HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Եկամտից հավելավճար առողջության ապահովագրման համար. ներառված ծառայություններն ու ծրագրի ռիսկերը

2024թ.-ից Հայաստանում կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրություն. Առողջապահության նախարարությունն առաջարկում է, որ աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից ամսական գումար հատկացնեն պետությանը՝ Հայաստանի բոլոր բնակիչների առողջությունն ապահովագրելու համար։

Եթե մարդ եկամուտ չունի, կամ միջինից ցածր է, բուժծառայությունը կֆինանսավորվի պետբյուջեից, ինչը գոյանում է նաև նույն աշխատող քաղաքացիների վճարած հարկերից. «Պետության համաֆինանսավորման չափը կորոշվի հաշվի առնելով շահառուների եկամուտները և վարքագիծը»,- նշված է ներկայացված նախագծում։

ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանն ասում է, որ վճարի չափը կախված կլինի փաթեթում ներառված ծառայությունների ցանկից. եթե դրանք ավելանան, գումարը կավելանա և հակառակը։ 2022թ.-ին քննարկման ժամանակ փոխնախարարն ասում էր, որ աշխատող քաղաքացիները կվճարեն 6% (որից 3-%-ը՝ գործատուն), սակայն ներկայացված նախագծում որևէ հստակ թիվ նշված չէ։

2019թ․ վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում աշխատում է բնակչության 21,6 %-ը, որի վրա էլ և ընկնելու է համընդհանուր ապահովագրության հիմնական բեռը։ Իհարկե, ապահովագրություն ունեցող 18-ից բարձր տարիքի մարդիկ օգտվելու են շատ ավելի մեծ ծառայությունների շրջանակից, սակայն, որպես նախագծի հիմնավորում Առողջապահության նախարարությունը նշում է, որ Հայաստանում բնակչության մի մասն աղքատանում է հաճախ նաև առողջապահական ծախսերի պատճառով։

Նախագիծը մշակողների կարծիքով՝ համակարգի ներդրման շնորհիվ ոչ միայն կպակասի հիվանդացության, մահերի ցուցանիշը, այլև «կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանն ու տնտեսական աճին»։

Համապարփակ ապահովագրության փաթեթում ներառվել են այնպիսի ծառայություններ, որոնք մինչ ապահովագրումն էլ եղել են անվճար։ Ի՞նչ նոր ծառայություններ են ներառված այդ փաթեթում, ի՞նչ կստանան ապահովագրված և չապահովագրված քաղաքացիները, ի՞նչ ռիսկեր է պարունակում այս համակարգի ներդրումը։

«Հետք»-ն ուսումնասիրել է նախագիծը, հավելվածներն ու հիմնավորումները։

 

Հոդվածում կարդացեք՝

  • Միասնական ապահովագրության ներդրման փուլերը, նպատակն ու սպասվող արդյունքը
  • Ապահովագրման հիմնական ֆինանսական բեռը՝ 21,6% աշխատող քաղաքացիների վրա
  • Անբարեխղճության ռիսկերն ու անհայտ լուծումները
  • Ի՞նչ ծառայություններ են ներառված՝ ըստ տարիքի և ապահովագրության
  • Վիրահատություններ
  • Քաղցկեղի բուժում
  • Սիրտ-անոթային հիվանդությունների բուժում
  • Փոխպատվաստման ծառայություններ
  • Շաքարային դիաբետ
  • Էպիլեպսիա
  • Սկրինինգային ծրագրեր
  • Լաբորատոր-գործիքային հետազոտություններ
  • Ստոմոտոլոգիական ծառայություններ
  • Պալիատիվ բուժման և խնամքի ծառայություններ
  • Հղի կանանց համար տրամադրվող օգնություն
  • Այլ ծառայություններ
  • Անվճար տրամադրվող դեղեր

     

Միասնական ապահովագրության ներդրման փուլերը, նպատակն ու սպասվող արդյունքը

Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) նախագիծը պատրաստվել է դեռևս նախորդ տարի և հանրային քննարկման է դրվել 2023թ.-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

2023թ․ հունիսից սկսվելու է նախապատրաստման փուլը. բնակչության խմբերի և նրանց պետական համաֆինանսավորման չափաքանակների օրենքով ամրագրումը, ապահովագրվածների ռեեստրի ձևավորումն ու էլեկտրոնային փոլիսների թողարկումը։

Ապահովագրությունը ներդրվելու է փուլային տարբերակով։

2023թ․ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նախապատրաստական փուլն է, 2024-2026թթ լինելու է փորձարկման տարի, 2027թ.-ից նախատեսվում է համակարգը լիարժեք ներդնել և կիրառել։

Փորձարկման փուլում՝ 2024թ․-ին առողջական ապահովագրություն կունենան աշխատող քաղաքացիները, հաշմանդամություն ունեցող անձինք, 18-ից բարձր սոցիալապես անապահով խմբի քաղաքացիները, 18-ից ցածր երեխաները։

2025թ.-ից ապահովագրություն կունենան թոշակառուները, 2026թ.-ից՝ գյուղացիական տնտեսությունում զբաղվածներ, վարձու աշխատողները, ինքնազբաղված անձինք։ 2027թ․-ից կներառվեն արդեն բնակչության բոլոր խմբերը։

Այն մարդիկ, որոնք արդեն իսկ ունեն առողջության ապահովագրման փաթեթ, միևնույն է, պետք է մտնեն համընդհանուր փաթեթի մեջ։

ԱՀԱ ներդրման հիմնական նպատակը բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումն է:

Առողջապահության նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ նշում է, որ Հայաստանում բնակչության մի մասն աղքատանում է հաճախ նաև առողջապահական ծախսերի պատճառով։

Հայաստանում առողջական բնագավառի ֆինանսավորումը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շատ երկրների համեմատ քիչ է. վերջին 25 տարիներին այն կազմում է առողջապահության բնագավառի համախմբված բյուջեի ծախսերի 5.4%-ը կամ ՀՆԱ 1,4%-ը, որն առնվազն 4 անգամ պակաս է Հայաստանի հետ նույն եկամտային գոտում գտնվող երկրների միջին ցուցանիշներից։

Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանի բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է՝ ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում (տարածաշրջանային ցուցանիշը՝  7.4%, համաշխարհայինը՝ 12.7%

Որպես նախագծի արդյունք է ներկայացվում առողջապահական ծախսեր իրականացնելիս բնակչության ֆինանսական պաշտպանվածության բարձրացումը, առողջապահական ծառայությունների հասանելիությունը, որպես արդյունք նաև՝ հիվանդացության, մահացության դեպքերի կրճատումը (1.2 անգամ 1000 բնակչի հաշվով), կյանքի միջին տևողության բարձրացումը, սա էլ, ըստ ԱՆ-ի, «կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանն ու տնտեսական աճին»։

Նախագծում նշվում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

Ապահովագրման հիմնական ֆինանսական բեռը՝ 21,6% աշխատող քաղաքացիների վրա

Նախագծում նշվում է ԱՀԱ-ի ֆինանսական միջոցների հավաքագրման մեխանիզմները կտարբերակվեն՝ ըստ եկամուտների աղբյուրների։ Պետական բյուջեից ֆինանսական միջոցները կհավաքագրվեն ամսական կտրվածքով՝ ըստ պետական համաֆինանսավորման չափերի ձևավորված շահառուների ցանկերի։

Ծրագրի մասնակիցներն էլ, այսինքն՝ աշխատող քաղաքացիները, իրենց վճարները կփոխանցեն իրենց գործատուների միջոցով կամ ինքնուրույն՝ կախված շահառուի փոխանցման պահին ունեցած կարգավիճակից։

Թեև նախագծում ֆիքսված վճար չի նշվում, սակայն դեռևս 2022թ.-ին, երբ ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը ներկայացնում էր այս նախագիծը, հայտնեց, որ նախարարության հաշվարկներով՝ նախատեսված է, որ ապահովագրական վճարումը կլինի աշխատավարձի 6%-ը, որից 3%-ը կվճարի գործատուն, 3%-ը՝ քաղաքացին։ Վճարի այս չափը, ըստ փոխնախարարի, կախված է փաթեթում ներառված ծառայությունների ցանկից. եթե դրանք ավելանան, գումարը կավելանա և հակառակը։

Թեև պետությունը համաֆինանսավորելու է այն քաղաքացիների վճարը, որոնք եկամուտ չունեն, կամ այն միջինից ցածր է, սակայն ակնհայտ է, որ հիմնական ֆինանսական բեռն ընկնելու է Հայաստանում գրանցված աշխատող քաղաքացիների վրա, որը կազմում է ՀՀ ընդհանուր բնակչության 21,6%-ը (նախագծում հրապարակված 2019թ․ վերջին տվյալներն են)։

Նախ, չաշխատող քաղաքացիների ԱՀԱ վճարը գանձվելու է հենց այդ մարդկանց եկամուտից, երկրորդն էլ, պետության բյուջեն, որով ԱՆ-ն նախատեսում է համաֆինանսավորել որևէ եկամուտ չունեցող ՀՀ քաղաքացու, գոյանում է նաև այդ գրանցված աշխատողների վճարած հարկերից։ 

Այսպիսով, Հայաստանում աշխատող բնակչության թիվը 641 802 մարդ է (այդ թվում՝ ինքնազբաղվածներ), որից 42% պետական աշխատող է (269 900 մարդ)։

Այսինքն՝ առողջապահության համընդհանուր ապահովագրության հիմնական ֆինանսական բեռն ընկնում է Հայաստանում աշխատող 21,6% բնակչության վրա։ Հայաստանի բնակչության 16,7%-ը (489 924 մարդ) 18-ից բարձր տարիքի անձինք են, որոնք սոցիալապես անապահով են և ընդգրկված են։

2,4 մլն չափահաս բնակչություն ունեցող Հայաստանում (ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ (6,5%) և թոշակառուները (7%)) պաշտոնապես գործազուրկ է 62 119 մարդ և աշխատանք է փնտրում միայն 28974 մարդ։

Անբարեխղճության ռիսկերն ու անհայտ լուծումները

Ռիսկ կա, որ բժշկական հաստատություններն անբարեխիղճ կարող են գտնվել և պետությունից ֆինանսական հատուցում ստանալու համար իրականացնեն ոչ անհրաժեշտ ծառայություններ։

Այս ռիսկի մեղմման նպատակով ԱՆ-ն նշում է, որ կիրառելու են փոխհատուցման մեխանիզմներ, որոնք կսահմանափակեն բժշկական կազմակերպությունների կողմից ապահովագրվածներին ոչ անհրաժեշտ ծառայությունների մատուցումը: Թե կոնկրետ որոնք են այդ մեխանիզմները, նախագծում չի մանրամասնվում։

Բացի այդ, նախարարությունը նախատեսում է խրախուսել այն քաղաքացիներին, ովքեր քիչ կօգտվեն ծառայություններից։

Մյուս ռիսկն այն է, որ դեռևս չկա վերջնական որոշում, թե ինչ պետք է անել այն աշխատողների հետ, որոնք, օրինակ, փաստացի որևէ կերպ ձևակերպված չեն, չունեն եկամտիի հայտարարագրում։

Բացի այդ, համակարգը ներդնելու և սահուն անցում ապահովելու համար ամենակարևոր գործընթացը ապահովագրված անձանց նույնականացումն է, ինչը, սակայն, այդքան էլ հեշտ գործընթաց չէ, քանի որ Հայաստանում չկա նմանատիպ որևէ համակարգ։

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը կարծիք էր հայտնել, որ այս համակարգը գուցե զուգակցվի ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարտադիր ներդրման հետ, ինչը հնարավորություն կտա ավելի ճիշտ գնահատել եկամուտներից ապահովագրվածների հատկացման կարգը։

«ԱՀԱ ներդրումը ենթադրում է սահմանել կոշտ տեխնիկական պահանջներ՝ բժշկական կազմակերպությունների մատուցած ծառայությունների նորմատիվային ծախսերի ապահովման, բուժանձնակազմի համար հաշվարկված նորմատիվային աշխատավարձերի սահմանման, լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացման մեթոդաբանության և ստուգաչափումների (կալիբրովկա) պարտադիր անցկացման միջոցով»,-նշված է նախագծում։

Ի՞նչ ծառայություններ են ներառված՝ ըստ տարիքի և ապահովագրության

Առողջական ապահովագրությամբ տրամադրվելիք ծառայությունների ցանկը կազմվել է՝ ուսումնասիրելով և վերլուծելով մարդկանց դիմելիությունը։ Այս մասին Առողջապահության նախարարությունը հայտարարել էր դեռևս նախորդ տարի։ Փոխնախարար Լենա Նանուշյանը հայտնել է, որ առաջարկվող փաթեթը տրամադրվելիք ծառայությունների դիմաց ամենալավն է, և «90-95%-ով փակում է ամբողջ սպեկտրը»։

«Այս փաթեթը, մեր գնահատականով, կարելի է ասել, ամենալավն է այսօր առկա բոլոր փաթեթներից և իր դիմաց վճարվող գումարով»,- կարծում է փոխնախարար Լ. Նանուշյանը։

Փաթեթում ներառված է 30 տեսակի տարբեր ծառայություն, ինչպես նաև՝ հիվանդությունների բուժման համար տրամադրվելիք անվճար դեղորայք։

Ներառված են վիրահատական, փոխպատվաստման, ստոմատոլոգիական որոշ ծառայություններ, սիրտ-անոթային հիվանդությունների, քաղցկեղի բուժման համար նախատեսված միջոցների ամբողջովին կամ մասնակի ապահովում, մի շարք քրոնիկ հիվանդությունների դեպքում էլ՝ դեղորայքի տրամադրում։

Այս ծառայություններով անվճար պետությունն ապահովում է միայն չապահովագրված՝ մինչև 18 տարեկաններին։ Իսկ ապահովագրված և չապահովագրված 18-ից բարձր քաղաքացիների համար ծառայությունների տրամադրման կարգը տարբեր է։ 

Ի՞նչ է ներառված վիրահատությունների ցանկում

ԱՆ-ն հայտնում է, որ փաթեթում ներառված են «վիրահատական գրեթե բոլոր ծառայությունները»՝ բացի նորագույն տեխնոլոգիաներով իրականացվող վիրահատություններից (նաև՝ պլաստիկ վիրահատությունները), որոնց մեծ մասը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել։

Մասնավորապես, մանկական և նորածնային վիրաբուժության, ընդհանուր, անոթային, դիմածնոտային, էնդոկրին, կրծքային վիրաբուժության, ակնաբուժական, օրթոպեդիկ և վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական, միկրովիրաբուժական, գինեկոլոգիական, քիթ, կոկորդ, ականջաբանական և դիմածնոտային, ուրոլոգիական, պրոկտոլոգիական վիրահատություններ. սրանք մինչև 18 և 18-ից բարձր ապահովագրված անձանց համար կլինի 100% անվճար, իսկ 18-ից բարձր անձանց համար այս վիրահատություններն անվճար կիրականացվեն միայն անհետաձգելի դեպքերում։

Ստոմատոլոգիայում կիրականացվի մինչև երկու ատամի վիրահատական բուժում թե’ ապահովագրված, թե’ չապահովագրված քաղաքացիների համար. մինչև 18 տարեկանների դեպքում այս ծառայությունը կլինի անվճար՝ առանց սահմանափակման։

Էնդովասկուլյար վիրաբուժությունը նույնպես անվճար կլինի երեխաների համար, իսկ ապահովագրված և չապահովագրված քաղաքացիների համար այս ծառայությունը կլինի անվճար միայն մինչև 78 տարեկանը։

Սրտային վիրահատությունները երեխաների համար լինելու են անվճար, ապահովագրված 18-ից բարձր մարդիկ կունենան սրտի ստենտավորման հնարավորություն՝ միչև 3 դեղապատ ստենտի տեղադրմամբ, առիթմոլոգիա (սարքի տեղադրում առնվազն 3 տարի շահագործմամբ)։ Չապահովագրված 18-ից բարձր մարդկանց համար սրտի ստենտավորումն անվճար կլինի մինչև 1 ստենտի տեղադրմամբ, այն էլ՝ միայն անհետաձգելի դեպքում (առավել մանրամասն՝ ներքևում)։

Փաթեթում ներառված են նաև չարորակ նորագոյացությունների վիրահատություններ։ 

Քաղցկեղի բուժումը

Չարորակակ նորագոյացությունների վիրահատությունը Հայաստանում 2019թ.ից իրականացվում է անվճար։

Այս փաթեթում նույնպես նշված է, որ չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաև՝ քիմիաթերապևտիկ բժշկական օգնությունն ու սպասարկումը երեխաների դեպքում 100%-ով ապահովում է պետությունը։ Նաև տրվում են հակաուռուցքային դեղեր, թե կոնկրետ որ դեղերը, նշված չէ։

18-ից բարձր անձինք, ովքեր որ կունենան համընդհանուր առողջապահական ապահովագրություն, կստանան չարորակ նորագոյացությունների վիրահատություն և ճառագայթային բուժում՝ մինչև 22 սեանսի հատուցմամբ, քիմիաթերապևտիկ բժշկական օգնություն և սպասարկում՝ մինչև 1,6 մլն դրամի չափով հատուցմամբ։

Դեղերից՝ նրանց կտրամադրվեն ցավազրկող դեղեր և թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր։

18-ից բարձր տարիքի անձինք, ովքեր չունեն ապահովագրություն,հնարավորություն կունենան չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման 2 անգամ քիչ ծառայությունների՝ մինչև 10 սեանս, 10 անգամ քիչ գումար՝ քիմիաթերապևտիկ բժշկական օգնություն և սպասարկման համար՝ մինչև 150,000 դրամի չափով։

Այս խմբին պետության կողմից անվճար տրամադրվելիք դեղերը կլինեն նույնը՝ ցավազրկող դեղեր և թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր։

Սիրտ-անոթային հիվանդությունների բուժում

Ինչպես արդեն նշեցինք, սիրտ-անոթային հիվանդությունների՝ այդ թվում՝ սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժության ծառայությունները մինչև 18 տարեկան երեխաների համար 100%-ով կապահովվեն։

18-ից բարձր ապահովագրված քաղաքացիները կունենան մինչև 3 դեղապատ ստենտի տեղադրմամբ սրտի ստենտավորման հնարավորություն, առիթմոլոգիա (սարքի տեղադրում առնվազն 3 տարի շահագործմամբ

Իսկ ապահովագրություն չունեցող անձինք կունենան միայն 1 ստենտի տեղադրմամբ սրտի ստենտավորում` անհետաձգելի դեպքում. ըստ էության՝ նրանց համար ոչինչ չի փոխվել, քանի որ անհետաձգելի դեպքերում սրտի անվճար ստենտավորման պետական ծրագիրը Հայաստանում իրականացվում է դեռևս 2015թ.-ից։

Առողջապահության նախարարությունը նախագծի մեջ հատկապես ընդգծում է, որ «Հայաստանի ողջ տնտեսությունը վնասներ է կրում հիվանդություններ կամ վաղ տարիքից հաշմանդամություն ունեցող անձանց չկատարած նյութական և ոչ նյութական ներդրումների հետևանքով»:

Ընդ որում՝ սիրտ-անոթային հիվանդություններից հաշմանդամությամբ ընթացող կյանքի կորցրած տարիների (ՀԸԿՏ) ցուցանիշը Հայաստանում կազմում է 4.306՝ 100,000 բնակչի հաշվով, ինչը համահավասար է այդ հիվանդությունների հետևանքով տարեկան մոտ 350 կյանքի կորստի:

Նախագծում ներգրավված փորձագետների հաշվարկներով՝ ցածր և միջին եկամտով երկրներում սիրտ-անոթային հիվանդությունները և շաքարային դիաբետը կարող են 6,77%-ով նվազեցնել ՀՆԱ-ն:

Հայաստանում մինչև 60 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց 60%-ի հաշմանդամությունը պայմանվորված է հենց սիրտ-անոթային հիվանդություններով և շաքարային դիաբետով։

Շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետ ունեցողների համար նույնպես ոչինչ չի փոխվի, քանի որ ինչպես նախկինում, այնպես էլ ապահովագրված լինելու դեպքում թե’ ապահովագրված, թե’ չապահովագրված քաղաքացիները պետությունից անվճար ստանալու են շաքարային և ոչ շաքարային դիաբետի դեպքում հակադիաբետիկ դեղեր։

Փոխպատվաստման ծառայություններ

ԱՆ-ն հայտարարում է, որ ապահովագրության մեջ ներառված են նաև փոխպատվաստման ծառայություններ, սակայն, ուսումնասիրելով հավելվածը՝ պարզ է դառնում, որ այդ ծառայությունը 100%-ով հատուցվում է մինչև 18 տարեկանների դեպքում, 18 տարեկանից բարձր և ապահովագրած անձանց համար օրգանների փոխպատվաստման ժամանակ պետությունը հատուցում է ծախսերի 30%-ը։

Իսկ 18-ից բարձր ու չապահովագրված քաղաքացիները չեն օգտվի այդ ծառայությունից։

Էպիլեպսիա

Ինչպես շաքարային դիաբետի դեպքում, էպիլեպսիա ունեցող մարդիկ՝ անկախ տարիքից և ապահովագրված լինելուց, շարունակելու են ստանալ էպիլեպսիայի՝ հակացնցումային անվճար դեղեր, ինչպես դա արվում էր մինչ ապահովագրությունը։

Սկրինինգային ծրագրեր

Կանխարգելիչ բժշկական օգնությունը, սկրինինգային ծրագրերը, պարտադիր բժշկական զննություններն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները 100%-ով անվճար կլինեն մինչև 18 տարեկանների և 18-ից բարձր տարիքի ապահովագրված քաղաքացիների համար։ 

Չապահովագրված չափահաս մարդկանց համար անվճար կլինեն միայն սկրինինգային ծրագրերը։ 

Լաբորատոր-գործիքային հետազոտությունները

Մինչև 18 տարեկան և 18-ից բարձր ապահովագրված մարդիկ տեղամասային բժշկի խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետների խորհրդատվությունը և բժշկական ցուցումների հիման վրա ուղեգրում լաբորատոր-գործիքային՝ այդ թվում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, կստանան անվճար։

18-ից բարձր չապահովագրված անձինք այս ծառայություններից նույնպես կօգտվեն, բայց սահմանափակ քանակությամբ. օրինակ, կստանան միայն տեղամասային բժշկի խորհրդատվություն և նրա բժշկական ցուցումների հիման վրա՝ ընդհանուր բնույթի լաբորատոր-գործիքային հետազոտությունների ուղեգիր (արյան և մեզի ընդհանուր քննություն, արյան բիոքիմիական հետազոտություն (մինչև 7 բաղադրիչ)), նեղ մասնագետի խորհրդատվություն կստանան միայն քրոնիկ հիվանդությամբ հաշվառման մեջ գտնվելու դեպքում, բայց՝ տարեկան ոչ ավել, քան 4 այց։

Հղիության հսկողության ընթացքում մասնագիտացված խորհրդատվությունը և պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները բոլոր խմբի ներկայացուցիչների համար կլինեն անվճար։ 

Պալիատիվ բուժման և խնամքի ծառայություններ

Այս ծառայությունով անվճար կապահովեն միայն ապահովագրված 18-ից բարձր տարիքի քաղաքացիները, այնինչ, 2022թ․ տվյալներով՝ Հայաստանում կա մոտ 3000 երեխա, որոնք ունեն պալիատիվ օգնության կարիք․

Պալիատիվ օգնություն (ֆրանսերեն՝ palliatif, լատիներեն՝ pallium ծածկոց, թիկնոց բառից), ամոքիչ օգնություն, մոտեցում, որը թույլ է տալիս բարելավել կյանքին սպառնացող հիվանդությունների (քաղցկեղով և կյանքը սահմանափակող այլ հիվանդություններ) խնդրին բախվող հիվանդների և նրանց ընտանիքների կյանքի որակը՝ ցավի և այլ ֆիզիկական ախտանիշների վաղ հայտնաբերման, մանրակրկիտ գնահատման և բուժման օգնությամբ տառապանքների կանխարգելման ու թեթևացման, ինչպես նաև հիվանդին և նրա հարազատներին հոգեբանասոցիալական ու հոգևոր աջակցության տրամադրման միջոցով։

Ստոմատոլոգիական ծառայությունները գրեթե ներառված չեն

Որոշ ստոմատոլոգիական ծառայություններ ևս ներառվել են փաթեթում, բայց թանկարժեք ծառայությունները, ինչպես օրինակ, իմպլանտի տեղադրումը, ներառված չէ։

Ստոմատոլոգիական բժշկական օգնությունը մինչև 18 տարեկան երեխաների համար կլինի անվճար։

Ապահովագրություն ունեցող քաղաքացիները կստանան անվճար ստոմատոլոգիական անհետաձգելի բժշկական օգնություն (զննում և ատամի հեռացում, մինչև 2 ատամի վիրաբուժական բուժում, պրոթեզավորում 63 և բարձր տարիքի անձանց համար

Չապահովագրված չափահաս մարդկանց դեպքում միայն 63 և բարձր տարիքի անձինք կունենան զննման և ատամի հեռացման, մինչև 2 ատամի վիրահատական կամ թերապևտիկ բուժման և պրոթեզավորման հնարավորություն։

Հղի կանանց համար տրամադրվող օգնությունը

Հղիության հսկողության ընթացքում մասնագիտացված խորհրդատվությունը և պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, ինչպես նաև՝ մանկաբարձություն, նախածննդյան և հետծննդյան բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ տարիքային բոլոր խմբերի, թե’ ապահովագրված, թե՛ չապահովագրված մարդկանց համար կլինեն անվճար։

Այլ ծառայություններ

Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունները մինչև 18 տարեկան երեխաները և 18-ից բարձր ապահովագրված մարդիկ կստանան անվճար, իսկ չապահովագրված քաղաքացիները՝ այդ ծառայությունից կօգտվեն միայն սրացման դեպքում։

Տուբերկուլյոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների, հեմոդիալիզի բժշկական ծառայությունները, ինչպես նաև՝ հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնությունը բոլորի համար անվճար է լինելու։ 

Քրոնիկ հիվանդությունների համար տրամադրվող դեղերի փաթեթ

Առողջապահության նախարարությունն ասում է, որ հաշվարկվել և ուսումնասիրվել է նաև առաջնային օղակում քրոնիկ տարբեր հիվանդությունների ժամանակ կիրառվող դեղերի փաթեթը, որը նույնպես հասանելի է լինելու մարդկանց։

Դեղերին մանրամասն ծանոթացեք այստեղ՝

📌 Դեղորայք

Մինչև 18 տարեկան անձինք ստանալու են՝

Տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր), հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր), չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր), շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր), էպիլեպսիա (հակացնցումային դեղեր), պարբերական հիվանդություն (կոլխիցին և/կամ այլ դեղեր), մալարիա (հակամալարիային դեղեր), քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և/կամ ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր), ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր), անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր), հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ (հորմոնային դեղեր)։

 

18-ից բարձր տարիքի ապահովագրված մարդիկ ստանալու են՝ 

Արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, դրանցից` արյան ճնշման բարձրացումով բնորոշվող հիվանդություններ/գերճնշումային հիվանդություն, սրտի իշեմիկ հիվանդություն, ուղեղի անոթային հիվանդություն, կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր՝ սրտամկանի ինֆարկտից հետո սահմանված ժամանակահատվածում, սրտի փականների արատների դեպքում պրոթեզավորումից հետո տրամադրվող հակակոագուլյանտներ. ներզատական համակարգի հիվանդություներ, սնուցման և նյութափոխանակության խանգարումներ, դրանցից` թիրեոտոքսիկոզ (հիպերթիրեոզ), շաքարային և ոչ շաքարային դիաբետի դեպքում հակադիաբետիկ դեղեր. մարսողական օրգանների հիվանդություններ, դրանցից՝ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոց, լեղապարկի և լեղուղիների հիվանդություններ. շնչառական ուղիների հիվանդություններ, դրանցից՝ բրոնխիտ՝ քրոնիկական և չճշտված, էմֆիզեմա, թոքաբորբ, ասթմա, ասթմատիկ ստատուս. այլ քրոնիկ հիվանդություններ, դրանցից՝ աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ, ռեակտիվ հոդախախտեր, ռևմատոիդ հոդաբորբ, շարակցական հյուսվածքի տարածուն ախտահարումներ, սպոնդիլոպաթիաներ, երիկամների գլոմերուլյար և  տուբուլոինտերստիցիալ. երիկամի և միզածորանի այլ հիվանդություններ, քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր), արգանդի պարանոցի էրոզիա և էկտրոպրիոն, տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր), հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր), ր, էպիլեպսիա (հակացնցումային դեղեր), պարբերական հիվանդություն (կոլխիցին և կամ այլ դեղեր), մալարիա (հակամալարիային դեղեր), Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակի դեպքում դեղեր, վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն (հակավիրուսային դեղեր)

 

18-ից բարձր չապահովագրված անձինք ստանալու են՝

Միայն հետևյալ քրոնիկ հիվանդությունների բուժման նպատակով՝ կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր՝ սրտամկանի ինֆարկտից հետո սահմանված ժամանակահատվածում, սրտի փականների արատների դեպքում պրոթեզավորումից հետո տրամադրվող հակակոագուլյանտներ. շաքարային և ոչ շաքարային դիաբետի դեպքում հակադիաբետիկ դեղեր. քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր), տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր), հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր), չարորակ նորագոյացությունների դեպքում ցավազրկող դեղեր և թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր, էպիլեպսիա (հակացնցումային դեղեր), պարբերական հիվանդություն (կոլխիցին և կամ այլ դեղեր), մալարիա (հակամալարիային դեղեր), Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակի դեպքում դեղեր, վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն (հակավիրուսային դեղեր):

Կառավարության կողմից հավանություն ստանալուց հետո, ստեղծվելու է Ապահովագրական հիմնադրամը, որը և կկառավարի բժշկական ծառայությունների գնումը և կիրականացնի ոլորտի վերահսկողությունը։

Միևնույն ժամանակ կներկայացնի հանրային հաշվետվություն՝ առնվազն եռամյա կտրվածքով, կներկայացնի տեղեկատվություն ԱՀԱ ներդրման նպատակի և միջոցառումների արդյունքային ցուցանիշների համախմբում ներկայացված արդյունքների վերաբերյալ, որոնք հիմք կհանդիսանան ԱՀԱ գործունեությունը գնահատելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter