HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ-ն դիտորդական նոր առաքելություն կուղարկի Հայաստան՝ 2 տարով

Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները հաստատել են Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը՝ «Կովկասում կարգավորմանն աջակցելու նպատակով»։ Այդ մասին նշվում է երկուշաբթի օրը՝ հունվարի 23-ին ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ։

«ԵՄ խորհուրդը (արտաքին գործերի նախարարների մակարդակով-խմբ.) այսօր համաձայնեցրել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը (EUMA)։ Դրա խնդիրը կդառնա Հայաստանի սահմանային շրջաններում վստահության բարձրացումը և պայմանների ստեղծումը, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Եվրոպական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի պնդումն այն մասին, որ ԵՄ առաքելության ստեղծմամբ «Հարավային Կովկասում Եվրամիության ջանքերի նոր փուլ է մեկնարկում»։

Առաքելության մանդատը ենթադրում է «մշտական պարեկության իրականացում և իրավիճակի վերաբերյալ (Բրյուսել) զեկույցների ուղարկում, ինչը կբարձրացնի երկրի վրա իրավիճակի վերաբերյալ ԵՄ ըմբռնումը»։ Հայտարարության մեջ ասվում է, որ առաքելությունը կնպաստի Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդական ջանքերին։ 

Առաքելությունը Հայաստան է ուղարկվում երկու տարի ժամկետով։ Քաղաքացիական առաքելության ղեկավար է նշանակվել Ստեֆանո Տոմատը։ Բրյուսելի փորձագետները նշում են, որ այս առաքելության ստեղծումը հատուկ նշանակություն ունի Եվրամիության և Ռուսաստանի դիմակայության պայմաններում։ Այն պետք է նպաստի Հարավային Կովկասում ԵՄ դիրքերի ամրապնդմանը։

Դեկտեմբերի 19-ին Հայաստանում իր աշխատանքն է ավարտել ԵՄ մոնիթորինգային առաքելությունը, որը Հայաստան էր ուղարկվել հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի I գագաթնաժողովի շրջանակներում կայացած Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպումից հետո։

Համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի առաջնորդների պայմանավորվածության՝ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը հոկտեմբերի 20-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին՝ իրավիճակի մշտադիտարկման, վերլուծման ու տեղում առկա իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույցի պատրաստման համար։

«Եվրոպացի 40 փորձագետի տեղակայումն արդյունավետ էր և նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ամրապնդմանը։ Այսօր մեկնարկում ենք Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ՝ անցումային խմբով»,- ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքը մեջբերել էր նրա մամուլի խոսնակ Պետեր Ստանոն՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոշվել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը և նպաստելու նոր քաղաքացիական առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։

Հայաստանում իր գործունեությունն ավարտած ԵՄ առաքելությունը դեռևս չի հրապարակել ոչ մի զեկույց։ Հիշեցնենք, որ նրանք դաշտային աշխատանքներ են իրականացրել ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, որոնք դարձել էին Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումների թիրախ։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter