HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Մինչև 2023թ. մարտի 10-ը ԵԱՏՄ երկրները կհաստատեն օրգանական արտադրանքի շուկայի ստեղծման համաձայնագիրը

ԵԱՏՄ երկրները նախատեսում են համաձայնագիր ստորագրել օրգանական գյուղատնտեսական ապրանքների ազատ առևտրի մասին. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել արտադրանքն օրգանական ճանաչելու կարգի մասին համաձայնագրի նախագծին։

Համաձայնագիրը սահմանում է Միության անդամ պետություններում վաճառվող օրգանական արտադրանքի մակնշման պահանջների միասնականացնում, ապրանքի մակնշման մեջ «օրգանական», «կենսաբանական», «էկոլոգիական» տերմինների համարժեք օգտագործում, ինչպես նաև՝ փաթեթեների վրա օրգանական արտադրանքի համապատասխանության միասնական նշանի մակնշում։ Փաստաթուղթը ԵԱՏՄ երկրներում ներպետական հաստատում կանցնի մինչև 2023թ. մարտի 10-ը։

Օրգանական գյուղատնտեսական արտադրանք՝ օրգանական գյուղատնտեսության վարման արդյունքում արտադրված կամ վերամշակված կենդանական ու բուսական ծագման մթերք ու հումք, ինչպես նաև վայրի բույսեր, որոնց շրջանառության փուլերում ապահովվում են տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները։

«Համաձայնագիրը հնարավորություն կտա ԵԱՏՄ շրջանակներում միասնականացնել օրգանական արտադրանքի արտադրության և մակնշման պահանջները, ինչը հիմք կհանդիսանա համապատասխանության վկայականների փոխադարձ ճանաչման և այդ ապրանքների ազատ շրջանառության համար,-ասել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։ - ԵԱՏՄ երկրների արտադրողների մուտքը ավելի քան 180 միլիոն սպառող ունեցող ընդհանուր շուկա լավ խթան կհանդիսանա ԵԱՏՄ-ում օրգանական հատվածի զարգացման տեմպերի աճման, օրգանական արտադրության դիվերսիֆիկացման համար»,-ասել է նա։

Դրան զուգահեռ, ԵՏՀ խորհուրդն ուսումնասիրել և ներկայացրել է օրգանական գյուղատնտեսության զարգացմանը պետական ​​աջակցության միջազգային փորձը։

Փաստաթուղթը պարունակում է տեղեկություն ոլորտի առաջատար երկրներում, ինչպես նաև՝ ԵԱՏՄ-ում օրգանական համաշխարհային շուկայի միտումների ու ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։ Բացի այդ, այնտեղ ներառված են առաջարկներ օրգանական գյուղատնտեսության ոլորտում ԵԱՏՄ երկրներին պետության կողմից ​​աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

«ԵԱՏՄ երկրների մեծ մասում այս ոլորտում ոլորտային օրենսդրությունն ընդունվել է համեմատաբար վերջերս՝ 2-3 տարի առաջ։ Ուսումնասիրության շրջանակներում մենք նպատակ ենք ունեցել ցույց տալու հեռանկարային օրգանական գյուղատնտեսության զարգացման պետական ​​քաղաքականության միջազգային փորձը՝ օրգանական արտադրանքի համաշխարհային շուկայի աճի և կլիմայական միջազգային օրակարգի համապատասխանության պայմաններում»,- ասել է Արտակ Քամալյանը:

Մասնավորապես, արտադրողին աջակցելու տարբեր գործիքների հետ մեկտեղ, առաջարկվում է համապատասխան մասնագետների պատրաստման համար կրթական ծրագրերի մշակել, ոլորտում գիտական ​​հետազոտությունների իրականացնել, ինչպես նաև՝ տեղեկատվական արշավներ անցկացնել սպառողների համար։

Ներկայումս Միության անդամ երկրներից ամեն մեկն ունի օրգանական արտադրանքի արտադրման և վաճառքի կարգավորման սեփական պահանջներն ու նորմերը, և այդ օրենսդրական ակտերում էական տարբերություններ կան, ինչը սահմանափակումներ է ստեղծում ԵԱՏՄ-ում օրգանական արտադրանքի ազատ շրջանառության համար:

Նշենք, որ դեռևս 2021թ․ օգոսոտոսի 20-ի N 16 որոշմամբ՝ Եվրասիական միջպետական խորհուրդը հաստատել էր ճանապարհային քարտեզ, որով ԵԱՏՄ-ում ստեղծվելու էր օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկա։

Օրգանական արտադրանքի սպառման համաշխարհային շուկան վերջին տասնամյակներին կայուն աճում է: Օրգանական գյուղատնտեսության եվրոպական գիտահետազոտական ​​ինստիտուտի (FiBL) տվյալների համաձայն՝ 2020թ 190 երկրներում սպառվել է 129 միլիարդ դոլարի արտադրանք, ինչը ռեկորդային ցուցանիշ է համարվում։

Օրգանական արտադրանքի սպառման շուկայի ավելի քան 80%-ը կենտրոնացած է Հյուսիսային Ամերիկայում (ավելի քան 57 մլրդ դոլար) և Եվրոպայում (56 մլրդ դոլար), ասիական շուկան գնահատվում է 13,5 մլրդ դոլար։

ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տարածքների տեսակարար կշիռը չի գերազանցում ԵԱՏՄ ընդհանուր վարելահողերի 1%-ը. առավելապես՝ հումքային արտադրություն է։

Սակայն ԵՏՀ փորձագետների գնահատմամբ՝ ԵԱՏՄ երկրների բնական պաշարների ներուժը թույլ կտա օրգանական գյուղատնտեսության ոլորտում իր ազդեցությունն ունենալ միջազգային շուկայում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter