HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Գյուղնախարարը որ խոսում է, ասում ենք` ախր, դու ընդհանրապես տեղյա՞կ ես, թե ինչ է կատարվում մեր մոտ» (վիդեո)

Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում մարդիկ հիմնականում զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ, քանի որ ոռոգման ջրի սակավության պատճառով սեփականաշնորհված հողամասերում գյուղացիները չեն կարողանում բանջար-բոստանային մշակաբույսեր ցանել:

Հովհաննես Ջամալյանը եւս այս տարի որոշել է տնամերձ հողամասում ջերմոցային տնտեսություն հիմնել եւ վարունգ ու լոլիկ աճեցնել: «Հետքի» հետ զրույցում Հովհաննեսը պատմեց, որ արդեն վաճառքի վարունգ ունի, սակայն գինն այնքան ցածր է, որ նույնիսկ չի կարողացել սերմի գումարի պարտքը փակել:

Ըստ նրան` վաղ գարնանը տարբեր մարդկանցից պարտք է արել, նույնիսկ բանկից վարկ է վերցրել, որ կարողանա ջերմոցի համար պոլիէթիլենային տոպրակներ, սերմեր, պարարտանյութ գնի, սակայն մինչ օրս պարտքերից չի կարողանում ձերբազատվել, իսկ եկամտի մասին վաղ է խոսել:

Հովհաննեսը գնել է 4000 հատ վարունգի սերմ` հատը 50 դրամով, չհաշված կիլոգրամը 1130 դրամով գնած 100 կգ պոլիէթիլենային տոպրակը:

«Պիտի սրսկումներ անեմ, որ բույսը չհիվանդանա, բայց ամեն սրսկմանը 20 հազար դրամի դեղորայք է գնում, ստիպված թողել եմ: Վարունգը 40 դրամով էլ չեն տանում, էլ ի՞նչ սրսկեմ, սկի ծախսը չի հանում: 300-400 հազար դրամի ծախս եմ արել միայն վարունգի վրա, գոնե հիմա մի 100-150 դրամով վաճառեինք, որ ծախսերը հանեինք ու կարողանայինք ապրել»,- ասում է Հովհաննես Ջամալյանը:

Նա չի կարողանում իր բերքն անձամբ տանել շուկա, քանի որ ավտոմեքենա չունի, իսկ Մալաթիայի շուկա հասցնելու համար նվազագույնը 5000 դրամ գումար է պետք՝ չհաշված շուկայի տեղի գումարն ու այլ ծախսերը: Բացի այդ, շուկայում գյուղացիների ժամը ֆիքսված է՝ այն լրանալուն պես նրանք պետք է ազատեն տարածքը եւ այն հանձնեն վերավաճառողներին: Հովհաննեսը հաշվարկել է, որ շուկա գնալով՝ պարզապես ժամանակի կորուստ է ունենալու, այդ իսկ պատճառով վարունգը հենց տնից է տալիս հաճախորդներին:

Նրա ասելով՝ միգուցե դրսից տպավորություն է ստեղծվում, թե ջերմոցային տնտեսությունը հսկայական եկամուտ է ապահովում գյուղացու համար, սակայն ճիշտ հակառակն է` բավական ծախսատար է, տանջանքն էլ՝ կրկնակի:

Հովհաննեսի ասելով, միայն սրսկման ապարատի համար 75 հազար դրամ գումար են տվել, որ ժամանակին կարողանան պայքարել վնասատուների եւ հիվանդությունների դեմ: Ապարատը գնելու համար բանկում գրավ են դրել տան անդամների ոսկեղենը եւ վարկ վերցրել:

Պոլիէթիլենային տոպրակի տակ, երբ ջերմաստիճանը 50 աստիճան է, Հովհաննեսն ու իր կինը վարունգ են հավաքում, որ հասցնեն վաճառել եւ հոգալ 3 անչափահաս երեխաների կարիքները:

Հովհաննեսը պատմեց, որ վերջերս վաճառական վրացահայերից մեկն իրեն ասել է, թե Վրաստանին սահմանակից Հայաստանի մաքսակետում վարունգի 1 կգ-ը մաքսազերծում են 130 դրամով, այդ իսկ պատճառով իրենք չեն արտահանում: Հովհաննեսը հետեւություն է անում, որ դրա հետեւանքով էլ գյուղմթերքը Հայաստանում էժան է: Սա այն դեպքում, երբ օրենքով գյուղմթերքի արտահանումն ազատված է մաքսատուրքից:

Գրիբոյեդովի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Քեշիշ-Ղուկասյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ գյուղացին այսօր բերքը նորմալ գներով իրացնելու խնդիր ունի, եւ շատերը վարկեր ունենալով՝ բռնել են արտագաղթի ճանապարհը:

«Եթե գնաք կողքի գյուղերը նայեք, կտեսնեք, որ իրենց հողամասերում բանջարաբոստանային ինչ կուլտուրա ասես՝ ցանում են, որովհետեւ ջրի խնդիր չկա, իսկ մեր գյուղում ցորեն ու առվույտ են ցանում, որովհետեւ ջուր չկա: Բայց ինչքա՞ն կարելի է ամեն տարի նույն կուլտուրան ցանել, ցանքաշրջանառություն պետք է լինի, որ բերքն էլ լավ լինի: Ով էլ ջերմոցային տնտեսություն ունի իր տնամերձ հողամասում, չի կարողանում նորմալ գներով իր բերքն իրացնի»,- ասում է Անահիտ Քեշիշ-Ղուկասյանը:

Նրա տեղեկացմաբ` ջուր չլինելու պատճառով գյուղն արդեն անապատանում է: Դրան նպաստում են նաեւ ձկնաբուծարանների համար հորատված հորերը, որտեղից անխնա ջուր են վերցնում:

Համայնքապետի ժ/պ-ն տեղեկացրեց, որ գնալով ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր հրաժարվում են հող մշակելուց, քանի որ ցորեն, առվույտ ցանելով՝ եկամուտ չեն ստանում:

«Մարդիկ էլ կան, որ հողը վարելու, ցանելու գումար չունեն, դրա համար չեն մշակում: Գնալով մեր գյուղացու վիճակն ավելի վատանում է: Մարդիկ ամբողջությամբ խրվել են վարկերի մեջ, նույնիսկ հողի հարկն էլ չեն կարողանում փակել»,- ասում է Անահիտ Քեշիշ-Ղուկասյանը:

Նրա խոսքով, եթե «վերեւներում» ցանկանում են լավ ապրել, պետք է «ներքեւն» էլ լավ ապրի, որ կարողանան բարգավաճել, իսկ թե ինչ է այդ մասին մտածում կառավարությունը` դժվարացավ ասել:

«Ձեռքը ձեռք է լվանում, ու՞ր են այդքան վերեւ թռչում, եթե չունեն ներքեւ»,- ավելացրեց Անահիտ Քեշիշ-Ղուկասյանը:

Քանի որ գյուղում նորմալ կենսապայմաններ չկան, մարդիկ ստիպված արտագաղթում են: Գրիբոյեդովից արդեն 150 մարդ մեկնել է արտագնա աշխատանքի: Նախորդ տարիների համեմատ՝ այդ թիվը գնալով աճում է:

«Բոլորս էլ տեսնում ենք, որ ժողովրդի տնտեսական վիճակը գնալով վատանում է: Եթե մարդն իր աշխատանքը չի կարողանում վերածի գումարի, որպեսզի իր խնդիրները հոգա, էլ ինչպե՞ս ապրի: Եթե այստեղ լավ լինի, ոչ մեկն իր տունը չի թողնի գնա: Մեր գյուղնախարարը որ խոսում է, ասում ենք` ախր, դու ընդհանրապես տեղյա՞կ ես, թե ինչ է կատարվում մեր մոտ, թե մեր ժողովուրդն ինչ տանջանքով է ստեղծում ու ինչ է ստանում դրա դիմաց: Գրոշներ»,- ասաց համայնքապետի պաշտոնակատարը:

Անահիտ Քեշիշ-Ղուկասյանի կարծիքով` նոր սերունդը պետք է պահանջատեր դառնա, որ ինչ-որ բան երկրում փոխվի: Ասում է, որ հավատ ու մեծ հույսեր ունի եւ կարծում է, որ կունենանք պահանջատեր սերունդ, պարզապես ժամանակ է պետք:

 

Մեկնաբանություններ (3)

karen
Ekeq varung@ tankacnenq!
karen
Ekeq pomidorn el tankacnenq!
zohrab
being in goverment has great responsibilities its not a question of just being in goverment and thats it.all over the world farmers are subsidized to help them get on in life and after all they feed the nation.if we dont support them teach them show them eventually they will leave.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter