HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հայաստանի վարչապետի նպատակն է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, եւ եթե դա նրա առաջնահերթությունն է, ապա նաեւ մերը պիտի լինի. Էդուարդ Ֆիլիպ

«Մեր այցի նպատակն էր մի կողմից արտահայտել մեր աջակցությունը հայ ժողովրդին դժվարին իրավիճակում, մյուս կողմից՝ հանդիպել ժողովրդին եւ իշխանություններին՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այստեղ եւ վերադառնալով Ֆրանսիա՝ ներկայացնել դա»,- լրագրողներին ասաց երկօրյա այցով Հայաստանում գտնվող ֆրանսիական պատվիրակության նախագահ, Հավր քաղաքի քաղաքապետ, Ֆրանսիայի նախկին վարչապետ (2017-2020) Էդուարդ Ֆիլիպը։

Նա եւ Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն այսօր հանդիպեցին մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ պատասխանեցին նրանց հարցերին։ Մինչ այդ պատվիրակության անդամները, որի կազմում էին նաեւ ֆրանսիացի պատգամավորներ Աստրիդ Փանոսյանը, Ժան Ֆրանսուա Պորտարյոն եւ ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանի այրին՝ Սոֆի Դեւեջյանը, հանդիպումներ էին ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, Մայր Աթոռում արժանացել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոսի ընդունելությանը։ Եղել էին նաեւ Գորիսում եւ հանդիպել Լաչինի միջանցքի փակման պատճառով Հայաստանում մնացած արցախցիների հետ։

Ստորեւ՝ լրագրողների եւ ֆրանսիացի քաղաքական գործիչների հարց ու պատասխանը։

«Ազատություն» ռադիոկայան - ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները երեկ ժամանել են Հայաստան։ Այդ մասին ԵԽ հաղորդագրության մեջ նշված է, որ առաքելության 100 անդամ է եկել, որոնցից 50-ը անզեն դիտորդ է։ Արդյոք մյուս հիսունը զինված է, եւ եթե այո, ապա ի՞նչ պայմաններում կարող է այդ զենքը կիրառվել։ Մանրամասնեք, խնդրեմ, առաքելության մանդատը։

Էդուարդ Ֆիլիպ - Առաքելության ժամանումը գերազանց նորություն է Հայաստանի համար, դա նշան է, որ ԵՄ-ն մոբիլիզացվում է՝ ներկայացուցիչներ ուղարկելու, որոնք կկարողանան հավաստել, փաստաթղթավորել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները, միաժամանակ շատ լավ նորություն է Եվրոպայի համար, որովհետեւ երկար ժամանակ է՝ չէինք տեսել, որ Եվրոպան ունակ է այսքան արագ միավորվել եւ գործել, որն իր արդյունքը ցույց կտա տեղում։

Նատալի Լուազո - Առաքելության գաղափարը ծագեց Պրահայի հանդիպումից հետո, երբ ԵՄ-ն պարտավորվեց Հայաստանի եւ Ադրբեջանի առջեւ՝ դիտորդական առաքելություն ուղարկել։ Այն առավելագույնը բաղկացած է լինելու 100 հոգուց, պարզապես այս պահին կարողացել են մոբիլիզացնել 50 հոգու։ Առաջիկա շաբաթներին առաքելությունը կհամալրվի, այն ամբողջությամբ քաղաքացիական է, զինված չի լինելու, իրականացնելու է պարեկություն՝ համոզվելու, որ չլինեն ներխուժումներ, փոխհրաձգություն, բռնության էսկալացիա։ Այս պարտավորությունը շատ կարեւոր է եւ գնահատելի ԵՄ-ի կողմից։

Հետք - Հայաստանը Ֆրանսիայի կողմից աջակցության հավաստիացումների պակաս չունի, կուզենայինք իմանալ, թե ինչ լծակներ ունի Ֆրանսիան՝ Ադրբեջանին պարտադրելու բացել Լաչինի միջանցքը, եւ ի՞նչ դիրքորոշում ունեք Ֆրանսիայի ԱԺ-ի այն բանաձեւի վերաբերյալ, որով կառավարությանը կոչ արվեց սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

Էդուարդ Ֆիլիպ - Կատարելապես գիտակցում եմ, որ աջակցության արտահայտությունները մի կողմից անհրաժեշտ են, գնահատված, բայց միայն դրանք բավարար չեն խաղաղություն երաշխավորելու կամ իրավիճակ փոխելու համար։ Դժվար իրավիճակներում բարեկամները շատ չեն լինում, եւ հատկապես եթե այնքան էլ շատ բարեկամներ չունենք, կայուն, ամուր բարեկամ ունենալը բավականին արժեքավոր է։ Ֆրանսիայի աջակցությունը դրսեւորվում է դիվանագիտական ազդեցության միջոցով, որն ի սպաս խաղաղության գործընթացի է դրվում, եւ եթե այսօր ԵՄ դիտորդական առաքելությունը ներկա է Հայաստանում, դա նաեւ նախագահ Մակրոնի շնորհիվ է։ Նա եւ Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ ջանքեր են թափել եւ պնդել են, որպեսզի ԵՄ-ն վերջապես գործի։ Ֆրանսիան նպաստում է նրան, որ միջազգային հանրությունը տեսնի իրավիճակը Հայաստանում եւ գործի, Ֆրանսիայի շնորհիվ ԵՄ-ում քննարկվում է այդ հարցը եւ հուսով եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եւս կքննարկվի։ Ամպագոռգոռ հայտարարություններից եւ դիվանագիտական ջանքերից անդին ֆրանսիական համայնքները կարեւոր ծրագրեր են իրականացնում Հայաստանում, օրինակ՝ առողջապահության ոլորտում։

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ես դրանց արդյունավետությանը հավատում եմ, եթե կիրառվում են բավարար թվով երկրների կողմից՝ օրինակ՝ ԵՄ եւ ԱՄՆ, հակառակ դեպքում դրանք շատ հեշտ է շրջանցել։ Երկրորդ՝ մենք այսօր հանդիպել ենք Հայաստանի վարչապետին, եւ նրա նպատակն է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, եւ եթե դա նրա առաջնահերթությունն է, ապա նաեւ մեր պիտի լինի։

Courrier d’Erevan- Ասացիք, որ դիտորդական առաքելությունը պիտի հետեւի, որ սահմանը չխախտվի։ Ինչպե՞ս եք սահմանում սահմանը, քանի որ հենց դա է այս պահի գլխավոր խնդիրներից մեկը, ի՞նչ բազայի հիման վրա, ո՞ր պահից սկսած եք համարում, որ սահմանը հատվել է։ Հիշեցնեմ, որ ներկայում ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ներկայություն կա։

Նատալի Լուազո- Բոլորս գիտենք, որ վերջնական սահմանազատումը խաղաղության հաստատման վերջնական պայմաններից մեկն է։ Ցանկալի է, որ այդ հանձնաժողովի աշխատանքն առաջընթաց ունենա։ Դրանով հանդերձ՝ ոչ ոք չի կարող հերքել, որ սեպտեմբերին կատարվածը հարված էր եւ ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք։ Սեպտեմբերին թիրախավորված գյուղերում ապրում են հայեր եւ դրանք ՀՀ վարչական տարածքում են։   

Կարող եմ խոսել Եվրոպական խորհրդարանի անունից։ Խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը վերջերս զեկույց ընդունեց, որտեղ Ադրբեջանից պահանջում ենք վերադառնալ իր ելման դիրքեր։ Մենք շատ ենք լսել, որ Ադրբեջանը պահանջում է հարգել իր տարածքային ամբողջականությունը, Հայաստանը լիիրավ իրավունք ունի տարածքային ամբողջականության, եւ սա քննարկման ենթակա չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter