HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջափակված Արցախի 1 օրը. «Կարծես մի քանի հազար կիլոմետրում բանտարկված լինենք»

Արցախի շրջափակման 41-րդ օրն է: 120,000 մարդ կրում է տնտեսական, սոցիալական, հոգեբանական ու կենցաղային բազմաթիվ զրկանքներ: 120,000-ից 4-ը՝ Թամարա Գրիգորյանը, Տաթև Ազիզյանը, Վիկտորյա Պետրոսյանն ու Արման Մարտիրոսյանը, ներկայացնում են շրջափակված Արցախի 1 օրը:

07:30, Ստեփանակերտ: Թամարա Գրիգորյանը վերմակի տակից զգուշորեն հանում է մի ոտքը, սենյակի ջերմաստիճանը ստուգում ու ոտքը հետ քաշում հապճեպ: Երկրորդ փորձից վեր է կենում, արագ շարժումներով բրդյա ժակետը հագնում ու վառարանին մոտենում: Գիշերվա ընթացքում փայտերն ածխացել են: Թամարան ձեռքն է վերցնում սուրճի տարան, գդալն ընկղմում անուշաբույր զանգվածի մեջ, նայում գդալի պարունակությանը ու կեսը հետ դատարկում տարայի մեջ. խնայել է պետք:

Առավոտյան ամենակարևոր առաջին գործս վառարանը թեժացնելն է։ Տաք բոցկլտացող վառարանը ապահովության զգացում է տալիս… Հետո սուրճ եմ եփում (պարենային խնդիրների պատճառով փորձում եմ խնայել սուրճը, բայց դա արտահայտվում է միայն ավելի թույլ սուրճ պատրաստելով, լրիվ հրաժարվել չեմ պատկերացնում)։ Բացում եմ համակարգիչն, ու աշխատանքային օրս սկսված է։ Մինչև Արցախի շրջափակումը, երբ մտքովս չէր էլ անցնում, թե իմ ամենօրյա գործողություններում որքան կարևոր դեր ունի ավտոմեքենաների վառելիքը, ամեն առավոտ տաքսի էի պատվիրում՝ աշխատանքի հասնելու համար։ Հիմա խաթարված է գազատար խողովակի աշխատանքը, տաքսի գտնելը բարդ է, տնից եմ աշխատում։

Սուրճս դեռ չավարտած՝ ստուգում եմ էլեկտրականության անջատման գրաֆիկը յուրաքանչյուր շրջանում։ Իմ աշխատանքն Արցախի տարբեր շրջաններում աշխատող ուսուցիչների հետ է. լույսի անջատման գրաֆիկն անհրաժեշտ է՝ նրանց հետ առցանց հանդիպումներս պլանավորելու համար։

Հետո հանդիպումների հրավերներն եմ ուղարկում և ստուգում եմ էլեկտրոնային փոստս։ Ժպտում եմ: Բոլոր նամակներում՝ լինի գործնական, թե անձնական, անպայման քաջալերող, ուժ տվող տողեր են, օգնելու պատրաստակամություն։ Ջերմանում եմ այդ տողերից, համակարգիչս գրկած հարմար տեղավորվում վառարանի մոտ ու սկսում եմ աշխատել Արցախի տարբեր համայնքային ծրագրերի ուղղությամբ, որ իրականացնելու են մեր ուսուցիչները։ Որոշ ծրագրեր անհրաժեշտ է ձևափոխել՝ առկա իրավիճակը հաշվի առնելով, որոշներն էլ հետաձգել է պետք, բայց բոլոր ծրագրերն իրականանալու են։

Ջեռուցման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 117 դպրոցների աշխատանքը, իսկ դա նշանակում է, որ 20,000-ին մոտ երեխա զրկված է կրթություն ստանալու իրավունքից: Մեր ուսուցիչներն այս պահին խնդիր ունեն հասկանալու, թե ինչպես պետք է աշխատեն աշակերտների հետ: Բոլորս համակարծիք ենք, որ հարկադիր պարապուրդի շրջանում չենք կարող նրանց մենակ թողնել: Եթե ֆորմալ կրթություն չենք կարողանում կազմակերպել, գոնե օրվա տաք ժամերին դպրոցի բակում կամ որևէ արևոտ վայրում ոչ ֆորմալ հանդիպումներ ենք կազմակերպում, ինտելեկտուալ խաղերի, ֆիլմի դիտումների, քննարկումների միջոցով զբաղեցնում աշակերտներին:

Մեր ուսուցիչներն արդեն տարբեր համայնքներում պլաններ ունեն, բայց դրանք շատ հաճախ եղանակի բարեհաճությունից են կախված: Անընդհատ քննարկում ենք, թե ինչ միջոցներով, ինչ եղանակով ու ձևաչափով կարող ենք շրջացնել խոչընդոտները: Կլանված աշխատանքն իմ փրկօղակն է, երբ աշխատում եմ, մոռանում եմ բոլոր անհանգստություններս ու մեր անելանելի թվացող իրականությանը լավատեսորեն նայում:

11:30, Տաթև Ազիզյանը որոշում է երեխային զբոսանքի տանել, միևնույն է՝ առաջիկա ժամերին տունը չի ջեռուցվելու: Բայց նախորդ շաբաթվա հարբուխի ու մրսածության մասին հիշելով՝ գրկում է երեխային, հավաքում նրա սիրելի գրքերն ու անկողին մտնում: Պահարանից ծածկոց է հանում ու փռում վերմակի վրա: Թող տաք լինի:

Դրսում մռայլ է, մարդկանց դեմքին անորոշություն կա, զայրույթ, սարսափ, մենք չգիտենք՝ վաղը կամ երկու տարի անց ինչ է լինելու։ Առավոտյան տնից դուրս գալուց առաջ ուզում եմ որեւէ հանգստացնող խմել, նոր դուրս գալ, որովհետև դժվար է, անասելի դժվար է տեսնել այս ամենն ու հոգեկան հավասարակշռությունը պահել:

Շրջափակման առաջին օրերին գնումներ արեցին ավելի փորձառու մարդիկ, ես, օրինակ, կարծում էի, որ 2-3 օրում կբացվի ճանապարհը, հետեւաբար կարիք չկա ավելորդ շատ բան գնելու։ Հիմա խանութներում դատարկություն է, ձվի ու կաթնամթերքի համար պետք է ժամերով հերթ կանգնել: Պատկերացրեք՝ մինուս ջերմաստիճանում գնում հերթ ես կանգում երկար: Ազգականուհիս ձվի հերթում 260-րդն էր, հենց 259-ին էր հերթը հասել, ձուն վերջացել էր: Հասկանու՞մ եք՝ տասը ձու գնելու համար 6 ժամ կանգնում ես, դու թողնում ես աշխատանքդ, երեխայիդ, հերթ կանգնում, ընդ որում՝ չգիտես՝ քեզ կհասնի, թե՞ չէ: Այդ հերթերը նսեմացնում են մարդկանց արժանապատվությունը, 21-րդ դարում սննդի համար կանգնել, սպասել, հուսալ, դա ստորացուցիչ է… Կաթնամթերքի հերթն առավոտ 6-ին է սկսվում։ Ես չեմ գնում կաթնամթերք, չնայած մանկահասակ երեխա ունեմ: Բանկոմատներում էլ են անասելի հերթեր։ Նախորդ անգամ այդ հերթից հիվանդացա, իսկ դեղատներում դեղ չկար, մեկ շաբաթ հիվանդ էի, լավ էր, որ տանը մի չորացած կիտրոն գտնվեց։

Օրդ չես կարող սովորականի պես պլանավորել: Ես երեք տեղ աշխատում եմ, ու որպեսզի օրս չտապալվի՝ էլեկտրաէներգիայի անջատման գրաֆիկը ձեռքիս եմ տեղաշարժվում։ Երբեմն անսպասելի անջատումներ են լինում կամ նախատեսվածից 1 ժամ շուտ կամ ուշ են հովհարային անջատումները տեղի ունենում: Այսինքն՝ հնարավոր է չպլանավորած ազատ ժամանակ ունենաս, այդ իրավիճակների համար պայուսակումս միշտ գիրք ունեմ:

Շրջափակումն առավել դժվար է փոքրիկ երեխաների ծնողների համար։ Երեխան խանութ է մտնում, դատարկ է խանութը, ճնշող տպավորություն է թողնում այդ տեսարանը։ Կամ մութ փողոցներով ուղեկցում ես երեխայիդ որևէ տեղ, ու տեսնում ես, որ երեխան կարծես վախեցած լինի: Դժվար է նաև, որ ծնողը պիտի կրթական հաստատություններին փոխարինի, ես պիտի տառեր սովորեցնեմ երեխայիս, միաժամանակ պիտի աշխատեմ, փորձեմ երեխայիս փոփոխված առօրյային մի փոքր նորմալության զգացում տալ, անջատումների գրաֆիկին հետևել, ուժեղ մնալ: Բազմազավակ ընտանիքների կյանքն էլ է իսկական մարտահրավեր, ես նաև անճար մեծահասակների համար եմ տխրում, մարդկանց համար, որոնք փող չեն ունեցել, գնումներ չեն արել նախապես։ Որոշ մարդկանց տանը բառի բուն իմաստով սնունդ չկա, կտրոնով մթերք ստանալը նրանց իրավիճակը թեկուզ չնչին, բայց կմեղմի:

14:00, Ստեփանակերտ: Վիկտորյա Պետրոսյանը երեխաներին կանչում է ճաշի: Սեղանին է դնում ջրամանը, 4 բաժակ և մակարոնով լիքը 4 ափսե: Մակարոնների արանքից ծիկրակում են գազարի մանր կտորները: Վիկտորյան տան վերջին գազարով արդեն երրորդ անգամ է ճաշերին գույն տալիս ու երեխաներին ցույց տալիս, իբրև բանջարեղեն են ուտում:

Չորսով ենք սեղանի շուրջ՝ ամուսինս, երկու երեխաներս, ես: Երեխաները տանն են, քանի որ կրթական հաստատությունները շրջափակման պատճառով չեն գործում: Երկու ամսական բալիկս քնած է հաստ վերմակի տակ:

Պետք է խոստովանեմ, որ բավականին պակասող բաներ կան: Ճիշտ է, ճանապարհի փակվելուց անմիջապես հետո մենք գնումներ էինք արել (դե, մանկահասակ երեխաներ ունենք, պետք էր նրանց մասին մտածել, պահուստով գնումներ անել), բայց հիմա ամեն ինչ գրեթե վերջացել է: Աննշան քանակությամբ բանջարեղեն կա, իսկ միրգ չունենք վաղուց: Իմ երեխաները սիրում են բանջարեղենով ապուրներ, դդում, բրոկոլի, ծաղկակաղամբ, բազուկ, տաքդեղ… Քանի որ այդ ամենը հիմա չունենք, ստիպված դրա փոխարեն ձավարեղեն ու մակարոնեղեն եմ եփում, փորձում եմ ճաշերին գույն հաղորդել, բարեբախտաբար, կանաչի ունենք, ամեն ինչին կանաչի եմ ավելացնում կամ գազար կտրատում մանր… Չնայած՝ վերջին գազարն այսօր օգտագործեցի: Ճաշից հետո նախկինում միրգ կամ տնական խմորեղեն էի մատուցում երեխաներին, բայց քանի որ հիմա ձվի, կաթնամթերքի, շաքարավազի, ալյուրի պակաս ունենք, զրկված են երեխաները, միայն նորածինս է, որ ոչնչի կարիք չունի, մայրական կաթ է ուտում:

Նախկինում երբեք «դատարկ» մակարոն չէի դնում սեղանին, ծայրահեղ դեպքերում, երբ ժամանակ չկար կամ շտապում էինք, կարող է հնդկաձավարը մածունով ուտեին: Հիմա այլ է: Ամեն ինչ փոխվել է շրջափակման պատճառով: Մեր տանն ամենից շատ բրինձ են սիրում: Ապուրներին բրինձ էի ավելացնում առաջ, հիմա երբեմն էլ հնդկաձավար եմ ավելացնում, որպեսզի խնայողաբար օգտագործեմ բրինձը: Կտրոնները երեկ չէ առաջին օրն ենք ստացել: Նշված է, որ մեկ անձին մեկ ամսվա կտրվածքով կես կիլոգրամ մակարոնեղեն, կես կիլոգրամ ձավարեղեն, 1 լիտր ձեթ է հասնում: Մենք դեռ չենք հասցրել ամսվա մթերքը վերցնել, բայց իմ կարծիքով՝ այս պահին դա հարցի լուծում է, ամեն դեպքում, միջոցները հավասարաչափ կբաշխվեն: Ստեփանակերտում թեև խանութները ապրանք ստանում են, բայց մարդ կա, որ փոքր կամ հիվանդ երեխա ունի, ամուսինն աշխատանքի է, չի կարողանում գնալ հերթ կանգնել:

Նախքան շրջափակումը, օրվա այս ժամին երեխաներս պարի ու սպորտի էին հաճախում, բայց գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, սննդի խնդիրների պատճառով տանն են մնացել: Երեխաները զրկված են կրթությունից էլ, խմբակներից էլ: Եղանակային պայմաններն էլ այնքան անբարենպաստ են, որ բակ տանել չեմ կարողանում: Անընդհատ շեղում եմ երեխաներին իրականությունից, աղջիկս հարցնում է՝ ինչու այսօր ես պարի չգնացի, չեմ ասում, որ վատ է վիճակը, հույս եմ տալիս, ասում եմ՝ սա էլ կանցնի, սա էլ կհաղթահարենք: Հոգեպես կայուն ու լավատես մնալն առաջնային է, պետք է ամուր կանգնենք մեր հողի վրա, ես հանդգնել եմ այս պայմաններում երրորդ երեխային ունենալ, հավատում եմ, որ լավ կլինի ամեն ինչ:

17:00, Ասկերանի շրջան, գյուղ Նորագյուղ: Արման Մարտիրոսյանն աշխատանքից հետո առանց վայրկյան կորցնելու տուն է շտապում: Տուն հասնելուն պես 15 րոպե կխաղա դստեր հետ, դրական լիցքեր կստանա ու կանցնի կարևոր գործի. ընտանիքի գիշներվա վառելիքն է պետք նախապատրաստել:

Մինչև աշխատանքից կվերադառնամ, կինս հասցնում է երեխայի խնամքը կազմակերպել: Իսկ 18:00-ից գիշերային ռեժիմի ենք անցնում: Կախված էլեկտրաէներգիայի անջատման գրաֆիկից՝ երբեմն ընթրում ենք մոմի լույսի տակ: Բայց չենք նեղվում, հարմարվում ենք այդ գրաֆիկին: Ընթրիքից հետո հավաքվում ենք վառարանի մոտ, մինչև 19:00 խաղում ենք երեխայի հետ, այդ ժամերը մեզ համար ուրախ ժամեր են, մոռանում ենք շրջափակումը: Հետո ես վառում եմ ննջարանի վառարանը, սենյակը տաքանում է, իսկ 20:00-ին մեր փոքրիկի քնի ժամն է: Մինչև քնելը, վայելում ենք նրա ծիծաղը, քայլելու փորձերը, ամեն մի գղգղանքը:

Առաջին հայացքից գյուղում կյանքը չի փոխվել: Բայց սահմանափակվել է մեր տեղաշարժը․ առաջ հաճախակի հյուր էինք գնում, հյուր ընդունում: Քանի որ գիտենք, որ դեղորայք չկա, դեղատներում բացակայում են առաջնային ու երկրոդային անհրաժեշտության պարագաները, ամեն ինչ անում ենք, որ երեխան չհիվանդանա: Մեր երեխային պաշտպանելուց բացի՝ աշխատում ենք կոլապսի չենթարկել առողջապահական համակարգը:

Ես գիտեի, որ շրջափակում լինելու է մի օր, սնունդ էլ ունենք, փայտ էլ: Երեխայի տակդիրների հարցն էլ էի լուծել: Մեր բախտը բերել է, գյուղում ենք, փայտի վառարանով հաղթահարում ենք գազամատակարարման ու էլեկտրաէներգիայի խափանման հետևանքները: Իսկ մեր ընկերներն ու բարեկամները, ովքեր Ստեփանակերտում են ապրում, ավելի դժվար վիճակում են: Ստեփանակերտում մարդիկ նախ անցան գազի վառարանների, իսկ հիմա փորձում են փայտի վառարան դնել, այդ հարցն էլ է բարդ, թիթեղ չկա, որ վառարան սարքեն արագ, բայց, եթե նույնիսկ վառարան լինի, փայտ տուն հասցնելն էլ է բարդ առաջադրանք եղանակային այս պայմանների ու վառելիքի բացակայության պատճառով:

Մեծահասակները կարող են ռացիոնալ բացատրություններով հանգիստ սպասել իրավիճակի հանգուցալուծմանը, երեխաների վիճակը տխուր է: Նոր Տարուն հյուր էինք գնացել, 4 երեխա կար տանը, բոլորը տխուր էին, կնոջս ասացին, որ Ձմեռ Պապիկը նվեր չի բերել, ճանապարհը փակ է… Շրջափակման պատճառով մեծ քանակի աշխատատեղեր են կրճատվել, խանութներ, պահեստներ, գազալցակայաններ, բենզալցակայաններ, լեռնահանքային համալիրի փակման պատճառով 1000 հոգուց  ավել մարդ աշխատանքը կորցնելու եզրին է: Տղամարդկանց համար մեծ սթրես է դա, տղամարդիկ սովոր չեն տանը հանգիստ նստել, երբ գիտեն, որ ընտանիքում խնդիրներ ու կարիքներ կան:

Ընդհանուր առմամբ հիմա մենք կարծես մի քանի հազար կիլոմետրում բանտարկված լինենք: Մարդիկ պլանային վիրահատությունների չեն կարողանում գնալ, մարդիկ հանգստի չեն մեկնում, անգամ զբոսանք չի լինում կազմակերպել երբեմն: Լավ լուրն այն է, որ չնայած բացասականը շատ է ու հոգեպես ընկճում է, բայց տեսնում ենք, որ զսպելով դյուրագրգիռ հոգեվիճակը՝ մարդիկ փորձում են սրտացավ ու համախմբված մնալ: Չեմ կարող ասել, որ բացարձակ համախմբված ենք, բայց այս պահին դրա հիմքը կա, ու շրջափակումն ամրապնդում է համախմբվածությունը:

Գլխավոր լուսանկարը՝ Արցախի Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter