HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Ներդրում մարդկային կապիտալի մեջ». հաստատվեց առողջության ապահովագրման հայեցակարգը

Այսօր Կառավարության նիստին էր ներկայացվել առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, ըստ որի՝ 2024թ.-ից Հայաստանում ներդրվելու է առողջապահության համապարփակ ապահովագրություն, և աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից ամսական գումար են հատկացնելու պետությանը՝ Հայաստանի բոլոր բնակիչների առողջությունն ապահովագրելու համար։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարծիքով՝ այս համակարգի ներդրումը ոլորտի «ամենակարևոր համակարգային բարեփոխումն է»։ Այն մշակվել է մոտ երկու տարի՝ Հայաստանի համար ապահովագրության հնարավորինս օպտիմալ և իրատեսական մոդել ընտրելու համար։

Ըստ նախարարի՝ նման համակարգ ներդնելու մասին խոսվել է տասնյակ տարիներ, սակայն գործնական քայլերն անընդհատ հետաձգվել են։ 

Ա. Ավանեսյանը նշեց, որ առողջապահական ծախսերի փոխհատուցման ներկայիս մեխանիզմն անարդյունավետ է. քաղաքացիները հետաձգում են առողջական խնդիրների լուծումը «մինչև դանակը ոսկորին չի հասնում», հետագայում արդեն ստիպված են լինում ավելի թանկարժեք ծառայություններից օգտվել, ինչն էլ իր հերթին հանգեցնում է «բազմաթիվ ընտանիքների աղքատացման»։

Այս իսկ պատճառով, համակարգի ներդնումը նախ և առաջ պայմանավորված է քաղաքացիներին բժշկական պաշտաճ և ժամանակին ծառայություններ մատուցելու նպատակով՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից։

«Բազմաթիվ երկրներ վաղուց ներդրել են առողջապահական խառը ֆինանսավորման համակարգ, բժշկական պարտադիր ապահովագրություն, և ներկայումս նրանց հիմնական ռազմավարական խնդիրն է համընդհանուր ծածկույթի ապահովումը բնակչության բոլոր խմբերի համար»,-ասաց Ա. Ավանեսյանը՝ նշելով, որ այս համակարգի ներդնումը առողջապահական ոլորտում կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներն իրականացնելու ամենաօպտիմալ տարբերակն է։

Համակարգը ներդրվելու է փուլերով՝ 2024-2027թթ.-ին։ 2023 թվականը առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման նախապատրաստական փուլն է, 2024-2026թթ. լինելու են փորձարկման տարիներ, 2027թ.-ից նախատեսվում է համակարգը լիարժեք ներդնել և կիրառել։

Փորձարկման փուլում՝ 2024թ․-ին առողջական ապահովագրություն կունենան աշխատող քաղաքացիները, հաշմանդամություն ունեցող անձինք, 18-ից բարձր սոցիալապես անապահով խմբի քաղաքացիները, 18-ից ցածր երեխաները։

2025թ.-ից ապահովագրություն կունենան թոշակառուները, 2026թ.-ից՝ գյուղացիական տնտեսությունում զբաղվածները, վարձու աշխատողները, ինքնազբաղված անձինք։

2027թ․-ից կներառվեն արդեն բնակչության բոլոր խմբերը։ Այդ ընթացքում, սակայն, լինելու է համակարգի շահառու դառնալու և կամավոր ապահովագրվելու հնարավորություն։

Այն մարդիկ, որոնք արդեն իսկ ունեն առողջության ապահովագրման փաթեթ, միևնույն է, պետք է ընդգրկվեն համընդհանուր փաթեթի մեջ։

«Առաջին փուլում մենք կունենանք ծառայությունների փաթեթ, որն արդեն իսկ մշակվել է, կլինի դրանց վերանայում և ամբողջացում, կհաստատվեն փաթեթի գները։ Դրանք չեն հաշվարկվի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք, և, իհարկե, կորոշվի պետության կողմից համաֆինանսավորման չափը»,-կառավարության նիստին ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ փուլային տարբերակն արդյունավետ է, քանի որ մինչ օրս արդեն իսկ նախաձեռնվել են առողջապահական համակարգի կարևորագույն բարեփոխումներ. մինչև 2026թ. վերակառուցելու, կառուցելու և վերազինելու են առնվազն 50 բժշկական կենտրոններ, իսկ առկա տեմպերից նախարարը ենթադրում է, որ այդ թիվն էլ ավելի մեծ է լինելու։

«Արդեն 2023թ.-ին մենք ունենք 20 ամբուլատորիաների նախագծման աշխատանքներ և 7 նոր բժշկական հաստատությունների նախագծման աշխատանքներ»,-ասաց նախարարը՝ նշելով, որ բարեփոխումներ լինելու են նաև բժշակական ծառայությունների որակի և մասնագետների շարունակական զարգացման ուղղությամբ։

Նախարարի խոսքով՝ առողջությունը ռեսուրս է, որի մասին պետք է հոգ տանել, կանխարգելել, որ երբ ինչ-որ բժշակական ծառայության կարիք լինի, մարդը հարկադրված չլինի դա հետաձգել և ֆինանսներ հայթայթել. համակարգի կիրառումը, ըստ նրա, «ներդրում է մարդկային կապիտալի մեջ»։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իր հերթին ընդգծեց՝ շատ կարևոր է, որ բոլոր շահառուներին մատուցվող ծառայության շրջանակը լինի միասնական։ 

«Մենք պետք է կառավարման համակարգը բարեփոխենք այնպես, որ մատուցվող ծառայությունների որակը լինի անհամեմատ ավելի բարձր, քան այսօր է»,-ասաց փոխվարչապետը։

Նա ընդգծեց, որ Առողջապահության նախարարությունը նախորդ տարիներին այդ ուղղությամբ զգալի քայլեր է արել, և հատկապես ողջունելի է, որ համակարգին կամավոր միանալու հնարավորություն կա։

«Մենք նախատեսում ենք, որ այս բարեփոխումը պետք է ուղեկցվի Կառավարության կողմից գալիք տարիների ընթացքում ոլորտին հատկացվող ֆինանսավորման զգալի ավելացմամբ։ Մենք մի քանի անգամ պետք է ավելացնենք ներկայումս առողջապահության նպատակով հատկացվող ֆինանսական ռեսուրսների ծավալը»,-եզրափակեց Տ. Խաչատրյանը։

Հայեցակարգը հաստատվեց միաձայն։

Տես նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter