HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կառավարության հաստատմանն է ներկայացվելու առողջության ապահովագրման ներդրման հայեցակարգը

Վաղը՝ փետրվարի 2-ին, Առողջապահության նախարարությունը Կառավարությանն է ներկայացնելու է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու հարցը։ 

Ըստ այդ հայեցակարգի՝ 2024թ.-ից Հայաստանում ներդրվելու է առողջապահության համապարփակ ապահովագրություն, և աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից ամսական գումար են հատկացնելու պետությանը՝ Հայաստանի բոլոր բնակիչների առողջությունն ապահովագրելու համար։

Իսկ եթե մարդ եկամուտ չունի, կամ միջինից ցածր է, բուժծառայությունը կֆինանսավորվի պետբյուջեից։ «Պետության համաֆինանսավորման չափը կորոշվի հաշվի առնելով շահառուների եկամուտները և վարքագիծը»,- նշված է ներկայացված նախագծում։

Վճարի չափը կախված է լինելու փաթեթում ներառված ծառայությունների ցանկից. եթե դրանք ավելանան, գումարը կավելանա և հակառակը։

2022թ.-ին քննարկման ժամանակ ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանն ասում էր, որ աշխատող քաղաքացիները կվճարեն 6% (որից 3-%-ը՝ գործատուն), սակայն ներկայացված նախագծում որևէ հստակ թիվ նշված չէ։

2019թ․ վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում աշխատում է բնակչության 21,6 %-ը, որի վրա էլ և ընկնելու է համընդհանուր ապահովագրության հիմնական բեռը։ Իհարկե, ապահովագրություն ունեցող 18-ից բարձր տարիքի մարդիկ օգտվելու են շատ ավելի մեծ ծառայությունների շրջանակից, սակայն նախագծի հիմնավորման մեջ ԱՆ նշել էր, որ Հայաստանում բնակչության մի մասը հաճախ աղքատանում է նաև առողջապահական ծախսերի պատճառով։

Այնուհանդերձ, նախագիծը մշակողների կարծիքով՝ համակարգի ներդրման շնորհիվ ոչ միայն կպակասի հիվանդացության, մահերի ցուցանիշը, այլև այն «կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանն ու տնտեսական աճին»։

Համապարփակ ապահովագրության փաթեթում ներառվել են տարբեր վիրահատական ծառայություններ, քաղցկեղի, սիրտ-անոթային հիվանդությունների բուժում, փոխպատվաստման, ստոմոտոլոգիական ծառայություններ, տարբեր սկրինինգային ծրագրեր, լաբորատոր-գործիքային հետազոտություններ, պալիատիվ խնամքի և այլ ծառայություններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Նշենք, որ փաթեթում ներառվել են այնպիսի ծառայություններ, որոնք մինչ ապահովագրումն էլ եղել են անվճար։

Ապահովագրությունը ներդրվելու է փուլային տարբերակով՝ 2024-2027թթ.ին։ 2023թ․ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նախապատրաստական փուլն է, 2024-2026թթ լինելու է փորձարկման տարի, 2027թ.-ից նախատեսվում է համակարգը լիարժեք ներդնել և կիրառել։

Նախագծի 20-րդ կետով սահմանված է, որ կախված հարկաբյուջետային հնարավորություններից՝ պետական բյուջեի հատկացումների ծավալից և փորձարկման փուլի տարեկան փաստացի ցուցանիշներից, փորձարկման փուլում բնակչության խմբերի ընդգրկման տեմպը կարող է փոփոխվել։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter