HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հանձնվողի հոգեբանությունն իմ թշնամին է». ի՞նչ են զգում արցախցիները

Արդեն 69 օր շրջափակված է Արցախը: 120,000 մարդ կրում է անհավանական զրկանքներ, կանգնած է թերսնման և ցրտահարման իրական ռիսկի առջև: Վիկտորյա Պետրոսյանը նրանցից մեկն է: Իրավիճակի անորոշությունից թեև ճնշվում, բայց հույսը չի կորցնում Վիկտորյան. «Անկարելի է մինչև վերջնակետին հասնելը տխուր վերջաբան սահմանելը։ Ես հույս ունեմ, որ Արցախի պայծառ առավոտները դեռ առջևում են»,-ասում է նա:

Վիկտորյա Պետրոսյանի լավատեսությունն ու կյանքի նկատմամբ հավատը դեռ մանկությունից է գալիս: Պատմում է, որ լինելով ընտանիքի 4-րդ երեխան՝ մշտապես զգացել է 3 ավագ եղբայրների ուժն ու աջակցությունը, իրեն պաշտպանված զգացել։ 

Իսկ հետագայում այդ ուժը եռապատկվել է՝ երեք երեխաների լույս աշխարհ գալով, քանի որ, ինչպես ինքն է ասում՝ հիմա ավելի շատ պարտավորություններ ունի կյանքում։ Ի դեպ, նրա երրորդ դուստրը ծնվել է շրջափակումից մոտ 2 շաբաթ առաջ:

Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղից է Վիկտորյան, ամուսնացել է զինվորականի հետ՝ Ստեփանակերտում: Ասում է, որ ինչքան էլ անախորժություններ տեղի ունենան, ինչքան էլ կենաց-մահու խնդրի առաջ կանգնած լինեն՝ Արցախում կյանքի հանդեպ վստահությունն ավելի ամուր է, քան՝ օտար հողում. «2020-ի պատերազմը նոր ավարտված, երբ ամուսինս եկավ Երևան՝ մեր հետևից, տրամադրված էր, որ չմնանք Արցախում։ Ասում էր՝ հանուն երեխաների խաղաղ կյանքի՝ չգնանք էլ... Սակայն երկար չանցավ, երբ ինքն էլ հասկացավ, որ մեր տեղն Արցախում է։ Ու դա տնից հեռանալու մասին մեր վերջին խոսակցությունն էր…Երևանից որ Արցախ վերադարձանք՝ մեքենայի պատուհանը բացեցի ու խորը շնչեցի Արցախի օդը ու ինձ անսահման լավ էի զգում այդ պահին»։ 

Երիտասարդ կինը պատմում է, որ փորձություններն ու պատերազմի շունչը կարմիր թելի պես անցնում են իրենց կյանքով ու արդեն սովորական են դարձել: Սկսած հարսանիքից՝ ամեն բան հարմարեցրել են հայրենիքում տիրող իրավիճակին ու արտաքին հանգամանքներին. «Պլանավորել էինք ամուսնանալ 2016-ի ապրիլի 22-ին։ Սակայն Ապրիլյան քառօրյայի պատճառով հետաձգեցինք, ու հարսանիքը կայացավ նույն թվականի հունիսին…Հետո պետք է հասկանայի, թե ինչ է նշանակում պատերազմող երկրում զինվորականի հետ ամուսնացած լինելը: Դժվար էր, երբ կեսգիշերին կամ լուսաբացին համար մեկ հրամանից հագնվում էր ամուսինս, գնում, ինձ էլ հրահանգում, որ ամեն ինչի պատրաստ լինեմ, սակայն խուճապի չմատնվեմ։ Ամեն անգամ ասում էր՝ նկուղի համար պայուսակ պատրաստի՛ր, ու ինքը դուրս էր գալիս տնից»։

Վիկտորյա Պետրոսյանի խոսքերով՝ շրջափակման սկզբնական շրջանում  կենցաղային պայմաններն ավելի մեծ դժվարություններ էին հարուցում, քան հիմա:  Կտրոններով մթերք ստանալը համեմատաբար մեղմել է իրավիճակը. «Ամեն ինչից քիչ-քիչ, բայց հասցնում ենք վերցնել։ Ճիշտ է՝ առաջվա պես ճոխություններ դեռևս մեզ թույլ չենք տալիս, ասենք՝ թխվածքներ ու աղցաններ շատ չենք պատրաստում, բայց դա արդեն նաև մյուս սղության պատճառով է. ձեռքի տակ եղածը խնայողաբար ենք օգտագործում»,-ասում է նա։

Ո՞րն է ավեի դժվար տանելի. շոշափելի, տեսանելի զրկանքների դեմ պայքարը, թե՞ հոգեբանական ճնշումը, օրեցօր սրվող անորոշությունը: Այս հարցը բազմաթիվ արցախցիների է հուզում: Վիկտորյան ասում է, որ ինքն էլ զերծ չի մտահոգություններից ու վախերից: Դրանցից ամենածանր միտքն այն է, ասում է երիտասարդ մայրիկը, թե ինչ կարող է լինել իր երեխաների հետ. «Երբեմն մտածում եմ՝ ինչո՞վ են պակաս իմ բալիկներն աշխարհի մնացած բոլոր բալիկներից, ովքեր խաղաղ ու ամեն ինչով ապահովված հայրենիքում են ապրում։ Ինչո՞ւ պետք է ես անընդհատ պայքարեմ, տագնապներ ունենամ, իսկ ուրիշներն անհոգ ու երջանիկ ապրեն իրենց հողում… Բայց ես շատ եմ աշխատում այդ ուղղությամբ, որ մտքիս մեջ չարը ինձ չհաղթի։ Նախ մտքում եմ պայքարում, հետո նաև՝ իրական կյանքում։ Լույսի, գազամատակարարման անջատումների դեմ պայքարս հաջողված է։ Նույնիսկ մտածում եմ, եթե ամեն բան լավ լինի՝ կկարողանա՞մ հին առօրյայով նորից ապրել (ծիծաղում է-հեղ.): 

Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման հերթական արգելափակման պատճառով օդային գծերի վրա ավելացված բեռը թեթևացնելու նպատակով փետրվարի 10-ից փոփոխվել էր էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ժամանակացույցը, ըստ որի՝ օրական 3 անգամ անջատման փոխարեն  անջատումները դարձել են օրական 6 անգամ։ Վիկտորյա Պետրոսյանից հետաքրքրվում ենք՝ ինչքանո՞վ է մարտահրավերային նման գրաֆիկով ապրելը. 

«Սկզբնական շրջանում, երբ 6 ժամվա լույս չունենալը հիմնված էր 3 ժամանոց անջատումների վրա, այդ ժամանակ իսկապես շատ դժվար էր։ Երեք ժամվա ընթացքում տունը հասցնում էր ամբողջությամբ սառչել։ Փառք Աստծո, այդ ռեժիմը երկար չտևեց, իսկ հիմա, որ 6 անգամ՝ 1-ական ժամով են անջատումները, այսպես ավելի հեշտ է։ Չենք էլ հասկանում՝ ինչպես անջատվեց՝ ինչպես միացավ։ Սկզբնական շրջանում, ինչպես շատերը, մենք նույնպես փայտի վառարանի հոգս էինք արել, բայց այդպես էլ չդրեցինք, քանի որ մեկ ժամում չենք հասցնում մրսել, իսկ գարունն էլ քիչ հետո մեր դռները կծեծի»։

Իսկ ի՞նչ է լինելու հետո հարցին երիտասարդ կնոջ պատասխանը լակոնիկ է՝ չկոտրվել: Նա ասում է՝ «Արցախում բոլորն էլ հրաշալի հասկանում են, թե ինչ նպատակով է մեզ վրա ճնշում գործադրվում, օղակը սեղմվում, սա էթնիկ զտման բացահայտ փորձ է, բայց ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ չի կարելի գոհացնել թշնամուն՝ նրա թելադրածին տուրք տալով: Ու եթե  այսքան փորձությունները  հաղթահարում ենք, ապա իրավունք չունենք հետագայում էլ կոտրված մնալ»։

Զրույցի վերջում Վիկտորյա Պետրոյսանին խնդրում եմ նկարագրել Արցախի նկատմամբ զգացածը. «Ես չգիտեմ՝ ինչքան հայրենասեր եմ, բայց կարող եմ ասել, որ գժվում եմ Արցախիս համար։ Անգամ որ թղթի վրա գրված է լինում «Արցախ»՝ այդ թուղթն եմ սիրում ու չեմ կարողանում տրորել այն: 

Այն, որ այսօր ես իմ հինգ հոգանոց ընտանիքով Արցախում եմ՝ իմ սիրո դրսևորումներից թերևս ամենաառաջնայինն է։ Չգիտեմ՝ ինչ են մտածում կամ անում մեր իշխանությունները, բայց մի բան հստակ գիտեմ. Արցախը պահողները պնդաճակատ, անվախ ու համարձակ արցախցիներն են։ Հանձնվողի հոգեբանությունը մեր թշնամին է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter