HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կարմրուկը կարող է 3 տարով վերացնել իմունային հիշողությունը. վիրուսի փոքր բռնկում Հայաստանում

Մարտի 6-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կարմրուկի 20 դեպք, որոնցից 19-ը հոսպիտալացվել են, 1-ը՝ դուրս գրվել։ Բոլորի վիճակը միջին ծանրության է, և նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Հիվանդներից 15-ը երեխա են, 5-ը՝ մեծեր։ Պացիենտների մեծ մասը Երևանից է։

Հայաստանում կարմրուկի տեղական դեպքեր չեն լինում, միայն՝ բերովի, կարմրուկի դեմ պատվաստվել է բնակչության 95%-ը, հանրային իմունիտետը բարձր է, սակայն 5%-ի դեպքում էլ վտանգ կա, քանի որ կարող են նպաստել կարմրուկի տարածմանը։ Կարմրուկն ունի վտանգավոր հետևանքներ՝ սկսած իմունային հիշողության կորստից՝ վերջացրած ուղեղի թաղանթի բորբոքմամբ, որը 100% մահվան ելքով է։ 

2 դեղաչափով պատվաստված լինելու դեպքում վարակման հավանականություն գրեթե չկա։

Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով։

Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Գաղտնի շրջանը տևում է 7-ից մինչև 21 օր։

Նախկինում այն համարվում էր երեխաների հիվանդություն, բայց աշխարհում վարակվածների ⅓ մեծահասակներ են, որոնք վիրուսը կարող են տանել ավելի ծանր։

Ախտանիշները՝

  • բարձր ջերմություն (պատվաստվածների մոտ սովորաբար չի լինում)
  • հարբուխ
  • հազ
  • կոնյուկտիվիտ (աչքերի լորձաթաղանթի բորբոքում)
  • ցան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է, որ կարմրուկը 2022թ․ տարածաշրջանում բավականին աշխուժացել էր, և վերջին տվյալներից դատելով՝ իրենք ակնկալել են, որ նաև Հայաստան պետք է ներթափանցի։

Համաճարակաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում առաջին վարակակիր երեխան եղել է արտասահմանից։ Թե կոնկրետ որ երկրից, նախարարը չի նշում, քանի որ, ըստ նրա, Հայաստան եկող բոլոր հիմնական ուղղություններից էլ վարակի դեպքեր եղել են, դրանք եղել են բերովի, ինչը, նախարարի խոսքով, փաստում է, որ պատվաստումներն արդյունավետ կանխարգելման տարբերակ են։

Հայաստանում պատվաստումներ անելը պարտադիր չէ․ կա միայն Կառավարության որոշում, որով հաստատված է պատվաստումային ժամանակացույցը։ Պատվաստումից հրաժարվելու դեպքում ծնողը պետք է դիմում գրի։

«Մեզ մոտ կա պատվաստումների նվազման միտում, տարեցտարի այդ միտումը մեծանում է։ Եթե ժամանակին մենք խոսում էինք կարմրուկի դեմ առաջին և երկրորդ դեղաչափով պատվաստումների մասին, 97-98 % տոկոսը պատվաստվում էին, ապա այսօր այդ ցուցանիշը, չնայած ամենալավն է մնացած պատվաստումների մեջ, բայց իջել է՝ 95-96 %,- ասում է Գ․ Սահակյանը։- Նվազման միտում ընդամենը 2 % ունենք, բայց, հաշվի առնելով, որ խոսքը գնում է կարմրուկի մասին, թեկուզ մեկ տոկոս նվազումը կարևոր նշանակություն ունի, քանի որ կարմրուկն ամենավարակիչ ինֆեկցիան է, և այդ թեկուզ 1 %-ն արդեն որոշ խմբի համար կարող է շատ զգալի ազդեցություն ունենալ»։

«Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավար, ՀՎԿԱԿ փոխտնօրեն, Գայանե Սահակյան

Կարմրուկի դեմ պատվաստումն արվում է երկու անգամ․ մեկ անգամ 1 տարեկանում և հաջորդը՝ 4-6 տարեկանում։ 2 դեղաչափով պատվաստված լինելու դեպքում վարակման հավանականություն գրեթե չկա։

Թեև Հայաստանում կա հանրային իմունիտետ, և ԿԿԽ մասով պատվաստումային ընդհանուր ցուցանիշը 95% է, բայց, ամեն դեպքում, 5%-ը պաշտպանված չէ։ Մյուս կողմից, եթե չլիներ 95% ընդգրկվածություն, ոչ թե փոքր բռնկում կլիներ, այլ հնարավոր է՝ համավարակ, կամ համաճարակ լիներ, քանի որ կարմրուկը միակ վարակիչ հիվանդությունն է, երբ մեկ մարդը կարող է միանգամից 20 մարդու վարակել։

Այս երկու օրերի ընթացքում իրականացվել է մոտ 400 պատվաստում, պատվաստվածները բոլորը Հայաստանի քաղաքացիներ են, կամ կացության քարտ ունեցող մարդիկ։

«Բոլոր պոլիկլինիկաներն ունեն պատվաստանյութերի անհրաժեշտ քանակները։ Առաջիկայում լինելու է նաև նոր խմբաքանակի ներկրում, և այս առումով որևէ խնդիր չունենք,- ասում է Ավանեսյանը,- բացի այդ, առաջիկա օրերին կստեղծվեն շարժական մեկ-երկու կետեր, որ ավելի հեշտ և հասանելի լինի պատվաստումը մեր քաղաքացիների համար»։

Նախարարի խոսքով՝ մեծահասակները, ովքեր չեն հիշում՝ պատվաստվել են, թե ոչ, կարող են նույնպես դիմել և պատվաստվել։ 18-ից բարձր անձինք կարող են պատվաստվել միայն մեկ դեղաչափ, բայց մինչև 18 տարեկանների դեպքում պարտադիր պետք է պատվաստվել երկու դեղաչափ։

«Բացառիկ դեպքերում, երբ որ պացիենտն ունենում է ճնշված իմունիտետ, հարակից խնդիրների փունջ, պատվաստված քաղաքացին կարող է վարակվել, բայց այդ դեպքում էլ պատվաստումը պաշտպանում է հիվանդության ծանր ընթացքից»,- ասում է նախարարը։

Կարմրուկի դեպքում կարևոր է վաղ հայտնաբերումն ու կոնտակտների շրջանակների հստակեցումը։ Կոնտակտավորներին 72 ժամվա ընթացքում պատվաստում են և մեկուսացնում՝ վարակի շղթան հնարավորինս կոտրելու համար։

Ռիսկային խմբում չպատվաստված, մեկ տարեկանից ցածր երեխաներն են, ինչպես նաև՝ բուժաշխատողները, ովքեր և վարակակիրների հետ առաջին շփվողներից են։

Այդ պատճառով այժմ նախարարությունն աշխատում է պոլիկլինիկաների հետ՝ վեր հանելու չպատվաստված քաղաքացիների ցուցակը։

Բացի այդ, վարակի ուսումնասիրության և կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար այժմ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է հենց Առողջապահության նախարարը։ Խմբում ներգրավված են տարբեր մասնագետներ, որոնք մշակում են վարակի հակազդման մեխանիզմներ։

Այս պահին դպրոցներում և մանկապարտեզներում բուժքույրերը չափում են երեխաների ջերմությունը, ինչպես նաև՝ ուշադրություն դարձնում այլ սիմպտոմների՝ հիվանդ երեխաներին մեկուսացնելու համար։ Մանկապարտեզներում ստուգվում են 2-4 տարեկան երեխաների ցանկը, ովքեր չեն պատվաստվել, և աշխատանքներ են տարվում նրանց պատվաստելու ուղղությամբ։

Ա. Ավանեսյանը նշում է, որ այս պահին այլ գործողությունների, ինչպես նաև՝ սահմանափակող միջոցառումների կարիք չկա։

«Մենք ունենք փոքր բռնկում, որը ճիշտ ձևով պետք է զսպել և թույլ չտալ դրա հետագա տարածումը,-ասում է Ա. Ավանեսյանը։ - Համաճարակի, համավարակի մասին խոսք չի գնում և պետք է անել հնարավոր ամեն ինչ, որ դրանք չլինեն»։

«Կարմրուկի վիրուսը երբեք օրգանիզմից դուրս չի գալիս»

Կարմրուկի վերջին բռնկումը Հայաստանում եղել է 2006-2007թթ.-ին, գրանցվել է 4064 դեպք, և ԱՆ-ն բավարար փորձ ունի կարմրուկի բռնկումները կանխարգելելու, դրանք կառավարելու, ճիշտ ժամանակին զսպելու և լավ արդյունք ունենալու։ 2007թ.-ից Հայաստանը դարձել է երկիր, որտեղ շարունակում է ընդհատված մնալ կարմրուկի տեղական փոխանցումը, այսինքն, դեպքերը բերովի են, տեղական դեպքեր չկան։

2015-2019թթ․ առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է կարմրուկի 59 դեպք, որոնցից բոլորը, ըստ Առողջապահության նախարարության, բերովի են եղել և չեն ունեցել համաճարակային բնույթ։ Մեծամասնությունը՝ 54 հոգի, եղել են երեխաներ։ Նշված 59 դեպքից մահվան ելքով է եղել միայն մեկը․ 2015թ․ մահացել է չորսամյա երեխա, որը վարակվել էր Ֆրանսիայում, և ում մոտ հետագայում բարդություններ էին ի հայտ եկել։

«Կարմրուկի վիրուսը երբեք օրգանիզմից դուրս չի գալիս, այն մնում է ամբողջ կյանքի ընթացքում, և վտանգավորությունն այն է, որ եթե նպաստող որոշակի հանգամանքներ են առաջանում, վիրուսը կարող է նորից ակտիվանալ։ Այս դեպքում առաջանում է ենթասուր ձգձգվող էնցեֆալիտ, դա ուղեղի թաղանթի բորբոքումն է, որը 100% մահվան ելք է առաջացնում»,- ասում է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման» կենտրոնի փոխտնօրեն Գ. Սահակյանը։

Նա նշում է, որ կարմրուկը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ և բարդություններ առաջացնել՝ ընդհուպ մահ։

«Կարող է առաջանալ իմուն համակարգի հիշողության կորուստ, սա նշանակում է, որ եթե, օրինակ, երեխան դրանից առաջ բոլոր հիվանդությունների դեմ պատվաստվել է, կամ տարբեր հիվանդություններով հիվանդացել է, արդյուքնում առաջացել է իմուն հիշողություն, կարմրուկի վիրուսին հանդիպելուց հետո {իմունիտետը} դրանք այլևս չի հիշում», - նշում է Գ. Սահակյանը, իմուն համակարգի «հիշողության» վերականգման համար անհրաժեշտ է լինում մոտ 3 տարի։ 

2019թ. Առողջապահության նախարարության՝ «Հետք»-ին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանն ամեն տարի ձեռք է բերում մինչև 100 000 ԿԿԽ դեմ պատվաստանյութ՝ մեկ միավորը 3.5-4.5 ԱՄՆ դոլարով։ Գնումն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով։ Ձեռք է բերվում  բելգիական «Գլաքսո Սմիթ Կլայն» ընկերության արտադրության «Պրիորիքս» պատվաստանյութը։

 

Գլխավոր լուսանկարը՝ www.narayanahealth.org-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter