HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ԵԱՏՄ-ում ստեղծվելու է օրգանական արտադրանքի միասնական շուկա

Եվրասիական միջպետական խորհուրդը հաստատել է ճանապարհային քարտեզ, որով ԵԱՏՄ-ում կստեղծվի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկա։ 

Սա, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, թույլ կտա Միության ադնամ երկրների հետ միասին մշակել միջպետական համաձայնագիր, որն էլ իր հերթին հնարավորություն կստեղծի ԵԱՏՄ տարածքում ազատ օրգանական գյուղմթերք տեղափոխել։

 Օրգանական գյուղատնտեսական արտադրանք՝ օրգանական գյուղատնտեսության վարման արդյունքում արտադրված կամ վերամշակված կենդանական ու բուսական ծագման մթերք ու հումք, ինչպես նաև վայրի բույսեր, որոնց շրջանառության փուլերում ապահովվում են տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները։

Այդ համաձայնագրի հիմնական դրույթներից է լինելու այն, որ միասնականացվելու են օրգանական ապրանքների արտադրության և մակնշման պահանջները, ինչը, ըստ ԵՏՀ-ի, կնպաստի օրգանական հավաստագրերի փոխադարձ ճանաչմանը։

«Համաձայնագիրը կմշակվի՝ հաշվի առնելով այս ոլորտում միջազգային փորձը, ինչը ապագայում կօգնի մեր պետությունների արտադրողներին ԵԱՏՄ-ից օրգանական արտադրանք մատակարարել արտաքին՝ պրեմիում շուկաներ»,- հայտնել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը:-Մասնավորապես, մենք նախատեսում ենք համագործակցել Օրգանական գյուղատնտեսական շարժման միջազգային ֆեդերացիայի (IFOAM) հետ»:- ասել է նա։

Ուսումնասիրվելու են նաև օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտադրությանը, ներմուծմանն ու շրջանառությանն առնչվող վիճակագրական և միասնականացման հարցերը։

Ներկայումս Միության անդամ երկրներից ամեն մեկն ունի օրգանական արտադրանքի արտադրման և վաճառքի կարգավորման սեփական պահանջներն ու նորմերը, և այդ օրենսդրական ակտերում էական տարբերություններ կան, ինչը սահմանափակումներ է ստեղծում ԵԱՏՄ-ում օրգանական արտադրանքի ազատ շրջանառության համար:

Ճանապարհային քարտեզի իրագործման վերջին փուլը կլինի Հանձնաժողովի առաջարկությունների պատրաստումը` ԵԱՏՄ-ում արտադրվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքի՝ երրորդ երկրների շուկաներ արտահանելու վերաբերյալ։

 «Մենք ակնկալում ենք, որ ճանապարհային քարտեզի ընդունումից և փուլ առ փուլ կիրառումից հետո Եվրասիական տնտեսական միությունում օրգանական արդյունաբերության և ագրոարդյունաբերական հատվածի զարգացման տեմպերը նկատելիորեն կբարձրանան,-նշել է Արտակ Քամալյանը։- Միասնական շուկայի պայմանները կնպաստեն արտադրության դիվերսիֆիկացմանը և օրգանական արտադրանքի վերամշակման խորացմանը՝ ԵԱՏՄ երկրների տնտեսվարող սուբյեկտների համագործակցության հիման վրա»,- ընդգծել է նա։

Նշենք, որ Օրգանական գյուղատնտեսության հետազոտական ​​ինստիտուտի (FiBL) տվյալների համաձայն՝ վերջին տասնամյակներում օրգանական ապրանքի միջազգային շուկան կայուն աճ է գրանցել՝ գերազանցելով 106 միլիարդ եվրոն:

Ներկայումս ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տարածքների տեսակարար կշիռը չի գերազանցում ԵԱՏՄ ընդհանուր վարելահողերի 1%-ը.  առավելապես՝ հումքային արտադրություն է։

ԵՏՀ փորձագետների գնահատմամբ՝ ԵԱՏՄ երկրների բնական պաշարների ներուժը թույլ կտա օրգանական գյուղատնտեսության ոլորտում իր ազդեցությունն ունենալ միջազգային շուկայում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter