HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Հիվանդաբուժությունից դեպի առողջության պահպանում». հաստատվել է առողջապահության ոլորտի զարգացման նախագիծը

Կառավարությունն այսօրվա նիստին հաստատել է Առողջապահության նախարարության ներկայացրած առաջիկա 3 տարիների՝ 2023-2026թթ առողջապահական ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ երկար աշխատանք են տարել՝ Հայաստանում հիմնական հիմնախնդիրները գնահատելու, դրանք վեր հանելու, ուսումնասիրելու համար, բացի այդ, դրա հաշվի են առնվել 2 տասնամյակների ընթացքում եղած ձեռքբերումները, ինչի արդյունքում և կազմվել է ոլորտային ռազմավարությունը։ 

Ռազմավարության հիմնական ուղղությունները երկուսն են՝ առողջությանը վերաբերող բարեփոխումներն ու առողջապահական համակարգի հիմնախնդիրները, ակնկալվում է բարելավել հանրային առողջությունը, ապահովել բժշկական օգնության մատչելիությունը, որակը և շարունակականությունը, զարգացնել էլեկտրոնային առողջապահությունը.

«Մեր ռազմավարության հիմնական նպատակն է բարելավել բնակչության առողջության պահպանումը և շեշտադրումը փոփոխել հիվանդաբուժությունից դեպի առողջության պահպանում, բարելավում, կյանքի սպասվելիք միջին տևողության աճ և կյանքի որակի բարելավում,-ասաց Ա. Ավանեսյանը։- Սրանք շատ կարևոր հայեցակարգային փոփոխություններ են և, մեր կարծիքով, օգնելու են, որ մեր առողջապահության ուղղվածությունը լինի ոչ միայն այն խնդիրներին, որոնք որ արդեն վրա են հասել, այլ ուղղված լինի նրան, որ մենք ծնված օրվանից հոգ տանենք առողջության պահպանման մասին, առողջությանը վերաբերվենք որպես կարևորագույն ռեսուրս, և ամբողջ համակարգն այնպես կառուցված լինի մարդու շուրջը, որպեսզի աջակցի այդ ռեսուրսները պահպանելուն և մարդկային կապիտալի պոտենցիալը լավագույնս դրսևորելուն»։ 

Ոլորտի զարգացման նախագծով, մասնավորապես, ​​սահմանվել են զարգացման հետևյալ անհրաժեշտ միջոցառումները՝ ուղղված

  • բնակչության առողջության պահպանմանը և բարելավմանը
  • մոր ու մանկան առողջության պահպանամանը և բարելավմանը
  • անպտղության կրճատմանը և կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը
  • հիվանդացության, հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցմանը
  • կյանքի որակի բարելավմանը և կյանքի միջին տևողության մեծացմանը.
  • ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) առաջացած տնտեսական բեռի նվազեցմանը, մասնավորապես՝ վաղաժամ մահացության կրճատմանը, ՈՎՀ–ի ռիսկի գործոնների կառավարման խթանմանը
  • բնակչության հոգեկան առողջության խնդիրների կանխարգելմանը և արդյունավետ բուժմանը
  • տարեց մարդկանց բավարար առողջական վիճակի և կյանքի որակի բարելավմանը
  • վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և այդ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովմանը, համաճարակներին, բռնկումներին, թունավորումներին և հանրային առողջության անվտանգության սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման ապահովմանը
  • բարենպաստ շրջակա միջավայրի և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման աջակցմանը
  • էլեկտրոնային առողջապահության ոլորտում ժամանակակից և արդյունավետ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակմանը և լիարժեք ներդրմանը
  • բնակչության համար անվտանգ, արդյունավետ, մարդակենտրոն, ժամանակին և մատչելի, համապարփակ առողջապահական ծառայությունների ապահովմանը
  • պետական առողջապահական ծախսերի շարունակական աճի ապահովմանը
  • հիվանդանոցային, առողջության առաջնային պահպանման, հանրային առողջապահական ծառայությունների մատուցման ինտեգրված մոդելի ներդրմանը
  • առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պատրաստմանը, արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով բժշկական հաստատություններին բարձրագույն և հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովմանը

Նախարարն ասաց, որ ռազմավարությունն ունի հստակ նախանշված թիրախներ և մանրամասն գործողության պլան։ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ռազմավարության մեջ առաջին անգամ ներառվել են նաև տարեցների առողջությանը վերաբերող հիմնախնդիրները.

«Գնահատելով հետագայում այն բեռի աճը, որ ունենալու ենք` այսօրվանից պետք է աշխատանք տանենք, որպեսզի ունենանք ավելի առողջ ծերացող բնակչություն,-ասաց Ա. Ավանեսյանը։

Նա նաև նշեց, որ ռազմավարության կարևորագույն բաղադրիչ է առողջության  համապարփակ ապահովագրության համակարգը, որը փոխելու է ամբողջ ֆինանսավորման մեխանիզմը, ինչը, ըստ Ավանեսյանի, կնպաստի, որ ծառայությունները լինեն ավելի ծախսարդյունավետ, որակյալ և հասանելի։ 

Նախագծի իրականացման շրջանակներում ԱՆ նախատեսում է բարեփոխումներ թե’ բուժհաստատությունների ենթակառուցվածքների բարելավման, թե’ բուժաշխատողների որակական աճի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter