HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Նատյուրմորտ

Անողոք համակարգման մեր այս օրերում, նույնիսկ ամենաանկանխատեսելի ու համարձակ արարքն այս կամ այն կերպ դառնում է փորձ: Նույնիսկ թեոլոգիան հավակնում է հասկանալ ու, որքան էլ ծիծաղելի է, բացատրություններ տալ արարչագործությանը: Արարչին են դիտարկում որպես փորձ ու վերագրում պարտավորվածություններ, էլ ուր մնաց, որ մարդու արածը չհամակարգվի ու չդասականացվի: Նույն գիտական համառությամբ էլ վերջին հայ ազգային - ազատագրական շարժումը համակարգելու ու արխիվիզացնելու փորձեր են արվում: Ես այլակարծ եմ: Կան երևույթներ, ընդ որում բավականին ստվար, որոնք գիտականությամբ չեն բացատրվում:

Իմ պատկերացմամբ շարժումների պրակտիկայում 2008 թվականի փետրվարյան շարժումը մի յուրօրինակ երևույթ էր, և կարծում եմ, որ Լևոն Տեր Պետրոսյանի վաստակը ոչ միայն նրանում է, որ նա հիմնադիր կամ պատերազմում հաղթած նախագահ է, այլ հատկապես նրանում, որ հիմնված զուտ ինտուիցիայի վրա, a priori,  կարողացավ առաջացնել սինթետիկ մտածողություն պահանջող շարժման բացարձակապես նոր դաշտ: Կոնգրեսի հետագա ճակատագիրը անկարևոր է շարժումների տեսության իմաստով: Խնդրի տեղայնացումն ու հանգուցալուծումը ամենևին էլ չի ստվերում հայ երկրորդ համաժողովրդական մեծածավալ շարժման ունիկալ լինելու հանգամանքը: Կոնգրեսի պարտությունը մեծ աղետ էր, մեծ ցավ`  շարժում ապրող անհատի համար: Շահեկանն այն էր թերևս, որ այսուհետև շարժման լիդերության հավակնող ցանկացած անհատի համար շարժումների սինթետիկան հասկանալը դարձավ անհրաժետություն:

Եվ հիմա, մտավոր մեծ լարում պահանջող այս ֆոնի վրա ինձ ապշեցնում է թեթևամտությունը այն մարդկանց, ովքեր փորձում են սաղավարտները դրած ապամոնտաժման խնդիրներ դնել իրենց առջև: Այդ ո՞ր մտավոր ունակությունների վրա հիմնված, սիրելինե՛րս: Այդ ի՞նչ սրտով: Թե մտածում եք, որ  ժողովուրդը խաղալիք է` կոչերով այս ու այն կողմ քշելու համար: Շարժման թուլացման ու մարման ամենագլխավոր պատճառներից մեկն էլ այդ ստահոդ ինտելեկտուալների ապաքաղաքացիական պահվածքն էր: Արդյունքում էլ աֆթերշոկային շինծու դատավարություններ ու շինծու պայքարի իմիտացիա:

Չհասկացված լինելու վտանգին ենթարկվելով, ես շատ ավելի հանգամանորեն կմեկնաբանեի, թե ինչ եմ հասկանում շարժման սինթետիկա կամ սինթետիկ մտածողություն ասելով, եթե չլինեի համոզված, որ  իմ հայրենակիցների մոտ ճանաչողության և այդ ճանաչածը ներկայացնելու հիմքում դրված են բացառապես արտաքին նշանները: Մենք ամենուր ենք հանդիպում, երբ «այն ճաղատ գլխովը, կամ այն կարճահասակը, այն մեծ քթավորը, այն գերը և այլն» նկարագրականով են ներկայացնում որևէ մեկին, համեստությունը, առաքինությունը,  խորիմացությունը, նույնիսկ տաղանդը  այցեքարտ չհամարելով մարդու համար: Կերպարի այցեքարտը, կոմունիկատիվ սիմվոլը մեծ քիթն է, պարզվում է, մեր հայ մտածելակերպում: Եվ ինչ չափորոշիչներով գնահատում ենք մարդուն, այդ նույն չափորոշիչներով էլ գնահատում ենք նրա արած գործը:

Ժամանակ առ ժամանակ իմ պարտքն եմ համարում հիշեցնել մեր սուտ ինտելեկտուալներին, որ մենք ունենք կարիքը ստեղծագործ մարդու, ստեղծագործողը չունի մեր կարիքը:  Ստեղծագործողը ստեղծածը դնում է շրջանակի մեջ, ստորագրությամբ հաստատում է արած գործի ավարտը ու հանձնում է ժամանակի դատին: Նա չունի դասակարգման կարիքը, հասկանալով, որ ստեղծագործության համար չկա ավելի կործանարար բան, քան նրա դասականացումն է:

 . . .

Մարտիրոս Սարյանի վաստակը հատկապես նրա նատյուրմոտների մեջ է` ծաղիկների, որոնք չդասակարգվեցին, որոնց դասակարգման հակված միտքը, այդպես էլ չի կարողացել դնել որևէ իզմի մեջ: Սարյանի երաժշտական հնչեղության հասած գույները տեղ չեն թողնում բացատրականների, նրանք դարձնում են մասնակից, դարձնում են համամտահայեցող դիտորդին: Հայտնվելով պոլիֆոնիկ ընկալողականություն պահանջող միջավայրում, հանդիսատեսը ազատագրվում է կարծիք ձևավորելու բարդույթից, այդ կերպ էլ հայտնվելով ինքնին շարժման, այսինքն ազատության մեջ:

Կան լավ ու վատ ստեղծագործություններ, կան և անմահ մտահղացումներ:

Կոնգրեսն էլ մի ստեղծագործություն էր, ազգի հումանիզացման ճանապարհին մնայուն մի հանգրվան, չքնաղ մի նատյուրմորտ, մեկի մտահղացում` իրականացված շատերի կողմից: Հարցնում են հիմա. «Իսկ հետո՞»: Հետո, կարծում եմ, շունչ կառնեն կառուցողները ու կսկսեն տաշել նոր վեմը, համոզված, որ նույնիսկ ամենաթերի նոր մտահղացումը միշտ էլ ավելի արժեքավոր է, քան դասականության փոշով ծածկված ավարտուն ցանկացած բան:

13 հունիսի 2012 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter