնոջը՝ բողոքելու ես։ Կինը պատասխանել է՝ ոչ։ Եվ ոստիկանը քրեական գործ չի հարուցել»։

Ներքին գործերի նախարարությունը մեզ տրամադրել է որոշակի տեղեկատվություն աշխատակիցների զարգացմանն ուղղված միջոցառումների մասին։ 2018-2021թթՆԳՆ շուրջ 14400 աշխատակից անցել է հետևյալ թեմաներով ուսուցողական կուրսեր «կանանց նկատմամբ բռնության և/կամ ընտանեկան բռնության դեմ պայքարի իրավական մեխանիզմներ»։ «Բացի դրանից, ՆԳՆ ակադեմիայում գենդերային հավասարության հետ կապված հարցերը դասավանդվում են տարբեր ծրագրերի և վերապատրաստման դասընթացների շրջանակներում»։

Բռնության ենթարկված կինը մեզ պատմում է դատախազության հետ առնչվելու իր փորձի մասին։ Բռնարարի նկատմամբ արդեն քրեական գործ էր հարուցվել, երբ դատախազը զանգահարել և խնդրել է մեղմացնել ցուցմունքները, որպեսզի կանխի բռնարարի պատիժը։

«Կին դատախազը զանգում և ասում է ինձ«Ուզում եք, որ նրան (բռնարարին) խիստ պատժե՞ն։ Բայց չէ՞ որ այդ մասին կիմանան ձեր անչափահաս երեխաները»։ Ես ծիծաղեցի, քանի որ դատախազը, փաստորեն, առաջարկում էր հրաժարվել նրան ձերբակալելուց։ Ես չհամաձայնեցի և հարցրի դատախազին«Եթե նա ազատ արձակվի և կրկին ալկոհոլ օգտագործի, պաշտպանվածության ինչ երաշխիքներ կունենամ»։ Դատախազը պատասխանեց«Դրանից ոչ ոք ապահովագրված չէ»»։

Չնայած գլխավոր դատախազի ներկայացուցիչ Սալոմե Շենգելիան հրաժարվեց կոնկրետ դեպքերը մեկնաբանելուց, նա ամեն դեպքում ձեռնարկված միջոառումների վերաբերյալ ընդհանուր բնույթի տեղեկություններ հաղորդեց«Այս փուլում մենք 209 դատախազ ունենք, որոնք մասնագիտացած են ընտանեկան բռնության դեպքերով Վրաստանի ողջ տարածքում։ Նրանք ամեն տարի վերապատրաստվում են, և այդ գործընթացը շարունակական է»։ 

2Ապաստարանում

Զոհի կարգավիճակ ստանալուց հետո կանայք, որոնք գնալու տեղ չունեն, դիմում են ապաստարանի համար։ Իրավապաշտպանները պնդում են, որ ապաստարանը, համեմատած այլ փուլերի հետ, բռնության ենթարկված կանանց հոգեբանասոցիալական վերականգնման գործընթացի ամենակազմակերպված օղակն է, չնայած այստեղ էլ խնդիրներ կան։

2020թՎրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է մի ուսումնասիրություն, որը հիմնված է ընտանեկան բռնության և թրաֆիքինգի ենթարկված զոհերի, ինչպես նաև Վրաստանի տարածքում առկա բոլոր ապաստարանների և ճգնաժամային կենտրոնների մոնիտորինգի արդյունքների վրա։ Այդ մոնիտորինգը իրականացվել է 2019 թվականին։ Ուսումնասիրությունում ընդգծվել է հետևյալը

  • Առանձնահատուկ խնդիր է հոգեբանասոցիալական վերականգնողական, կրթական և աշխատանքի տեղավորման ծրագրերի, ինչպես նաև ժամանցի, սպորտային և կրթական իրադարձությունների սահմանափակությունը։
  • Որոշ դեպքերում խնդրահարույց է սեզոնին համապատասխան հագուստով և կոշիկներով ապահովելու հարցը։
  • Որոշ ապաստարաններում հայտնաբերվել է դեղորայքով ապահովելու խնդիր։ Որոշակի խնդիրներ հայտնաբերվել են սննդի բազմազանության և մթերքի վաղեմության ժամկետների վերահսկողության հարցերում։
  • Ապաստարաններում նաև սանիտարահիգիենիկ կանոններին հետևելու խնդիր կա։ Որոշ ապաստարաններում հատկապես խնդրահարույց են հակասանիտարական վիճակները զուգարաններում։ 

Մենք այցելեցինք Բռնության դեմ պայքարի ազգային ցանցի ապաստան։ Սոցիալական աշխատող Թինաթին Գիորգաձեն պատմում է բռնության ենթարկված կանանց համար նախատեսված տարբեր ոլորտներում մասնագիտացված թրեյնինգների մասին, որոնց նպատակն է նրանց աշխատանքի տեղավորելը։ Այդ կանանց նաև տրամադրվել է հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն՝ իրավական և առողջապահական հարցերը կարգավորելու համար։

Բռնության ենթարկված կին«Ես 38 տարեկան, սովորական տնային տնտեսուհի եմ։ Հիմա ուսումնասիրում եմ քիմիա և կենսաբանություն (ինձ ֆինանսավորում է ապաստարանը)։ Ուզում եմ քոլեջ ընդունվել և բուժքույր դառնալ։ Պետք է հանձնեմ ազգային քննությունները։ Հուսով եմ, որ կհանձնեմ և կընդունվեմ»։

Կառավարությունը ֆինանսավորում է այս ապաստարանը վաուչերային սկզբունքով՝ այդպիսով ծածկելով 15 անձի ֆինանսական ծախսերը։ Խնամակալության պետական գործակալությունը յուրաքանչյուր անձի համար վճարում է միջինը 39 լարի (5700 դրամ)։ «Այդ գումարը, որը վաուչերի տեսքով է տրամադրվում, ծածկում է միայն կոմունալ ծախսերը»,- հայտարարում է ապաստարանի կառավարիչ Իյա Խուցիշվիլին։

Կառավարության կողմից այլ տիպի աջակցություն գործնականում չեն ստանում։

«Երկու տարի շարունակ տեղական ինքնակառավարման մարմիններին խնդրում ենք մեզ համար կառուցել մանկական խաղահրապարակ։ Բերեցին ինչ-որ օգտագործված գույք, դեռ զգուշացրին էլ, որ չմոնտաժենք, քանի որ անվտանգ չէ։ Հետո մենք երկար ժամանակ դիմում էինք, որ այդ գույքը տանեն և ազատեն բակը»,- պատմում է Իյա Խուցիշվիլին։

Բռնության ենթարկված կանայք, որոնք մանկահասակ երեխաներ ունեն իրենց հետ, չեն կարողանում աշխատել, քանի որ չկա մանկապարտեզ, որտեղ կթողնեին երեխաներին։ «Մանկապարտեզի բացակայությունը շատ մեծ խնդիր է այդ կանանց համար։ Այս պահին մենք համագործակցում ենք World Vision-ի մանկապարտեզի հետ, որը բացվում է առավոտյան և փակվում երեկոյան 9-ին և ընդունում է 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների։ Բայց այնտեղ էլ տեղերը սահմանափակ են։ Այդ պատճառով կանայք չեն կարող աշխատել»,- շարունակում է Խուցիշվիլին։

«Մենք երեք մանկահասակ երեխա ունենք, որոնց ուզում ենք մանկապարտեզում տեղավորել, բայց չենք կարող, քանի որ տեղ չկա»,- հայտնում է սոցիալական աշխատողը։

Ո՞ւր են գնում կանայք ապաստարանից հետո 

Վրաստանում ապաստարանում մնալու ժամկետը 1-ից մինչև 9 ամիս է։ Եթե բռնության ենթարկված անձին ավելի շատ ժամանակահատված է հարկավոր վերականգնվելու համար, նրան 8 ամիս են թույլ տալիս մնալ այնտեղ, իսկ մանկահասակ երեխա ունենալու պարագայում՝ մինչև 1 տարի։

Երբ բռնության ենթարկված կինը ստանում է ապաստարանում համապատասխան ծառայություններ, պետությունը պարտավոր է նրան տրամադրել երկարատև կացարան։ Դա կարող է լինել սոցիալական բնակարան կամ բնակարանի վարձավճար։ Պետությունը, սակայն, օրենսդրորեն չի ամրագրել այս պարտավորությունը։

«Ապաստարանից հետո պետք է գործի երկարաժամկետ բնակարանային ծառայությունների տրամադրման համակարգ՝ որպես սոցիալական բնակարանի աջակցություն կամ բնակվարձի վճարում։ Որոշ շրջաններում/մունիցիպալիտետներում այդպես էլ լինում է, բայց դա ոչ բոլոր տեղերում է նույն կերպ կիրառվում, և ամեն ինչ կախված է կոնկրետ շրջանի բարի կամքից, քանի որ պարտադիր պայման չէ։ Պետք է լինի նույն չափանիշը՝ կիրառվող բոլոր շրջաններում, պարտադիր բոլորի համար»,- ասում է ՄԻՊ-ի տեղակալ Էկա Սխիլաձեն։

Խնամակալության պետական գործակալությունը հայտնում է, որ վերջին 3 տարիներին Վրաստանի տարբեր շրջաններում ֆինանսավորում է տրամադրվել բռնության ենթարկված 36 կնոջ բնակարանի վարձավճարի համար, միանվագ նյութական օգնություն՝ 77 կնոջ։ 2020-2022թթբռնության ենթարկված 84 կին աշխատանքի է անցել։ Բացի դրանից, վերջին 3 տարիներին 55 կին տեղափոխվել է սոցիալական բնակարաններ։

Թամար Սաբեդաշվիլին պատմում է բռնության ենթարկված կանանց վերականգնման իսպանական փորձի մասին։ «Իրականության մեջ, ապաստարանից հետո այլ փուլ չկա։ Իսպանիայում հետևյալ համակարգն է գործումկինը կարող է մնալ ապաստարանում 6-8 ամիս։ Այնուհետև պետությունը նրան էժան վարկ է տրամադրում։ Եվ քանի դեռ բռնության ենթարկված կինը ոտքի չի կանգնել, համակարգն ամեն կերպ նրան աջակցում է՝ շուրջ 3 տարի»։

«Ես ֆիզիկական և հոգեբանական բռնության զոհ եմ։ Այնտեղից գնալով՝ ես հանգստություն ապրեցի։ Ես դուրս եկա այդ վիճակից։ Հիմա ես վախենում եմ այստեղից գնալ։ Ինձ անպաշտպան եմ զգում։ Ունենալով տանիք գլխիս՝ ես կկարողանայի աշխատանք գտնել»,- ասում է ապաստարանի բնակիչ Մզիյան։

Բռնության ենթարկված կանանց մի մասը վերադառնում է և շարունակում բնակվել բռնի  միջավայրում, քանի որ գնալու այլ տեղ չի ունենում։

«Կան շատ դեպքեր, երբ բռնության ենթարկված կանայք վերադառնում են իրենց ընտանիք: Մի կին ունեինք, որը երկու անգամ վերադարձել էր բռնարարի մոտ, բայց արդյունքում նորից մեզ մոտ հայտնվեց, արդեն երրորդ անգամ։ Վերջ ի վերջո նրա բախտը բերել էր, և մենք նրան աշխատանքի տեղավորեցինք դեսպանատներից մեկում՝ որպես մաքրուհի։ ՏԻՄ-ը նույնպես նրան աջակցեց։ 5 երեխա ուներ»,- պատմում է ապաստարանի ղեկավարը։

Խնամակալության պետական ծառայության տվյալներով, վերջին 3 տարիներին 23 կին կրկնակի դիմել է ապաստարան։

3Ժառանգություն 

Ժառանգության բաժանման խտրական փորձը մինչ օրս Վրաստանում գոյություն ունի։ Հետևապես, բռնության ենթարկված կանայք չեն կարող վերադառնալ հայրական տուն, քանի որ նրանց ընտանեկան ունեցվածքից ոչինչ չի տրվում։ Որպես կանոն, այդ ունեցվածքը թողնում են որդիներին։

«Հաճախ են մեզ մոտ գալիս կանայք և հայտարարում, որ գնալու տեղ չունեն։ Մանրամասն հարցաքննությունից հետո պարզ է դառնում, որ իրենց կենսաբանական ընտանիքները տուն ունեն, բայց իրենց համար այդ տան ճանապարհը փակ է»,- ասում է Էկա Սխիլաձեն։

Այդ ավանդույթի դեմ ակտիվիստները հանրային քարոզարշավ են սկսել՝ «Ես էլ եմ երեխա» խորագրով։ Քարոզարշավն իրականացնում են «Սապարի» միություն «Նաամբոբի» առցանց հարթակում։ Այդ հարթակում կանայք իրենց փորձն են կիսում։ Նրանցից մեկի՝ 14-ամյա աղջնակի պատմությունը հաստատում է, որ այդ արատավոր փորձը փոխանցվում է սերնդեսերունդ։

«Եղբորս դաստիարակելիս հայրս մշտապես կրկնում էր, որ կինը ամեն տեսակի չարիքի և պղծության աղբյուր է, և որ կանանց պետք է «օգտագործել» միմիայն սեռական/սեքսուալ նպատակներով։ Եղբայրս շատ լավ մարդ է (երևի մայրական կողմի գեներն ավելի ուժեղ էին), բայց նույնիսկ նա մինչև ոսկրածուծը շաղախված է այդ սեքսիստական ​​աշխարհայացքով։ Քույրս 11 տարեկան է, ես՝ 14, եղբայրս՝ 19։ Ինձ և քրոջս այսպես է ասում«Դուք պետք է որքան հնարավոր է շուտ այս տնից չքվեք»։

Վրաստանում կանանց և տղամարդկանց գույքային տարբերությունը հաստատվում է նաև վիճակագրական տվյալներով. տան սեփականության իրավունքը փաստագրված է տղամարդկանց 46.3%-ի և կանանց 33.4%-ի, գյուղատնտեսական հողի սեփականության իրավունքը՝ տղամարդկանց 30.6%-ի և 12.6% կանանց, այլ տեսակի գույքի նկատմամբ սեփականության իրավունքը՝ տղամարդկանց 10.6%-ի և 5.9% կանանց մոտ:

«Մեծ խնդիր է, երբ մարդ չունի հող, տուն և որևէ կապիտալ, երբ հնարավոր չէ տնտեսապես ամուր լինել։ Կանանց մասին հաճախ ասում են, որ գնալու տեղ չունեն։ Ոչ, նրանք ունեն գնալու տեղ։ Նրանք ծնողներ ունեն, բայց այդ տան ճանապարհը փակ է նրանց համար»,- ասում է «ՄԱԿ-ի կանայք» կազմակերպության ներկայացուցչի տեղակալ Թամար Սաբեդաշվիլին։

4Փոխհատուցում

Համաձայն եվրոպական երկրներում ընդունված փորձի՝ բռնության ենթարկված կինը բռնարարից ֆինանսական փոխհատուցում է ստանում։ Վրաստանում այդպիսի հնարավորություն կանայք չունեն։ Ստաբուլյան կոնվենցիան Վրաստանի իշխանություններին պարտավորեցնում է լուծել այս հարցը։ Վրաստանի կառավարությունը փոխհատուցման կանոնի ընդունումը հետաձգել է մինչև 2023 թվականը։ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը 2021թիր զեկույցում, որը ներկայացվել է Վրաստանի խորհրդարանին, դատապարտել է կառավարության այս քայլը։

5Ալիմենտ

Բռնության ենթարկված կանանց համար, որոնք շարունակում են իրենց երեխաների հետ ապրել, ալիմենտը պետք է ֆինանսական եկամտի աղբյուրը լինի, չնայած տղամարդկանց ճնշող մեծամասնությունը Վրաստանում խուսափում է ալիմենտ վճարելուց։

2020-2022թթՀարկադիր կատարման ազգային բյուրոն կատարման համար ընդունել է 1329 ալիմենտի գործ, որից միայն 351-ն է կատարվել։

Դատարանի որոշմամբ հաստատված ալիմենտը չվճարելը տնտեսական բռնության ձևերից մեկն է։

Գիորգի Ուրչուխիշվիլին ուսումնասիրել է այն գործոնները, որոնք խանգարում են կանանց ալիմենտի գործերով դատական վեճերը հասցնել վերջնակետին։ Խնդիրների շարքում առանձնանում են մշակութային և սոցիալական խոչընդոտները, որոնք ձգձգում են դատական վեճերը, կադրերի պակասը Հարկադիր կատարման ազգային բյուրոյում, տղամարդկանց կողմից կապերի օգտագործումը ալիմենտ վճարելուց խուսափելու համար, կանանց քիչ տեղեկացվածությունը։

Կանխարգելում

6Ուղղում 

Բռնության ենթարկված կանայք ՄԻՊ-ի ներկայացուցիչների հետ զրույցներում խոստովանել են, որ բռնարարները նույնպես հոգեբանական աջակցության կարիք ունեն։

«Շահառուները մատնանշում են հանցագործների վարքագիծը շտկելու անհրաժեշտությունը։ Հակառակ դեպքում, նրանց կարծիքով, բռնարարները,  քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո, նախկինի նման կշարունակեն վտանգավոր լինել իրենց համար»։

«Կանանց կենտրոն» միությունն աշխատում է բռնարարների վարքագծի շտկման ոլորտում։ Այս պահի դրությամբ նրանք 20 բռնարարի հոգեբանական աջակցություն են ցուցաբերում։ Այդ թիվն աննշան է՝ հաշվի առնելով այն փաստը, որ երկրում 18 հազար ընտանեկան բռնության դեպք է գրանցվել։

«Բռնարարների հետ աշխատանքի տեսակետից՝ Վրաստանը մի քանի տասնամյակ հետ է եվրոպական երկրներից։ Իսպանացիներն ունեն 18 տարվա փորձ, և հասել են մեծ հաջողությունների։ Վրաստանի կառավարությունը պետք է գիտակցի ուղղման հրատապությունը և սկսի իրականացնել համապատասխան ծառայությունների ապահովման ծրագրերի ֆինանսավորում»,- ասում է կազմակերպության ղեկավար Իյա Վերուլաշվիլին։

Էկա Սխիլաձեն պնդում է, որ իշխանությունները պետք է որոշակի ռեսուրսներ ներգրավեն բռնարարների վարքագծի ուղղման գործընթացի համար «Զսպումը, եթե այն հնարավոր է, ավելի կարևոր է կնոջ համար, քան առանձին ապրելը։ Վրաստանում այս մեթոդը, որը ներդրված է միայն քրեակատարողական համակարգում, կամավոր հիմունքների վրա է, այսինքն՝ կախված է բանտարկյալի կամքից»։ 

7  Կրթություն

«Կանանց նկատմամբ բռնությունը գենդերային անհավասարության ախտանիշ ու դրսևորում է։ Իսկ գենդերային անհավասարության դեմ պայքարի գործում մեծ դերակատարություն ունի ֆորմալ կրթության համակարգը»,- ասում է Թամար Սաբեդաշվիլին։ Եթե մենք փոխենք հասարակության պատկերացումներն ու նախապաշարմունքները, ժամանակի ընթացքում երկրում բռնության ենթարկված զոհերը կնվազեն։

Հետազոտողները, որոնք ուսումնասիրել են վրացական դպրոցական դասագրքերը այդ լույսի ներքո, եկել են այն եզրակացության, որ «մի քանիսն են պարունակում գենդերային հավասարության դրական սցենարներ, օրինակներ կամ լուծումներ»։ Հետազոտությունը նաև բացահայտել է կարծրատիպային մտածելակերպի բավականին շատ օրինակներ

«Կախան և Նանան կարդում են նույն գիրքը։ Կախան կարդացել է 54, իսկ Նանան՝ 38 էջ։ Ո՞ւմ է ավելի շատ էջեր մնացել կարդալու»։

Այդ խնդիրների միջոցով վրացի 4-րդ դասարանցիները պարապում են մաթեմատիկա առարկան, միաժամանակ ամրացնում են գենդերային կարծրատիպերը։ Մյուս առաջադրանքների պայմաններն ուսումնասիրելիս, պարզ է դառնում, որ կանայք և լողում են, և քայլում են ավելի դանդաղ, քանի որ նրանց ոտքերը կարճ են։ Նկարազարդումներում իգական սեռն ավելի քիչ է հանդիպում (66 տղա և 36 աղջիկ)։ Զբաղվածությունը նույնպես բաժանված է ըստ կարծրատիպերիտղամարդիկ աշխատում են բանկում, խաղում են շախմատ, կանայք մուրաբա են եփում և մասնակցում գեղեցկության մրցույթների։

Դասագրքերից բացի, գենդերային հավասարության հասնելու համար որոշիչ դերակատարում ունի ուսուցչի որակավորումը։ «ՄԱԿ-կանայք»-ի փորձագետ Ռուսուդան Չանտուրիան աշխատում է գենդերային մեյնսթրիմինգի վրա։ «Վրացական օրենսդրությունը, այդ թվում՝ ուսուցչի մասնագիտական չափորոշիչը, չի նախատեսում գենդերային հարցերի վերաբերյալ գիտելիքների անհրաժեշտությունը, ինչի հետևանքով, գենդերային հավասարության տեսակետից, ստեղծվում են խոչընդոտներ ուսուցչի կոմպետենցիայի կատարելագործման ճանապարհին»։

Ռուսուդան Չանտուրիան ասում է, որ այս տարվա հունիսին, Կրթության նախարարի հրամանի հիման վրա, ՄԱԿ-ը թողարկել է գենդերային մեյնսթրիմինգի հարթակ, որի նպատակն է գենդերային կարծրատիպերի հաղթահարումը և ուսուցիների ու աշակերտների շրջանում գենդերային զգայունության բարձրացումը։

Թամար Սաբեդաշվիլին ընդգծում է «կրթական համակարգում հավասարության ոգու ներդրման կարևորությունը։ Այդ տեսակետից պետությունը բավականին ուշացել է»։

Կարծրատիպերի ազդեցության չափը բացահայտված է «Կանանց նկատմամբ բռնության ազգային հետազոտություն» մեջ։ Համաձայն այդ հետազոտության, կանանց 74 %-ը չի դիմել օգնության համար ոչ մի գերատեսչության՝ իր ընկերոջ կողմից բռնության ենթարկվելու հարցով։ Բռնության ենթարկված կանայք դա բացատրում են երկու հիմնական պատճառովամենատարածված պատասխանն այն է, որ չեն ցանկացել խայտառակել ընտանիքը (25 %), երկրորդը վախն է հետևանքներից և ավելի ծանր բռնությունից (17 %)»:

Վրաստանում հազարավոր կանայք հանդուրժում են բռնությունը, քանի որ հույս չունեն, որ աջակցություն կստանան իրենց ընտանիքի, հասարակության կամ կառավարության կողմից։

Նինո Զուրիաշվիլի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter